Հա

Համայնք

Երեքշաբթի, 11 Յուլիսի 2017 09:50

Գրիգոր եպս. Չիֆթճեան. «Սփիւռքահայութեան զարկերակն է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը»

Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի բարեբաստիկ ընտրութեան եւ շնորհառատ հովւապետական օծման 22-րդ տարեդարձի առիթով (յունիս 28-1 յուլիս 1995) յունիսի 25-ին Ատրպատականի հայոց թեմում կատարւեց Հայրապետական մաղթանք, Վեհափառ Հայրապետի կենաց արեւշատութեան, քաջառողջութեան եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան անսասանութեան համար:

«alikonline.ir» - Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի բարեբաստիկ ընտրութեան եւ շնորհառատ հովւապետական օծման 22-րդ տարեդարձի առիթով (յունիս 28-1 յուլիս 1995) յունիսի 25-ին Ատրպատականի հայոց թեմում կատարւեց Հայրապետական մաղթանք, Վեհափառ Հայրապետի կենաց արեւշատութեան, քաջառողջութեան եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան անսասանութեան համար: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը: 

Եկեղեցական արարողութեան հանդիսապետեց թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, Լիլաւա հայաշատ թաղամասի Սբ. Սարգիս եկեղեցում, իսկ ս. պատարագը մատոյց Թաւրիզի հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը: Ս. պատարագի երգեցողութիւնը կատարեց «Կոմիտաս» երգչախումբը, ղեկավարութեամբ երաժիշտ Վարդան Վահրամեանի:   

«Հայր մեր»-ից առաջ, առաջնորդ Սրբազանի գլխաւորութեամբ, խորանի բեմում, «Ուրախ լեր» շարականի երգեցողութեամբ սկսւեց Հայրապետական մաղթանքը, որին յաջորդեցին սուրբգրային համապատասխան ընթերցումներ եւ յատուկ խմբագրւած աղօթքներ՝ վասն բազմամեայ գահակալութեան Վեհափառ Հայրապետի եւ ի պայծառութիւն Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան: 

Առաջնորդ Սրբազանն իր պատգամում վեր հանեց սփիւռքահայութեան անփոխարինելի կենտրոնի՝ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան հրաշքով փրկութիւնը ցեղասպանի եաթաղանից եւ վերահաստատումը Լիբանանի գեղածիծաղ ափերին: 1931 թւին խմբագրւած աղօթքի բովանդակութիւնը վերբերելով, Սրբազանը խօսեց յետցեղասպանութեան վերընձիւղւած Հայրապետական Աթոռի հայապահպան անուրանալի ջանքերին, երբ մայր հայրենիքը անաստւածեան վարչակարգի երկաթեայ վարագուրով էր պատւած: Ապա, նա ցոյց տւեց, որ հայրենիքի անկախութիւնից յետոյ «դէպի երկիր» եւ այլ հայրենասիրական կարգախօսների վաւերական քարոզիչը տասնամեակներ շարունակ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը եղաւ եւ շարունակում է մնալ, որի քարոզչութեան պտուղները վայելում են հայրենիքն ու նրա մէջ բնակւող մեր հարազատ քոյրերն ու եղբայրները. «Սփիւռքահայութեան զարկերակն է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը, իր անցեալով ու ներկայով, որովհետեւ մեր ազգային կեանքի բոլոր ոլորտներում ուղենշային դերով հանդէս է գալիս նա, իր ազգընտիր Վեհափառ Հայրապետով եւ զինւորեալ Միաբանութեամբ: Այս զարկերակը կրօնի եւ հայրենասիրութեան սովորական զարկերով չի՛ բաբախում միայն, այլեւ արիւն ու աւիշ է ներարկում ամբողջ սփիւռքի տարածքում, առանց որի տիրական ներկայութեան, շատ աւելի շուտ մաշւելու է հայ սփիւռքը, ո՛չ թէ ի նպաստ, այլ՝ ի հեճուկս մայր Հայաստանի»,- ասաց Սրբազանը:

Իր քարոզի ընթացքում առաջնորդը վեր հանեց նաեւ Կիլիկիոյ գահին արժանաւորապէս բազմած Արամ Ա Վեհափառ Հայրապետի բացառիկ կարողութիւնները, ազգային, միջազգային, միջկրօնական եւ համաշխարհային մակարդակների վրայ. «Արամ Վեհափառի անցած ուղին հայ եկեղեցու ժամանակակից պատմութեան հոգեւորականներից քչերն են անցել, բազմատաղանդ իրենց շնորհքները ի սպաս դնելով մեր եկեղեցու, ազգի եւ հայրենիքի վերելքին: Ճառերից եւ աժան խօսքի փերեզակներից յոգնած ու շահագործւելուց զզւած մեր ժողովրդի համար միայն հայրենասիրութիւն չքարոզեց Վեհափառը, ո՛չ էլ անթեղւած ազգասիրութեան գաղափարները տարածող եղաւ միայն: Ընդհակառակը, գործնական են միշտ նրա քայլերը: Նորին Սրբութիւնը Արցախ աշխարհում ինքնորոշման իրաւունքի յարատեւ պայքար մղող քաջարի ժողովրդի համար «Նոր Կիլիկիա» գիւղը հիմնադրեց Կիլիկիոյ կաթողիկոսութեան թեմերի նիւթական աջակցութեամբ, որտեղ բազմաթիւ ընտանիքներ արդէն պատսպարւել են իրենց յատկացւած նոր բնակարաններում»,- ասաց Սրբազանը: Ապա, նա դէպի Հայաստան ու Արցախ շրջապտոյտների անցողիկ խանդավառութիւնները, ինչպէս նաեւ սփիւռքահայերի տարբեր խաւերից հայրենիք հրաւիրւող խմբային այցերի ժամանակաւոր ու անարմատ հաճոյք լինելը պարզ բացատրելով, կոչ ուղղեց մնայուն ծրագրեր մշակել հայրենիքի ու յատկապէս պապերի երկրից անվերադարձ արտագաղթող ժողովրդի համար: 

Այս առումով, Սրբազան Հայրը դարձեալ շեշտեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան անժամանցելի դերակատարութիւնը իբրեւ զարկերակը սփիւռքահայութեան: Նա երկիցս շեշտեց նաեւ Կիլիկիոյ հայրապետական Ս. Աթոռի արժանընտիր գահակալ Արամ Ա Վեհափառ Հայրապետի իմաստուն ղեկավարութեան այժմէականութիւնը, եւ հրաւիրեց հաւատացեալներին աղօթելու նրա քաջառողջութեան ու բազմաբեղուն երկարամեայ գահակալութեան համար, «որպէսզի միշտ ծաղկուն մնայ Վեհափառ Հայրապետի հովւապետական մականը»,- եզրակացրեց Սրբազանը: 

Հայրապետական մաղթանքը իր աւարտին հասաւ երգչախմբի եւ ներկայ հաւատացեալների կողմից միաբերան երգւած «Կիլիկիա» մաղթերգով:

Յարակից Հրապարակումներ

  • Վարդավառի տօնակատարութիւնը՝ Ատրպատականի հայոց թեմում
    Վարդավառի տօնակատարութիւնը՝ Ատրպատականի հայոց թեմում

    Առաջնորդ Սրբազանն իր քարոզում Քրիստոսի այլակերպութեան աստւածահրաշ դրւագը մեկնաբանելով, այն առիթ համարեց հաւատացեալների համար հոգեւոր լուսաւորութեան հասնելու, ճանաչելու համար ճշմարիտ աստւածութիւնը: Թափօր լեռան պայծառակերպող պահւան երանութիւնը բացատրելով, Սրբազանը այն համարեց իրաւունքը իւրաքանչիւր քրիստոնեայի, որ հաւատքով կը բացի իր աչքերը, վայելելու համար անվախճան երանութիւնը:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը հանդիպեց Չալդրանի կուսակալի հետ
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը հանդիպեց Չալդրանի կուսակալի հետ

    Յուլիսի 4-ին, Սբ. Թադէի վանքի ուխտագնացութեան նախապատրաստական աշխատանքների շրջանակում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան պաշտօնական հանդիպում ունեցաւ Չալդրանի կուսակալ Քարիմ Հոսէյնզադէի հետ, կուսակալի գրասենեակում:

  • Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի ընտրութեան եւ օծման 22-րդ տարեդարձի նշումը՝ Նոր Ջուղայում
    Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի ընտրութեան եւ օծման 22-րդ տարեդարձի նշումը՝ Նոր Ջուղայում

    Յունիսի 25-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցում, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի նախագահութեամբ եւ արժ. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանի ձեռամբ մատուցւած կիրակնօրեայ ս. եւ անմահ պատարագի ընթացքում, Հայրապետական մաղթանք տեղի ունեցաւ՝ Մեծի Տանն Կիլիկիոյ արժանաւոր գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի ընտրութեան եւ օծման 22-ամեակի առթիւ։ 

  • Հայրապետական մաղթանք Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառի ընտրութեան եւ օծման առիթով
    Հայրապետական մաղթանք Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառի ընտրութեան եւ օծման առիթով

    Յուլիսի 2-ին յընթացս ս. եւ անմահ պատարագի Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում կատարւեց Հայրապետական մաղթանք Ս. Աթոռիս գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի ընտրութեան եւ օծման քսաներկրորդ տարեդարձի առիթով: 

  • Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի Սկաւուտական խորհրդի կազմակերպած բացօթեայ նախաճաշը
    Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի Սկաւուտական խորհրդի կազմակերպած բացօթեայ նախաճաշը

    Յունիսի 30-ին առաւօտեան ժամը 9-ից սկսած ազգային առաջնորդարանի շրջափակում բացօթեայ ճոխ նախաճաշ էր կազմակերպւած Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի Սկաւուտական խորհրդի խմբապետական կազմի նախաձեռնութեամբ, որին ներկայ գտնւեցին թաւրիզահայեր:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։