Հա

Համայնք

Շաբաթ, 15 Ապրիլի 2017 11:30

... Որպէսզի լսե՛ս Գաբրիէլեան փողի ձայնը

Յարութեան պահը իր հրաշագեղ լուսափայլութեան հետ, բերելու է նաեւ սարսափը վերջին դատաստանի: Յարուցեալ կեանքով ապրելու երանութիւնը ընտրեալ մարդկանց յատուկ առանձնաշնորհն է, սակայն իւրաքանչիւր մարդ կարող է արժանանալ այս երանութեան, ապրելով հաւատքի կեանք, ակնկառոյց սպասելով ամպերի վրայ բազմած մարդու Որդուն, որը գալու է «զօրութեամբ եւ մեծ փառքով» (Հմմտ. Մտ. 24:30):

ԳՐԻԳՈՐ ԵՊՍ. ՉԻՖԹՃԵԱՆ
Առաջնորդ Ատրպատականի հայոց թեմի

 

«Երբ մեծաձայն փողը հնչի»:
(Մտ. 24:31)

 

Գողգոթայի մահահոտ բարձունքում խաչի վրայ արիւնաքամ եղած Փրկչի յաղթական սուրբ Յարութեան զարմանահրաշ պահը, խաչահանների եւ նրանց հրահրող եւ կամակից ազգի զաւակների մտքո՛վ իսկ չէր անցնի:

Մահւան կրած ամօթալի սոյն պարտութիւնը, իրենց աշխարհակալական հզօր ձգտումներով եւ փառամոլութեան ամբողջ ինքնասիրութեամբ, չէին կարողացել վայելել կայսերական փառքով շլմորած իշխանաւորները աշխարհի, կամ ամենակարող լինելու յաւակնութեամբ լցւած ողորմելի հոգիները բռնակալների: Նրանց աճիւնների մօտ մինչեւ այսօր յայտնաբերւում են զէնք ու զրահ, կերակրի ամաններ ու կենցաղային այլ իրեր, որոնք իզուր սպասեցին իրենց տէրերի ձեռամբ օգտագործման:

Մարդկային ցեղի պատմութեան մէջ ցարդ անկրկնելի երեւոյթ մնացած յարութեան դէպքին անվերապահ հաւատքով հաղորդւող իւրաքանչիւր հաւատացեալին եւս տրւեց, նոյնատեսակ յաղթանակ արձանագրելու եւ միեւնոյն երջանիկ փառքին արժանանալու խոստումը, յարուցեալ Փրկչի իսկ կողմից: Նա խօսելով իր երկրորդ գալստեան եւ աշխարհի վախճանի մասին, խոստացաւ իր հրեշտակներին ուղարկել, «հաւաքել»-ու համար իր ընտրեալներին աշխարհի չորս ծագերից՝ «երկնքի մէկ ծայրից մինչեւ միւսը» (Հմմտ. Մտ. 24:31): Իսկ դրա ազդանշանը պիտի լինի փողի մեծաձայն հնչումը:

Դարեր առաջ հաւատքով ննջած, Քրիստոսի անւան համար տանջալից մահով իրենց կեանքը այս աշխարհի վրայ աւարտած, նրա հետեւորդ լինելու պատճառով նահատակւած անթիւ ու անհամար սրբեր ինչպէ՞ս են լսելու այս փողի ձայնը, երբ նրանց մսեղէն ականջները վաղո՜ւց փտտել ու հողին միախառնւել են արդէն:

Նիւթապաշտների եւ հաւատքի էատարրերին անճանաչ մարդկանց մտքերում, անընդհատ շրջանառութեան մէջ եղող անհիմն հարց է այս, որովհետեւ Քրիստոսի ընտրեալները ճիշտ է որ իրենց հողեղէն ականջներով էին լսել նրա պատւիրանները եւ ընդունել դրանք, սակայն իրենց հոգեղէն ականջներով էին ընկալել ու հաւատացել իրենց լսածներին: Փաստօրէն քրիստոնէական կրօնի ճշմարտութեան ձայնը դարերի ընթացքում անհաշի՜ւ մարդկանց ականջներին հասել էր, իսկ ներկայ զարգացած դարաշրջանում, հեռուստացոյցի եւ արհեստագիտական այնքան առաջացած հաղորդակցութիւնների շնորհիւ, ամէ՛ն վայրկեան տարբեր միջոցներով միլիոնաւոր մարդիկ ականատես ու ականջալուր են լինում Աւետարանի պատգամներին, սակայն դրանց քանի՞ տոկոսի հոգեղէն ականջում արձագանգում են երկնաբարբառ խօսքերը, կամ հաւատքի սպունգով ներծծւում լսողների հոգիներում: Երբ հոգեղէն ականջը չի՛ լսում հողեղէն մէկ ականջից ներս մտած ձայնը, ուրեմն դա ուշ կամ շուտ դուրս է շպրտւելու հողեղէն միւս ականջից:

Յարութեան մեծաձայն փողի հնչումը անպայման լսելու են հաւատքով ննջածներ, ինչպէս առաքեալը վկայում է Թեսաղոնիկեցիներին գրած իր նամակում, ասելով. «Երբ հրամանը լսւի, հրեշտակապետը ազդարարի եւ Աստծու փողը հնչի, Տէրը ի՛նք երկնքից է իջնելու եւ նախ յարութիւն են առնելու նրանք, որ Քրիստոսի հաւատացին եւ մեռան» (Ա. Թս. 4:16):

Մահւան երեւոյթին «յաւիտենական հանգիստ», «յաւերժական քուն», իսկ մահացողի սնարին՝ «վերջին անկողին» «մահւան մահիճ» եւ այլ բացատրութիւններ տալով, միշտ մահւան ժամանակաւոր վախճան ու հանգրւան լինելու հանգամանքն ենք ընդգծում, եւ դրա հետ՝ մարդկային հոգու անմահութիւնը շեշտում: Այնպէս ինչպէս ծանր քնի մէջ լինելու պահին, գիշերւայ կէսին իսկ, ահեղ ձայնից ընդոստ արթնանում ենք եւ զգաստանում, նոյնպէս էլ մահւան քնով ննջած պահին երբ լսենք մեծաձայն փողի հնչումը, շուտով արթնանալու ենք մեր յաւիտենական քնից, ոտքի կանգնելով մեր երկրաւոր կեանքի տառապալից մահճում, եւ պատրաստ՝ մեր Տիրոջը միանալու ու նրա հետ վայելելու արդարների համար նախատեսւած յաւիտենական արքայութիւնը երկնային օթեւաններում:

Յարութեան պահը իր հրաշագեղ լուսափայլութեան հետ, բերելու է նաեւ սարսափը վերջին դատաստանի: Յարուցեալ կեանքով ապրելու երանութիւնը ընտրեալ մարդկանց յատուկ առանձնաշնորհն է, սակայն իւրաքանչիւր մարդ կարող է արժանանալ այս երանութեան, ապրելով հաւատքի կեանք, ակնկառոյց սպասելով ամպերի վրայ բազմած մարդու Որդուն, որը գալու է «զօրութեամբ եւ մեծ փառքով» (Հմմտ. Մտ. 24:30):

Հոգեկան արթնութիւնը նախապայման է, լսելու համար Տիրոջ գալուստը յայտարարող մեծաձայն փողի հնչումը: Կեանքն ամբողջ հաւատքով ապրելն ու ապա մահւամբ անհոգ ննջելը, Քրիստոսի տւած պատւէրին համապատասխանող վարմունք չէ՛: Նա յանձնարարում է բոլոր քրիստոնեաներին՝ ո՛չ միայն հաւատալ իրեն ու հաւատաւոր կեանքով ապրել, այլեւ արթուն մնալ եւ հսկել, որովհետեւ ո՛չ ոք իմանում է օրը կամ ժամը, թէ՝ ե՞րբ է դարձեալ յայտնւելու ինքը: Այստեղ նա օրինակ է տալիս գողի անժամանակ ժամանումը մեր տուն, որի գաղտագողի մուտքի օրն ու ժամը եթէ իմանանք, թոյլ չենք տայ որ նա մտնի մեր տունը ու թալանի մեր ստացւածքը (Հմմտ. Մտ. 24:43):

Դարձեալ թերահաւատ մտքերի տէր անձեր քմծիծաղով հարց են տալու մեզ.

