Հա

Համայնք

Շաբաթ, 25 Փետրւարի 2017 11:18

Սրբոց Վարդանանց տօնը նշւեց Ատրպատականի հայոց թեմում

Փետրւարի 23-ին, եկեղեցական արարողութիւններով եւ ազգային տօնախմբութիւններով Ատրպատական թեմի զոյգ հայաշատ քաղաքներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում նշւեց Սրբոց Վարդանանց զօրավարաց ազգային-եկեղեցական տօնի խորհուրդը: 

«alikonline.ir» - Փետրւարի 23-ին, եկեղեցական արարողութիւններով եւ ազգային տօնախմբութիւններով Ատրպատական թեմի զոյգ հայաշատ քաղաքներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում նշւեց Սրբոց Վարդանանց զօրավարաց ազգային-եկեղեցական տօնի խորհուրդը: Այս մասին տեղեկացնում է Ատրպատականի հայոց թեմի ազգային առաջնորդարանը:

 Թաւրիզի Լիլաւա թաղամասի Սբ. Սարգիս եկեղեցում, Սրբոց Վարդանանց յիշատակի հանդիսաւոր ժամերգութեան նախագահեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանը: Գիշերային եւ յատկապէս առաւօտեան ժամերգութիւնների կատարումով յիշատակւեցին հայ եկեղեցու տօնացոյցի ամէնից ժողովրդական սրբերը՝ քաջ Վարդան եւ նրա զինակից 1036 նահատակները, որոնք «վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց» մատուցին իրենց անձերը, նահատակութեան բագինի վրայ զոհւելով Աւարայրի դաշտում:

Նոյն առիթով, ներկայ հաւատացեալները եւ Թաւրիզի հայոց ազգային դպրոցի եւ ՀՕՄ-ի Թաւրիզի մասնաճիւղի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի աշակերտութիւնը հաղորդւեցին Քրիստոսի սուրբ մարմնով եւ արեամբ:

Նոյն օրը՝ առաւօտեան, ազգային մեծ տօնը նշւեց նաեւ Թաւրիզի ազգ. դպրոցի սրահում, նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի:

Հանդիսութեանը ներկայ էին Թեմական խորհրդի, հոգաբարձութեան, ծնողական խորհրդի, տեսչութեան եւ ուսուցչական կազմի անդամներ, ինչպէս նաեւ թաւրիզահայ համայնքի զաւակներ:

Բացման խօսքով աշակերտութեան անունից հանդէս եկաւ Նարէ Սայադեանը՝ օրւայ խորհրդի միջոցով փոխանցւած պատգամը հաղորդելով ներկաներին: Ապա, օրւայ գեղարւեստական ճոխ ծրագրի ընթացքը ներկայացրեց, որը յագեցւած էր դպրոցի երգչախմբի ելոյթով եւ արտասանութիւններով: Երգչախումբը, ղեկավարութեամբ Նարինէ Սայադեանի, հանդիսատեսին մատուցեց Վարդանանց տօնի խորհուրդը ներկայացնող ազգայնաշունչ երգեր:

Արտասանութիւններով հանդէս եկան Յասմիկ Շահմուրադեանը, Իզապէլ Սարգսեանը, Իւէտ Վարդազարեանը, Անժելինա Սալմաստեանը, իսկ Վարդանանց տօնի մասին պատմական բացատրութիւն կարդաց Էմելիա Աբրահամեանը: Ապա, օրւայ առիթով արտայայտւեց դպրոցի տեսչուհի Արմինէ Վահրամեանը: Նա տօնի պատմական անցեալը ներկայացնելով, դրանից դաս քաղելու պատգամ ուղղեց ներկաներին՝ շեշտաւորելով արիութեան, արթնութեան եւ միասնականութեան գաղափարները:

Նոյն օրը, Ուրմիոյ ծխական Սբ. Ստեփանոս եկեղեցում պատարագեց եւ քարոզեց հոգեւոր հովիւ՝ Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը: Ներկայ բազմութիւնը պատարագի ընթացքին հաղորդւեց Քրիստոսի սուրբ մարմնով եւ արեամբ: Սբ. պատարագի աւարտին ՀՕՄ-ի Ուրմիոյ մասնաճիւղի «Նայիրի» մանկապարտէզի երեխաները յատուկ յայտագրով հանդէս եկան, Սրբոց Վարդանանց տօնին նւիրւած երգերով ու արտասանութիւններով: Հանդիսութիւնը ղեկավարում էր մանկապարտէզի ուսուցչուհի՝ Օֆելիա Սայադեանը:

