Հա

Համայնք

21/05/2017

Արտպատակին հայոց թեմի առաջնորդի հանդիպումները՝ Համբուրգում

Մայիսի 19-ին եւ 20-ին Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը Համբուրգի մօտակայքում գտնւող Շթադը քաղաքում հանդիպում ունեցաւ ակադեմականների երկու տարբեր խմբերի հետ, որոնց գործակցութեամբ յառաջիկայ հոկտեմբեր ամսին Թաւրիզում, տարբեր երկրներից հրաւիրւած 15 օտարազգի հայագէտերի մասնակցութեամբ տեղի է ունենալու հայագիտութեան նւիրւած միջազգային համագումար:

«alikonline.ir» - Մայիսի 19-ին եւ 20-ին Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը Համբուրգի մօտակայքում գտնւող Շթադը քաղաքում հանդիպում ունեցաւ ակադեմականների երկու տարբեր խմբերի հետ, որոնց գործակցութեամբ յառաջիկայ հոկտեմբեր ամսին Թաւրիզում, տարբեր երկրներից հրաւիրւած 15 օտարազգի հայագէտերի մասնակցութեամբ տեղի է ունենալու հայագիտութեան նւիրւած միջազգային համագումար: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Սոյն հանդիպմանը ներկայ էին համալսարանի դասախօսներ, որոնցից ոմանք նաեւ դասախօսելու են Թաւրիզի հայագիտական համագումարի ընթացքում: Ներկայ էին նաեւ անցած տարի Թաւրիզ այցելած ակադեմականներ, որոնք իրենց խոր ու անջնջելի տպաւորութիւնները յայտնեցին, Ատրպատականում իրենց կեցութեան ընթացքում, թեմի կողմից վայելած յարգանքի եւ ասպնջականութեան համար:

Համագումարի ընդհանուր ծրագրաւորումը նախապէս կատարւած լինելով, սոյն հանդիպման ընթացքին քննարկւեցին այն մանրամասները, որոնք առնչւում են երկօրեայ համագումարի գործնական աշխատանքներին:

Հանդիպումն առիթ հանդիսացաւ նաեւ խօսելու Ատրպատականում հայ համայնքի ներկայ կեանքի զանազան բնագաւառների մասին: Թեմակալ առաջնորդն ամփոփ ներկայացնելով թեմի աշխատանքները՝ յիշեց մի շարք նախաձեռնութիւններ, ինչպէս Սբ. Ստեփանոս Նախավկայի վանքում թանգարանի բացման հանդիսութիւնը, նաեւ նոյն վանքի հին ախոռի ձեւափոխումը ցուցադրասրահի, եւ Աստւածաշնչի հայերէն տպագրութեան 350-ամեակին նւիրւած հնատիպների ցուցահանդէսը: Սրբազանը ուրախութեամբ յայտնեց նաեւ Թաւրիզում տարիներից ի վեր թեմի փակ թանգարանը վերաբացելու եւ 2018 թւականին դրա դռները հանրութեան դիմաց բացելու ցանկալի ծրագրի մասին:

Յայտնենք, թէ վերոյիշեալ հանդիպումը կայացաւ գերմանացի նշանաւոր հրամանատար Աւկուստ Քարլ Ֆոն Կէօբէնի (1816-1880) ծննդավայր հանդիսացող պատմական եւ թանգարանի վերածւած բնակարանում, որի յիշատակին, Համաշխարհային Ա. պատերազմի ընթացքում կայսերական Գերմանիայի երկու ռազմանաւերից մէկը կոչւել էր նրա անունով՝ «Կէօբէն»: Օսմանեան կայսրութիւնը 1914 թւականին կայսերական Գերմանիայից ստանալով այս ռազանաւերը, դարձաւ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում կայսերական Գերմանիայի դաշնակիցը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։