- Բայց ինչպէ՞ս կարող է մեռած մարդը արթուն մնալ ու հսկել:

Նոյն նամակում, առաքեալը օգտագործում է «Քրիստոսով ննջել» բացատրութիւնը, որը պատասխանում է այս հարցին ու փարատում մարդկանց մտքերից շփոթի ապակողմնորոշող մառախուղը: «Քրիստոսով ննջում»-ը կամ «հաւատքի քուն»-ը, յաւիտենական մահւանից, այսինքն վերջնական կորստից տարբերւում է՝ մեծաձայն փողի հնչման պահին հաւատացեալ մարդու ընդոստ արթնանալու կարողութեամբ: Ուրեմն, այն անձը որ Քրիստոսով է ննջում, հոգով արթուն եւ զգաստ է մնում, նոյնիսկ հողի ներքեւ թաղւած վիճակում…:

Բարեպաշտական ընտիր սովորութիւններից է, մեր հանգուցեալ հարազատների համար կատարւած հոգեհանգստեան արարողութիւնը: Յատկապէս Սուրբ Յարութեան տօնի յաջորդ օրւայ համօրէն ննջեցելոց համար կատարւած հոգեհանգստեան արարողութիւնը խոր պատգամ ունի իր մէջ: Դա Քրիստոսի Յարութեան աւետիսն է տալիս մեր ննջեցեալ հարազատներին, որպէսզի նոյն հաւատքով սպասեն Քրիստոսի երկրորդ գալստեան: Սոյն արարողութիւնը սրում է նրանց հոգեղէն ականջները, աւելի զգօն է դարձնում նրանց, որպէսզի արթուն մնան եւ լսեն մեծաձայն փողի հնչումը ու դուրս գան երանական մարմնով, այնպէս ինչպէս Տէրունի հրամանով չորեքօրեայ թաղւած Ղազարոսը դուրս կանչւեց իր գերեզմանից:

Տարեց մի հոգեւորական, մեռելոց յիշատակի հոգեհանգստեան աւարտին յաւելւած յատուկ գրաւոր աղօթք էր ժառանգել իր աւագ սերնդից, որով խնդրամատոյց էր լինում բարերար ու բազմողորմ Աստծուն, որ բոլոր ննջեցեալներին արժանի դարձնի լսել «Գաբրիէլեան փող»-ի ձայնը: Դա նոյն՝ Քրիստոսի յիշած «մեծաձայն փող»-ն է համայնական յարութեան:

Քրիստոսով ննջածների յարութիւնը սկսւելու է ճիշտ այն պահին, երբ նրանք լսեն Գաբրիէլեան փողի մեծաձայն հնչումը: Երանական այն պահն է այս, երբ Քրիստոսով ննջածները պիտի բացեն իրենց ոգեղէն աչքերը, եւ նրանց այնպէս է թւալու, թէ՝ մի ակնթարթ էր այն երկա՜ր տարիների, գուցէ եւ դարերի՜ ժամանակամիջոցը, երբ վերջին անգամ մահւամբ փակել էին դրանք: Անրջական երազանք կամ ցնորք չէ՛ այս, այլ՝ հաւատքի աննիւթեղէն աչքերի առջեւ բացւող իրողական տեսաշար, իրար ագուցւած արդարութեան եւ իրաւունքի օղակներով (Հմմտ. Սղ. 33:5), որովհետեւ համընդհանուր յարութիւնը նաեւ հաշւեյարդարի ժամն է՝ վարձատրութեան ու պատժի կեսարային իմաստութեամբ եւ հեղինակութեամբ պարտադրւող: Բայց որպէսզի լսե՛ս Գաբրիէլեան փողի ձայնը, Տիրոջ պատւէրի համաձայն՝ պէտք է արթո՛ւն եւ պատրա՛ստ լինես, ուրախութեամբ դիմաւորելու յարութեան պահը: Դա այն պահն է, որ Քրիստոսով ննջածները երջանիկ յոյսով վերստին պիտի տեսնեն իրար եւ նրան միացած լինելու գերերջանիկ զգացումով աւետեն ասելով.

- Քրիստոս Յարեա՜ւ ի մեռելոց:

Երանի՜ նրան, որ առանց վախի ու երկմտութեան պիտի պատասխանէ յարուցեալ մեռելների այս ողջոյնին, ասելով՝

- Օրհնեա՜լ է Յարութիւնն Քրիստոսի. Ամէն:

Ս. Զատիկ - 16 ապրիլ 2017 թ.
Ազգային առաջնորդարան, Թաւրիզ

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։