Հա

Համայնք

25/02/2017

Սրբոց Վարդանանց տօնը նշւեց Ատրպատականի հայոց թեմում

Փետրւարի 23-ին, եկեղեցական արարողութիւններով եւ ազգային տօնախմբութիւններով Ատրպատական թեմի զոյգ հայաշատ քաղաքներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում նշւեց Սրբոց Վարդանանց զօրավարաց ազգային-եկեղեցական տօնի խորհուրդը: 

«alikonline.ir» - Փետրւարի 23-ին, եկեղեցական արարողութիւններով եւ ազգային տօնախմբութիւններով Ատրպատական թեմի զոյգ հայաշատ քաղաքներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում նշւեց Սրբոց Վարդանանց զօրավարաց ազգային-եկեղեցական տօնի խորհուրդը: Այս մասին տեղեկացնում է Ատրպատականի հայոց թեմի ազգային առաջնորդարանը:

 Թաւրիզի Լիլաւա թաղամասի Սբ. Սարգիս եկեղեցում, Սրբոց Վարդանանց յիշատակի հանդիսաւոր ժամերգութեան նախագահեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանը: Գիշերային եւ յատկապէս առաւօտեան ժամերգութիւնների կատարումով յիշատակւեցին հայ եկեղեցու տօնացոյցի ամէնից ժողովրդական սրբերը՝ քաջ Վարդան եւ նրա զինակից 1036 նահատակները, որոնք «վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց» մատուցին իրենց անձերը, նահատակութեան բագինի վրայ զոհւելով Աւարայրի դաշտում:

Նոյն առիթով, ներկայ հաւատացեալները եւ Թաւրիզի հայոց ազգային դպրոցի եւ ՀՕՄ-ի Թաւրիզի մասնաճիւղի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի աշակերտութիւնը հաղորդւեցին Քրիստոսի սուրբ մարմնով եւ արեամբ:

Նոյն օրը՝ առաւօտեան, ազգային մեծ տօնը նշւեց նաեւ Թաւրիզի ազգ. դպրոցի սրահում, նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի:

Հանդիսութեանը ներկայ էին Թեմական խորհրդի, հոգաբարձութեան, ծնողական խորհրդի, տեսչութեան եւ ուսուցչական կազմի անդամներ, ինչպէս նաեւ թաւրիզահայ համայնքի զաւակներ:

Բացման խօսքով աշակերտութեան անունից հանդէս եկաւ Նարէ Սայադեանը՝ օրւայ խորհրդի միջոցով փոխանցւած պատգամը հաղորդելով ներկաներին: Ապա, օրւայ գեղարւեստական ճոխ ծրագրի ընթացքը ներկայացրեց, որը յագեցւած էր դպրոցի երգչախմբի ելոյթով եւ արտասանութիւններով: Երգչախումբը, ղեկավարութեամբ Նարինէ Սայադեանի, հանդիսատեսին մատուցեց Վարդանանց տօնի խորհուրդը ներկայացնող ազգայնաշունչ երգեր:

Արտասանութիւններով հանդէս եկան Յասմիկ Շահմուրադեանը, Իզապէլ Սարգսեանը, Իւէտ Վարդազարեանը, Անժելինա Սալմաստեանը, իսկ Վարդանանց տօնի մասին պատմական բացատրութիւն կարդաց Էմելիա Աբրահամեանը: Ապա, օրւայ առիթով արտայայտւեց դպրոցի տեսչուհի Արմինէ Վահրամեանը: Նա տօնի պատմական անցեալը ներկայացնելով, դրանից դաս քաղելու պատգամ ուղղեց ներկաներին՝ շեշտաւորելով արիութեան, արթնութեան եւ միասնականութեան գաղափարները:

Նոյն օրը, Ուրմիոյ ծխական Սբ. Ստեփանոս եկեղեցում պատարագեց եւ քարոզեց հոգեւոր հովիւ՝ Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը: Ներկայ բազմութիւնը պատարագի ընթացքին հաղորդւեց Քրիստոսի սուրբ մարմնով եւ արեամբ: Սբ. պատարագի աւարտին ՀՕՄ-ի Ուրմիոյ մասնաճիւղի «Նայիրի» մանկապարտէզի երեխաները յատուկ յայտագրով հանդէս եկան, Սրբոց Վարդանանց տօնին նւիրւած երգերով ու արտասանութիւններով: Հանդիսութիւնը ղեկավարում էր մանկապարտէզի ուսուցչուհի՝ Օֆելիա Սայադեանը:

Յայտնենք, թէ Ուրմիայում մատուցւած ս. եւ անմահ պատարագին ներկայ գտնւեցին Ուրմիոյ ազգային իշխանութեան անդամները՝ Գործակալական խորհրդի ատենապետ՝ Փայլակ Սահակեանի գլխաւորութեամբ, ինչպէս նաեւ պատգամաւորական ժողովի Ուրմիոյ շրջանի ներկայացուցիչները, աշակերտների ծնողները եւ բարեպաշտ հաւատացեալներ: Նոյն առիթով յիշատակութիւն կատարւեց եւ շնորհաւորական մաղթանք փոխանցւեց բոլոր Վարդան անունը կրողներին:

Աւարայրի խորհրդով լիացած, Թաւրիզում եւ Ուրմիայում հաւատացեալներ հոգեկան բաւարարութեամբ վերադարձան իրենց տները, ազգային-եկեղեցական սիրելի տօնի շնչով զօրացած: 

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ընդունեց Հայաստանում ԻԻՀ դեսպանատան մշակութային կցորդի այցը
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ընդունեց Հայաստանում ԻԻՀ դեսպանատան մշակութային կցորդի այցը

    Չորեքշաբթի, 15 օգոստոս 2018-ի երեկոյեան ժամը 4-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, ազգային առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանատան մշակութային կցորդ Հէյդարիի այցը, որուն ընկերակցում էր նոյն բաժանմունքի խորհրդական Նէզիֆը: 

  • Տօն Վերափոխման Սուրբ Կոյսի
    Տօն Վերափոխման Սուրբ Կոյսի

    Սբ. Աստւածածնայ Վերափոխման տօնը որը միացւել է նաեւ հնամենի տօներից մէկի հետ, բերքի ազնւագոյնի, խաղողի ընծայաբերման, մեր ժողովրդի զաւակների կողմից ամէնասիրւած տօներից է վաղուց անտի: Ատրպատականի հայոց թեմում սոյն տօնը կատարւեց հայաշատ երկու քաղաքներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում, ինչպէս նաեւ Գեարդաբադ գիւղում, մասնակցութեամբ մեր ժողովրդի բարեպաշտ զաւակների: 

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը դարձեալ Ղարադաղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը դարձեալ Ղարադաղում

    Ատրպատականի ամբողջ տարածքին սփռւած եկեղեցիների եւ պատմական կոթողների իրավիճակի մասին ուսումնասիրական նիւթերի իր աշխատանքը շարունակելով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը դարձեալ Ղարադաղում էր:

    Ղարադաղի Ամրադուլ գիւղին առաջնորդ Սրբազանի տւած այցի նկարագրականը ներկայացնում ենք ստորեւ, ի՛ր գրչով: 

  • Հայ եկեղեցու հնագոյն թեմի՝ Ատրպատականի հայոց թեմի պատմութիւնը ներկայացւեց Ֆրէզնոյում
    Հայ եկեղեցու հնագոյն թեմի՝ Ատրպատականի հայոց թեմի պատմութիւնը ներկայացւեց Ֆրէզնոյում

    Երեքշաբթի, 31 յուլիս 2018ի երեկոյեան ժամը 7-ին, կազմակերպութեամբ Ֆրէզնոյի «Ասպարէզ» ակումբի մշակութային յանձնախմբի եւ Ֆրէզնոյի հայկական թանգարանի, իւրայատուկ բանախօսութիւն եւ ձեռնարկ տեղի ունեցաւ Միութեան սրահում, ներկայութեամբ մշակութասէր Ֆրէզնօհայութեան: 

  • Եզակի գրքի իւրայատուկ շնորհանդէս՝ որը Ատրպատականի հայոց թեմի անցեալը ներկայ դարձրեց Գլենդէլում
    Եզակի գրքի իւրայատուկ շնորհանդէս՝ որը Ատրպատականի հայոց թեմի անցեալը ներկայ դարձրեց Գլենդէլում

    Չորեքշաբթի, 25 յուլիս 2018-ի երեկոյեան ժամը 7.30-ին, Գլենդէլի «Գրիգոր եւ Մարիամ Գարամանուկեան» երիտասարդական կենտրոնի «Իսահակ եւ Ժանէթ Գազանճեան» սրահում տեղի ունեցաւ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի «Ուղեւորութիւն Ատրպատականի հայոց թեմում, հայկական յուշարձանների հետքերով» գրքի Ա. հատորի շնորհանդէսը, կազմակերպութեամբ «Սարդարապատ» գրախանութի եւ հովանաւորութեամբ Լոս Անջելէսում գործող իրանահայ հինգ միութիւնների՝ «Ջան Թաւրիզ»-ի, «Իրանահայ միութիւն»-ի, «Ղարադաղի ժառանգութիւն»-ի, «Ուրմիայի հայրենակցական միութիւն»-ի եւ «Սալմաստի ժառանգութեանց ընկերակցութիւն»-ի:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։