Հա

Համայնք

Չորեքշաբթի, 19 Յուլիսի 2017 11:10

Գրիգոր եպս. Չիֆթճեան. «Խանասորայ արշաւանքի 120-ամեայ պատմութեան արժանի յետնորդներն էք դուք՝ Դերիկի վանքից մինչեւ Թաւրիզ, Ուրմիա, Գեարդաբադ, Սպահան եւ Թեհրան»

Հովանաւորութեամբ Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան, եւ կազմակերպութեամբ Թաւրիզի մասնաճիւղի, յուլիսի 13-ին Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի կենտրոնատեղիում, բարձր նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի միջմասնաճիւղային 35-րդ շրջանի մարզախաղերի բացման հանդիսաւոր արարողութիւնը: 

Թաւրիզում տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի միջմասնաճիւղային 35-րդ մարզախաղերի հանդիսաւոր բացում

 

«alikonline.ir» - Հովանաւորութեամբ Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան, եւ կազմակերպութեամբ Թաւրիզի մասնաճիւղի, յուլիսի 13-ին Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի կենտրոնատեղիում, բարձր նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի միջմասնաճիւղային 35-րդ շրջանի մարզախաղերի բացման հանդիսաւոր արարողութիւնը: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը: 

Սրբազան Հօր հետ ներկայ էին Թաւրիզի հոգեւոր հովիւ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը, Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի անդամներ, «Ալիք» հաստատութեան Թեհրանի ներկայացուցիչներ Սուրիկ Աբնուսեանը եւ Արամ Շահնազարեանը, Հ.Մ.Ա.Կ.-ի կենտրոնական վարչութեան ներկայացուցիչ անդամները գլխաւորութեամբ Ժանէթ Թարվերդեանի, Միջմասնաճիւղային խաղերի յանձնախմբի անդամները, Թաւրիզի մասնաճիւղի ատենապետ Հենրիկ Աբրահամեանը, ազգային կառոյցների եւ միութիւնների ներկայացուցիչները, Փոքրամասնութիւնների գրասենեակի պատասխանատու Մուսաւին, Ատրպատականի մարմնակրթական հաստատութեան տնօրէն Դոկտ. Նազմին, փոխտնօրէն Սդուտէին, Իրան-Հայաստան յարաբերութիւնների պատասխանատու Նէզիֆը, Հ.Մ.Ա.Կ.-ի մասնաճիւղերի վարչութիւններից ներկայացուցիչ անդամներ, թղթակիցներ, ինչպէս նաեւ «Արարատական»-ների եւ համակիրների մեծաթիւ բազմութիւն:

Թեհրանից, Սպահանից (Նոր Ջուղա), Ուրմիայից, Գեարդաբադից, ինչպէս նաեւ հիւրընկալ քաղաքից՝ Թաւրիզից մասնակից խմբերը մրցելու էին  բասկետբոլ, ֆուտբոլ, սեղանի թենիս եւ շախմատ  մարզատեսակներում: Աւելի քան հարիւր մարզիկներին ու նրանց ընկերացող պատասխանատուներին ընտանեկան սիրով հիւրընկալում էր «Արարատ»-ի Թաւրիզի մասնաճիւղը, բնակութեան յարմարութիւնների եւ սնունդի ամբողջական պատասխանատւութիւնն ստանձնելով:

Բացման պաշտօնական հանդիսութեան բարի գալստեան խօսքը միասնաբար ընթերցեցին Մոնթէ Դիլանեանը եւ Միրօ Աբրահամեանը, հայերէն եւ պարսկերէն լեզուներով: Նրանք ողջունեցին 35-րդ միջմասնաճիւղային խաղերի կայացումը Թաւրիզում, Ատրպատականի Հայոց Թեմի կենսունակութեան եւ միշտ պատնէշի վրայ գտնւելու երաշխիք իբրեւ: Ապա, տեղի ունեցաւ դրօշակի արարողութիւն: Երեք սկաւուտներ Իրանի, «Արարատ»-ի եւ միջմասնաճիւղային մարզախաղերի դրօշները ծածանեցրին սիւների վրայ եւ հնչեցին Իրանի եւ «Արարատ»-ի քայլերգները: Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական Վարչութեան անունից խօսեց վարչութեան անդամ Ժանէտ Թարվերդեանը: Նա բարձր գնահատեց Թաւրիզի մասնաճիւղի կազմակերպական ջանքերը, ինչպէս նաեւ բոլոր հովանաւորողներին: Ժանետ Թարվերդեանը վեր հանեց Հ.Մ.Ա.Կ.-ի կարեւոր դերը իրանահայ երիտասարդութեան կեանքում, մարզա-մշակութային կազմաւորման առումով: Նահանգի մարմնակրթութեան տնօրէն Նազմին իր խօսքերում, հայ համայնքի կազմակերպած սոյն մարզախաղերը համայն նահանգի համար պատւաբեր համարեց՝ իր գնահատանքը յայտնելով կազմակերպիչ մասնաճիւղին: 

«Արարատ»-ի Թաւրիզի մասնաճիւղի Վարչութեան նախագահ Հենրիկ Աբրահամեանը մասնաճիւղի անունից, մեծ սրտով ողջունելով բոլորի ներկայութիւնը՝ շնորհակալութիւն յայտնեց ազգային եւ պետական պատասխանատուներին, որոնք կարելի էին դարձրել սոյն մարզախաղերի կայացումը Թաւրիզում: Հենրիկ Աբրահամեանը գնահատական խօսք յայտնեց նաեւ անձնւէր բոլոր այն միութենականներին, որոնք հակառակ մասնաճիւղի սահմանափակ հնարաւորութիւններին, հերոսական ջանքեր էին ի գործ դրել, հիւրընկալելու համար մեծ թւով մարզիկների:

Ներկայ ժողովրդի ջերմեռանդ ծափողջոյնների քաջալերական կշռոյթով, բոլոր շրջաններից եկած մարզիկները տողանցեցին մարզադաշտում, իրենց պատկանած մասնաճիւղերի ցուցանակները կրելով, եւ գրաւեցին իրենց տեղերը: 

Պաշտօնական խօսքերից յետոյ, յատուկ արարողակարգով եւ ձեռամբ վաստակաշատ արարատական մարզիկ-մարզիկուհիների՝ Բաբգէն Գասպարեանի եւ Անիթա Գէորգեանի, 35-րդ շրջանի միջմասնաճիւղային մարզախաղերի հսկայ ջահը վառւեց:

Մասնաճիւղի վարչութեան ատենապետի հրաւէրով, յատուկ գնահատանքի արժանացան Ատրպատականի մարմնակրթական հաստատութեան տնօրէն Նազմին, Փոքրամասնութիւնների գրասենեակի պատասխանատու Մուսաւին եւ առաջնորդ Սրբազանը:

Ապա, Սրբազան Հայրը իր պատգամով ողջունեց ներկաներին: Նա «Արարատ»-ի մարզա-մշակութային ծառայութիւնը մեր ազգի եւ յատկապէս իրանահայութեան կեանքում անզուգական եւ անփոխարինելի յայտարարեց, միշտ յիշելով «Արարատ»-ի անցած աւելի քան եօթանասուն տասնամեակները, «որոնց ընթացքին հայի շունչն ու ոգին ներկարկւեց եւ շարունակւում է ներարկւել մեր նոր սերնդի զաւակների արեան մէջ», ասաց նա:

Անդրադառնալով այս տարւայ մարզախաղերի Խանասորայ արշաւանքի 120-ամեակին նւիրւած լինելու խորհրդալից ձօնին, Սրբազան Հայրը նախ շնորհաւորեց Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի վարչութեան սոյն նախաձեռնութեան եւ այնքան կազմակերպ ու կանոնաւոր հիւրընկալութեան համար, եւ բարի գալուստ մաղթեց բոլոր հիւրերին, թաւրիզահայերի սիրոյ ու յարգանքի վայելքը ապրելու ջերմ մաղթանքով: Սրբազանը պատմական տեղեկութիւններից քաղւածքներ կատարելով ներկայացրեց դէպի Խանասոր ուղղւող ֆեդայական խմբերի նախապատրաստական աշխատանքը Ատրպատականի հայոց թեմի Դերիկի վանքում, որը ֆեդայիների կազդուրման կայանն էր եղել, յատկապէս Դերիկի ֆեդայի վանահայր Բագրատ վրդ. Թաւաքալեանի օրերին: Նա բացատրեց, թէ 1896-ին, Արմենական Աւետիսեանի 800 հոգանոց, Հնչակեան Մարտիկի եւ Դաշնակցական Պետոյի բազմամարդ խմբերը անգթաբար կոտորւել էին, եւ դրա պատասխանը մէկ տարի անց՝ 1897-ին կազմակերպւած Խանասորայ արշաւանքն էր, բնաջնջումով պատժելու համար քուրդ Մազրիկ ցեղին. «Խանասորը, մեր ժողովրդի հաւաքական կամքի հզօր մէկ արտայայտութիւնն էր: 19 նահատակները որոնք ընկան Խանասորայ դաշտում 25 յուլիսին, ազգային հատւածականութեան մասին չմտածեցին, այլ՝ միասնականութեան: Փառք չփնտռեցին, այլ ծառայական կեանքով ու նահատակութեամբ հերոսացան: Այսօր աւերակ է Դերիկի վանքը, այնտեղ չկայ հայ ծխանի ծուխ, չկա՛յ Բագրատ վարդապետը, որ ցաւը սրտին բռնի հեռացւել է ե՛ւ Դերիկից ե՛ւ իր սիրած ֆեդայական արշաւանքներից ի խնդիր հայրենիքի ազատագրութեան, ե՛ւ հեռացել է նաեւ այս աշխարհից: Բայց ի՜նչ փոյթ որ նրանք չկան, որովհետեւ դո՛ւք, սիրելի՛ մարզիկներ ու մարզիկուհիներ, դո՛ւք ներկայ էք, դո՛ւք էք նրանց յետնորդ սերունդները՝ Դերիկից մինչեւ Թաւրիզ, Ուրմիա, Գեարդաբադ, մինչեւ Սպահան եւ Թեհրան: Այս ջահը որ վառւեց այսօր այստեղ, մեր ազգի յաւերժութեան խորհրդանիշ է եւ մեր հաւաքական յաղթանակին գրաւականը»,- ասաց Սրբազանը, հայ ժողովրդի վերյառնելու աննկուն կամքը բացատրելով հանդիսականներին. «Մենք չմեռնող ժողովուրդ ենք: Մէկ բուռ էլ մնանք, լինելու ենք եւ անպայման պարտադրելու ենք մեր կամքը, արժանապատիւ ապրելու ազգերի հաւաքական ընտանիքում» եզրակացրեց Սրբազանը:

Բացման պաշտօնական հանդիսութեան համար յատուկ գեղարւեստական ծրագիր էր նախատեսւել «Արարատ»-ի Թաւրիզի մասնաճիւղի մշակութային յանձնախմբի կողմից, որը մեծ խանդավառութեամբ ընկալւեց ներկայ երիտասարդութեան կողմից: Ազգային ու հայրենասիրական երգերով հանդէս եկան Միրօ Աբրահամեանը եւ դոկտ. Յովիկ Գալստեանը: Երգողներին նւագակցում էր վարպետ երգեհոնահար Կարէն Սարգիսեանը: 

