Հա

Համայնք

Կիրակի, 15 Հոկտեմբերի 2017 13:30

Պաշտօնական բացումը կատարւեց Թաւրիզի հայագիտական առաջին գիտաժողովին

Ուրբաթ, 13 հոկտեմբեր 2017-ի առաւօտեան ժամը 10-ին, Ատրպատականի ազգային առաջնորդարանի «Համազասպ Ոսկանեան» սրահում պաշտօնական բացումը կատարւեց Թաւրիզի հայագիտական առաջին գիտաժողովին, հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ կազմակերպութեամբ Թեմական խորհրդի: 

«alikonline.ir» - Ուրբաթ, 13 հոկտեմբեր 2017-ի առաւօտեան ժամը 10-ին, Ատրպատականի ազգային առաջնորդարանի «Համազասպ Ոսկանեան» սրահում պաշտօնական բացումը կատարւեց Թաւրիզի հայագիտական առաջին գիտաժողովին, հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ կազմակերպութեամբ Թեմական խորհրդի: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Տարբեր երկրներից ժամանած օտար հայագէտներ մասնակցում էին սոյն գիտաժողովին, հայագիտութեան կալւածը շօշափող այլազան նիւթերով՝ հայկական ձեռագրագիտութիւն, պատմութիւն, վաւերագրութիւն, ազգագրութիւն, հայ-գերմանական յարաբերութիւններ, հայ-քրդական յարաբերութիւններ, Գերմանիա եւ Հայոց Ցեղասպանութիւն, Գերմանացիների հայախնամ առաքելութիւնը Թաւրիզում եւ Սպահանում, հայ ժողովրդի յետեղեռնեան վերընձիւղումը, գոյապայքարը եւ արդար պահանջատիրութիւնը, որոնք ներկայացւեցին առաջին օրւայ երեք նիստերում: Գիտաժողովը ընթացաւ անգլերէն լեզւով: 

Գիտաժողովի բացումը կատարեց Համբուրգի համալսարանի դասախօս եւ կազմակերպիչ յանձնախմբի անդամ՝ Իշխան Չիֆթճեան: Նա հայ ազգի քրիստոնէական կեանքում առաջին երկու առաքելութիւնները իրագործած սրբերի՝ Սբ. Թադէոս եւ Սբ. Բարթողիմէոս առաքեալների գործունէութիւնը առընչեց մեր ազգային պատմութեան եւ ճակատագրի հետ, ակնարկելով նրանց յիշատակին կառուցւած տաճարներից մէկի Իրանի եւ միւսի Թուրքիոյ սահմաններից ներս գտնւելու փաստին, ինչպէս նաեւ՝ մէկի վերանորոգւած եւ միւսի աւերակ լինելու իրողութեան: Թաւրիզը մեր պատմութեան ընթացքում չի՛ եղել մշակութային մէկ կենտորն Սպահանի նման, սակայն Թաւրիզ եկել, այնտեղ հետք թողել եւ Թաւրիզից անցել են Առաքել Դաւրիժեցիի, Մեսրոոպ Թաղիադեանցի, Ռաֆֆու եւ Հրաչեայ Աճառեանի նման պատգամագէտներ, հայագէտներ եւ գրագէտներ, որոնց աշխատանքի հետքերի վրայ սոյն գիտաժողովի կատարում կարեւոր համարեց նա: Ապա, անցեալից ներկայ կամուրջ նետելով, նա անդրադարձաւ առաջնորդ Սրբազանի հետազօտական աշխատանքին, որը մղիչ ոյժն էր հանդիսացել գիտաժողովին: Բարի գալուստ մաղթելով բոլոր մասնակիցներին, նա շնորհակալութիւն յայտնեց նրանց, ինչպէս նաեւ Թեմական խորհրդի եւ կազմակերպիչ յանձնախմբի անդամներին, գիտաժողովի կայացման նախապատրաստական աշխատանքների կատարման համար:

Առաջին բանախօսութիւնը տրւեց առաջնորդ Սրբազան Հօր կողմից՝ «Ատրպատական՝ մեծ վերապրողը պատմութեան» նիւթով: Սրբազան Հայրը Ատրպատականի հայոց թեմի պատմական անցեալի ընդհանուր ներկայացումը կատարելուց յետոյ, իր նիւթը զարգացրեց դրա մշակութային հսկայ ժառանգութեան մասին համապարփակ տեղեկութիւններ տալով: Մատենագիրներից մէջբերելով ակնարկութիւններ թեմի տարածքում գտնւող սրբավայրերի մասին, նա նաեւ անդրադարձաւ այն եկեղեցիներին, ճգնարաններին եւ մատուռներին, որոնք պատմութեան ընթացքում ցարդ ուշադրութեան չէին արժանացել հետազօտողների կողմից: Թեմի տարածքում հազարաւոր գերեմանաքարերի փորագրական արւեստին անդրադարձաւ Սրբազանը, որոնք անտաշ սալատապանների ճակատագրից էլ աւելի վատ վախճան են ունենում անտիրութեան մատնւած լինելու պատճառով:

Ազգային-եկեղեցական մշակութային ժառանգութեան անշարժ եւ շարժուն հարստութեան ներկայ իրավիճակը գիտական աշխարհին բացելու հեռանկարով, Սրբազանը Ատրպատականի ձեռագրերի, կիրառական արւեստի նմոյշների, մասնատուփերի, աջերի ու խաչերի, ինչպէս նաեւ ազգագրական արժէք ներկայացնող իրերի մասին ընդհանուր պատկերացում տւեց, ահազանգելով ձեռագրերի վերանորոգութեան խիստ անհրաժեշտութիւնը: Հնատիպների վերանորոգման համար օգտագործւած եւ դրանց պատառոտած էջերը պահպանելու համար անցած դարերին դրանց կպցւած ձեռագրերի պատառիկների արժէքը ներկայացնելով, յոյս յայտնեց, որ դրանց ուսումնասիրութեամբ նոր լոյս կը սփռւի հայ մատենագրութեան եւ պատմութեան վրայ:

Վերջապէս, անցած դարերի եւ իրերայաջորդ տասնամեակների ընթացքում, քաղաքական եւ այլ բազմապիսի պատճառներով հարւածւած Ատրպատականի թեմը Սրբազանը անւանեց «վերապրող», որի հիմնադրութեան պաշտօնական թւականը մեզ տանում է աւելի քան 750 տարի յետ:

Երկրորդ նիւթը՝ «Նոր պրպտումներ Նոր Ջուղայի հայերէն հին ձեռագրերում», ներկայացրեց ներկայիս Իսպանիոյ Սան Դամասոյ Եկեղեցական Համալսարանի այցելու դասախօս՝ հայագէտ Բեռնար Ուտիէ: Նստավարն էր Վիլֆրիդ Էկկերսը: Փրոֆ. Ուտիէ տարիների ընթացքում իր կատարած բազմաթիւ ուսումնասիրութիւնների կողքին, մի քանի տարիներ առաջ Նոր Ջուղայի մատենադարանում հետազօրութիւններ էր կատարել, եւ սոյն դասախօսութեամբ ձեռագրերի մասին բնագրագիտական նոր տեղեկութիւններ հաղորդեց: Նա անանուն եւ անհեղինակ համարւած մի շարք ձեռագրերի համար հեղինակներ առաջարկեց եւ նշումներ կատարեց այս ուղղութեամբ: Նա շեշտեց Պօղոս առաքեալի նամակների մէկ հին մեկնութեան կարեւորութիւնը, որը նոյնիսկ նկատի չի առնւել Ե. Պետրոսեանի եւ Ա. Տէր-Պետրոսեանի «Ս. Գրքի հայերէն մեկնաբանութեան մատենագիտութիւն» գրքի մէջ (Երեւան 2002): Սոյն դասախօսութեամբ, Բ. Ուտիէ կարեւոր նշումներ կատարեց նաեւ Նոր Ջուղայի հայկական ձեռագրական հաւաքածոյում գտնւող վրացերէն պատառիկների մասին:

Առաջին նիստի երրորդ նիւթը՝ «Հայերէն եզրերի ծագումնաբանութիւնը թափանցիկ դարձնելու մի փորձ» ներկայացւեց Էրլանկեն-Նիւրնբերգի Ֆրիդրիխ-Ալեքսանդր համալսարանից Դիրկ Նովակ:

Հայոց լեզւի հրապուրիչ անցեալին էր անդրադառնում սոյն զեկոյցը, մասնակիցներին հրաւիրելով դէպի դրա հնդեւրոպական արմատները: Դիրկ Նովակ իր ունկնդիրներին մէկ կարճ ճամբորդութեան տանելով լեզւաբանական պատմութեան ուղիներից, հասաւ մինչեւ դասական հայերէնի՝ գրաբարի ձեւաւորմանը, այնպէս ինչպէս այն գտնւում է Ե. դարի գրաւոր յիշատակարաններում: Նոյն ճանապարհի վրայ նա բացայայտեց յունարէնի եւ ասորերէնի, ինչպէս նաեւ միջին պարսկերէնի մեծ ազդեցութիւնը հայերէնի վրայ, յատկապէս փոխառեալ բառերի մեծաքանակ ներկայութեամբ: Նա ասաց, որ պահլաւերէնից փոխ առնւած բազմաթիւ բառերի ներկայութիւնը հայերէնի մէջ պատճառ է դարձել, որ Եւրոպայում երկար ժամանակ հայերէնը համարւել է պարսկական լեզւի մէկ ճիւղ: Զեկոյցը ուշադրութեան առարկայ դարձրեց հայերէնի բառապաշարը, որ հնդեւրոպական մայր լեզւից է ժառանգւած: Նովակ հայերէնը նախ ներկայացրեց իր հնդեւրոպական «ազգակիցների» շրջանակում, որտեղ նա մէկ անկախ ճիւղ է կազմում, ինչպէս յունարէնը: Ազգակցութեան եզրերի (հայր, մայր եւ այլն) մի շարք օրինակների վրայ հիմնւելով Դիրկ Նովակ հնդեւրոպական լեզւագիտութեան մեթոտը ցոյց տւեց, ձայնաբանութեան մակարդակի վրայ: Լեզւաբանական այս ներածութիւնից յետոյ, Դիրկ Նովակ «թափանցիկ» ծագումնաբանութիւնների մի այլազանութիւն մատուցեց մասնակիցներին, ինչ որ յստակօրէն տեսանելի էր դարձնում հայերէնի եւ հնդեւրոպական լեզուների, ինչպէս նաեւ անգլերէնի, գերմաներէնի եւ պարսկերէնի միջեւ եղած յարաբերութիւնը:

Երկրորդ նիստը՝ «Հայ-Գերմանական յարաբերութիւններ», սկսեց կարճ դադարից յետոյ, նստավարութեամբ Իշխան Չիֆթճեանի: Սոյն նիստի առաջին նիւթը՝ «Դորպատի համալսարանի տեսուչը Արարատ լեռան վրայ», ներկայացւեց Գերմանիոյ Բուքստեհուդէ քաղաքի Բարձրագոյն Ուսումնարան - 21 համալսարանից, Կատրին Էնդլեր: Երբ գերմանացի ակադեմական Ֆրիտրիխ Պառօտ (1791-1841),

1829 թւի 30 Մարտի երեկոյեան, գիտական հետազօտութեան նպատակով դէպի Կովկաս եւ Հայաստան ճանապարհորդութեան էր ձեռնարկում, ռուս-պարսկական պատերազմները արդէն իրենց աւարտն էին գտել՝ 1828 թւի Թուրքմենչայի դաշնագրով, ի նպաստ ռուսական կայսրութեան: Էնդլեր բացատրեց, որ դաշնագրի կնքումից յետոյ, Արարատ լեռը մի կերպով սահմանակէտ էր կազմում Ռուսաստանի, Պարսկաստանի եւ Թուրքիայի միջեւ: Ռուսական իշխանութիւնը Պառօտին է վստահում անդրկովկասեան մէկ գիտարշաւ, որի նպատակներից էր նաեւ Արարատ լեռ բարձրացումը: Կատրին Էնդլեր ասաց, որ ենթադրւում է, թէ այս գիտարշաւը նաեւ քաղաքական եւ գաղութատիրական նպատակներ էր հետապնդում, յատկապէս այն պատճառով, որ Ռուսիոյ Նիկոլայ Ա. Ցարը մեծ հետաքրքրութիւն էր ցոյց տալիս եւ ճիգ չէր խնայում այս աշխատանքի յաջողութեան համար: Էնդլեր ներկայացրեց Պառօտի հանդիպումը Խաչատուր Աբովեան անունով «մի սարկաւագի», ինչպէս նա կոչում է Աբովեանին, որը դառնալու էր իր անփոխարինելի ուղեկիցը, թարգմանիչը եւ լեռնագնացութեան ընթացքում իրեն օժանդակող անձը: Ամփոփելով իր նիւթը, Կ. Էնդլեր ասաց, թէ 27 Սեպտեմբեր 1829-ին, Արարատը նւաճւեց առաջին անգամ լինելով: Վերջապէս նա նշեց, որ Պառօտ իր աշխարհագրական եւ բնագիտական ուսումնասիրութեանց արդիւնքը ամենայետին մանրամասնութիւններով նկարագրել է իր հրապարակած ընդարձակ տեղեկագրութիւնում «ճամբորդութիւն դէպի Արարատ Դոկտ. Ֆրիտրիխ Պառօտի կողմից» (Բեռլին, 1834):

