Հա

Համայնք

18/03/2017 - 11:40

Հանդիպում-զրոյց երիտասարդութեան հետ՝ Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղում. «Հնազանդութիւն եւ մասնակցութիւն»

Մարտի 15-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի կենտրոնատեղիում, մանսաճիւղի վարչութեան նախաձեռնութեամբ երիտասարդութեան հետ տեղի ունեցաւ հանդիպում-զրոյց, որին հրաւիրւած էր Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանը:

«alikonline.ir» - Մարտի 15-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի կենտրոնատեղիում, մանսաճիւղի վարչութեան նախաձեռնութեամբ երիտասարդութեան հետ տեղի ունեցաւ հանդիպում-զրոյց, որին հրաւիրւած էր Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանը: Այս մասին տեղեկացնում են Ատրպատականի ազգային առաջնորդարանից:

Հանդիպում-զրոյցի ընթացքում Սրբազան Հայրը հոգեւոր եւ բարոյագիտական նիւթերով զրուցեց երիտասարդութեան հետ՝ նախքան նրանց մեկնումը դէպի Նոր Ջուղա, որտեղ անցկացւելու են 29-րդ Գարնանային խաղեր:

Հանդիպման սկզբում, բացման խօսքով հանդէս եկաւ մասնաճիւղի նախագահ Հենրիկ Աբրահամեանը՝ շեշտելով նման հանդիպումների յաճախակի կայացման անհրաժեշտութիւնը:

Իր նիւթի համար ընտրելով երկու եզրոյթ՝ «հնազանդութիւն» եւ «մասնակցութիւն», Սրբազան Հայրը զարգացրեց այն մի քանի կէտերով: Նախ ներկայացրեց հնազանդութիւն բառի աստւածաշնչական իմաստը, ապա ընկերաբանական նշանակութիւնը: Նա ասաց թէ, մարդկային ցեղի պատմութեան ընթացքում չի եղել ժամանակ, երբ հնազանդութեան եւ անհնազանդութեան խնդիրը վերջնականապէս լուծւած լինի. «Եդեմի դրախտից սկսեց անհնազանդութիւնը եւ շարունակւեց պատմութեան ողջ ընթացքում»,- ասաց Սրբազանը, եւ ապա անդրադարձաւ նոյն բառի ընկերաբանական իմաստին. «Հնազանդութիւնը փոխադարձ յարգանքով է պայմանաւորւած: Հնազանդութիւն եւ հաւատարմութիւն մօտիկ եզրեր են, որոնց ճշտում են մեր յարաբերութիւնը Աստծու, մեր ծնողների, մեր նմանների եւ նոյնիսկ մեր անձի հետ»,- նշեց նա՝ բացատրելով իւրաքանչիւր եզրը:

Զրոյցի երկրորդ բաժնում Սրբազան Հայրը խօսեց, մասնակցութիւն բառի գործնական կիրառման մասին. «Սկզբից՝ ընտանիքի անդամ իբրեւ ծնւելուց, սկսում է մեր մասնակցութիւնը: Մասնակցում են մեր սեփական ընտանիքի կեանքին, առանց օտարական համարւելու մեր տնում: Ապա, անգիտակից հասակից սկսած մասնակցում ենք ուսանողական կեանքին, մեր դպրոցական տարիներին: Դրանից յետոյ, հասարակութեան կեանքին մասնակից են լինում տարբեր բնագաւառներում: Գիտակից եւ անգիտակից մասնակցութիւնը տարբերւում են իրարից: Անգիտակից մասնակցութիւնը թիւ է աւելացնում ընդհանուրի վրայ, իսկ գիտակից մասնակցութիւնը՝ աշխատանք է իրականացնում ի նպաստ ընդհանուրի»,- ասաց Սրբազանը՝ բացատրելով յատկապէս միութենական կեանքում դրական ներկայութեամբ, հաւաքական կեանքին մասնակից լինելու իւրաքանչիւր անդամի պարտաւորութիւնը: 

Ապա խօսելով մասնակցութեան համար անհրաժեշտ «օրէնք» հասկացութեան մասին, շեշտեց օրէնքի՝ ամէն ինչից եւ ամէն մարդուց վերեւ գտնւելու գաղափարը. «Օրէնքը բոլորի համար կայ, այլապէս՝ աւելորդ բեռ կը լինի եւ մղձաւանջ հասարակութեան կեանքում: Հասարակաց ապահովութեան երդիքն է օրէնքը, որի ներքեւ կը գործեն բոլոր կազմակերպութիւններն ու միութիւնները իրենց անդամների համերաշխ գործունէութեամբ»,- եզրակացրեց թեմակալ առաջնորդը:

Երիտասարդութեան հետ կայացած զրոյց-հանդիպման աւարտին, կատարւեց բարի ճանապարհի յատուկ աղօթք՝ մաղթելով որ մարզիկները յաջողութեամբ կը վերադառնան Նոր Ջուղայի Գարնանային մարզախաղերից:

Նշենք, որ Վարչութեան գրասենեակում նաեւ տեղի ունեցաւ հանդիպում թեմակալ առաջնորդի հետ, որի ընթացքում վարչական անդամները յառաջիկայ ծրագրերի մասին ներկայացրեցին իրենց տեսակէտները:

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը նահանգապետ Փուրմոհամմադիի մօտ
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը նահանգապետ Փուրմոհամմադիի մօտ

    Ընկերակցութեամբ Ազգային իշխանութեան Պատգմաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի ներկայացուցիչների, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, երկուշաբթի 14 յունւար 2019 թ.-ի առաւօտեան ժամը 11-ին, պաշտօնական այցելութիւն տւեց Արեւելեան Ատրպատականի նորանշանակ նահանգապետ՝ Փուրմոհամմադին, նահանգապետարանում: 

  • Սբ. Ծննդեան եւ Աստւածայայտութեան տօնը Ռահւա գիւղի Սբ. Աստւածածին եկեղեցում
    Սբ. Ծննդեան եւ Աստւածայայտութեան տօնը Ռահւա գիւղի Սբ. Աստւածածին եկեղեցում

    Ուրբաթ, 11 յունւար 2019 թ.-ի առաւօտեան ժամը 10:30-ին, Ռահւա գիւղ ժամանեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, եւ գիւղի աւանդութեան համաձայն Սբ. Ծննդեան տօնի յաջորդող ուրբաթ օրը ս. պատարագ մատոյց Ս. Աստւածածին պատմական եկեղեցում: Խորանին սպասարկում էր Ուրմիայի հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը: Պատարագի երգեցողութիւնը կատարում էր Ուրմիայի «Նարեկացի» երգչախումբը, ղեկավարութեամբ երաժիշտ դոկտ. Վարդան Սիմոնզի:

  • Սբ. Ծննդեան տօնի առիթով Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ուխտաւոր՝ երեք մոգերից մէկի սուրբ գերեզմանին
    Սբ. Ծննդեան տօնի առիթով Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ուխտաւոր՝ երեք մոգերից մէկի սուրբ գերեզմանին

    Ուրբաթ, 11 յունւար 2019 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, ընկերակցութեամբ մէկ խումբ հաւատացեալների, Սբ. Ծննդեան տօնի առիթով ուխտաւորաբար այցելեց, Ուրմիայում գտնւող այն սրբավայրը, որտեղ ըստ աւանդութեան թաղւել է Արեւելքի իմաստուն երեք մոգերից մէկը, որոնք աստղի առաջնորդութեամբ հասել էին մինչեւ Բեթղեհէմ, երկրպագելու նորածին Արքային՝ մանուկ Յիսուսին:

  • Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների առթիւ ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի եկեղեցիներում
    Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների առթիւ ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի եկեղեցիներում

    Շաբաթ՝ 2019 թւականի յունւարի 5-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Ս. Յովհաննու Կարապետ, Ս. Ստեփանոս, Ս. Ներսէս եւ Ս. Աստւածածին եկեղեցիներում, ս. եւ անմահ պատարագ մատուցւեց՝ Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների նախատօնակի՝ Ճրագալոյցի առիթով։ Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցու պատարագը մատուցւեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի ձեռամբ։ 

  • Ս. Ծննդեան առիթով պետական եւ ազգային շնորհաւորանքներ Ատրպատականի հայոց թեմում
    Ս. Ծննդեան առիթով պետական եւ ազգային շնորհաւորանքներ Ատրպատականի հայոց թեմում

    Կիրակի եւ երկուշաբթի 5 եւ 6 յունւար 2019-ին Ատրպատականի hայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանն ու Ազգային իշխանութիւնը, Թաւրիզում եւ Ուրմիայում ընդունեցին պետական, ազգային-միութենական եւ ժողովրդական շնորհաւորանքներ, մեր Տիրոջ եւ Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդեան տօնի առիթով: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։