Պաշտօնական բացումից անմիջապէս յետոյ, սկսւեցին խաղերը: բասկետբոլի մրցաշարի առաջին գնդակը նետւեց Սրբազան Հօր ձեռամբ եւ ապա Թաւրիզի ու Ուրմիոյ խմբերի մարզիկները յափշտակեցին այն ու սկսւեց խաղը: 

Նշենք, որ նոյն գիշերը ազգային առաջնորդարանի այգում «Արարատ»-ի Թաւրիզի մասնաճիւղի հիւրընկալութեամբ ընթրիք տրւեց Թաւրիզ ժամանած հիւրերի պատւին, որին ներկայ գտնւեցին Առաջնորդ Սրբազանն ու ազգային իշխանութեան անդամները:

Յարակից Հրապարակումներ

  • Հայ Մշակոյթի օրւայ առիթով գրքերի ցուցահանդէս Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղում
    Հայ Մշակոյթի օրւայ առիթով գրքերի ցուցահանդէս Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղում

    Ուրբաթ, 13 հոկտեմբեր 2017-ի երեկոյեան ժամը 7.30-ին, Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան Թաւրիզի մասնաճիւղի կենտրոնատեղիում, հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, բացումը կատարւեց գրքերի ցուցահանդէսի, ներկայութեամբ Թաւրիզի հոգեւոր հովիւ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանի, Ազգային իշխանութեան անդամների, Հ.Մ.Ա.Կ.-ի վարչութեան, Թաւրիզի Հայ համալսարանականների միութեան անդամների, թաւրիզահայ համայնքի մտաւորական աւագ եւ կրտսեր սերնդի անհատների:

  • Հ.Մ.Ա.Կ.-ի Ատրպատականցի մարզիկները Թեհրանում մասնակցում են Համահայկական 49-րդ մարզախաղերին
    Հ.Մ.Ա.Կ.-ի Ատրպատականցի մարզիկները Թեհրանում մասնակցում են Համահայկական 49-րդ մարզախաղերին

    Սեպտեմբերի 10-ին Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը դասախօսական հանդիպումով եւ ապա աղօթքով բարի յաջողութիւն մաղթեց Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի մարզիկներին, որոնք յառաջիկայ տասնըմէկ օրերին մասնակցելու են Թեհրանում կայանալիք համահայկական 49-րդ մարզախաղերին, որոնք նւիրւած են «Ակունք» կենտրոնի հիմնդրամն 20-ամեակին:

  • 49-ամեայ ամուր հարթակով՝ 50-ամեակին ընդառաջ...
    49-ամեայ ամուր հարթակով՝ 50-ամեակին ընդառաջ...

    Ամենամեայ կարգով Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան նախաձեռնութեամբ ու Մարզական միութեան եւ պատկան յանձնախմբի ժրաջան աշխատանքների շնորհիւ, նախաաշնանային այս օրերին, կայանում են արդէն աւանդոյթի վերածւած Համահայկական խաղերը:

  • Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի դաշտահանդէսը
    Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի դաշտահանդէսը

    Հինգշաբթի, 17 օգոստոսի 2017-ի երեկոյեան ժամը 9-ից սկսած Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի կենտրոնատեղիում տարեկան դաշտահանդէսի բացումը կատարւեց, նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ կազմակերպութեամբ մասնաճիւղի վարչութեան: 

  • Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի Սկաւուտական խորհրդի կազմակերպած բացօթեայ նախաճաշը
    Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի Սկաւուտական խորհրդի կազմակերպած բացօթեայ նախաճաշը

    Յունիսի 30-ին առաւօտեան ժամը 9-ից սկսած ազգային առաջնորդարանի շրջափակում բացօթեայ ճոխ նախաճաշ էր կազմակերպւած Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի Սկաւուտական խորհրդի խմբապետական կազմի նախաձեռնութեամբ, որին ներկայ գտնւեցին թաւրիզահայեր:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։