Երկրորդ նիստը շարունակւեց Գերմանիոյ Գէօտինկեն քաղաքի Գէորգ-Աուկուստ Համալսարանի դասախօս՝ Գլաուդիա Ռամմելտի «Գնա՜նք Արեւելք. (Միջին Արեւելքի մէջ կատարւած մի աշխատանքի պատկերներ՝ բաղդատական հեռանկարով. Եոհան Լուտվիգ Շնելլերի եւ Էռնստ Եակոբ Քրիստոֆէլի օրինակը)» նիւթով: Բանախօսը ներկայացրեց մարդասիրական աշխատանքի երկու նւիրեալների գործունէութեան սկիզբը: 1850-ական թւականներին, Եոհան Լուտվիգ Շնելլեր աւելի քան երկու ամիս ճամբորդում է, Երուսաղէմ հասնելու նպատակով: Նա մեկնում է Երուսաղէմ, ապրելու եւ գործելու համար Սուրբ Երկրում: Սկզբում նա պատասխանատու է նշանակւում «Եղբայրների Տան»: Նոյն ժամանակաշրջանում քրիստոնեաներ եւ դուրզիներ արիւնալի պայքարի մէջ էին Լեռնալիբանանում: Բազմաթիւ քրիստոնեաներ էին սպանւում, որբեր թողնելով իրենց ետին: Շնելլեր իբրեւ հակազդեցութիւն հիմնում է «Սիրիական Որբանոց»ը Երուսաղէմի պարսպից դուրս իբրեւ մի նոր տուն որբերի համար եւ մինչեւ իր մահը մնում է տեսուչը այդ տան: Ապա բանախօսը ներկայացրեց մի այլ անձնաւորութեան՝ Էռնստ Եակոբ Քրիստոֆէլին (1876-1955), որը եւս ճանապարհւում է դէպի Արեւելք: Մալաթիայում երկար ժամանակ գործելուց յետոյ անցում է Պարսկաստան եւ յատկապէս Թաւրիզում եւ Սպահանում աշխատում է հաշմանդամների եւ կոյրերի համար, հայկական շրջանակներում: Կեանքի պայմանները մաշեցուցիչ էին: Ամէն դէպքում, Շնելլեր եւ Քրիստոֆէլ անխոնջ յարատեւեցին իրենց աշխատանքում: Գլաուդիա Ռամմելտի զեկոյցի կիզակէտը կազմում էին սոյն միսիոնարների շարժառիթների ձեւերը՝ Միջին Արեւելքում ապրելու եւ աշխատելու: Ռամմելտ ունկնդիրներին ծանօթացրեց քրիստոնէական միսիոնի ծալքերին՝ մէկ կողմից կայսերապաշտական հետաքրքրութիւնների խնդիրներին եւ միւս կողմից յիշեալ միսիոնարների իբրեւ մարդասիրական ծառայող նւիրեալ աշխատանքին:

Երրորդ նիստի խորագիրն էր՝ Համակեցութիւն եւ Ցեղասպանութիւն, նստավարն էր Գլաուդիա Ռամմելտը: Առաջին զեկուցաբերը Համբուրգի համալսարանից Ժիար Մոհեդիեն, ներկայացրեց իր նիւթը՝ «Հայերը Միջին Արեւելքում. Հայերի եւ քրդերի միջեւ համակեցութեան մէկ օրինակ Հիւսիսային Սիրիայում»:

Ժ. Մոհեդիեն խօսեց Օսմանեան կայսրութիւնում քրիստոնեաների եւ Եզիտիների դէմ գործադրւած ցեղասպանութեան մասին, որը նաեւ հայերի կեանքում մեծ խորտակում առաջացրեց, եւ որ մինչեւ այսօր նրանց հաւաքական ինքնութեան վրայ խոր հետք է թողել: Նա անդրադարձաւ հայ Սփիւռքի իրականութեան, որը Հայաստանի Հանրապետութիւնից դուրս գոյատեւում է: Բանախօսը Հայոց Ցեղասպանութիւնից վերապրածների եւ նրանց սերունդների կեանքին անդրադարձաւ, յատկապէս Սիրիայի մեծ եւ փոքր քաղաքներում՝ Հալէպում, Դամասկոսում, Հոմսում, ինչպէս նաեւ Իրաքում՝ Բաղդադում եւ Մուսուլում, նաեւ Իրանի տարբեր քաղաքներում: Իր զեկոյցում, Մոհեդիեն խօսեց նրանց ներկայութեան մասին յատկապէս քրդաբնակ շրջաններում, շեշտելով որ նրանց գոյութիւնն ու պատմութիւնը Էրբիլի, Տուհոքի, իրաքեան Քրդստանի եւ Գամիշլիի, Աֆրինի շրջանի եւ սիրիական Քրդստանի մէջ, դեռեւս մանրամասն հետազօտութեան առարկայ չի՛ դարձել: Սոյն շրջաններում հայերը լաւապէս համարկւել են, բայց չեն ձգտել ներառւել քաղաքական պատերազմների եւ պայքարների մէջ: Ապա, բանախօսը հարցադրումներով յառաջ տարաւ իր թէզը. Հայեր ինչպիսի՞ յարաբերութիւն ունեն տեղի քրդական բնակչութեան հետ, որ մասամբ յետնորդ սերունդն է կազմում այն ցեղախմբերի, որոնք անցեալ դարի ջարդերին մասնակից են եղել: Արդեօ՞ք նրանց դառն յիշողութիւնը դեռեւս թարմ է, թէ՞ արդէն ճիգեր ի գործ են դրւել նրանց յարաբերութիւնները բարելաւելու այն խիստ անկայուն աշխարհամասում: Ապա նա վերլուծեց զոյգ՝ հայկական եւ քրդական հասարակութիւնների փոխյարաբերութիւնները, պատմելով երկու իրարից տարբեր պատումներ հայերի եւ քրդերի մասին՝ մին Աֆրինում, իսկ միւսը Քոպանէում տեղի ունեցած դէպքեր, համակեցութեան մէկ օրինակ տալով:

Վերջապէս, երրորդ նիստի եւ առաջին օրւայ վերջին նիւթը ներկայացւեց Բոխումի Ռուհր Համալսարանից Եան Կեմի կողմից «Գերմանիոյ կողմից 1915ի Հայոց Ցեղասպանութեան պաշտօնական ճանաչումից մի տարի անց - Ճանաչման եւ ուրացման միջեւ. Անձնական նշումներ եւ փորձառութիւններ Հայոց Ցեղասպանութեան մասին» խորագրով:

Կեմ իր բանախօսութեան սկսելով ասաց թէ Գերմանիայում ճանաչման գործընթացը իր աւարտին չի՛ հասել: Պատմական ճանաչումը այնքան էլ հեշտ ընթացք չունի, ասաց նա, դիմադրական այն շարժումները ներկայացնելով յատկապէս, որոնք Գերմանիոյ թուրք համայնքի կողմից իբրեւ կեցւածք արտայայտւում են: Կեմ Գերմանիայում համագործակցում է հայերի, քրդերի եւ արամէացիների հետ, լսելի դարձնելու համար ցեղասպանութեան զոհերի եւ հայերի ձայնը: Նա իր զեկոյցում ներկայացրեց Հայոց Ցեղասպանութեան թեմայի հետ իր ունեցած անձնական փորձառութիւնները՝ Միջին Արեւելք կատարած իր ճամբորդութիւնների շրջագծից ներս, նաեւ ներկայացրեց ընդհանուր պատկերը Գերմանիայում, զարգացումների, ծրագրերի եւ խնդիրների, որոնք Հայոց Ցեղասպանութեանն են առնչւում: 

Առաջին օրւայ նիստը փակւեց առաջնորդ Սրբազան Հօր եզրափակիչ խօսքով, որ ընդհանուր վերաժեւորումը կատարեց ներկայացւած նիւթերի խիստ շահեկանութեան: Սրբազանը յատկապէս Հայոց Ցեղասպանութեան թեմայի շուրջ արտայայտւելով, շեշտեց, որ անհրաժեշտ է մարդկային իրաւանց համաշխարհային խնդրի լուծման գործընթացից դուրս բերել աշխարհաքաղաքական շահերը, տեսնելու համար բացայայտ ճշմարտութիւնը հայ ժողովրդի արդար պահանջատիրութեան:

Նշենք, թէ Սրբազան Հայրը իր բանախօսութեան աւարտին ներկաներին ծանօթացրեց Թաւրիզում գործող հայ համալսարանականների միութեան աշխատանքին, գնահատանքով յիշելով «Ուղեւորութիւն Ատրպատականի հայոց թեմում» մէկ խորագրի տակ հաւաքւած լայնածաւալ գրքի շնորհանդէսը Սբ. Թադէի վանքում, եռօրեայ ուխտագնացութեան ընթացքում, անցած յուլիս ամսի 28-ին, որը այնքան բծախնդրութեամբ կազմակերպել էր Թաւրիզի Հայ Համալսարանակնների միութիւնը:

Յայտնենք, որ գիտաժողովը շարունակւելու է Դարաշամբի Սբ. Ստեփանոս Նախավկայի վանքում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։