Հա

Համայնք

Երեքշաբթի, 15 Նոյեմբերի 2016 09:40

Ատրպատականի հայոց առաջնորդը՝ Ղարադաղում

Ընդարձակածաւալ Ատրպատականի հայոց թեմում, տեղագրութեան խիստ դժւարին աշխատանքը անցած հինգ տարիներին հետեւողականօրէն կատարող թեմակալ առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանը, ուրբաթ, սեպտեմբերի 30-ի առաւօտեան մեկնեց Ղարադաղ, որտեղ թեմը անցեալում ունեցել է շուրջ 36 հայաբնակ գիւղեր:

Ատրպատական, ազգային առաջնորդարան - Ընդարձակածաւալ Ատրպատականի հայոց թեմում, տեղագրութեան խիստ դժւարին աշխատանքը անցած հինգ տարիներին հետեւողականօրէն կատարող թեմակալ առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանը, ուրբաթ, սեպտեմբերի 30-ի առաւօտեան մեկնեց Ղարադաղ, որտեղ թեմը անցեալում ունեցել է շուրջ 36 հայաբնակ գիւղեր: Հայաթափւած Այնալու գիւղի ազգային մեր կալւածի եւ եկեղեցական անգին կոթողի մասին, ստորեւ հրատարակում ենք Սրբազան Հօր կատարած տեղագրութիւնը, ի՛ր գրչով: Առաջիկայում, նրա դէպի Ղարադաղ այցը շարունակւելու է, ի նկատի ունենալով Ղարադաղի հսկայ տարածութիւնը եւ գիւղերի իրարից ունեցած մեծ հեռաւորութիւնը:

 

Պատմականութիւն բուրող Ատրպատականի հայոց թեմի իւրաքանչիւր շրջանի արմատները խրւած են մեր ազգային-եկեղեցական պատմութեան խորքը: Մեր անցեալի պատմութեան եւ նախահայրերի հետ հաղորդւելու լաւագոյն միջոցը համարում ենք, նրանց ոտնահետքերով ընթանալը, նրանց ապրած գիւղերում եւ լեռներում շրջագայելով, որոնելու այն՝ ինչ մնացել է նրանցից իբրեւ ազգային մեր մշակոյթի գանձարկղում տեղադրելի արժէք եւ յիշատակ:
Պատմական Փայտակարան նահանգը, կամ Ղարադաղը, Ատրպատական մեր ոտք դրած օրւանից, այցի գնալու վայրերի մեր ցուցակում առաջնահերթ տեղ է գրաւել, սակայն սեպտեմբերի 30-ին միայն առիթ ընձեռւեց հասնել այնտեղ, այցի գէթ առաջին քայլը նետելու առաջադրանքով, ի նկատի ունենալով Ղարադաղի գիւղերի իրարից ունեցած հեռաւորութիւնը եւ լեռնային բնութեան պատճառով դժւար հասանելիութիւնը:
Նախապէս համոզւել էինք տարւայ այս եղանակին այնտեղ մեկնելու որոշմանը, ձմռան ձիւնից եւ ամռան տապից զերծ մնալու եւ հանդարտութեամբ կատարելու մեր տեղագրութեան աշխատանքը: Ամենագնաց ինքնաշարժ վերցնելու մեր մտադրութիւնը արժեւորւեց դրանով, որ գիւղերին հասնելու քարքարոտ ճանապարհների, եւ երբեմն նոյնիսկ անտառների մէջ «թաքնւած» եկեղեցիների ճանապարհ չունենալու պատճառով, անկարելի պիտի դառնար իրականացնել մեր ծրագիրը:

161115d04a

Փայտակարանը, որը Մեծ Հայքի 15-րդ նահանգն է եղել, պատմութեան ընթացքում ունեցել է 21.000 քռ. կմ. տարածութիւն: Դա տարբեր պետութիւնների տիրապետութեան տակ է եղել: Հայոց Արտաշէս Ա արքան (Ք. ա. 180-161) գրաւել է այն: 338 թւականից այն նւաճում են Մազքութների Արշակունի թագաւորները: Եղիշէ պատմիչը 451 թւականին յիշում է Փայտակարանը, Վարդանանց հերոսամարտի շրջագծում, ասելով, թէ՝ պարսկական բանակի զօրավարը՝ Միհրներսեհ, նախ իր բանակը Փայտակարանում բանակեցնում է, որտեղ նրա մօտ է գալիս Վասակ Սիւնի հայ իշխանը, ու գաղտնի տեղեկութիւններ է հաղորդում նրան, հայոց բանակի ուժի եւ ռազմավարութեան մասին: Փայտակարանը ունեցել է 10 գաւառներ՝ Հրաքոտ-Բերոժ կամ Ռոտստակ, Վարդանակերտ, Եւթնփորակեան բագինք, Բաղան-Ռոտ կամ՝ Ռոտ ի Բաղա, Առոս Բիջան, Հանի, Աթշի-Բագաւան, Սպանդարան-Բերոժ, Որմիզդ-Բերոժ եւ Ալեւան:
Ղարադաղը Թաւրիզից շուրջ 250 կմ. հիւսիս-արեւելք է, որտեղ հասանք շուրջ հինգ ժամից, լեռնային ոլորապտոյտ ճանապարհներից եւ կոյս անտառների շքեղ գրկից անցնելով: Անցեալում շուրջ երեք օրւայ ճանապարհ է եղել Թաւրիզից Ղարադաղ հասնելը, ինչպէս կարդում ենք թեմի պատմութիւնը ներկայացնող հատուկտոր գրութիւններում, որտեղ ամռան օրերին գնացել է մեր նախորդներից՝ Ատրպատականի քաջարի առաջնորդ՝ Ներսէս արք. Մելիք-Թանգեանը, եւ իւրաքանչիւր անգամ գնալուն, մէկ ամիս մնացել:
20-րդ դարի սկզբներին, Ղարադաղի աւելի քան 30 գիւղերում ապրում էին շուրջ 7500 հայեր, իսկ այսօր ոչ մէկ հայ չի՛ ապրում Ղարադաղում…: Ի դէպ, գիւղերի միջով անցնելիս, գիւղացիները ցոյց էին տալիս շատ հազւագիւտ մի քանի տների աւերակներ, որոնք հայերի տներ էին եղել անցած դարում: Հետաքրքիր էր, որ երկյարկանի տներից ոմանք երկրաշարժի դէմ յատուկ ճարտարապետական մեթոդներով էին կառուցւել: Մեր այցի նպատակն էր, դարերով իրենց ազգութիւնն ու քրիստոնէական հաւատքը այս լեռներում ապրած հազարաւոր հայերի հետքերը փնտրել, նրանց հոգեւոր ծննդավայր եկեղեցիների ներկայ վիճակագրութիւնը կատարել, գերեզմանատներում «Հոգւոց» մրմնջալ, եւ ողջերին ու մեռելներին յիշեցնել, թէ՝ Ատրպատականում դեռեւս կան հայեր, որոնք հետաքրքրւում են Ղարադաղի անցած պատմութեամբ ու ներկայով:

