Հա

Համայնք

Հինգշաբթի, 19 Հոկտեմբերի 2017 10:20

Եզրափակում Թաւրիզի հայագիտական Ա. գիտաժողովի Դարաշամբի Ս․ Ստեփանոս Նախավկայի վանքում

Գիտաժողովին մասնակից հայագէտները, որոնք գիտաժողովի առաջին օրն անցկացրել էին անցած ուրբաթ, ազգային առաջնորդարանի «Համազասպ Ոսկանեան» սրահում, շաբաթ եւ կիրակի օրերի ընթացքում առիթ էին ունեցել այցելել Ատրպատականի պատմական թեմի փառքը կազմող վանքերը, Ս․ Թադէն ու Ծոր-Ծորը, տեսել էին աստւածաշնչական Արարատ լեռն ու Արտազ գաւառն ընդհանրապէս, խոր տպաւորութեամբ համախմբւեցին Ս․ Ստեփանոս վանքի սրահում։ 

«alikonline.ir» - Ատրպատականի հայոց թեմի Թեմական խորհրդի կողմից կազմակերպւած Հայագիտական Ա․ գիտաժողովի վերջին եւ եզրափակիչ նիստը տեղի ունեցաւ երկուշաբթի, 16 հոկտեմբեր 2017-ին, Դարաշամբի Ս. Ստեփանոս Նախավկայի հրաշակերտ վանքում։ Տեղեկացնում է Ատրպատականի Ազգային առաջնորդարանը:

Գիտաժողովին մասնակից հայագէտները, որոնք գիտաժողովի առաջին օրն անցկացրել էին անցած ուրբաթ, ազգային առաջնորդարանի «Համազասպ Ոսկանեան» սրահում, շաբաթ եւ կիրակի օրերի ընթացքում առիթ էին ունեցել այցելել Ատրպատականի պատմական թեմի փառքը կազմող վանքերը, Ս․ Թադէն ու Ծոր-Ծորը, տեսել էին աստւածաշնչական Արարատ լեռն ու Արտազ գաւառն ընդհանրապէս, խոր տպաւորութեամբ համախմբւեցին Ս․ Ստեփանոս վանքի սրահում։ Սոյն այցելութիւններով նրանք իրենց գիտական աշխարհին ու աշխատանքին էին ներարկում պատմութեան ու արւեստի տարբեր երեսներ ու մանրամասներ։

«Գրականութիւն եւ Կենսագրութիւն» նիստի առաջին զեկուցաբերն էր Վիլֆրիդ Էկկերս, Գերմանիոյ Դրոխտերսեն քաղաքից, որը զեկուցեց «Ինչպէ՞ս գրել անգրելիի մասին․ Հայոց Ցեղասպանութեան մասին Գրականութիւն» նիւթի մասին։ Նա ներկայացրեց Հայոց Ցեղասպանութեան վերաբերող չորս վէպեր՝ Ֆրանց Վերֆէլի «Մուսա Տաղի քառասուն օրերը» (1933), Էդգար Հիլզենռաթի «Վերջին մտածումին հեքիաթը» (1989), Ֆեթհիէ Չեթինի «Մեծ մայրս» (2004) եւ Փիթըր Պալաքեանի «Ճակատագրի սեւ շունը» (1997) գործերը, ամփոփելով ու դրանցից վեր հանելով ինչ-ինչ երեսներ։ Էկկերս շեշտեց, թէ ինք հետաքրքրւում է յատկապէս հետեւեալ հարցերով․ սոյն հեղինակներն ինչպէ՞ս են կարողացել գրել անգրելիի մասին․ իսկ մենք իբրեւ ընթերցող ինչո՞ւ յափշտակւում ենք այսօր նրանց պատումներով։ Առաջին երկու երկերը գրի են առնւել գերմանացի հրեաների կողմից եւ դիտւել են ժամանակակիցի աչքերով, իսկ միւս երկուսը՝ մին թրքուհու, միւսն էլ ամերիկահայի կողմից՝ թոռան աչքերով դիտւած։ Աւելի քան հարիւր տարիներ անցել են Հայոց Ցեղասպանութիւնից, շեշտեց Էկկերս, սակայն ինչ որ պատահել է, դեռեւս մաս է կազմում մեր ներկայ ժամանակին։ «Այս վէպերին ուղղւած իմ մօտեցումը հայեացքն է մի կողմից գերմանացի գրողի եւ միւս կողմից՝ նացի գերմանացիների մի յետնորդի», ասաց նա։ Գերմանական հաւաքական ինքնութեան վրայ դիտելով Հայոց Ցեղասպանութեան իրողութիւնը, զեկուցաբերը հաստատեց, որ փորձառութիւններն իրարից օգտւում են՝ մեր նպատակադրումներից անկախ։ «Քաղաքական եւ նոյնիսկ հետազօտական բազում աշխատանքներ յաճախ չեն գործում այն ազդեցութիւնը, որը գործում է պարզ մի պատմւածք, հեքիաթ, որի մէջ ներկայ է ժողովուրդների ծայրագոյն փորձառութիւնը», յիշեցրեց նա։ Նա պատմեց իր հանդիպումը Ֆ․ Չէթինի ու Փ․ Պալաքեան հետ Գերմանիայում, Բեռլինի ճիշտ այն վայրում, որտեղ Հիտլերի Գերմանիան որոշում էր կայացրել հրեաների Ողջակիզումը իրագործել։ Յիշեալ վէպերի ներկայացումից եւ մի շարք հարցերի վերլուծումից յետոյ նա անդրադարձաւ նաեւ ներկայի թրքական իշխանութեան ուրացման ամուլ եւ ինքնաքանդիչ քաղաքականութեան։

