Հա

Համայնք

Կիրակի, 13 Նոյեմբերի 2016 10:40

Ատրպատական այցելած օտար ակադեմականները արձագանգում են

Ատրպատականի հայոց թեմը, հայ այցելուներից բացի, ունենում է նաեւ օտար այցելուներ, որոնք իրենց հայրենիք վերադարձից յետոյ մնայուն կապի մէջ են մնում թեմի պատասխանատուների հետ ու իրենց միջավայրում պատմում Ատրպատականի հայութեան կեանքի մասին:

Ատրպատական, ազգային առաջնորդարան - Ատրպատականի հայոց թեմը, հայ այցելուներից բացի, ունենում է նաեւ օտար այցելուներ, որոնք իրենց հայրենիք վերադարձից յետոյ մնայուն կապի մէջ են մնում թեմի պատասխանատուների հետ ու իրենց միջավայրում պատմում Ատրպատականի հայութեան կեանքի մասին:
Վերջին մի քանի տարիներին, օտար այցելուների շարքում մեծ եղաւ թիւը գերմանացի, աւստրիացի եւ վերջապէս լեհ ակադեմականների, համալսարանի դասախօսների, հայ ժողովրդի պատմութեամբ հետաքրքրւած եւ հայագիտութեան բնագաւառում ներդրում ունեցած պրոֆեսորների, որոնք յատուկ ուսումնասիրութիւններով նաեւ անդրադարձան թեմի հարստութիւնը համարւող ճարտարապետական կոթողներին, տարածաշրջանում հայ ժողովրդի դարաւոր ներկայութեան եւ Ատրպատականում դեռեւս ապրող հայութեան կեանքին:
Ստորեւ, որպէս մամլոյ արձագանգ մեր ժողովրդի ուշադրութեանն ենք յանձնում հետեւեալ երկու նիւթերը, որոնք Ատրպատականի հայոց թեմ այցելած պրոֆեսորներից երկուսի կատարած աշխատանքներն են իրենց երկրներում:


Ա- Դասախօսութիւն Կրակով քաղաքում՝ Ատրպատականի հայոց թեմի մասին
Չորեքշաբթի, հոկտեմբերի 19-ի երեկոյեան, Լեհաստանի Կրակով քաղաքի KONTYNENTY KLUB ակումբ-հանդիպավայրում տեղի է ունեցել դասախօսութիւն, զրոյց եւ սահիկների ցուցադրութիւն, նւիրւած Ատրպատականի հայոց թեմ կատարւած այցելութեան: Դասախօսութիւնը ներկայացրել է նոյն քաղաքի Եակելոնեան համալսարանի իրանագիտութեան ու հայագիտութեան վաստակաւոր դասախօս՝ ազգութեամբ լեհ պրոֆ. Անդժէյ Փիսովիչը, որ սոյն տարւայ ապրիլ ամսին մի խումբ ակադեմականների հետ առիթ էր ունեցել այցելել Ատրպատականի ազգային առաջնորդարան, ինչպէս նաեւ թեմի վանքերն ու տեսարժան վայրերը: Նոյն առիթով նա յատուկ հանդիպում էր ունեցել թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի հետ, համապարփակ ծանօթութիւններ քաղելով հայութեան ներկայ կեանքի մասին: Յարգելի պրոֆեսորը միշտ կապ է պահում թեմի հետ, ու կատարւած աշխատանքների մասին զրուցում տարբեր շրջանակներում:

161113d04a

Բ- Հովւի մատուռի ճարտարապետութեան մասին մասնագիտական ուսումնասիրութիւն
Ատրպատականի հայոց թեմ այցելած ապրիլեան նոյն խմբին մաս էր կազմում նաեւ գերմանացի, մասնագիտութեամբ եկեղեցական ճարտարապետ՝ Գիւնթէր Դոնատը, որը Դարաշամբի Ս. Ստեփանոս նախավկայի վանքը կատարած այցի շրջանակներում առիթ էր ունեցել մանրամասն ուսումնասիրել Արաքսի ափում գտնւող Հովւի մատուռը: Նա մտահոգւել էր նրա սահմանամերձ ու վտանգաւոր դիրքի պատճառով ու խորապէս տպաւորւել՝ նրա շքեղ վերանորոգութեան ի տես: Ուստի, նա անհրաժեշտ էր համարել յատկապէս վերանորոգութեան աշխատանքի մասին արձագանգել:
Իր վերադարձից յետոյ, Գերմանիայում, նա լոյս է ընծայել չորս էջանի յատուկ ու սեղմ ուսումնասիրութիւն, որը հրատարակել է գերմանահայ ընկերակցութեան պաշտօնաթերթի՝ «Գերմանահայկական նամականի»-ի (Deutsch-Armenische Korrespondenz) սիւնակներում, հետեւեալ խորագրով՝ «Մի անհանգիստ յուշարձան. հայկական վերանորոգեալ Ս. Անդրէորդու եկեղեցին, Ջուլֆայի մօտ» (Գ տետր, թիւ 172, 2016, էջ 38-41):
Սոյն մասնագիտական յօդւածում նա վեր է հանում արդէն իսկ մատուռի մասին նւազ ծանօթ տեղեկութիւնները, տարբեր վարկածները ի մի խմբելով փորձ է կատարում մի խճանկար կազմել: Նա շեշտում է կարեւորութիւնը սահմանամերձ գօտու մէջ նման մատուռի առկայութեանը, միաժամանակ շեշտելով Իրանի Իսլամական Հանրապետութեան բարերար գործունէութիւնը, առաջնորդ Սրբազան Հօր ու Թեմական իշխանութեան աշխոյժ դերակատարութիւնը: Վերջում ճարտարապետական մասնագիտական լեզւով կատարում է վերլուծութիւնը կառոյցի ու վերանորոգութեան:
Հետեւելով մամուլի էջերում թեմում հիւրընկալւած ակադեմականների արձագանգներին, ե՛ւ դասախօսութիւնների միջոցով, ե՛ւ գիտական հրատարակութիւնների, Ատրպատականի առաջնորդ Սրբազան Հայրն իր գնահատանքն է յայտնել նրանց, հայոց պատմութեան ու Հայ մշակոյթի հանդէպ իրենց ունեցած սիրոյ եւ հետաքրքրութեան համար:

Յարակից Հրապարակումներ

  • Տեղի ունեցաւ Սբ. Թադէոս առաքեալի վանքի 63-րդ ուխտագնացութիւնը
    Տեղի ունեցաւ Սբ. Թադէոս առաքեալի վանքի 63-րդ ուխտագնացութիւնը

    Սոյն թւականի յուլիսի 27-29-ը Ատպատականի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ եւ բարձր հովանաւորութեանբ Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի եւ հանդիսապետութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Գրիգոր Ս. Եպս. Չիֆթճեանի տեղի ունեցաւ վանքի 63-րդ ուխտագնացութիւնը:

  • Ատրպատականում հոգեհանգիստ՝ նորոգ հանգուցեալ Կիլիկեան միաբան՝ Տ. Նորայր եպս. Աշըգեանի հոգւոյն
    Ատրպատականում հոգեհանգիստ՝ նորոգ հանգուցեալ Կիլիկեան միաբան՝ Տ. Նորայր եպս. Աշըգեանի հոգւոյն

    Յուլիսի 24-ին Թաւրիզի ազգ. գերեզմանատան Սբ. Շողակաթ եկեղեցում տեղի ունեցաւ Մեռելոց Յիշատակի հոգեհանգստեան պաշտօն հանդիսապետութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, յիշելու մեր ազգի համօրէն ննջեցեալներին՝ ծանօթներին եւ անծանօթներին: 

  • Վարդավառի տօնակատարութիւնը՝ Ատրպատականի հայոց թեմում
    Վարդավառի տօնակատարութիւնը՝ Ատրպատականի հայոց թեմում

    Առաջնորդ Սրբազանն իր քարոզում Քրիստոսի այլակերպութեան աստւածահրաշ դրւագը մեկնաբանելով, այն առիթ համարեց հաւատացեալների համար հոգեւոր լուսաւորութեան հասնելու, ճանաչելու համար ճշմարիտ աստւածութիւնը: Թափօր լեռան պայծառակերպող պահւան երանութիւնը բացատրելով, Սրբազանը այն համարեց իրաւունքը իւրաքանչիւր քրիստոնեայի, որ հաւատքով կը բացի իր աչքերը, վայելելու համար անվախճան երանութիւնը:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը հանդիպեց Չալդրանի կուսակալի հետ
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը հանդիպեց Չալդրանի կուսակալի հետ

    Յուլիսի 4-ին, Սբ. Թադէի վանքի ուխտագնացութեան նախապատրաստական աշխատանքների շրջանակում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան պաշտօնական հանդիպում ունեցաւ Չալդրանի կուսակալ Քարիմ Հոսէյնզադէի հետ, կուսակալի գրասենեակում:

  • Գրիգոր եպս. Չիֆթճեան. «Սփիւռքահայութեան զարկերակն է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը»
    Գրիգոր եպս. Չիֆթճեան. «Սփիւռքահայութեան զարկերակն է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը»

    Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի բարեբաստիկ ընտրութեան եւ շնորհառատ հովւապետական օծման 22-րդ տարեդարձի առիթով (յունիս 28-1 յուլիս 1995) յունիսի 25-ին Ատրպատականի հայոց թեմում կատարւեց Հայրապետական մաղթանք, Վեհափառ Հայրապետի կենաց արեւշատութեան, քաջառողջութեան եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան անսասանութեան համար:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Խորհրդարանը կը վստահի՞ արդեօք 12-րդ կառավարութեան կազմին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։