Յայտնենք, թէ Ուրմիայում մատուցւած ս. եւ անմահ պատարագին ներկայ գտնւեցին Ուրմիոյ ազգային իշխանութեան անդամները՝ Գործակալական խորհրդի ատենապետ՝ Փայլակ Սահակեանի գլխաւորութեամբ, ինչպէս նաեւ պատգամաւորական ժողովի Ուրմիոյ շրջանի ներկայացուցիչները, աշակերտների ծնողները եւ բարեպաշտ հաւատացեալներ: Նոյն առիթով յիշատակութիւն կատարւեց եւ շնորհաւորական մաղթանք փոխանցւեց բոլոր Վարդան անունը կրողներին:

Աւարայրի խորհրդով լիացած, Թաւրիզում եւ Ուրմիայում հաւատացեալներ հոգեկան բաւարարութեամբ վերադարձան իրենց տները, ազգային-եկեղեցական սիրելի տօնի շնչով զօրացած: 

Յարակից Հրապարակումներ

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ուրմիահայ ժողովրդի հետ
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ուրմիահայ ժողովրդի հետ

    Կիրակի, 5 նոյեմբեր 2017-ին, Ուրմիոյ ծխական Սբ. Ստեփանոս եկեղեցում մատուցւած սբ. եւ անմահ պատարագին հանդիսապետեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը եւ յընթացս պատարագի «Հայր Մեր»-ից առաջ տւեց իր պատգամը: 

  • Բարերար տէր եւ տիկին Զարեհ եւ Լիդա Յակոբեանները պարգեւատրւեցին Ատրպատականի հայոց թեմում
    Բարերար տէր եւ տիկին Զարեհ եւ Լիդա Յակոբեանները պարգեւատրւեցին Ատրպատականի հայոց թեմում

    Երկուշաբթի, 30 հոկտեմբեր 2017-ի կէսօրին տէր եւ տիկին Զարեհ եւ Լիդա Յակոբեանները Քուվէյթից ժամանեցին Թաւրիզ, եւ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի հիւրը եղան ազգային առաջնորդարանում:

  • Հիւսիսային Իրանի պահակազօրի հրամանատարի այցը Ատրպատականի հայոց առաջնորդին
    Հիւսիսային Իրանի պահակազօրի հրամանատարի այցը Ատրպատականի հայոց առաջնորդին

    Հիւսիսային Իրանի պահակազօրի (Սեփահ-Ղադիր բանակ) մշակութային բաժանմունքի հրամանատար մայոր Շաբխիզը, ընկերակցութեամբ նոյն պահակազօրի 4-րդ գումարտակի գնդապետ Նաբիզադէհի եւ նրանց օգնականների երկուշաբթի, 23 հոկտեմբեր 2017-ին այցելեցին ազգային առաջնորդարան եւ հանդիպում ունեցան Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի հետ: Սոյն հանդիպմանը ներկայ գտնւեցին նաեւ Թեմական խորհրդի անդամները՝ գլխաւորութեամբ ատենապետ Ռուբիկ Ջանանեանի:

  • Գերմանացի իրաւագէտներից բաղկացած մէկ խումբ այցելեց Ատրպատականի հայոց թեմ
    Գերմանացի իրաւագէտներից բաղկացած մէկ խումբ այցելեց Ատրպատականի հայոց թեմ

    Երկուշաբթի, 16 հոկտեմբեր 2017-ի առաւօտեան, գերմանացի իրաւագէտներից բաղկացած մէկ խումբ, գլխաւորութեամբ Հերբերտ Էնեսի, այցելեց Ատրպատականի ազգային առաջնորդարան եւ «Էմիլ Յակոբեան» դահլիճում ընդունւեց թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի կողմից: Հանդիպմանը ներկայ գտնւեց նաեւ Թեմական խորհրդի ատենապետ՝ Ռուբիկ Ջանանեանը:

  • Եզրափակում Թաւրիզի հայագիտական Ա. գիտաժողովի Դարաշամբի Ս․ Ստեփանոս Նախավկայի վանքում
    Եզրափակում Թաւրիզի հայագիտական Ա. գիտաժողովի Դարաշամբի Ս․ Ստեփանոս Նախավկայի վանքում

    Գիտաժողովին մասնակից հայագէտները, որոնք գիտաժողովի առաջին օրն անցկացրել էին անցած ուրբաթ, ազգային առաջնորդարանի «Համազասպ Ոսկանեան» սրահում, շաբաթ եւ կիրակի օրերի ընթացքում առիթ էին ունեցել այցելել Ատրպատականի պատմական թեմի փառքը կազմող վանքերը, Ս․ Թադէն ու Ծոր-Ծորը, տեսել էին աստւածաշնչական Արարատ լեռն ու Արտազ գաւառն ընդհանրապէս, խոր տպաւորութեամբ համախմբւեցին Ս․ Ստեփանոս վանքի սրահում։ 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։