Հա

Համայնք

Կիրակի, 30 Յուլիսի 2017 12:00

Տեղի ունեցաւ Սբ. Թադէոս առաքեալի վանքի 63-րդ ուխտագնացութիւնը

Սոյն թւականի յուլիսի 27-29-ը Ատպատականի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ եւ բարձր հովանաւորութեանբ Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի եւ հանդիսապետութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Գրիգոր Ս. Եպս. Չիֆթճեանի տեղի ունեցաւ վանքի 63-րդ ուխտագնացութիւնը:

«alikonline.ir» - Ատրպատականի հայոց թեմի եկեղեցական-ազգային օրացոյցի բարձրակէտը հանդիսացող տարեկան եռօրեայ ուխտագնացութիւնը դէպի Արտազի Սբ. Թադէոս Առաքեալի վանքը, հոգեւոր ու ազգային յուզմունքներով եւ ապրումներով է յագեցնում համայն իրանահայութեանը եւ յատկապէս Ատրպատականցի հային:

Սոյն թւականի յուլիսի 27-29-ը Ատպատականի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ եւ բարձր հովանաւորութեանբ Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի եւ հանդիսապետութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Գրիգոր Ս. Եպս. Չիֆթճեանի տեղի ունեցաւ վանքի 63-րդ ուխտագնացութիւնը: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Իրանի տարբեր քաղաքներից եւ արտասահմանից մեծաթիւ ուխտաւորներ ժամանել էին Սբ. Թադէի վանքը, ժամասացութեամբ, Սբ. Պատարագով եւ ազգային ժողովրդական տօնախմբութեամբ կատարելու Սբ. Թադէոս Առաքեալի եւ Սբ. Սանդուխտ Կոյսի տօնը: 

Վանքերի ուխտագնացութեան յանձնախումբը, Թեմական խորհրդի խորհրդատւութեամբ, շաբաթներ առաջ լծւել էր կազմակերպական աշխատանքների՝ յանձն առնելով ուխտաւորների կենցաղային պայմանների ապահովումը եւ այլ անհրաժեշտ կարիքների հոգալը:

Յուլիսի 27-ին ուխտաւորները ժամանելով վանք, տեղաւորւեցին նախապէս տաղադրւած վրաններում՝ նախապատրաստւելով յառաջիկայ երկու օրերի ազգային եւ հոգեւոր ծրագրերին:

Յուլիսի 28-ի երեկոյեան ժամը 17:00-ին վանք ժամանեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, ընկերակցութեամբ Թեմական խորհրդի անդամների: Սրբազան Հայրը զանգի ղօղանջների ներքոյ հոգեւոր դասի եւ ժողովրդական դիմաւորութեան արժանացաւ, օրհնելով հացն ու աղը, իսկ տաճարում, կանոնական աղօթքից յետոյ նա իր առաջին պատգամը յղեց ուխտաւոր բազմութեանը: Սրբազանը մաղթեց, որ եռօրեայ ուխտագնացութիւնը աղօթանւէր կեանքի առաջնորդող ազդակ հանդիսանայ բոլոր ուխտաւորների համար. «Այս վանքի քարերը ոչ միայն խօսում են, ո՛չ միայն պատմում են անցեալի մասին, այլեւ լսում են: Նրանք բաց ականջներ են մեր աղօթքները ներծծող եւ Աստծու ականջի մէջ արձագանգող»,- ասաց Սրբազանը՝ կոչ ուղղելով ժամերգութիւններին մասնակից լինել եւ օգտւել ուխտագնացութեան ընձեռած բացառիկ հոգեւոր առիթներից: Ապա տեղի ունեցաւ երեկոյեան ժամերգութիւն, մասնակցութեամբ հոգեւորականաց դասի եւ աղօթակցութեամբ հաւատացեալ ուխտաւորների: 

Ուխտի սուրբ պատարագ տաճարում 

Ուխտագնացութեան գլխաւոր օրը՝ յուլիսի 27-ին, Սբ. Թադէի վանքի տաճարում պատարագեց եւ քարոզեց Ատրպատականի առաջնորդը:  Խորանին սպասարկում էին Ուրմիոյ հոգեւոր հովիւ արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը եւ Թաւրիզի հոգեւոր հովիւ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը: Սբ. պատարագի երգեցողութիւնը կատարեց Թաւրիզի «Կոմիտաս» երգչախումբը, ղեկավարութեամբ երաժիշտ Վարդան Վահրամեանի: Սբ. Խորանին սպասարկում էին թեմի սարկաւագաց եւ դպրաց դասերը՝ զոյգ բուրվառով, քշոցակրութեամբ, կերոնակրութեամբ եւ մոմակրութեամբ: 