Երկրորդ զեկուցաբերն էր Օմմանի Նիզւայի համալսարանի գերմանագիտութեան դասախօս, գերմանացի հայագէտ Մատթիաս Ֆրից, որը ներկայացրեց հետեւեալ նիւթը. «Լեւոն Շանթի գերմանական շրջանը. Գերմանական «Դարավերջի» Ակադեմիայի ազդեցութիւնը նրա արձակի ու քերթողութեան վրայ»։ Ֆրից նախ ներկայացրեց նշանաւոր հայ թատերագիր Լեւոն Շանթի (1869-1951) կեանքի աշխարհագրական տարբեր փուլերը։ Ծանօթ է, որ նա Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան հիմնադիր անդամներից մէկն է եղել եւ տնօրէնը՝ Բէյրութի Նշան Փալանճեան ճեմարանի, եւ որ իր կեանքի վերջին երկու տասնամեակներն մինչեւ իր ծերութիւնը անցկացրել է Բէյրութում, որտեղ եւ նա մահացել ու թաղւել է։ Նա իր ուսման մեծ մասն ստացել է գերմանական համալսարաններում։ Պոլսոյ Սկիւտարում եւ Էջմիածնի Հոգեւոր ճեմարանում իր սկզբնական կրթութիւնն աւարտելուց յետոյ, շուրջ քսան տարեկան իր հասակում, դեռեւս իբրեւ «Լեւոն Սեղբոսեան», նա մեկնել է Գերմանիա եւ 1893-1899 թւականներին Լայպցիգի, Ենայի եւ Միւնիխի համալսարաններն յաճախել է, ուսանելով ոչ միայն փիլիսոփայութիւն, այլեւ մանկավարժութիւն եւ այլ առարկաներ։ Մատթիաս Ֆրից ցոյց տւեց յիշեալ համալսարանների արձանագրութեանց տոմարներում գտնւող Շանթի վերաբերող վաւերաթղթերը։ Գերմանական ժամանակաշրջանում, Շանթ արդէն իսկ արձակ ու չափածոյ երկերի հեղինակ էր, ինչ որ նւազ ծանօթ է, որտեղ նա իր մտածումներն էր արտայայտում ազգի ու ընկերութեան մասին։ Գերմանիայում գրի առնւած այս երկերի շարքում են «Երազ Օրեր», «Դուրսեցիները», «Դերասանուհին», «Դարձ» խորագրւած երկերը, եւ սրանց կողքին, քերթւածների մէկ հաւաքածոյ, «Երգեր» խորագրով։ Զեկոյցով ցոյց տրւեց, թէ ինչպէս Շանթի վաղ շրջանի ստեղծագործութիւնները ազդեցութիւն են կրել գերմանական ակադեմիական շրջապատի, Գերմանիայի 19-րդ «դարավերջ»-ի (fin de cicle) ժամանակաշրջանում։ Ֆրից վերջում նաեւ Շանթի «Փիլիսոփաներ» քերթւածի օրինակով լուսաբանեց գերմանական ազդեցութեան ձեւն ու ոլորտը։

