Հա

Համայնք

Չորեքշաբթի, 14 Յունիսի 2017 10:00

ՀՕՄ-ի Թաւրիզի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի տարեվերջի դաշտահանդէսը

Յունիսի 10-ի առաւօտեան Ատրպատականի ազգային առաջնորդարանի տարածքում տեղի ունեցաւ ՀՕՄ-ի Թաւրիզի մասնաճիւղի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի տարեվերջի դաշտահանդէսը:

«alikonline.ir» - Յունիսի 10-ի առաւօտեան Ատրպատականի ազգային առաջնորդարանի տարածքում տեղի ունեցաւ ՀՕՄ-ի Թաւրիզի մասնաճիւղի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի տարեվերջի դաշտահանդէսը: Այս մասին տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:           

ՀՕՄ-ի վարչութեան առաջնորդութեամբ, կէսօրւայ դէմին Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, ազգային իշխանութեան ներկայացուցիչների ընկերակցութեամբ միացաւ երեխաների խանդավառ դաշտահանդէսին, որը կազմակերպւել էր կրթօջախի ուսուցիչներ Նայիրի եւ Անի Դիլանեանների, Կարէն Սարգսեանի եւ ծնողների կողմից: 

Երեխաների խմբային արտասանութիւնների ելոյթից յետոյ, ՀՕՄ-ի մեծ ընտանիքի անունից խօսք առաւ Նայիրի Դիլանեանը՝ անդրադառնալով անցած մէկ տարեշրջանի կրթական կեանքին, ՀՕՄ-ի վարչութեան աննահանջ ճիգերին, ուսուցչակազմի նւիրումին եւ ծնողների անվերապահ մասնակցութեանը: Տարեվերջի ուսումնական պատկերը փոխանցելով, Նայիրի Դիլանեանը յայտնեց, թէ յառաջիկայ տարեշրջանին, «Ծերունի Գասպարեան» նախակրթարանից 4 աշակերտներ կը փոխադրւեն տարրական՝ արձանագրւելով Թաւրիզի հայոց ազգ. դպրոցի շարքերում: Վերջում նա իր շնորհակալական եւ երախտիքի խօսքը ուղղեց Առաջնորդ սրբազանին եւ ազգային իշխանութեանը, կրթօջախի աշխատանքների մշտական հովանաւորութեան համար:

Թեմակալ առաջնորդն իր օրհնութեան խօսքը փոխանցելով, անդրադարձ կատարեց ՀՕՄ-ի կրթօջախի անցած տասնամեակների պատմութեան ուղուն՝ յիշելով բարերար Գասպարեան ընտանիքի կատարած վեհ գործը, որի շարունակողն է մինչեւ այսօր տիկ. Էլպիս Գասպարեանը: Սրբազան Հայրն իր գնահատանքի խօսքն ուղղեց ՀՕՄ-ի Թաւրիզի մասնաճիւղի վարչութեան եւ անդամներին, ուսուցչական կազմին, պաշտօնէութեան եւ ծնողներին, որոնք իրենց կարելին ի գործ են դնում, կանգուն պահելու համար հայեցի կրթութեան այս դարբնոցը:

Ապա, շրջանաւարտ սաները հերթով մօտեցան Սրբազան Հօր եւ աջահամբոյրով ստացան իրենց վկայագրերը: Այս առիթով Թաւրիզի ազգ. դպրոցի տեսչուհի Արմինէ Վահրամեանը յատուկ նւէրներով ուրախացրեց բոլոր երեխաներին: Ծնողները յատուկ նւէրներով իրենց երախտագիտութիւնը յայտնեցին ուսուցիչներին, որոնք ամբողջ տարեշրջանի ընթացքում ստանձնել էին իրենց զաւակների հոգատարութիւնը եւ ուսումնական ծրագրի գործադրութիւնը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։