Հա

Համայնք

Հինգշաբթի, 24 Նոյեմբերի 2016 09:30

ՀՕՄ-ի Ուրմիայի մասնաճիւղը մեծ շուքով նշեց իր «Նայիրի» մանկապարտէզի հիմնադրման 30-ամեակը

Ուրբաթ, նոյեմբերի 11-ը անմոռանալի պիտի մնայ Ատրպատականի հայոց թեմի եւ յատկապէս ուրմիահայութեան պատմութեան էջերում, երբ տեղի ծխական Ս. Ստեփանոս եկեղեցու «Արամ Մանուկեան» սրահում երեկոյեան ժամը 7-ից սկսած, մեծ շուքով նշւեց Հայ օգնութեան միութեան Ուրմիայի մասնաճիւղի հովանաւորութեան ներքոյ գործող «Նայիրի» մանկապարտէզի հիմնադրման 30-րդ փառահեղ ամեակը:

Ատրպատական, ազգային առաջնորդարան - Ուրբաթ, նոյեմբերի 11-ը անմոռանալի պիտի մնայ Ատրպատականի հայոց թեմի եւ յատկապէս ուրմիահայութեան պատմութեան էջերում, երբ տեղի ծխական Ս. Ստեփանոս եկեղեցու «Արամ Մանուկեան» սրահում երեկոյեան ժամը 7-ից սկսած, մեծ շուքով նշւեց Հայ օգնութեան միութեան Ուրմիայի մասնաճիւղի հովանաւորութեան ներքոյ գործող «Նայիրի» մանկապարտէզի հիմնադրման 30-րդ փառահեղ ամեակը:
Պաշտօնական ճաշկերոյթով եւ յատուկ հանդիսութեամբ նշւող 30-ամեակին իր հովանաւորութիւնն էր շնորհել, եւ ծրագրին նախագահեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանը:
Ընթրիքին ներկայ էին Ուրմիայի հոգեւոր հովիւ՝ Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը, ազգային իշխանութեան ներկայացուցիչներ՝ Պատգամաւորական ժողովի եւ Ուրմիայի Գործակալական խորհրդի անդամներ, թեմի ազգային բարերար տէր եւ տիկին Էդիկ եւ Սանդրա Մեջլումեանները, մանկապարտէզի հիմնադիր անդամներ, Ուրմիայի հայոց ազգ. դպրոցի տեսչուհի՝ Ադրինէ Մեջլումեան, գիւղերի հոգաբարձութիւնների ներկայացուցիչներ, Ուրմիայի, Գեարդաբադի եւ Ռահւայի եկեղեցիների կանանց Խնամակալ մարմինների անդամներ, Հ.Մ.Ա.Կ.-ի Ուրմիայի եւ Գեարդաբադի մասնաճիւղերի վարչութեանց ներկայացուցիչներ, ՀՕՄ-ի վարչութեան անդամներ եւ ՀՕՄ-ուհիներ, կրթութիւնն ու ուսումը քաջալերող ազգայիններ, մանկապարտէզի եւ հայոց դպրոցի ներկայ եւ հանգստի կոչւած ուսուցիչներ, ծնողական խորհրդի անդամներ եւ ծնողներ, ինչպէս նաեւ հայ լեզուն ու կրթութիւնը քաջալերող ուրմիահայեր:
161124d02aԵրեկոյի հանդիսաւոր բացման խօսքը ՀՕՄ-ի Ուրմիայի մասնաճիւղի վարչութեան անունից փոխանցեց Լինետ Մեջլումեանը: Բանաստեղծական քառեակներով համեմելով իր խօսքը, նա մէջընդմէջ վեր հանեց հայ լեզւի եւ հայեցի դաստիարակութեան կարեւորութիւնը համայնքների գոյատեւման գործընթացում: Նա պատմական ակնարկ նետեց «Նայիրի» մանկապարտէզի հիմնադրման մասին, ասելով որ 1986 թւականին, ժամանակի ազգային իշխանութեան հովանաւորութեամբ եւ գլխաւորութեամբ Գործակալական խորհրդի ատենապետ՝ Գրիշ Զիրաքեանի եւ առաջարկով Ժորժիկ Ղարամանեանի, Մարի Բաղդասարեանի եւ Օժիկ Ղարիբեանի, ինչպէս նաեւ օժանդակութեամբ Հ.Մ.Ա.Կ.-ի անդամներ՝ Սարգիս Գասպարեանի եւ Հենրիկ Ղարիբեանի, ու նրանց կողքում մի շարք միութենական կանանց բարերարութեամբ գնւել էին մանկապարտէզի յատուկ պիտոյքներ, իսկ Օժիկ Ղարիբեանի կողմից նւիրւել էին խաղալիքներ, հիմնադրելով Ուրմիայի «Նայիրի» մանկապարտէզը:
Հիմնադրման առաջին շրջանում, մանկապարտէզի դաստիարակներ են եղել Օֆելիա Նազարեանը եւ Անահիտ Թարվերդեանը, հիմնադրումից մինչեւ եօթ տարի կառավարւելով Ժորժիկ Ղահրամանեանի կողմից, օժանդակութեամբ Մարիէտ Մովսիսեանի եւ համագործակցութեամբ տարբեր շրջանների ծնողական խորհուրդների:
161124d02b1993 թւականի յունւարի 28-ը անկիւնադարձային է լինում «Նայիրի» մանկապարտէզի համար, երբ ժամանակի Գործակալական խորհրդի ատենապետ Գրիշ Զիրաքեանի ներկայութեամբ, ինչպէս նաեւ մանկապարտէզի հիմնադիր անդամներից Ժորժիկ Ղահրամանեանի եւ Մարիէտ Մովսիսեանի, եւ ՀՕՄ-ի Ուրմիայի մասնաճիւղի վարչութեան, մանկապարտէզի կառավարումը եւ ամբողջական պատասխանատւութիւնը յանձնւել էր ՀՕՄ-ի վարչութեանը, որը մինչեւ այսօր իր հովանաւորութեան տակ է պահում սոյն կրթօջախը, իբրեւ հայապահպանման առաքելութեան մղում տւող ազդակ:
Ապա, Լինետ Մեջլումեանը հակիրճ անդրադարձաւ կրթօջախի ներկայ աշխատանքներին, յիշելով ներկայ դաստիարակչուհի Օֆելիա Սայեադեանին, եւ երեխաների հոգատար Զեմֆիրա Մնացականեանին: Մեծ երախտիքով նա յիշեց նաեւ այն անհատներին, ովքեր վերահասու են եղել մանկապարտէզի խնդիրներին, լինելով ՀՕՄ-ի վարչութեան կապը կրթօջախի հետ: Այսպէս, նա յարգեց յիշատակը Օֆիկ Օրդուխանեանի, եւ ապա շնորհակալութեամբ յիշեց անունները ՀՕՄ-ի ներկայ ատենապետուհի Սեդա Մեջլումեանի, ինչպէս նաեւ Ագնիս Օրդուխանեանի, Ծովիկ Փուրյարթունեանի, Լալա Ֆարհադեանի, եւ վարչութեան ու մանկապարտէզի ներկայ կապ՝ Ռոնիկ Մեջլումեանի:
Հանդիսութեան ընթացքում ընթերցւեցին շնորհաւորական ուղերձներ՝ ԻԻՀ խորհրդարանում Հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանի կողմից եւ մանկապարտէզի հիմնադիր անդամներից՝ Մարի Բաղդասարեանի կողմից ուղարկւած: Դոկտ. Խանլարեանը իր ուղերձում վեր է հանում հերոսական այն աշխատանքը, որը իրականացւել է անցած երեք տասնամեակներին Ուրմիայում, հայ մատղաշ սերնդի դաստիարակութեան գործում, հայ կնոջ վսեմ նկարագրի իբրեւ արդիւնք: Իսկ Մարի Բաղդասարեանը, անցած քաղցր յուշերի վերյիշումով իր գնահատանքն է յայտնում ՀՕՄ-ի անդամուհիներին, ովքեր երեք տասնամեակներ առաջ հիմնադրւած մանկապարտէզի հիմքերն են պահում մինչեւ այսօր, կանգուն պահելով հայ նոր սերնդի հայեցի դաստիարակութեան համար այնքան կենսական այս օջախը:
161124d02cԳնահատանքի խօսքով հանդէս եկաւ ազգային իշխանութեան ներկայացուցիչ՝ Գործակալական խորհրդի ատենապետ՝ Փայլակ Սահակեանը: Իբրեւ ականատես շրջանում հայութեան վերջին տասնամեակների կազմակերպական աշխատանքների, նա վերյիշեցրեց ներկաներին, մանկապարտէզի շէնքի եւ սրահի նախկին սահմանափակ դրութիւնը, Հ.Մ.Ա.Կ.-ի Թեհրանի կենտրոնական վարչութեան օժանդակութեամբ այս սրահի ընդարձակման աշխատանքների յաջողութիւնը եւ ի վերջոյ այն դժւարին պայմանները, որոնք արգելք չեն հանդիսանում շարունակելու ազգապահպանման եւ հայակերտման գործը ուրմիահայութեան կեանքում:
Հանդիսութիւնը ապա շարունակւեց, անցած երեք տասնամեակների իրերայաջորդ սերունդների պատկերների ցուցադրումով, որոնց մասին բացատրական ծանօթութիւն տւեց մանկապարտէզի դաստիարակչուհի Օֆելիա Սայեադեանը:
Գեղարւեստական կոկիկ ծրագրով բեմ բարձրացան մանկապարտէզի աշակերտները, ովքեր իրենց մանկական երգերով զւարճացրին ներկաներին, երգեհոնի ընկերակցութեամբ, մանկավարժ ուսուցիչ՝ Արտեմիս Բայրամեանի:
Բեմ հրաւիրւելով, ՀՕՄ-ի Ուրմիայի մասնաճիւղի վարչութեան ատենապետուհի Սեդա Մեջլումեանը երախտագիտութիւն յայտնեց առաջնորդ Սրբազան Հօրը իր յարատեւ քաջալերանքի համար, ինչպէս նաեւ ազգային իշխանութեանը, համայնքի բարերարներին եւ իր բոլոր գործընկերներին, որոնց հաւաքական ջանքի շնորհիւ կանգուն է մնում Ուրմիայի այս փոքրիկ, սակայն ջերմ կրթօջախը:
Ընթրիքի մատակարարման ընթացքում սրտագին բարեմաղթութիւնների կենացներ առաջարկւեցին, որոնք համայնքի քաղցրաձայն անհատները երգերով ծաղկեցրին:
Ի վերջոյ գնահատանքի եւ օրհնութեան խօսքով թեմակալ առաջնորդը իր մտածումները կիսեց ներկայ հանդիսականների հետ, երեք տասնամեակների ընթացքում իրագործւած նւիրական աշխատանքի դիմաց խոնարհւելով. «Բնութիւնը կը կորցնի իր գեղեցկութիւնը, երբ այնտեղ չկայ թռչունների դայլայլը: Ընտանիքը պակասաւոր կը մնայ, երբ այնտեղ չկայ երեխաների աղմուկը: Համայնքը աղքատ կը լինի, երբ այնտեղ չլսւի մանկապարտէզի երեխաների ճռւողիւնը: Երեսուն տարիներ առաջ մի քանի մարդկանց գերմարդկային ջանքերով իրականացւել է «Նայիրի» մանկապարտէզի հիմնադրումը: Նրանք մեր համայնքի ապագայի համար տեսիլք են ունեցել, գոյատեւմա՛ն տեսիլք, հայակերտումի՛ տեսիլք, հայերէնախօսութեա՛ն տեսիլք, հայապահպանմա՛ն տեսիլք եւ այս հեռանկարով նետւել այս աշխատանքի իրագործմանը»,- ասաց նա: Ապա, բարձր գնահատեց ՀՕՄ-ի վարչութեան անշահախնդիր մօտեցումը հայեցի դաստիարակութեան գործին, մինչեւ իսկ իրենց անձնական առօրեայի ժամերից տրամադրելու պատրաստակամութիւնը: Սրբազան Հայրը ցաւով յիշեց հայ ուսուցիչն «անտէր» մնացած լինելը հայ իրականութեան մէջ, հակառակ դրա կատարած գործի մասին եղած բազմաթիւ գովասանքներին: Նա անդրադարձաւ մանկապարտէզի անցեալի եւ ներկայի դաստիարակչուհիների կատարած զոհաբերութեան, եւ հրաւիրեց բոլորին, տէր կանգնելու հայ ուսուցչին, նրա անփոխարինելի ծառայութեան առ ի քաջալերանք:

161124d02d

Առաջնորդ Սրբազան Հայրը բարձր գնահատեց նաեւ դերը բոլոր բարերարների, յատկապէս տէր եւ տիկին Էդիկ եւ Սանդրա Մեջլումեանների, որոնք միշտ զօրավիգ են կանգնում համայնքի կրթական եւ ազգային կեանքի վերելքին: Դարձեալ, նա իր գնահատանքի խօսքն ուղղեց ազգային իշխանութեան, Գործակալական խորհրդին, հոգեւոր հովւին եւ բոլոր նրանց, ովքեր նիւթական դժւարին պայմաններում «ոչինչից ինչ» են ստեղծում, պահպանելու համար հայ կեանքը Ուրմիայում:
Նոյն առիթով, քաջալերելով մանկապարտէզի երեխաներին եւ նրանց դաստիարակներին, Սրբազան Հայրը նւէրներ բաշխեց նրանց, հայապահպանութեան վսեմ գործի իբրեւ մասնակիցներ: Ընթրիքի աւարտին տեղի ունեցաւ 30-ամեակի տորթի հատումը, ինչպէս նաեւ ՀՕՄ-ի վարչութեան կողմից յուշանւէրների յանձնումը ազգային իշխանութեան, մանկապարտէզի հիմնադիր անդամներին եւ բարերար տէր եւ տիկին Էդիկ եւ Սանդրա Մեջլումեաններին:
Նորանոր ամեակների եւ յոբելեանների բարեմաղթութիւններով, ներկաները ուշ գիշերին հեռացան սրահից, անցեալի քաղցր յուշերով ծանրաբեռնւած, եւ ապագայի համար՝ աշխատանքի նոր եռանդով լցւած:

Յարակից Հրապարակումներ

  • Ատրպատականի կուսակալն այցելել է Ատրպատականի հայոց թեմի առաջնորդարան
    Ատրպատականի կուսակալն այցելել է Ատրպատականի հայոց թեմի առաջնորդարան

    Յունւարի 22-ին, Ատրպատականի կուսակալ դոկտ. Շոհրադիֆար, իր տեղակլի եւ քաղաքական խորհրդականի հետ այցելել է Ատրպատականի հայոց թեմի առաջնորդարան եւ հանդիպել է թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի հետ:

  • Սարկաւագական ձեռնադրութիւն Ատրպատականի հայոց թեմում
    Սարկաւագական ձեռնադրութիւն Ատրպատականի հայոց թեմում

    Յունւարի 22-ին, Թաւրիզի Լիլաւա հայաշատ թաղամասի Ս. Սարգիս եկեղեցում յընթացս Սուրբ եւ անմահ պատարագի տեղի ունեցաւ Սարկաւագական ձեռնադրութիւն, ձեռամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Գերշ. Տ. Գրիգոր Ս. Եպս. Չիֆթճեանի:

  • Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում ընթերցւեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսի «Վերանորոգութեան տարի»-ին նւիրւած հռչակագիրը
    Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում ընթերցւեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսի «Վերանորոգութեան տարի»-ին նւիրւած հռչակագիրը

    Յունւարի 15-ին, Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում հանդիսաւորապէս ընթերցւեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսի Հայրապետական սրբատառ հռչակագիրը, 2017 թիւը «Վերանորոգութեան տարի» յայտարարելու կապակցութեամբ:

  • Շնորհաւորանք
    Շնորհաւորանք

    Սիրելի՛ պրն. Մելիքեան,
    Ամանորի եւ Նոր տարւայ, ինչպէս նաեւ մեր Տիրոջ եւ Փրկչի Յիսուս Քրիստոսի Ս. Ծննդեան տօնի առիթով, սրտանց շնորհաւորում ենք Ձեզ եւ Ձեր միջոցով «Ալիք»-ի ողջ խմբագրակազմին, գրաշարներին եւ աշխատողներին, բարձր գնահատելով հայ գրի ու դպրութեան հանդէպ բոլորի նւիրեալ աշխատանքը:

  • Սուրբ Ծննդեան զանգը՝ ահազանգ
    Սուրբ Ծննդեան զանգը՝ ահազանգ

    Յիսուսի Սուրբ Ծննդեան պահին, երկնքից հրեշտակներ երեւացին պարզամիտ հովիւներին, որոնք իրենց հօտերին պահպանութիւն էին անում բաց դաշտում (Հմմտ. Ղկ. 2:8): Նոյն հրեշտակների երաժշտական փառաբանութիւնը մինչեւ օրս, մեր եկեղեցում առաւօտեան ժամերգութեան ընթացքում երգւում է, բանաձեււած խաղաղարար այն խորհրդի վրայ, որի միտք բանին հրեշտակները յայտնեցին.
    «Փա՜ռք ի բարձունս Աստուծոյ
    եւ յերկիր խաղաղութիւն,
    ի մարդիկ հաճութիւն» (Ղկ. 2:14):

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս կազդի ԼՂՀ-ի սահմանադրութեան հանրաքւէն Արցախի միջազգային ճանաչման գործընթացի վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։