Հա

Համայնք

Շաբաթ, 01 Յուլիսի 2017 10:40

Ատրպատականի ազգ. առաջնորդարանի այգու բացումը կատարւեց՝ ամառային շրջանի համար

Յունիսի 28-ին, հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի, երեկոյեան ժամը 9-ին բացումը կատարւեց ազգային առաջնորդարանի այգու, կազմակերպութեամբ Թաւրիզի Հայ համալսարանականների միութեան վարչութեան:

«alikonline.ir» - Յունիսի 28-ին, հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի, երեկոյեան ժամը 9-ին բացումը կատարւեց ազգային առաջնորդարանի այգու, կազմակերպութեամբ Թաւրիզի Հայ համալսարանականների միութեան վարչութեան: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը: 

Այգու բարձրաբերձ ծառերի ստեղծած հաճելի հովի ներքոյ ամառը վայելելու սովորութիւն ունեցող թաւրիզահայութիւնը, ամէն ամառ կարօտով սպասում է սոյն բացման հանդիսութեան, որը այնքան յաջողութեամբ վարեց Հայ համալսարանականների միութիւնը: 

Ազգային առաջնորդարանի շէնքի առջեւից սկսած մինչեւ շրջափակի միւս անկիւնները լցւել էին սեղանների շուրջ նստած ժողովրդով, իսկ երեխաների համար շրջափակի տարբեր անկիւններում նախատեսւած էին բազմատեսակ խաղեր, որոնք դարձեալ վարում էին Հայ համալսարանական միութեան անդամները: 

Վարչութիւնը, գլխաւորութեամբ ատենապետուհի Անի Յակոբանի, երեկոյեան ժամը 7-ից, իր անդամների միջոցով մասնաւոր խոհանոց էր դասաւորել համադամ ուտեստներով, այգու բացման օրը շրջափակին մէջ ժողովրդի համար հաճելի նիստ եւ վայելք պարգեւելու համար: Յատուկ սեղան յատկացւել էր ազգային իշխանութեան համար, որտեղ հոգեւորականներ եւ ազգային իշխանութեան ներկայացուցիչ անդամներ ժողովրդի հետ լինելու առիթ ունեցան:

Ակներեւ էր Հայ համալսարանական միութեան բոլոր անդամների աշխատասիրութիւնը, որոնք օրեր առաջ, առանց նկատի ունենալու իրենց համալսարանական բարձր կրթութիւնը եւ համայնքում զբաղեցրած տեղը, ինչպէս Դոկտ. Վարդան Սիմոնզը, Ռազմիկ Կարապետեանը, Քրիստինէ Ջանանեանը եւ այլ նւիրեալներ, շրջափակի դասաւորումների ամէնից համեստ գործերն էին կատարում անտրտունջ: Պէտք է աւելացնել նաեւ, որ համալսարանականներից շատերի ծնողները եւս ճաշերի պատրաստութեան ընթացքում նախօրօք իրենց օժանդակութիւնն էին բերել, յաջողեցնելու համար Միութեան սոյն ժողովրդական ծրագիրը:

Մանուկների համար նախատեսւած խաղեր էին՝ երեխաների յատուկ ֆուտպոլը, սեղանի ցուպերով ֆուտպոլը, բաժակների մէջ գնդակներ հաւաքելու մրցոյթը, նետաձգութիւնը, իսկ բոլորի համար՝ սլաքախաղը: Բոլոր յաղթող երեխաները միութեան կողմից պարգեւատրւում էին նւէրներով: Շրջափակում նաեւ սփռւում էր հայկական երաժշտութիւն, ինչպէս նաեւ տեսերիզի հսկայ պաստառի վրայ նոյնը տեսասփռւում էր, յաւելեալ մտերմութիւն բերելով հայկական միջավայրին:

Վերջապէս, առաջնորդ Սրբազանը գնահատեց Թաւրիզի Հայ համալսարանականների միութեան կատարած աշխատանքը, մաղթելով որ ազգային կեանքի առոյգ պահպանման գործում միշտ դերակատար լինի միութիւնը իր կրթւած անդամների աշխոյժ աշխատանքով:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։