Հա

Համայնք

Չորեքշաբթի, 21 Դեկտեմբերի 2016 10:00

ՀՕՄ-ի Թաւրիզի մասնաճիւղի «Տաթեւ» պարախմբի անդրանիկ բացառիկ ելոյթը՝ Թաւրիզում

Ատրպատականի հայոց թեմի պատմութեան էջերում եւս մէկ ոսկեայ տառերով էջ աւելացաւ, երբ շուրջ 60 տարիների դադարից յետոյ, հայ մշակոյթի ոսկեծայր գրչով արձանագրւեց ծնունդը մէկ պարախմբի՝ ՀՕՄ-ի Թաւրիզի մասնաճիւղի «Տաթեւ» պարախմբի, որը իր անդրանիկ բացառիկ ելոյթով հմայեց մշակութասէր թաւրիզահայերին:

Ատրպատական, ազգային առաջնորդարան - Ատրպատականի հայոց թեմի պատմութեան էջերում եւս մէկ ոսկեայ տառերով էջ աւելացաւ, երբ շուրջ 60 տարիների դադարից յետոյ, հայ մշակոյթի ոսկեծայր գրչով արձանագրւեց ծնունդը մէկ պարախմբի՝ ՀՕՄ-ի Թաւրիզի մասնաճիւղի «Տաթեւ» պարախմբի, որը իր անդրանիկ բացառիկ ելոյթով հմայեց մշակութասէր թաւրիզահայերին:
Հինգշաբթի, դեկտեմբերի 8-ի երեկոյեան ժամը 8-ին, ազգային առաջնորդարանի «Համազասպ Ոսկանեան» սրահում, վարագոյրը բացւելուն, թաւրիզեցին իմացաւ որ հայ մշակոյթի իր դարաւոր սէրը վերյառնել էր դարձեալ, կեանք պարգեւելու համար այն օջախին, որը դարերով մշակութային սնունդ էր մատակարարել իրանահայութեանը:
Ատրպատականի հայոց թեմի հովանաւորութեամբ տեղի ունեցած պարային համոյթի ելոյթը նախագահում էր առաջնորդ Սրբազան Հայրը, իր կողքին ունենալով ազգային իշխանութեան ներկայացուցիչներին, ՀՕՄ-ի անդամուհիներին, միութիւնների եւ կազմակերպութիւնների ներկայացուցիչներին, ինչպէս նաեւ սրահում ներկայ հոծ թւով թաւրիզահայերին:
161221d02aՀայկական, ռուսական, յունական, իրանական եւ այլ ժողովուրդների ազգային պարերի ելոյթների շարքում գերակշռող տեղ էր գրաւել բնականօրէն հայկական պարերի տարբեր տեսակների ներկայացումը բեմում:
Մէկ պարից միւսը անցումային կամ նոր տարազաւորման պահերը լցւում էին թաւրիզահայ տաղանդաշատ ասմունքող՝ Նայիրի Դիլանեանի բանաստեղծական ելոյթներով, ինչպէս նաեւ պարախմբի ստեղծման մասին մօտաւոր անցեալի պատմութեան շուրջ տեղեկատւական բացատրութիւններով: Նայիրի Դիլանեանը բացատրեց այն կարեւոր իրողութիւնը, որ այս պարախմբի ստեղծումը մի անհրաժեշտութիւն եւ պարտք էր թաւրիզահայ համայնքին, երբ դեռեւս գոյութիւն ունեն նւիրեալ անձեր: 161221d02bՆւիրումի գաղափարը նա շեշտեց, յատկապէս ներկայացնելու համար մի նւիրեալ անձնաւորութեան՝ Թեհրանի «Ակունք» պարախմբի վաստակաշատ պարուսոյց եւ «Տաթեւ» պարախմբի հիմնադիր եւ գեղարւեստական ղեկավար՝ Կարինէ Մանուչերեան-Սուքիասեանին:
Զուգապարով հանդէս եկան փորձավարներ Նարինէ Սայեադեանը եւ Մարիա Գասպարեանը, ովքեր արհեստավարժ պարողներին յատուկ հմտութեամբ ցոյց տւեցին, թէ՝ կամքը, եւ սիրով տրամադրւած ժամանակը, կարո՛ղ են նման բարձունքի հասցնել նոյնիսկ նրանց, ովքեր մանուկ հասակից պարարւեստի դասարան չեն գնացել:
161221d02cԴարձեալ դադարի պահերից օգտւելով, պարախմբի ընդհանուր պատասխանատու Նայիրի Դիլանեանը շնորհակալական խօսքերով հանդէս եկաւ, մէկ առ մէկ յիշելով հովանաւորներին, բարերարներին, ծնողներին, փորձավարներին, աշխատողներին, քաջալերողներին, զգեստները կարող դերձակուհիներին, կօշիկները պատրաստել տւած նւիրատուներին եւ մինչեւ իսկ իրենց ներկայութեամբ երիտասարդութիւնը խրախուսող հանդիսականներին: Ձեռնարկի յաջողութեան նիւթապէս օժանդակած գլխաւոր անձերի անունների շարքում նա յիշեց ազգային բարերար Էլպիս Գասպարեանին, Հրայր եւ Արեւիկ Աբրահամեանների զաւակներին՝ Ռազմիկ, Ռիմա եւ Էմմա, եւ նոյնիսկ իրենց համեստ օժանդակութիւնը չզլացած անձերին, որոնց հաւաքական ներդրման արդիւնք համարեց այս ելոյթը:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։