Վերջին նիստի վերջին զեկուցաբերն էր Իշխան Չիֆթճեան, Համբուրգի համալսարանից, որը ներկայացրեց «Կենսագրական վերհանումներ Ներսէս Արքեպս. Մելիք-Թանգեանի (1866-1948) վաստակից» նիւթը։ Նա Ատրպատականի հայոց թեմի բազմավաստակ առաջնորդի՝ Ներսէս արքեպս. Մելիք-Թանգեանի կեանքի ու գործունէութեան ուրւագծումից յետոյ, վերհանեց նրա կենսագրութիւնից կարեւոր երեսներ, որոնք ճակատագրական նշանակութիւն էին ունեցել թեմի եւ ընդհանրապէս հայոց պատմութեան տւեալ ժամանակաշրջանի համար։ Չիֆթճեան հաստատեց, որ Մելիք-Թանգեան պատկանում է պատմութեան մէջ այնպիսի անձնաւորութիւնների փաղանգին, որոնց կենսագրութիւնը չի բաժանւում պատմութիւնից, այլ կերտում է պատմութեան տւեալ հատւածը։ Հայոց պատմութեան ճակատագրական պահերում՝ ցեղասպանութիւնից առաջ, դրա ընթացքում եւ դրանից յետոյ նա նւիրւել է գաղթականախնամ հսկայածաւալ աշխատանքի, անձնապէս նիւթական նպաստի միջոցներ որոնելով եւ հայթայթելով։ Առաջին Աշխարհամարտից խուսափող քրիստոնեայ բազմաթիւ զանգւածների տեղաւորումը Ջուլֆայում, նրանց խնամքը, ապա վերադարձը դէպի իրենց բնակավայր, ցեղասպանութեան որբերի հոգածութիւնը, ինչպէս նաեւ 1920-21-ին, Հայաստանի Հանրապետութեան աքսորալ աւագանու ապահովութիւնն ու բարեկեցութիւնը նրա համար եղել են առաջնահերթութիւններ։ Երկու աշխարհամարտերի ընթացքում, նա ներհայկական եւ արտահայկական մակարդակների վրայ՝ հոգեւոր, քաղաքական, դիւանագիտական, կրթական, որբախնամական, գաղթականախնամական բազմածաւալ գործունէութեամբ պատմութիւն ու կենսագրութիւն իրար է միահիւսել։ Գաղթականների հովանաւորչի նրա նւիրեալ աշխատանքը բարութեամբ չէ դիտւել սովետական իշխանութեան կողմից, որը բազմիցս ճնշում է բանեցրել Էջմիածնի օրւայ գահակալի վրայ, ստիպելով Ներսէս Սրբազանին հրաժարւել իր պաշտօնից։ Հայ եկեղեցու պատմութեան էջերում մի կարեւոր եւ ժողովրդավարական օրինակ համարեց Չիֆթճեան սոյն պարագան, որտեղ եկեղեցու պետին վերջում չի յաջողւում իրեն պարտադրւած կամքի իրականացումը, երբ Մելիք-Թանգեան իր պաշտօնում մնում է եւ վեհափառի առաջարկներն ու հրահանգները արժանանում են համաժողովրդական կրկնւող մերժումների։

Նշենք, որ ե՛ւ առաջին՝ ուրբաթ օրւայ, ե՛ւ երկուշաբթի օրւայ զեկոյցների աւարտին զեկուցաբերներին հարցեր ուղղւեցին եւ նրանք տւեցին հարկ եղած լուսաբանութիւնները, յաճախ ճամբայ բացելով քննարկումների։

Երրորդ զեկոյցի քննարկումից յետոյ, առաջնորդ Սրբազանը հրաւիրեց մասնակիցներին կատարելու իրենց եզրակացութիւնները, ե՛ւ իրենց Թաւրիզ կեցութեան եւ ուսումնասիրական շրջագայութիւնների, ե՛ւ գիտաժողովի մասին։ Կարճ հաստատումներով մասնակիցներից իւրաքանչիւրը արտայայտելէ ետք իր մասամբ անտեղեակութիւնը Ատրպատականի հայոց թեմի բազմաշերտ պատմութեան եւ մանաւանդ ներկայի դրութեան, ուրախութեամբ շեշտեց իր այս առաջին ծանօթութիւնը։ Նրանք մասնակից էին դարձել նաեւ վերանորոգւած ձիակառքի բացման արարողութեանը, կիրակի, Առաջնորդարանի շրջափակում, հանդիպելով թեմի ժողովրդի ներկայացուցիչներին, հանդիպում եւ զրոյց էին ունեցել առաջնորդ Սրբազանի հետ, թեմի եւ ընդհանրապէս Իրանի քրիստոնեաների ներկայի մասին։ Խանդավառ մթնոլորտում եւ ապագայ համագործակցութեան ինչ-ինչ ծրագրերի առաջարկներով նրանք արտայայտեցին իրենց հոգեկան եւ մտաւոր գոհունակութիւնը, փոխանցելով իրենց կարծիքն ու քննական գնահատականը։