161115d04b

Ա
Այնալու գիւղի Ս. Վանք եկեղեցին

Գիւղի ներկայ բնակիչներից մէկը, որը շինարար ճարտարապետ էր եւ հսկում էր մէկ տասնեակ բանւորների աշխատանքը, սիրայօժար ընկերակցեց մեզ, ցոյց տալու համար Այնալուի Ս. Վանք եկեղեցին:
Եկեղեցու տարօրինակ անունը յուշում էր կառոյցի հնութեան մասին, միաժամանակ սոյն անունը, եկեղեցու գիւղի կենտրոնից հեռու լինելու նախազգացումն էր ներշնչում մեզ: Եւ ճիշտ էր այդ նախազգացումը, որովհետեւ ամբողջ մէկ ժամ անտառի միջով քայլելուց եւ երկար ժամանակ անկոխ մնացած գետիններից անցնելուց յետոյ, հասանք վերոյիշեալ եկեղեցին:
Մամրակալած ժայռերի եւ ծառերի թաց մի անտառ էր, որտեղից անցանք վախով, հակառակ դրան, որ մեզ էր ընկերակցում նաեւ գիւղի հովւի ականջահատւած գամփռը, որովհետեւ տեղ-տեղ մեզ ուղեկցող գիւղացին ցոյց էր տալիս արջի որջեր, որոնց «տէրերը» ցերեկ լինելով իրենց «տանը» չէին: Կաքաւներ եւ կաչաղակներ արագ թափահարումներով անյայտանում էին անտառի խիտ ծառերի «սիւնազարդ գաւիթ»-ում: Մի թեթեւ բարձունք եւս, եւ մեր դէմը տեսանք տխրամած, արտաքնապէս լեռնային անտաշ սեւ քարերով Ս. Վանք եկեղեցին: Ճակատը եւ արեւելեան պատը՝ խորքում, թափւել են արդէն, այնտեղից քարեր պոկած քանդիչ ձեռքերի հետեւանքով:
Եկեղեցին միանաւ կառոյց է, կողի պատերի միջից բարձրացած վեց սիւներով կերտւած կամարակապ հսկայ մի սրահ յիշեցնող: Մեզ այնպէս թւաց, թէ՝ Միջին Դարաշամբի Ս. Սարգիս եկեղեցին (Տղմուտի հովտում) եւ այս Ս. Վանք եկեղեցին միեւնոյն ճարտարապետն է կառուցել, որովհետեւ ե՛ւ ընդհանուր չափսերով, ե՛ւ ոճով, ցարդ մեր այցելած եկեղեցիների շարքում սոյն երկուսը մէկ հայեացքով կարելի է «երկւորեակ քոյրեր» անւանել: Աւելին, դժբախտաբար, նրանց ճակատագրակից էլ կարող ենք համարել, որովհետեւ երկուսն էլ գանձախոյզների քանդարար ձեռքերի վնասներն են կրել, հակառակ անցուդարձ չունեցող իրենց դիրքին, ու անմարդաբնակ վայրերում պահւած լինելու «առանձնաշնորհին»: Մուտքը, ատեանը եւ մկրտարանի խոռոչը՝ հիւսիսային պատի առաջամասում, մասամբ քանդւել են, մեծ քանակութեամբ հող լցնելով եկեղեցու ներսում, մինչեւ իսկ այնտեղ քայլելու կամ կանգնելու դժւարութիւն յարուցելով:

161115d04c

16x6 մետր ներքին տարածութեամբ եւ 10 մետր բարձրութեամբ եկեղեցին արեւելեան եւ հիւսիսային կողմերով, կիսով չափ լեռան կողին է խրւել: Այն ունի եօթ պատուհաններ: Հիւսիսային պատի վրայ երկու հատ, հարաւային պատի վրայ երեք հատ, մէկ հատ արեւմտեան պատի վրայ՝ եկեղեցու միակ դռան վերեւում, եւ շատ հաւանաբար արեւելեան պատի՝ խորանի յետեւի կիսակամարի վրայ էլ պէտք է լինէր մէկ հատ, որը պատի հետ միասին փուլ է եկել: Սիւներից չորսը գտնւում են ատեանի պատերում, երկուսը հիւսիսային եւ երկուսը՝ հարաւային պատերի մէջ, իսկ միւս երկուսը՝ խորանի յետեւում՝ աջ ու ձախ պատերի մէջ՝ դէմ առ դէմ: Բոլոր սիւները մինչեւ 2 մետր բարձրութեամբ աւելի հաստ են, եւ ունեն խոյակաձեւ գլուխներ, որտեղից շարունակւում են բարձրանալ սրբատաշ քարերը, մինչեւ հանդիպեն իրար եկեղեցու տանիքի կենտրոնում, հսկայ կամար կազմելով: Խորանը գոյութիւն չունի, նոյնպէս եւ նրա բեմը: Պատուհաններից ոմանց ցածի քարերը եւս դուրս են բերւել, այնտեղ պահւած հաւանական գանձ գտնելու սին յոյսով: Եկեղեցու պատերում ո՛չ մի արձանագրութիւն չգտանք, մանաւանդ, որ դռան ճակատի արտաքին քարերը պոկւել էին, հաւանաբար դուրս բերելով այնտեղ գտնւած յիշատակարանային արձանագրութիւնը եւս: Կառոյցի ոճից եւ հնութիւնից դատելով, այն պէտք է 16-րդ դարի երկրորդ կէսում կառուցւած համարել: Արտաքին քարերը ինչքան անտաշ, ներքին քարերը այնքան սրբատաշ են, հիացում պատճառելով դիտողին, եւ հարցեր առաջացնելով, թէ անտառի անհասանելի այս մասում, մեր նախահայրերը ինչպէ՞ս էին յաջողել այսքան քար կրել եւ Աստծու այս տունը կառուցել...:
Մէկ ժամ ոտքով անտառի տերեւապատ արահետներից վերադառնալուց յետոյ, կէս ժամ էլ քայլեցինք դէպի Այնալու գիւղի գերեզմանատուն, դրա տեղն էլ մի հովւից պատահաբար իմանալով: Մեծ մասամբ անմշակ սալատապաններով մի գերեզմանատուն, որոնցից մի քանիսը միայն արձանագրութիւն ունէին, ինչպէս նաեւ զարդաքանդակներ: «Հոգւոց» աղօթքը արտասանեցինք, միաժամանակ հաւաքելով գանձախոյզների ձեռամբ ցանուցրիւ եկած աճիւնները, այնտեղ իրենց հանգիստը գտած մեր նախահայրերի...:

161115d04d

Բ
Այնալույում Թումանեան եղբայրների կառուցած առեւտրական կենտրոնը

Հակառակ աշխարհի խուլ անկիւնում գտնւելու փաստին, սոյն գիւղի հռչակը եւ տեղացիների մօտ հետաքրքրութիւն առաջացնելու պարագան, պէտք է առնչել Թումանեանների այնտեղ կառուցած եռայարկ առեւտրական կենտրոնին: Գիւղի մուտքի ձախ բլրակողին է գտնւում վերոյիշեալ շէնքը, որը եթէ այսօր իսկ իր տեսքով հմայում է այցելուին, հապա՞ այն օրերին… երբ հողաշէն ու փայտածածկ գիւղական տներից բացի այլ կառոյցի չէր կարող հանդիպել մարդկային աչքը, ինչքա՜ն շքեղ մէկ պալատ տեսած պիտի լինէին գիւղացի հայերը կամ այցելուները, նայելով այս «Կանտոր»-ին: (Առեւտրական հիմնարկութիւն):
161115d04eԵրկթեւ կառոյց է սոյն շէնքը, որը բացի հարաւային եռայարկ մասից, միւս մասերում երկյարկանի է: Երկու տասնեակ հաշւող սենեակները ունեն կրակարաններ, փայտով տաքացնելու համար շէնքը ձմռան ցրտին: Երկրորդ եւ երրորդ յարկերը գերանազարդ առաստաղներ ունեն: Արեւելեան բակում երեւում է շէնքի շարունակութեան մէկ շատ հին բաժնի հիւսիսային պատը, որտեղ հաւանաբար առեւտրական կենտրոնի գոմն է եղել, փոխադրակառքերի անասունների համար: Շուրջ հինգ հազար քառ. մետր տարածութիւն ունեցող կենտրոնը ունի երկու շրջափակեր, մէկը արեւելեան, իսկ միւսը արեւմտեան կողմերում, որոնք պարսպապատւած են եղել անցեալում: Կալւածի հիւսիսային եւ արեւմտեան մասերում պարիսպների մնացորդները երեւում են: Արեւմտեան պարիսպի վրայ կայ կենտրոնի մայր մուտքի կամարը, իսկ արեւելեան մուտքը, որը կալւածի երկրորդական մուտքն է, յատկացւած է եղել ձիակառքերին:
Յայտնենք, թէ՝ Մշակութային ժառանգութիւնների պետական հիմնարկութիւնը ձեռնարկել է Թումանեանների սոյն պատմական առեւտրական կենտրոնի վերանորոգութեան աշխատանքին, զբօսաշրջութիւնը քաջալերելու նպատակով: Նախքան վերանորոգութեան աշխատանքների սկսելը, պետական սոյն հիմնարկութեան պատախանատուն ամբողջական ծրագրով ներկայացաւ ազգային առաջնորդարան՝ Թաւրիզ, հանդիպելու մեզ հետ եւ ազգային իշխանութիւնից արտօնութիւն խնդրելու վերանորոգութեան համար: Նա այս առիթով մանրամասն ներկայացրեց շէնքը վերանորոգելու նպատակը եւ աշխատանքի առաջիկայ փուլերը: Արդէն իսկ պատուհաններն ու դռները ամրացւել են, իսկ մնացած աշխատանքը յաջորդ ամռան շարունակւելու է: Թումանեանների սոյն առեւտրական կենտրոնից բացի, Այնալույում բաւական ընդարձակ հեկտարներով անտառներ ցանցապատւել են, որտեղ ապրում են վայրի կենդանիներ, որոնք ցանցերին մօտենալով կերակրւում են այցելուների կողմից:

Յարակից Հրապարակումներ

  • Տեղի ունեցաւ Սբ. Թադէոս առաքեալի վանքի 63-րդ ուխտագնացութիւնը
    Տեղի ունեցաւ Սբ. Թադէոս առաքեալի վանքի 63-րդ ուխտագնացութիւնը

    Սոյն թւականի յուլիսի 27-29-ը Ատպատականի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ եւ բարձր հովանաւորութեանբ Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի եւ հանդիսապետութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Գրիգոր Ս. Եպս. Չիֆթճեանի տեղի ունեցաւ վանքի 63-րդ ուխտագնացութիւնը:

  • Ատրպատականում հոգեհանգիստ՝ նորոգ հանգուցեալ Կիլիկեան միաբան՝ Տ. Նորայր եպս. Աշըգեանի հոգւոյն
    Ատրպատականում հոգեհանգիստ՝ նորոգ հանգուցեալ Կիլիկեան միաբան՝ Տ. Նորայր եպս. Աշըգեանի հոգւոյն

    Յուլիսի 24-ին Թաւրիզի ազգ. գերեզմանատան Սբ. Շողակաթ եկեղեցում տեղի ունեցաւ Մեռելոց Յիշատակի հոգեհանգստեան պաշտօն հանդիսապետութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, յիշելու մեր ազգի համօրէն ննջեցեալներին՝ ծանօթներին եւ անծանօթներին: 

  • Վարդավառի տօնակատարութիւնը՝ Ատրպատականի հայոց թեմում
    Վարդավառի տօնակատարութիւնը՝ Ատրպատականի հայոց թեմում

    Առաջնորդ Սրբազանն իր քարոզում Քրիստոսի այլակերպութեան աստւածահրաշ դրւագը մեկնաբանելով, այն առիթ համարեց հաւատացեալների համար հոգեւոր լուսաւորութեան հասնելու, ճանաչելու համար ճշմարիտ աստւածութիւնը: Թափօր լեռան պայծառակերպող պահւան երանութիւնը բացատրելով, Սրբազանը այն համարեց իրաւունքը իւրաքանչիւր քրիստոնեայի, որ հաւատքով կը բացի իր աչքերը, վայելելու համար անվախճան երանութիւնը:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը հանդիպեց Չալդրանի կուսակալի հետ
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը հանդիպեց Չալդրանի կուսակալի հետ

    Յուլիսի 4-ին, Սբ. Թադէի վանքի ուխտագնացութեան նախապատրաստական աշխատանքների շրջանակում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան պաշտօնական հանդիպում ունեցաւ Չալդրանի կուսակալ Քարիմ Հոսէյնզադէի հետ, կուսակալի գրասենեակում:

  • Գրիգոր եպս. Չիֆթճեան. «Սփիւռքահայութեան զարկերակն է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը»
    Գրիգոր եպս. Չիֆթճեան. «Սփիւռքահայութեան զարկերակն է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը»

    Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի բարեբաստիկ ընտրութեան եւ շնորհառատ հովւապետական օծման 22-րդ տարեդարձի առիթով (յունիս 28-1 յուլիս 1995) յունիսի 25-ին Ատրպատականի հայոց թեմում կատարւեց Հայրապետական մաղթանք, Վեհափառ Հայրապետի կենաց արեւշատութեան, քաջառողջութեան եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան անսասանութեան համար:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Խորհրդարանը կը վստահի՞ արդեօք 12-րդ կառավարութեան կազմին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։