Հա

Համայնք

Կիրակի, 18 Յունիսի 2017 10:20

Սրբոց Հռիփսիմեանց եւ Գայիանեանց կոյսերի տօնը Մուժումբար գիւղում

Յունիսի 15-ին Սրբոց Հռիփսիմեանց եւ Գայեանեանց կոյսերի տօնի առիթով, առաւօտեան ժամերգութիւն տեղի ունեցաւ Թաւրիզից 50 կլմ. դէպի հիւսիս-արեւելք գտնւող Մուժումբար գիւղի Սբ. Հռիփսիմէ եկեղեցում, նշելու համար նաեւ սոյն պատմական եկեղեցու անւան օրը:

«alikonline.ir» - Յունիսի 15-ին Սրբոց Հռիփսիմեանց եւ Գայեանեանց կոյսերի տօնի առիթով, առաւօտեան ժամերգութիւն տեղի ունեցաւ Թաւրիզից 50 կլմ. դէպի հիւսիս-արեւելք գտնւող Մուժումբար գիւղի Սբ. Հռիփսիմէ եկեղեցում, նշելու համար նաեւ սոյն պատմական եկեղեցու անւան օրը: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

4-րդ դարի հիմքեր ունեցող քարաշէն միանաւ եկեղեցու խորհրդաւոր կամարների տակ, հողածածկ երկթեք տանիքի կենտրոնում գտնւող լուսամուտից ներս ցաթող արեւի շողով լուսաւորւած ատեանում, հազիւ մի քանի ուխտաւոր հաւատացեալների ներկայութեամբ, հոգեւորականաց դասը կատարեց Սրբոց Հռիփսիմեանց նւիրւած շարականը եւ մաղթանքները:

Հանդիսապետութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ մասնակցութեամբ Թաւրիզի հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանի, ինչպէս նաեւ դպրաց դասի անդամների, եկեղեցական արարողութեամբ վերաշնչեցին եկեղեցու պատերի աղօթաբոյր քարերը:

Գիւղի հայութիւնը վաղուց վաճառել էր իր տներն եւ վարելահողերը եւ տեղափոխւել էր Թաւրիզ: Սակայն հայերի տները գնող եւ այսօրւայ Մուժումբարի բնակիչ թուրքերը սիրով դիմաւորեցին իրենց եկեղեցուն եւ պապենական գիւղին այցի եկած հայերին, արդէն վարժ լինելով տարեկան սոյն այցելութեան թւականին:

Արարողութեան աւարտին առաջնորդ Սրբազանը հակիրճ ներկայացրեց Հռիփսիմեան եւ Գայիանեան կոյսերի նահատակութեան պատմութիւնը. «Այս կոյսերի նահատակութիւնը քրիստոնէական հաւատքի բագինի վրայ, նախախնամական միջամտութիւն էր անկասկած, մեր ազգի քրիստոնէացման անկիւնադարձային դրւագի, որովհետեւ նրանց սպանութիւնը հոգեկան մեծ ցնցում էր յառաջացրել հայոց Տրդատ արքայի մօտ, եւ նրա բուժումը վիրապ նետւած Գրիգորի ձեռքով, հիմք դարձաւ մեր ազգի պետականօրէն քրիստոնէացման»,- ասաց Սրբազանը: Ապա, նա անդրադարձաւ Մուժումբար գիւղի պատմութեան, յատկապէս հերոսական այն մարտերին, որոնք ֆիդայական խմբերով մղել էին Փոխիկի խմբի մարտիկները, ազատագրելով սոյն գիւղի եկեղեցում ապաստանած երեքհարիւր հայ գիւղացիներին:

Սոյն ուխտագնացութիւնը իբրեւ աւանդութիւն շարունակելուց բացի, դա հոգեկան բաւարարութիւն է տալիս հաւասարապէս հոգեւորականաց դասին եւ ուխտաւոր հաւատացեալներին: Միւս կողմից, գիւղի հասարակութեանը համար յուշարար է լինում, թէ իրենց այժմու գիւղի կենտրոնում բերդանման այս կառոյցը՝ Սբ. Հռիփսիմէ եկեղեցին ունի իր հաւատացեալները, որոնք տարին գէթ մէկ անգամ գալիս են եւ աղօթք վերառաքում առ Աստւած, դարաւոր եկեղեցու սրբի բարեխօսութեանը ապաւինելով:

Կիսագրագէտ գիւղացիներից մէկը ասում էր. «Ինչպէս մենք մեր մզկիթն ունենք եւ այնտեղ աղօթում ենք, դուք էլ այս սրբավայրում էք աղօթում, իսկ մենք, իբրեւ այս գիւղում բնակւողներ, պարտաւոր ենք հոգատար լինել այս կառոյցին, որովհետեւ սա էլ Աստծոյ տուն է»:

 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։