Հա

Համայնք

Երեքշաբթի, 11 Յուլիսի 2017 10:20

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը հանդիպեց Չալդրանի կուսակալի հետ

Յուլիսի 4-ին, Սբ. Թադէի վանքի ուխտագնացութեան նախապատրաստական աշխատանքների շրջանակում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան պաշտօնական հանդիպում ունեցաւ Չալդրանի կուսակալ Քարիմ Հոսէյնզադէի հետ, կուսակալի գրասենեակում:

«alikonline.ir» - Յուլիսի 4-ին, Սբ. Թադէի վանքի ուխտագնացութեան նախապատրաստական աշխատանքների շրջանակում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան պաշտօնական հանդիպում ունեցաւ Չալդրանի կուսակալ Քարիմ Հոսէյնզադէի հետ, կուսակալի գրասենեակում: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը: 

Հանդիպմանը ներկայ էին նաեւ Թեմական խորհրդից Վարդան Աբրահամեանը եւ Վանքերի ուխտագնացութեան յանձնախմբից Սոկրատ Աբգարեանը եւ Ռաֆիկ Թարվերդեանը: 

Առաջնորդ Սրբազանը կուսակալին յայտնելով այս տարւայ եռօրեայ ուխտագնացութեան թւականը՝ 27-29 յուլիս 2017 (մորդադ 5-7), խօսեց Ատրպատականի հայոց թեմի զաւակների սերտ կապւածութեանը թեմի տարածքում գտնւող սրբավայրերին, եւ յատկապէս հայ հաւատքի ծննդավայր Սբ. Թադէոս առաքեալի վանքին: 

Երկկողմ խօսակցութիւնը կենտրոնացաւ նաեւ վանքի շինարարական աշխատանքների շուրջը, որը ԻՒՆԵՍԿՕ-ի գիտութեամբ կատարում է Մշակութային ժառանգութիւնների պետական հիմնարկութիւնը եւ Իրանի եկեղեցիների պահպանութեան պետական գրասենեակը: Սրբազան Հայրը անդրադարձաւ ուխտագնացութեան յանձնախմբի երկար տարիների գործունէութեանը, որ Թեմական խորհրդի աջակցութեամբ 1954 թւից սկսել է կազմակերպել Սբ. Թադէի վանքի ուխտագնացութիւնները: 

Կուսակալ Հոսէյնզադէն իր ամբողջական պատրաստակամութիւնը յայտնեց համագործակցելու ազգային իշխանութեան հետ, ինչպէս նաեւ խոստացաւ անվերապահ աջակցութիւն ցուցաբերել առաջնորդ Սրբազանին, ուխտագնացութեան օրերին ապահովելու ուխտաւոր բազմութեան անվտանգութիւնը եւ կենցաղային բոլոր պայմանները: 

Առաջնորդ Սրբազանը թեմի անունից երախտագիտութիւն յայտնեց կուսակալին եւ նրա գործակիցներին, իւրաքանչիւր տարւայ ուխտագնացութեան իրենց օժանդակութեան եւ սերտ համագործակցութեան համար: 

Կուսակալն իր հերթին ուրախութիւն յայտնեց այնքան սրտամօտ սոյն հանդիպման համար եւ հայ ժողովրդի հետ իր բարեկամութեան իբրեւ շօշափելի արդիւնք, ցոյց տւեց Օրհնութեան այն գիրը, որը Սրբազան Հայրը շնորհել էր իրեն, եւ որը մեծ պատւով ամրացրել էր իր գրասենեակի պատին: 

Յայտնենք, որ Վանքերի ուխտագնացութեան յանձնախմբի անդամները եռանդուն գործի են լծւել արդէն, ուխտաւորների վրանների դասաւորման, ջրի մատակարարման եւ այլ գործնական աշխատանքների գծով, որպէսզի 63-րդ տարւայ ուխտագնացութիւնը եւս Աստծու կամքով իր աւարտին հասնի յաջողութեամբ:      

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։