Հա

Համայնք

Հինգշաբթի, 04 Մայիսի 2017 12:50

Ասորիների Մար Նեսայ եպիսկոպոսի հանդիպումը Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Սրբազանի հետ

Մայիսի 1-ին Ասորի նեստորականների առաջնորդ Տ. Մար Նեսայ եպիկոսպոսը պաշտօնական անդրանիկ այցով ժամանեց Ատրպատականի ազգային առաջնորդարան եւ հանդիպում ունեցաւ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի հետ:

«alikonline.ir» -  Մայիսի 1-ին Ասորի նեստորականների առաջնորդ Տ. Մար Նեսայ եպիկոսպոսը պաշտօնական անդրանիկ այցով ժամանեց Ատրպատականի ազգային առաջնորդարան եւ հանդիպում ունեցաւ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի հետ: Այս մասին տեղեկանում ենք Ատրպատականի ազգային առաջնորդարանից:

Մար Նեսայ եպիսկոպոսին ընկերակցում էին Ուրմիոյ նոյն համայնքի հոգեւոր հովիւ Իլիուշ քահանան եւ ասորական համայնքի վարչութեան ատենապետն ու փոխատենապետը: Հանդիպմանը, առաջնորդ Սրբազան հօր կողքին ներկայ գտնւեցին Թեմական խորհրդի ատենապետՌուբիկ Ջանանեանը եւ ատենադպիր Գագիկ Ջորջեանը:

Առաջնորդ Սրբազանը ողջունեց իր հոգեւոր եղբօր ներկայութիւնը Ատրպատականի հայոց հոգեւոր կենտրոնում՝ նրան ծանօթացնելով թեմի կրօնական, ազգային եւ հասարակական կեանքի հետ: Սրբազան հայրը ակնարկ կատարեց նաեւ երկու եկեղեցիների անցեալ պատմութեան, աստւածաբանական եւ քրիստոսաբանական վէճերին, որոնք հերցեր են առաջացրել քրիստոնէութեան շարքերում: Ապա, Սրբազանն անդրադարձաւ այն սերտ գործակցութեանը, որը գոյութիւն ունի երկու համայնքների միջեւ յատկապէս Ուրմիայում, որտեղ մեծ թիւ են կազմում ասորիները:

Մար Նեսայ եպիսկոպոսն իր ուրախութիւնը յայտնեց ջերմ ընդունելութեան համար, եւ պատասխանելով Սրբազան հօր եղբայրական խօսքերին, պատմութիւնն իր անցեալ էջերով պատմութեան յանձնւած համրեց՝ նշելով, որ Իրանի Իսլամական Հանրապետութեան սահմաներում, որտեղ քրիստոնեայ համայնքները իբրեւ փոքրամասնութիւններ ապրում են խաղաղ պայմաններում, առաւել համագործակցելու պարտաւորութեան առջեւ են գտնւում:

Զրոյցի առանցքային նիւթ դարձաւ անցած տարւայ դեկտեմբեր ամսին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի այցը Իրան, եւ Թեհրանում Վեհափառ Հայրապետի օրհնութեամբ համատեղումը Իրանի բոլոր քրիստոնեայ համայնքապետերի: Սոյն ուղին շարունակելու գործնական քայլ էր վերցրել Մար Նեսայ եպիսկոպոսը, եղբայրական այս այցով:

Թեմական առաջնորդն, իր հերթին, խոստացաւ ասորական համայնքին այցելութիւն տալ պաշտօնական առիթով եւ մասնակցել եկեղեցական հանդիսաւոր արարողութեան:

Զոյգ համայնքների ազգային իշխանութիւնների ներկայացուցիչներ եւս արտայայտւեցին, տեղական մակարդակի վրայ համայնքների միջեւ գործակցութիւնը սերտացնելու հեռանկարներ մշակելու անհրաժեշտութեան մասին:

Աւարտին տեղի ունեցաւ յուշանւէրների փոխանակում՝ առ ի յիշատակ եղբայրական սոյն հանդիպման:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։