Հա

Համայնք

Երեքշաբթի, 29 Նոյեմբերի 2016 10:40

«Իւսիմաս»-ի մրցոյթում աշխարհի ախոյեան հանդիսացած թաւրիզահայ Նարէ Սայեադեանը իր յաղթանակը ձօնեց ատրպատականցի նոր սերնդին

Ուրբաթ, նոյեմբերի 11-ին, Արաբական Էմիրութիւնների Դուբայ քաղաքում տեղի ունեցաւ «ԻՒՍԻՄԱՍ»-ի (UCMAS - Universal Concepts of Mental Arithmetic Systems) թւաբանական բարդ լուծումների միջազգային մրցոյթը, մասնակցութեամբ 57 երկրներից ժամանած աւելի քան 4000 մասնակիցների:

Ատրպատական, ազգային առաջնորդարան - Ուրբաթ, նոյեմբերի 11-ին, Արաբական Էմիրութիւնների Դուբայ քաղաքում տեղի ունեցաւ «ԻՒՍԻՄԱՍ»-ի (UCMAS - Universal Concepts of Mental Arithmetic Systems) թւաբանական բարդ լուծումների միջազգային մրցոյթը, մասնակցութեամբ 57 երկրներից ժամանած աւելի քան 4000 մասնակիցների:
Սոյն մրցոյթին Թաւրիզից մասնակցեց 13-ամեայ Նարէ Սայեադեանը, ով նախապէս Իրանի Իսլամական Հանրապետութիւնում առաջին տեղն էր գրաւել միեւնոյն ճիւղում՝ «Իւսիմաս»-ի մրցոյթում:
Դուբայից վերադարձին, հարազատները եւ բարեկամները, ինչպէս նաեւ իր յաճախած դպրոցի՝ Թաւրիզի հայոց ազգ. «Թամարեան» դպրոցի տեսչութիւնը, ուսուցչակազմը եւ աշակերտութիւնը, շնորհաւորական պաստառներով դիմաւորեցին Նարէին, որ յաջողել էր հազարաւոր մասնակիցների միջից առաջին հանդիսանալ, տիրանալով ախոյեանութեան գաւաթին:
Նոյեմբերի 19-ի կէսօրին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանը, առաջնորդարանի «Էմիլ Յակոբեան» դահլիճում ընդունեց Նարէ Սայեադեանին, շնորհաւորելով նրա արձանագրած պատւաբեր մեծ յաջողութիւնը: Շնորհաւորական սոյն հաւաքին ներկայ էին Թեմական խորհրդի անդամներ, Նարէի ծնողները՝ տէր եւ տիկին Ալէն եւ Անի Սայեադեանները եւ մեծ ծնողները՝ տէր եւ տիկին Հենրիկ եւ Լիդուշ Սայեադեանները, ինչպէս նաեւ ազգային առաջնորդարանի պաշտօնէութիւնը:
161129d02aՍրբազան Հայրը համբուրելով Նարէի ճակատը, կարեւորութեամբ շեշտեց, որ. «Այս յաջողութիւնը ազգային, տեղական, կամ համահայկական հարթակի վրայ տեղի ունեցած սովորական մրցութիւններից չէ՛, որտեղ գնահատելով մեր արժէքներին, մեր նոր սերնդի միջից տաղանդներին ենք յայտնաբերում: Դա մեր տնում տեղի ունեցող միջոցառումներից է: Սակայն այս՝ միջազգային մակարդակով, օտար ազգութիւնների եւ օտար կրօնների պատկանող հազարաւոր երեխաների միջեւ մրցութիւն էր, որտեղ Ատրպատականի մեր թեմի եւ ողջ հայութեան պատիւը բարձր պահեց Նարէն: Նարէի այս յաղթանակը դրական անհերքելի պատասխան է բոլոր այն ժխտական մտածողութիւններին, որոնք Ատրպատականի հայոց թեմը տխուր գոյներով են ներկայացնում, թւաքանակի նւազումի առումով եւ բազմաթիւ այլ յուսահատական պատկերներով: Մենք քիչ ենք, այո՛, բայց՝ որակաւոր»:
161129d02bԱպա, Նարէ Սայեադեանը իր յաղթանակը ձօնեց Ատրպատականում հասակ առնող նոր սերնդին, որտեղ որ ապրում են նրանք՝ Թաւրիզում, Ուրմիայում, յոյս ներշնչելով բոլորին: Այս առիթով, Սրբազան Հայրը գնահատելով Նարէի այս իմաստուն մօտեցումը, իրանահայութեան կեանքում արտագաղթի վարակիչ տխուր երեւոյթին անդրադարձաւ. «Այն ծնողները, որոնք իրենց երեխաներին իբրեւ թէ առաջնակարգ ուսանողներ դարձնելու պատրւակով լքում են երկիրը, կամ ուղարկում են նրանց դէպի զարգացած երկրներ, Նարէի յաջողութիւնից պէտք է իսկապէս ամաչեն: Թաւրիզում ապրելով, այստեղ ուսանելով, առաջնակարգ երկրներում ծնւած եւ կրթւած հազարաւոր երեխաների միջից առաջին հանդիսացաւ Նարէն, աշխարհի ախոյեանութեան գաւաթը Թաւրիզ բերելով»,- եզրակացրեց Սրբազան Հայրը եւ նրան նւիրեց սոյն յաղթանակի յիշատակը յաւերժացնող մակագրւած Աստւածաշունչ: Ապա, Թեմական խորհրդի ատենապետ Ռուբիկ Ջանանեանի ձեռամբ ազգային իշխանութեան նւէրը յանձնւեց Նարէին, ինչպէս նաեւ ազգ. առաջնորդարանի քարտուղարուհի Ռիտա Նազարբէգեանի ձեռամբ՝ պաշտօնէութեան յուշանւէրը:
Ապա, տեղի ունեցաւ յաղթանակի տորթի հատում եւ հիւրասիրութիւն, որի ընթացքում ներկաները եւս առիթ ունեցան իրենց սրտի խօսքն ասելու եւ շնորհաւորելու Նարէ Սայեադեանին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։