Ապա, թեմակալ առաջնորդը իր հոգեւոր պատգամը սկսեց հազար փառք ու գոհութիւն ընծայելով ամենակալ Աստծուն, որ այս տարի եւս առիթ էր ընծայել Ատրպատականի հայոց թեմին, պահպանել վանքի ուխտագնացութիւնների շարունակականութիւնը իր ժողովրդով, որին աղօթակից են լինում նաեւ ներկայ ուխտաւորները Սբ. Թադէի վանքում. «Այս սուրբ վանքի տեսած ցաւն ու տառապանքը դարերի ընթացքում, մեր յաճախակի այցերով ու մանաւանդ մեր սրտի խորքից բխած աղօթքներով փորձում ենք ամոքել»,- ասաց Սրբազանը: Ապա, նա վանքի անցած պատմութիւնից՝ հիմնադրութեան օրւանից մինչեւ ժամանակակից պատմութիւն յիշարժան քաղւածքներ կատարելով, անդրադարձաւ մեր ժողովրդի ապրած տառապանքին եւ պայքարի հզօր ուժին ու դիմադրողականութեան. «Այս սրբատաշ քարերի խորքում ցաւ կայ եւ քարացած արցունքը մեր ժողովրդի: Այս քարերի մէկ մասը ասես մեր ազգի դարդ ու ցաւից են սեւացել, մաշւել, բայց մեր ժողովրդի նման դարերի քամուն եւ հողմերի հարւածներին անվեհեր դիմադրել են եւ կանգուն մնացել: 1915 թւին, կոտորածներից ազատւած վանեցիներ հազիւ հասած այս վանքը ապաստան գտնելու, ականատեսների վկայութեամբ մօտեցել են տաճարին եւ լիզել ու համբուրել են սրբատաշ քարերը, փառք տալով Աստծուն իրենց փրկութեան համար: Երկրաշարժներ փլցրել են այս վանքը, աւելի քան եօթ տասնեակ վանականներ թաղւել են աւերակների տակ 1319 թւին, բայց հիմքերը չեն սասանւել տաճարի, նման մեր առաքելական մայրենի սուրբ եկեղեցուն, որի հիմքերը ո՛չ ոք կարող է թուլացնել կամ սասանեցնել»,- ասաց Սրբազանը:

Իր քարոզի վերջում, Սրբազան հայրը Սբ. Թադէոս առաքեալի եւ Սբ. Սանդուխտ կոյսի բարեխօսութիւնը հայցեց բոլոր ուխտաւորների համար, որպէսզի նրանց խնդրանքները Աստծու գահին հասնեն եւ ի բարին կատարւեն. «Ո՜վ չունի ցաւ, ո՜վ չունի մտահոգութիւն, ո՜վ չի մտածում իր կամ իր ընտանիքի եւ զաւակների առողջութեան եւ ապահովութեան մասին, ներկայ չարիքներով լեցուն այս աշխարհում: Կեանքը անհաւատալի անհեթեթութիւններով լեզուն է: Աշխարհի մէկ ծայրից միւսը լացի ձայներ են լսւում, պատերազմների ու թշնամութեան բացայայտ նշաններ են երեւում ամէն տեղ՝ արեւելքից-արեւմուտք եւ հիւսիսից-հարաւ, չի՛ կտրւում աւերիչ վառօդի հոտը մարդկութեան կեանքում: Մի խօսքով տառապանքի, նեղութիւնների եւ անապահով կացութեան մէջ ենք ուտում մեր մի պատառ հացը այս աշխարհում: Ուստի, թող Աստւած լսի մեր բոլորի աղաչանքը, եղբայրութիւն ու սէր սերմանի մարդկանց սրտերում, որպէսզի քայլենք Աստծու ճամբով, ապրենք աստւածահաճոյ կեանքով, միշտ ապաւինելով մեր ամենազօր Փրկչի փրկարար խաչի զօրութեանը»,- ասաց Սրբազանը:

Հոգեւոր իր պատգամի աւարտին, առաջնորդ Սրբազանը յատուկ գնահատագիր յանձնեց Ատրպատականի հայոց թեմի Ազգային բարերար Համազասպ Ոսկանեանին, որ Վանքերի ուխտագնացութեան յանձնախմբի հիմնադիր անդամներից լինելով, այս տարի եւս կարեւոր ներդրում էր ունեցել, մեկենասը դառնալով Սրբազան հօր հեղինակած «Ուղեւորութիւն Ատրպատականի Հայոց Թեմում Հայկական Յուշարձանների Հետքերով» մեծածաւալ գրքի Ա. հատորին, որի տիտղոսաթերթի ներքեւ ամփոփւել են թեմի աւելի քան 200 եկեղեցիներից 95-ի մասին նորագոյն տեղեկութիւնները, ինչպէս նաեւ հնագիտական այլ հետազօտութիւններ, որոնք վերաբերում են թեմի պատմական անցեալին:

Արարողութեան աւարտին, Սբ. Թադէի աջով կատարւեց ջրօրհնէք  եւ ապա, Սբ. աջով գլխաւորւած եկեղեցականաց թափօրը ուղղւեց դէպի շրջափակ, ապա ամբողջ տաճարի շուրջը պտտւելով եկաւ առաջնորդական յարկաբաժնի՝ վանահօր սենեակի առջեւ, որտեղ երգչախումբը կատարեց «Կիլիկիա»-ն: Ապա, Սրբազան հայրը «Պահպանիչ»-ով օրհնեց ժողովրդին, գնահատական իր խօսքը ուղղեց ազգային իշխանութեան, երգչախմբին, Կրտսերաց դպրաց դասին, Խնամակալ մարմինին, ու յատկապէս Վանքերի ուխտագնացութեան յանձնախմբին, կատարւած կազմակերպ եւ բծախնդիր աշխատանքի համար: Այս առիթով, Սրբազան հայրը գրաւոր օրհնութիւն յանձնեց յանձնախմբի բոլոր անդամներին, առ ի գնահատանք նրանց զոհաբերութեան:

 

Հսկումի ժամերգութիւն

Ամէնօրեայ առաւօտեան եւ երեկոյեան ժամերգութիւններից բացի, ուրբաթ գիշեր ժամը 20:00-ին, տաճարում կատարւեց Գիշերային ժամերգութիւն, մասնակցութեամբ հոգեւորականաց դասի եւ բարեպաշտ ուխտաւոր ժողովրդի: Այս տարի եւս, եկեղեցում զետեղւած մեխերով պատւած հսկայ խաչի վրայ ուխտաւորներ իրենց սրտի փափագները արձանագրեցին եւ դրեցին, խնդրելով Սբ. Թադէոս առաքեալի եւ Սբ. Սանդուխտ կոյսի բարեխօսութիւնը: Ուխտաւորներից շատերը ծնրադիր հետեւեցին խորհրդաւոր արարողութեանը, աղօթելով աշխարհի խաղաղութեան համար:

Յայտնենք, թէ թեմի քահանայ հայրերը հինգշաբթի, ուրբաթ եւ շաբաթ օրերին նաեւ մկրտութեան արարողութիւն կատարեցին, իրենց երեխաները վանքում կնքելու ուխտ ունեցող ընտանիքների համար: 

Իսկ յուլիս 29-ի առաւօտեան ժամը 10:00-ին, վանքից մէկ կլմ. հեռաւորութեան վրայ կանգնւած յատուկ վրանում, պետական բարձրաստիճան պատասխանատուները գլխաւորութեամբ Չալդրանի Կուսակալ Քարիմ Հոսէյնզադէի, յարգանք ընծայեցին մեր ժողովրդի զաւակներին, ուխտագնացութեան այս առիթով:

Պաշտօնական սոյն հանդիսութեան ներկայ գտնւեցին Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը, Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի ատենապետներ դոկտ. Արա Մելիքեան եւ Ռուբիկ Ջանանեան, ինչպէս նաեւ սոյն ժողովների անդամները, Վանքերի ուխտագնացութեան յանձնախմբի անդամները, պետական տարբեր կազմերի ներկայացուցիչները եւ յատուկ հրաւիրեալները: Պաշտօնական խօսքեր փոխանակւեցին, Սրբազան հօր եւ պետական պատասխանատուների միջեւ:

Երիտասարդական խանդավառ ծրագիր՝ վանքի շրջափակում

Յուլիսի 28-ին գիշերւայ ժամը 10:00-ից սկսած, Սբ. Թադէի վանքի արեւմտեան շրջափակում, կազմակերպութեամբ Թաւրիզի Հայ համալսարանականների միութեան վարչութեան եւ հանդիսավարութեամբ Կարէն Սարգիսեանի, տեղի ունեցաւ երիտասարդական խանդավառ ծրագիր, երգերի, երժաշտութեան եւ ասմունքների կատարումով: Գիշերը «ազատ բեմ» յայտարարւելուց անմիջապէս յետոյ, ներկայ երիտասարդութիւնը կամաւորաբար մասնակից դարձաւ ծրագրին, մինչեւ առաւօտեան ժամերը: Ներկայ տաղանդաւոր երիտասարդութիւնից շատերն իրենց երգի, երաժշտութեան եւ ասմունքի ձիրքերը ցոյց տւեցին, միանգամ փաստելով, հայ ազգի տաղանդաշատ նոր սերնդի դրական ընդունակութիւնները:

Սբ. Թադէի ուխտագնացութիւնը այս տարի եւս բացառիկ առիթ հանդիսացաւ մեր ժողովրդի քրիստոնէական հաւատքի վերանորոգութեան եւ ազգային պատկանելիութեան գիտակցութեան ամրապնդման, գնահատելու այն՝ ինչ որ մեր գոյութեան համար անհրաժեշտ է, եւ մեր հաւաքական կեանքի համար էական:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։