Հա

Համայնք

Չորեքշաբթի, 26 Ապրիլի 2017 12:30

Սրբոց Նահատակաց մասունքով թափօր Թաւրիզում եւ Հայոց Ցեղասպանութեան երկօրեայ ոգեկոչում՝ Ուրմիայում

Երկուշաբթի, Ապրիլ 24-ին, սրբադասւած մեր նահատակների յիշատակի 102-րդ տարելիցի առիթով, Ատրպատականի հայոց թեմում մատուցւեցին ս. պատարագներ՝ Թաւրիզում եւ Ուրմիայում, որոնց յաջորդեց «Բարեխօսական կարգ» եկեղեցական յատուկ արարողութիւնը՝ նւիրւած նահատակ սրբերին:

Ատրպատական, ազգային առաջնորդարան -  Երկուշաբթի, Ապրիլ 24-ին, սրբադասւած մեր նահատակների յիշատակի 102-րդ տարելիցի առիթով, Ատրպատականի հայոց թեմում մատուցւեցին ս. պատարագներ՝ Թաւրիզում եւ Ուրմիայում, որոնց յաջորդեց «Բարեխօսական կարգ» եկեղեցական յատուկ արարողութիւնը՝ նւիրւած նահատակ սրբերին:

Թաւրիզի Լիլաւա հայաշատ թաղամասի Ս. Սարգիս եկեղեցում հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ մատուցեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանը, առընթերակայութեամբ Թաւրիզի հոգեւոր հովիւ՝ Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանի:

«Հայր Մեր»-ից առաջ Սրբազան Հայրը տւեց իր պատգամը, կոչ ուղղելով թեմի ժողովրդին, նահատակ ցեղի անմահներին արժանի ժառանգորդը լինելու աւանդին տէր կանգնել. «Գոյապայքարից բացի, մեր նահատակ ցեղի անմահների արիւնով երդւելու օր է այսօր: Ազատ ու անկախ հայրենիք ունենալը բաւական չէ, ո՛չ էլ պետականութիւն ու կառավարութիւն ունենալով կը բաւարարւենք ու գոհանանք, որովհետեւ ունենք կալանքի տակ գտնւող հայրենիք՝ Արեւմտահայաստանը ամբողջ, մեր պապերի հարազատ հայրենիքը, իր յաւերժ ալեփառ Արարատով, նրա Սիս ու Մասիսով, Արտաւազդի գաղտնի արգելարանով, որտեղ հուժկու դարբիններ դեռ չեն յոգնել նրա ձեռքերի եւ ոտքերին դրւած շղթաները ամրացնելուց: Այո՛, որովհետեւ դեռ ազատագրելու ենք Կիլիկիա աշխարհը իր Սիսի կաթողիկոսարանով, հարիւրաւոր սրբավայրերով, գաւառներով ու գիւղերով: Մէկ խօսքով, դեռ իբրեւ երազ ունենք մեր երազի հայրենիքը, որը ոռոգւել է մեր նահատակների մաքրամաքուր արիւնով»,- ասաց Սրբազան Հայրը: Ապա, շեշտելով հաւաքական ուժի կարեւորութիւնը, Սրբազան Հայրն ասաց. «Մեր թշնամին մինչեւ այսօր չի դադարում մեզ իրարից բաժանել: Այս այն ռազմավարութիւնն է նրա, որը գործադրեց աւելի քան մէկ դար առաջ, մեր հաւաքական ուժը ջլատելու համար: Հարիւր տարի անց, դեռ չենք սովորել, որ մեր միասնականութեան մէջ է մեր ուժը…»: Ապա, Սրբազան Հայրն իր խօսքն ուղղելով նոր սերնդի զաւակներին, յատկապէս ասաց. «Մեր երիտասարդութեան առջեւ յաղթանակի մէկ ճանապարհ եմ ես տեսնում, զարգացում, զարգացում եւ զարգացում: Աշխարհը առաջադիմութեան մէջ է, եւ յաղթում են այն ազգերը, որոնք ներկայ գիտական աշխարհի բնագաւառներում առաւելագոյն յաջողութիւնն են ապահովում իրենց ազգի եւ երկրի համար»,- շեշտեց Սրբազան Հայրը: «Ջարդարար թուրքի եաթաղանին զոհ դարձաւ մեր մէկուկէս միլիոն ժողովուրդը, որի մէջ կար հսկայ ներուժ եւ մեծ կարողականութիւն: Իր սաղմում սպանւեց այն, որի ծնունդը արգելւեց: Բայց այսօր ունենք կարող, գիտակից, հզօր իմացականութեամբ օժտւած նոր սերունդ, որի հաւաքական յիշողութիւնը կը զօրացնենք, մեր հայրերի աւանդը ժառանգելու գիտակցութիւն ներշնչելով նրան»,- եզրակացրեց Սրբազան Հայրը:

Ս. պատարագի աւարտին սկաուտական կանոնաւոր շարքերով եւ եկեղեցականաց դասով թափօր կազմւեց, գլխաւորութեամբ Նահատակաց Սուրբ մասունքի, որը ճաճանչաձեւ սրբատուփով հաւատացեալների պաշտամունքի առարկայ հանդիսացաւ: Ապա, թափօրը եկեղեցուց առաջացաւ դէպի Նահատակաց յուշարձանը՝ շրջափակում, որտեղ ննջում են հայ ֆեդայիներ: Այստեղ կատարւեց սրբերի «Բարեխօսական կարգ»-ը, երգեցողութեամբ «Կոմիտաս» երգչախմբի, ղեկավարութեամբ երաժիշտ Վարդան Վահրամեանի: «Քրիստոս Աստւած մեր» մաղթանքով յիշւեցին մեր մէկուկէս միլիոն նահատակները, որոնք վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց, թափեցին իրենց սուրբ արիւնը:

Եկեղեցական արարողութիւնից յետոյ, Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի սկաուտական կազմի երդման արարողութիւնը տեղի ունեցաւ խմբապետների առաջնորդութեամբ: Այս առիթով, առաջնորդ Սրբազան Հայրը իր խօսքն ուղղեց նրանց, իմիջիայլոց ասելով. «Երդւէ՛ք ձեր սուրբ եկեղեցու առջեւ, երդւէ՛ք ձեր հայրենիքի համար, երդւէ՛ք ձեր ազգի համար, երդւէ՛ք ձեր նահատակների արիւնով՝ հաւատարիմ մնալու նրանց սուրբ կտակին, մի օր անպայման ազատագրւած տեսնելու ամբողջական Հայաստանը»:

Երդման արարողութիւնից յետոյ տեղի ունեցաւ ծաղիկների մատուցում, սկսած ազգային իշխանութիւնից, մինչեւ թեմում գործող բոլոր կազմակերպութիւններն ու միութիւնները եւ հաւատաւոր ժողովուրդը: Ներկայ ամբողջ բազմութիւնը նախ երկիւղածութեամբ մօտեցաւ սրբազան մասունքին, համբուրեց այն եւ ապա իր ծաղիկը տեղադրեց Նահատակաց յուշարձանին:

 

Ուրմիայի Գործակալական խորհրդի կողմից կեանքի կոչւած Հայոց Ցեղասպանութեան 102-րդ տարելիցը նշող յանձնախմբի կողմից իրականացւեցին երկօրեայ ձեռնարկներ

 

ա- Կիրակի, ապրիլի 23-ի երեկոյեան ժամը 6։30-ին Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցու շրջափակում հակառակ եղանակի աննպաստ պայմանների, Ուրմիայի հայ համայնքը մասնակցեց ծաղիկների մատուցման արարողութեան։ Սկզբում Պատգամաւորական ժողովի Բ ատենապետ Վահիկ Բայրամեանը ազգային իշխանութեան անունից բացումը կատարեց Հայոց Մեծ Եղեռնի 102-րդ տարելիցի Ուրմիայի ծրագրերի, անդրադառնալով Մեծ Եղեռնի պատմականին եւ դրդապատճառներին, ապա ներկայացրեց ապրիլի 23-ի եւ ապրիլի 24-ի ծրագրերի մանրամասները:

Ուրմիայի հոգեւոր հովիւ՝ Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանի միջոցով կատարւեց խունկի օրհնութիւնը: Ապա, բեմ հրաւիրւեց Լինետ Հախվերդեանը, ՀՕՄ-ի Ուրմիայի մասնաճիւղի կողմից օրւայ խօսքը ընթերցելու. հակիրճ բացատրութիւններ տւեց Մեծ Եղեռնի եւ նրա հետեւանքների մասին, ապա ասմունքեց Նայիրի Գոլոյեանը, որից յետոյ հայոց ազգային «Մասիհա» դպրոցի աշակերտութեան միջոցով կատարւեց հաւաքական երդում, եւ աշակերտութիւնը խոստովանեց հաւատարիմ մնալ Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, հայրենիքին ու հայ ժողովրդին։ Ապա արտասանութեամբ հանդէս եկան «Նայիրի» մանկապարտէզի սաները։ Հերթականութեամբ ասմունքեցին նաեւ Հ.Մ.Ա.Կ.-ի Ուրմիայի մասնաճիւղի անդամուհիներ՝ Անի եւ Արմինէ Յակոբեանները։

Ծրագրի այս բաժնում, հայկական մեղեդիների ընկերակցութեամբ ներկաները հերթաբար ծաղիկներ տեղադրեցին Հայոց Ցեղասպանութեան յուշարձանին, գլխաւորութեամբ Տէր Հօր, Պատգամաւորական ժողովի, Գործակալական խորհրդի եւ եկեղեցու Խնամակալ մարմնի։ Ծաղիկներ տեղադրեցին Գեարդաբադ գիւղի հոգաբարձութիւնն եւ Ս. Գէորգ եկեղեցու Խնամակալ մարմինը, Ռահւա գիւղի հոգաբարձութիւնն եւ Ս. Աստւածածին եկեղեցու Խնամակալ մարմինը, ՀՕՄ-ի Ուրմիայի մասնաճիւղի վարչութիւնը եւ նրա հովանաւորութեան տակ աշխատող «Անի» միաւորի տեսչութիւնը, ինչպէս նաեւ «Նայիրի» մանկապարտէզի սաները, «Մասիհա» ազգային դպրոցի տեսչութիւնը, ուսուցչական կազմը եւ աշակերտութիւնը, Հ.Մ.Ա.Կ.-ի Ուրմիայի մասնաճիւղի վարչութիւնը, Հ.Մ.Ա.Կ.-ի Գեարդաբադի մասնաճիւղի վարչութիւնը եւ ներկայ ամբողջ ժողովուրդը։

Ծրագրի աւարտին մասնակիցները Հ.Մ.Ա.Կ.-ի Ուրմիայի մասնաճիւղի կողմից պատրաստւած խարոյկի շուրջ մինչ ուշ գիշեր երգեցին ազգային յեղափոխական երգեր:

բ- Երկուշաբթի, Ապրիլի 24-ի առաւօտեան ժամը 11-ին սուրբ եւ անմահ պատարագ մատուցւեց Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին։ Տէր Հայրը իր քարոզում ասաց, թէ՝ «100 տարիներ կատարւեց մէկուկէս միլիոն զոհերի յիշատակին հոգեհանգստեան արարողութիւն, իսկ 2 տարի է, որ կատարւում է նրանց համար «Բարեխօսական կարգ»: Նրանք նահատակւեցին, որպէսզի մենք ապրենք: Տարբեր անձնաւորութիւններ, ինչպէս տեսնում ենք, կրօնափոխ են լինում: Այն անձը որ կրօնափոխ կը լինի, մօր արցունքին եւ մահւան հողին թող չարժանանայ: Եթէ հիմա մեր երեխաների հետ չխօսենք մեր նահատակների մասին, մեծանալուց յետոյ ստիպւած կը լինենք խօսել մեր սրբերի հետ, մեր երեխաների փրկութեան համար»։

