Հա

Համայնք

19/04/2017 - 10:20

Ս. Յարութեան տօնը` Ատրպատականի հայոց թեմում

Ապրիլի 16-ի՝ Քրիստոսի Ս. Յարութեան՝ Զատկի տօնի առաւօտեան, Ատրպատականի հայոց թեմի երկու հայաշատ քաղաքների՝ Թաւրիզի եւ Ուրմիոյ զոյգ եկեղեցիները լցւել էին հաւատացեալ հայորդիներով, որոնք քրիստոնէական վառ ապրումներով դիմաւորեցին քրիստոնէական կրօնի մեծագոյն տօնը:

«alikonline.ir» - Ապրիլի 16-ի՝ Քրիստոսի Ս. Յարութեան՝ Զատկի տօնի առաւօտեան, Ատրպատականի հայոց թեմի երկու հայաշատ քաղաքների՝ Թաւրիզի եւ Ուրմիոյ զոյգ եկեղեցիները լցւել էին հաւատացեալ հայորդիներով, որոնք քրիստոնէական վառ ապրումներով դիմաւորեցին քրիստոնէական կրօնի մեծագոյն տօնը: Նոյն օրը, յատուկ արարողութիւն եւ ապա Ս. հաղորդութեան տւչութիւն կատարւեց նաեւ Գեարդաբադ գիւղում: Տեղեկացնում է Ատրպատական ազգային առաջնորդարանը:

Թաւրիզում, Ս. Զատկւայ տօնի առիթով, Բերդաթաղի (Ղալա) Ս. Աստւածածին Մայր եկեղեցում, եպիսկոպոսական հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ մատուցեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանը, որը նաեւ տւեց իր պատգամը: Խորանին սպասարկում էին Թաւրիզի հոգեւոր հովիւ՝ Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը, Վարդան սրկ. Մարտիրոսեանը եւ կրտսերաց դպրաց դասի անդամները: Երգեցողութիւնը կատարեց «Կոմիտաս» դպրաց դաս երգչախումբը, ղեկարութեամբ երաժիշտ Վարդան Վահրամեանի: Իսկ Գործք առաքելոցից ճաշու գրքի ընթերցումը կատարեց՝ փոքրիկն Էմելիա Աբրահամեանը:

Իր պատգամում առաջնորդ Սրբազանը Փրկչի փրկագործական առաքելութեան Հին ուխտի մարգարէութիւններից սկսած մինչեւ Նոր ուխտի ժամանակաշրջանում՝ Յիսուսի կատարած կանխագուշակութիւններով ցոյց տւեց, թէ՝ Աստծոյ գառը համայն մարդկութեան մեղքերի համար զենւեց, իբրեւ Նոր ուխտի սուրբ պատարագ: Ապա, նա քրիստոնէական հաւատքի մէջ ամուր մնալու կոչ ուղղեց բարեպաշտ հաւատացեալներին, կենդանութեան օրերում, ինչպէս նաեւ մարմնաւոր կեանքի աւարտից յետոյ հաւատքով սպասելու Տիրոջ երկրորդ գալստեան: Յարութեան գաղափարի քրիստոնէական եկեղեցու հաւատոյ հիմքը լինելու մասին մի քանի պատմական դէպքերով եւս Սրբազանը բացատրեց, մարդ էակի սրտից եւ հոգուց կրօնական ապրումը տարանջատելու անկարելութիւնը:

Ս. պատարագից յետոյ, Ղալայի Մայր եկեղեցու շրջափակում բոլոր ներկաները մասնակցեցին հաւկթախաղի: Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի պատրաստած գունագեղ հաւկիթների առատ տրամադրումը մեծ խանդավառութիւն ստեղծեց աւագ եւ կրտսեր սերնդի մեր զաւակների մօտ, որոնք տօնի յատուկ այս խաղով յաւելեալ ցնծութիւն ապրեցին: Այս տարի, Խնամակալ Մարմնի կողմից շրջափակը զարդարւել էր նաեւ «Քրիստոս՝ Բարի Հովիւը» խորհրդանշող հսկայ պաստառով:

Տօնի առիթով, եկեղեցի յաճախած բոլոր երեխաները Սրբազան հօր ձեռամբ ստացան նւէրներ, Խնամակալ մարմնի կողմից տրամադրւած: Այս առիթով գնահատւեցին նաեւ դպրացի դասի անդամներ՝ Սեպուհ կիս.սրկ. Անտոնեանը եւ Շանթ կիս. սրկ. Վարդանեանը: Իսկ օրւայ անակնկալը նորածին գառ էր, որը Նոր Ուխտի գառան օրինակով Սրբազան Հօր միջոցով ներկայացւեց մանուկներին, խանդավառելով բոլորին, ե՛ւ մեծերին ե՛ւ փոքրերին:

Նոյն օրը երեկոյեան ժամը 6-9-ի միջոցում, առաջնորդ Սրբազանը եւ ազգային իշխանութիւնը ազգային առաջնորդարանի «Էմիլ Յակոբեան» դահլիճում ընդունեց այցելութիւնը ազգային միութիւնների, կազմակերպութիւնների, կրթական հաստատութիւնների, մշակութային ընկերակցութիւնների, բարեսիրական միութիւններիեւ անհատ ազգայինների, բարեմաղթութեանց փոխանակում կատարելով նրանց հետ, ս. Զատկւայ տօնի բարեբաստիկ առիթով: Երեխաների ուրախութիւնը կրկնապատկւեց, երբ առաջնորդ Սրբազանի հետ նրանք հաւկթախաղ կատարեցին:

Ուրմիոյ Սբ. Ստեփանոս ծխական եկեղեցում Զատկական ս. պատարագը մատցեց եւ յաւուր պատշաճի քարոզեց, ծխատէր՝ արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը:

Խորանին սպասարկում էր կրտսերաց դպրաց դասը, իսկ երգեցողութիւնը կատարում էր «Նարեկացի» երգչախումբը, ղեկավարութեամբ Օֆելիա Սայադեանի:

Ուրմիահայ հաւատացեալներ մեծ թւով ներկայ գտնւեցին ս. պատարագին եւ հաղորդւեցին Քրիստոսի մարմնով եւ արիւնով: Տէր հայրը իր քարոզում վեր հանեց հրաշափառ սուրբ Յարութեան գաղափարը, ցոյց տալով որ Աստւած կարելի չէ՛ գերեզմանել, նա ով կեանքի պարգեւատուն է համայն աշխարհի:

Ս. պատարագի աւարտին, Գործակալական խորհրդի ատենապետ Փայլակ Սահակեանն ընթերցեց թեմակալ առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի գնահատանքի գիրը, ուղղւած եկեղեցու կենտրոնական ջեռուցման կամաւոր վերանորոգող Մերուժան Կարապետեանի, եւ ապա այն յանձնեց նրան:

Եկեղեցոմ շրջափակում հաւքւած հայորդիների համար, Հ.Մ.Ա.Կ.-ի Ուրմիոյ մասնաճիւղը իր նորընտիր վարչութեամբ անակնկալներ պատրաստած էր, ինչպէս նաեւ աւանդական հաւկթախաղ, որը մեծ խանդավառութիւն ստեղծեց եկեղեցու տարածքում:

Խնամակալ մարմնի կողմից եկեղեցին եւ սրահը յարդարւել էին տօնի յատուկ զարդարանքով: Իսկ Գործակալական խորհրդի անդամներ եկեղեցու կարգապահութիւնից մինչեւ հիւրասիրութիւն տնօրինել էին, զատկական շնորհաւորանքն ընդունելով ե՛ւ մեր ժողովրդի զաւակների, ե՛ւ քոյր եկեղեցիների ներկայացուցիչների: Երեկոյեան մինչեւ ուշ ժամ, Ասորի Ուղղափառ, Կաթոլիկ, Բողոքական ու Նեստորական եկեղեցիների ներկայացուցիչները եկեղեցու «Արամ Մանուկեան» սրահում շնորհաւորական այցի եկան մեր ժողովրդի զաւակների հետ միասին, շնորհաւորելով Քրիստոսի Յարութեան հրաշափառ տօնը:

Նշենք, որ Զատկի նախորդ օրը՝ ապրիլի 15-ի երեկոյեան, Թաւրիզում եւ Ուրմիայում Ճրագալոյցի ս. պատարագ մատուցւեց եւ աւետւեց Քրիստոսի հրաշափառ Յարութիւնը: Յայտնենք, որ Ճրագալոյցի առիթով ժամերգութիւն տեղի ունեցաւ նաեւ Գեարդաբադի Ս. Գէորգ եկեղեցում, Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանի միջոցով, որի աւարտին նաեւ հաղորդւեց բարեպաշտ ժողովուրդը:

