Հա

Համայնք

Երկուշաբթի, 21 Օգոստոսի 2017 12:30

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ընդունեց Իրանում Գերմանիայի դեսպանին

Կիրակի, 20 օգօստոսի 2017-ին, Իրանում Գերմանիայի դեսպան Միխայէլ Ֆոն Ունկեր-Շտերնբերկը, ընկերակցութեամբ իր կնոջ եւ արտաքին գործերի նախարարի տեղակալի, ինչպէս նաեւ Ատրպատականի նահանգապետի ներկայացուցչի, ժամանեց Ատրպատականի հայոց թեմ եւ ընդունւեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի անդամներ՝ ատենապետ Ռուբիկ Ջանանեանի եւ ատենադպիր՝ Գագիկ Ջորջեանի կողմից:

«alikonline.ir» - Կիրակի, 20 օգօստոսի 2017-ին, Իրանում Գերմանիայի դեսպան Միխայէլ Ֆոն Ունկեր-Շտերնբերկը, ընկերակցութեամբ իր կնոջ եւ արտաքին գործերի նախարարի տեղակալի, ինչպէս նաեւ Ատրպատականի նահանգապետի ներկայացուցչի, ժամանեց Ատրպատականի հայոց թեմ եւ ընդունւեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի անդամներ՝ ատենապետ Ռուբիկ Ջանանեանի եւ ատենադպիր՝ Գագիկ Ջորջեանի կողմից: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Դեսպանը իր ընկերակիցներով նախ Լիլաւայի Սբ. Սարգիս եկեղեցում մատուցւած ս. պատարագին ներկայ գտնւեց, թաւրիզահայ համայնքի բարեպաշտ ժողովրդին աղօթակից լինելով: Սբ. պատարագի աւարտին առաջնորդ Սրբազանը բարի գալստեան խօսք ուղղեց դեսպանին եւ նրա ընկերակիցներին: Ապա, ազգային առաջնորդարանի «Էմիլ Յակոբեան» դահլիճում տեղի ունեցաւ պաշտօնական հանդիպում:

Առաջնորդ Սրբազանը դարձեալ բարի գալուստ մաղթելով համապարփակ տեղեկութիւն տւեց դեսպանին, որը հիւսիսային Իրան իր այցի առաջին կայքը ընտրել էր Ատրպատականի ազգային առաջնորդարանը, որտեղից նա ուղղւելու էր նաեւ Սբ. Ստեփանոսի եւ Սբ. Թադէի պատմական վանքերը:

Սրբազան Հայրը իր խօսքի ընթացքում կարեւորութեամբ շեշտեց Իրանի Իսլամական Հանրապետութեան բոլոր ժողովուրդների համերաշխ գոյակցութիւնը եւ գործակցութիւնը, յատկապէս յիշելով հայ համայնքի հանդէպ պետական բոլոր կառոյցների հոգածու վերաբերմունքը. «Այսօր ներկայ գտնւեցիք ս. պատարագին եւ կարող ենք նաեւ վկայել, որ մեր բոլոր եկեղեցական տօներն ու ազգային աւանդութիւնները ամենայն ազատութեամբ կատարում ենք, միջ-կրօնական խաղաղասէր հանդուրժողութիւն վայելելով այս երկրում: Մեր դպրոցները պետական եւ ազգային զոյգ ծրագրերով իրենց կրթական կեանքը իրագործում են, իսկ քրիստոնէական մեր կեանքը ընդհանրապէս ապրում ենք այնպէս, ինչպէս ապրելու էինք քրիստոնեայ պետութեան հովանաւորութիւն ունեցող երկրում»,- ասաց Սրբազանը:

Դեսպանը, իր հերթին, ուրախութիւն յայտնեց Ատրպատականի հայոց թեմում գտնւելու առթիւ, իր հիացմունքը արտայայտելով ս. պատարագի կատարման, յատկապէս յիշելով նոր սերնդի մասնակցութիւնը եկեղեցական արարողութիւններին Սուրբ Խորանի բեմում: Նա գոհունակութեամբ յիշեց Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման փաստը, շեշտելով, որ դա դժւարին, սակայն կարեւոր որոշում էր Գերմանիայի կողմից:

Երկկողմանի զրոյցը նաեւ ընթացաւ միջ-կրօնական ուղղութեամբ, որի ընթացքում առաջնորդ Սրբազանը յիշեց մայիս ամսին Գերմանիայի արտաքին գործերի նախարար՝ Զիգմար Գաբրիէլի հրաւէրին ի պատասխան իր մասնակցութիւնը Բեռլինում՝ «Կրօնների պատասխանատւութիւնը խաղաղութեան գործընթացում» միջազգային ժողովին, եւ դրանից բխած կարեւոր որոշումներին. «Ինչպէս այնտեղ, այստեղ եւս միշտ յիշեցնում ենք, որ Իրանում մենք ներգաղթողներ չենք: Ինչքան մենք ճանաչում ենք մեր իսլամ եղբայրներին ու քոյրերին, նրանք էլ մեզ նոյնքան ճանաչում են, որովհետեւ առօրեայ դրութեամբ, ամէնօրեայ շփումով միասին ենք ապրում այս բարեբեր երկրում»,- ասաց Սրբազանը:

Դեսպան Շտերնբերկը իր շնորհակալութիւնը յայտնեց սիրալիր ընդունելութեան համար եւ խոստացաւ Գերմանիայից դէպի Ատրպատական եւ յատկապէս Թաւրիզ գերմանացիների զբօսաշրջութիւնը զարգացնելու հնարաւորութիւնները ուսումնասիրել, մանաւանդ որ Համբուրգից-Թաւրիզ շաբաթական ուղիղ թռիչք է հաստատւել: Այս առիթով խօսւեց նաեւ յառաջիկայ հոկտեմբեր ամսին Թաւրիզում, ազգային առաջնորդարանի կազմակերպութեամբ կայանալիք հայագիտական առաջին համագումարի մասին, որին մասնակցելու են Գերմանիայից, Ֆրասիայից եւ այլ երկրներից, թւով 15 օտար հայագէտներ:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։