Նրանք քաջալերւել էին անցեալ եւ ներկայ ժամանակներում Ատրպատականի մէջ հայերի հարստացուցիչ գոյութեամբ։

Գիտաժողովի վերջին նիստն ու եզրափակումը սրտառուչ կարեւորութիւն ունէին յատկապէս նաեւ Նախիջեւանի սահմանամերձ, գոհարակերտ Ս․ Ստեփանոսի մէջ տեղի ունենալու պատճառով: Ընդամէնը մի քանի կիլոմետր հեռաւորութեան վրայ Հին Ջուղայի ամբողջապէս կործանւած գերեզմանատնից ցեղասպանութեան հարցերի, ինչպէս նաեւ մեր մշակոյթի ու պատմութեան մէջ ճակատագրական դերեր ստանձնած Լեւոն Շանթի եւ Մելիք-Թանգեան Սրբազանի նման պայծառ անձնաւորութիւնների աշխատանքին անդրադարձը խորհրդանշականից աւել իմաստ ունեն, նշելով գիտութեան եւ նրա ներկայացման վայրի կապակցութեան կարեւորութիւնը։

Մեր օրերում, երբ հայագիտութեան թիւր հասկացողութիւնը, նրա անհարկի քաղաքականացումն ու ազգայնական շահերի անիմաստ ծառայեցումը հայրենիքում եւ սփիւռքում այնքան տարածւած իրականութիւններ են դարձել, նման գիտաժողովի իրականացումը, մեծաւ մասամբ օտար հայագէտների հնարաւորինս առարկայական մօտեցմամբ, յոյս էր ներշնչում։ Արդարեւ, հայագիտութեան առաւել բացումը դէպի մասնագիտական այլ ոլորտներ, երիտասարդ ուսանողների ընդգրկումն ու նրանց հետաքրքրութիւնների քաջալերումը, օտար հայագէտների առաւել ներգրաւումը, ոեւէ տեսակ «շահերի» շրջանցումը եւ նման առաջադրանքներ հայագիտութեան համար զարգացման նախապայմաններ ու մարտահրաւէրներ են։

Սրբոց Թարգմանչաց տօնի նախօրէին սկիզբ առած եւ տօնից երկու օր յետոյ շարունակւած եւ իր աւարտին հասած գիտաժողովը այս իմաստով էլ պատգամալից էր։ Մեր թարգմանիչ հայրերը օտարի իւրացման եւ հայացման սքանչելի օրինակներ են տւել ոչ միայն Ե․ դարում, այլեւ ԺԴ․ դարում, մեր այցելած Ծոր-Ծորի վանքում։ Նրանք Արեւելեան Հայաստանի սահմաններից եւ նրա նեղմիտ վանականներից հալածական, Յովհաննէս Ծործորեցիի գլխաւորութեամբ այնտեղ կատարել են արեւմտեան սկոլաստիկ երկերի հայացումը, կաթոլիկ «հակառակորդի» լեզւի եւ լեզւամտածողութեան հայացումով իսկ մեզ ժառանգ թողնելով ժամանակի հայկական լեզւազգացողութեան անգնահատելի օրինակներ։ 

Սրբազանը կատարեց գիտաժողովի եզրափակիչ խօսքը, շնորհակալութիւն յայտնեց մասնակիցներին, որոնք ընդառաջել էին գիտաժողովի հրաւէրին, Թեմական խորհրդին եւ գիտաժողովի կազմակերպիչ յանձնախմբի անդամներին, նրանց յանձնեց յուշանւէրներ՝ Սբ․ Թադէի մանրակերտ օրինակները, եւ վերստին հանդիպելու յոյսով բարի վերադարձ մաղթեց նրանց դէպի իրենց բնակած երկրները։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։