Քրրիստոնէական մեծագոյն տօնի՝ Ս. Յարութեան շնչով զօրանալու եւ ազգային պատկանելութեան մէջ ամրապնդւելու առիթ հանդիսացաւ Ս. Զատկւայ տօնը Ատրպատականի հայոց թեմի զաւակների համար, յատկապէս նոր սերնդին՝ որ վառ հայեացքով նայում է իրեն սպասող ապագայ կեանքին:

Յարակից լուրեր

  • 120-ամեայ նամակ Սուրբ Թադէի վանքից
    120-ամեայ նամակ Սուրբ Թադէի վանքից

    Այս օրերին երբ պատրաստւում ենք մեր հաւատքի ծննդավայր Սուրբ Թադէոս Առաքեալի վանքի տարեկան եռօրեայ ուխտագնացութեան, վերանորոգելու մեր քրիստոնէական հաւատքն ու ազգային պատկանլիութիւնը, մեր աչքերը յետադարձ հայեացքով սեւեռում ենք վանքի ժամանակակից պատմութեան, հաղորդւելու անցեալով եւ տեսնելու այն անձուկ կացութիւնը որին մատնւել էր հոգեւոր եւ ազգային այս կենտրոնը:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Ղասումաշէն գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Ղասումաշէն գիւղում

    Մեր թեմի տասնամեակներից ի վեր հայաթափւած տարածքներում, գաւառներում ու գիւղերում բազմաթիւ են այնպիսի յիշատակներ՝ եկեղեցիներ, դպրոցներ եւ գերեզմանատներ, որոնք պատմական անցեալի մշուշից դուրս է բերում թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, հետազօտական այցելութիւններ տալով հեռաւոր շրջաններ: Երկուշաբթի, 15 յուլիս 2019 թ.-ին Սրբազան Հայրը այցելեց Ղարադաղի նախկին հայաբնակ Ղասումաշէն գիւղը:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Աղայի եւ Բալա գիւղերում եւ Վարդան գիւղատեղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Աղայի եւ Բալա գիւղերում եւ Վարդան գիւղատեղում

    Թեմի տարբեր շրջաններում հետազօտական իր աշխատանքների ծիրից ներս, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, ուրբաթ 12 յուլիս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Աղայի եւ Բալա գիւղերը եւ նախկին հայկական Վարդան գիւղատեղը, տեղագրելով ցարդ աննկատ մնացած հինաւուրց գերեզմանատունը:

    Սրբազան Հօր կատարած ուսումնասիրութիւնը ներկայացնում ենք ստորեւ, ի՛ր գրչով:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Բերդ գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Բերդ գիւղում

    Ատրպատականի հայոց թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի ուսումնասիրական աշխատանքները, թեմի տարածքում նախկին հայաբնակ շրջանների տեղագրութիւնը կատարելու, շաբաթ 6 յուլիս 2019-ին նրան հասցրել էին Ղարադաղի Բերդ գիւղը: Տեղի եկեղեցու, գերեզմանատան եւ ընդհանրապէս նախկին հայկական կեանքի մասին Սրբազան Հօր կատարած ուսումնասիրութիւնը ստորեւ ներկայացնում ենք ի՛ր գրչով:

  • Եռօրեայ ուխտագնացութիւն դէպի Սբ. Թադէոս առաքեալի վանք (25, 26 եւ 27 յուլիս 2019 թ.)
    Եռօրեայ ուխտագնացութիւն դէպի Սբ. Թադէոս առաքեալի վանք (25, 26 եւ 27 յուլիս 2019 թ.)

    Այսու յայտնում ենք սիրելի ուխտաւոր հաւատացեալներին, թէ այս տարի Սբ. Թադէոս Առաքեալի Վանքի Ուխտագնացութիւնը բարձր արտօնութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսի, հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի տեղի է ունենալու յուլիս ամսի 25, 26 եւ 27-ին (3, 4 եւ 5 մորդադ) կազմակերպութեամբ Վանքերի ուխտագնացութեան յանձնախմբի։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։