գ- Ապրիլի 24-ին երեկոյեան ժամը 7-ին «Արամ Մանուկեան» ազգային սրահում բազում հանդիսականների ներկայութեամբ տեղի ունեցաւ ՀՕՄ-ի Ուրմիայի մասնաճիւղի հովանաւորութեան տակ աշխատող «Անի» միաւորի գեղարւեստական ծրագիրը: Վահիկ Բայրամեանի միջոցով կատարւեց ծրագրի բացումը:

Օրւայ խօսքն արտասանեց Նունէ Խոդավերդեանը: Նա ասաց. «1915 թւականի կոտորածներից յետոյ հայը ցրւեց ողջ աշխարհով մէկ, սակայն դարձեալ մնաց հայ, հաւատարի՛մ իր արմատներին եւ հայոց արդար դատին: Յարգանքով փառաբանենք Հայոց Ցեղասպանութեան Նահատակների յիշատակը, ձգտելով այն օրւան, որ հայ ժողովրդի կեանքի երկնակամարից սեւ ամպերը հեռանան եւ ճշմարտութեան արեգակը իր ճառագայթները սփռի մեր հողերի, մեր սեփականութեան վրայ եւ պանդուխտ հայ ազգը Սփիւռքի բոլոր անկիւններից դիմի ազատ եւ անկախ հայրենիք»։

Գեղարւեստական ծրագրի ընթացքում հնչեցին հետեւեալ մեներգները. «Ադանայի ողբը» (Նազելի Բայրամեան եւ Ռաքէլ Փուռենվիէ), «Պապերիս կանչը» (Հայբերդ Դանիալ), «Ի զէն հայեր» (Արութին Ազիզեան), «Արաբոյի երգը» (Մարիամ Նաչօ, Էլին Բայրամեան եւ Սւետլանա Նուրեան), «Ախպերս ու ես (Մարիոն Իւսէֆզադէ եւ Ալէն Շահբազի), «Ետ դարձէք հայեր» (Մելինէ Իսաւի, Մարիանա Իւսէֆզադէ եւ Մարիա Պասիլեան), «Մարտիկի երգը» (Ալէն Շահբազի), «Շահէն Մեղրեանի երգը» (Մարմիամ Էլիասզադէ), «Եռաբլուր» (Զեփիւռ Բաբափուր, Մարիանա Յովհաննիսեան, Ադենա Բաղդասարեան):

Խմբային երգերի շարքում էին՝ «Նժդեհի երգը», «Պատերազմ ենք գնում», «Կարօտի երգը», «Մոնթէի երգը» եւ «Արցախի Ֆիդայիների երգը»:

Ընթացքում եղան ասմունքներ, որոնք նւիրւած էին հայ զինւորին, որոնց երգեհոնով ընկերակցում էր Արտեմիս Բայրամեանը, իսկ մեներգների ընթացքում Նունէ Խուդավերդեանի միջոցով ընթերցւում էին քառեակներ նւիրւած Արցախին։

Ապա Տէր Հօր «Պահպանիչ» աղօթքով աւարտւեց օրւայ ծրագիրը եւ մէկական ծաղիկներով գնահատւեցին ծրագրի պատասխանատուներ՝ Լորիկ Ազիզեանը, Մարինէ Յովհաննիսեանը, Ամանդա Դալիրը, Արտեմիս Բայրամեանը եւ խմբի բոլոր անդամները։

Պահանջատիրական պայքարի աննահանջ երթի իբրեւ ջահակիրներ, Ատրպատականում ապրող հայութիւնը իր բոլոր կազմակերպութիւններով, միութիւններով եւ ժողովրդական խաւերով, յարգանքի իր տուրքը ընծայեց մեր մէկուկէս միլիոն սուրբ զոհերին:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։