Հա

Համայնք

24/10/2017

Թարգմանչաց տօնը եւ Հայ մշակոյթի օրը Ուրմիայում

Հինգշաբթի, 19 եւ ուրբաթ, 20 հոկտեմբեր 2017-ին, հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, Ուրմիայի Սբ. Ստեփանոս եկեղեցու «Արամ Մանուկեան» սրահում, երկու օրերի վրայ տարածւած ձեռնարկներով, Հ.Օ.Մ.-ի հովանու տակ գործող «Անի» միաւորի կատարումով նշւեց Սրբոց Թարգմանչաց վարդապետաց տօնը եւ Հայ մշակոյթի օրը:

«alikonline.ir» - Հինգշաբթի, 19 եւ ուրբաթ, 20 հոկտեմբեր 2017-ին, հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, Ուրմիայի Սբ. Ստեփանոս եկեղեցու «Արամ Մանուկեան» սրահում, երկու օրերի վրայ տարածւած ձեռնարկներով, Հ.Օ.Մ.-ի հովանու տակ գործող «Անի» միաւորի կատարումով նշւեց Սրբոց Թարգմանչաց վարդապետաց տօնը եւ Հայ մշակոյթի օրը: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Զոյգ հանդիսութիւններին ներկայ էին Ուրմիոյ հոգեւոր հովիւ արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը, Ուրմիոյ շրջանի Պատգամաւորական ժողովի անդամներ, միութիւնների եւ կազմակերպութիւնների ներկայացուցիչներ եւ մշակութասէր ներկաներ:

«Անի» միաւորի չորս անդամներ միասնաբար կատարեցին բացման խօսքը, բարի գալուստ մաղթելով հանդիսականներին եւ նշելով Թարգմանչաց տօնի եւ Հայ մշակոյթի օրւայ բացառիկ խորհուրդը: Նրանք նաեւ կատարեցին օրւայ հանդիսութեան հաղորդավարութիւնը:

Այս տարի Հայ մշակոյթի օրը նւիրւել էր անմահանուն բանաստեղծ եւ հեքիաթագիր Յովհաննէս Թումանեանին: Առաջին օրը յատկացւած էր Յովհաննէս Թումանեանի հեքիաթների բեմականացման, հինգ թատերգութիւնների ներկայացումով: «Անի» միաւորի պատանի դերասանների խաղարկութեամբ բեմ բարձրացւեցին «Պոչատ աղւէսը», «Շունն ու կատուն», «Անբան հուրին», «Չարի վերջը» եւ «Պըլըպուղի»-ն:

Իրենց ուսուցիչների յոգնաջան աշխատանքի իբրեւ արդիւնք, փոքրիկ դերասանները այնքան յաջողութեամբ կարողացան բեմի վրայ իրենց ստանձնած դերերը կատարել, Թումանեանի գրականութեան հարազատ պատկերը ներկայացնելով հանդիսատեսին: Հինգ ներկայացումներում էլ, «Անի» միաւորի թատերական խմբակին յաջողւեց հանդիսականների մօտ ստեղծել այն մթնոլորտը, եւ փոխանցել այն զգացումները, որոնք արծարծւած հինգ նիւթերը իբրեւ պատգամ տալիս էին ներկայ մարդուն:

Թատերական ներկայացումների աւարտին բեմ հրաւիրւեց Հ.Օ.Մ.-ի Ուրմիոյ մասնաճիւղի ատենապետուհի Սեդա Մեջլումեանը որ վարչութեան անունից գնահատանք յայտնեց բոլոր երեխաներին եւ նրանց դասատուներին: Ապա, նա բեմ հրաւիրեց Ուրմիոյ հոգեւոր հովիւ Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանին, ընթերցելու համար Ատրպատականի հայոց առաջնորդի պատգամը: Սրբազան Հայրը իր պատգամում բարձր էր գնահատել Ուրմիոյ հայութեան կեանքում Հ.Օ.Մ.-ի դերակատարութիւնը, ինչպէս նաեւ նրա հովանաւորութեամբ ծաղկած «Անի» միաւորի մշակութային առաքելութիւնը: Սրբազանը նաեւ Հայ մշակոյթի տօնի առիթով, Թեմական խորհրդի կողմից նիւթական յատկացումներ էր կատարել ուրմիահայ բոլոր կառոյցներին՝ կրթական, մշակութային, մարզական, ինչպէս նաեւ շրջանի եկեղեցիների հոգաբարձութիւններին եւ խնամակալ մարմնին:

Մշակութային զոյգ ձեռնարկների առաջին օրը փակւեց քահանայ հօր «Պահպանիչ» աղօթքով:

Յաջորդ օրը՝ Ուրբաթ երեկոյեան, մշակութասէր հասարակութիւնը դարձեալ համախմբւեց «Արամ Մանուկեան» սրահում, ներկայ գտնւելու Հայ մշակոյթի օրւայ երկրորդ ձեռնարկին, որը գեղարւեստական ծրագիր էր ընդգրկում:

Միջոցառումը բացւեց Նայիրի Գոլոյեանի եւ Նունէ Խուդավերդեանի հաղորդավարութեամբ: Նրանք բարի գալուստ մաղթելով բոլորին, յայտնեցին որ օրւայ միջոցառումը բաղկացած է ժողովրդական երգերից, պարերից եւ արտասանութիւններից:

Պատանիների եւ պարմահունիների պարերը, երգերն ու ասմունքները սրահում մեծ խանդավառութիւն ստեղծեցին, արժանանալով ուրմիահայ մշակութասէր հասարակութեան ծափողջոյններին:

Ձեռնարկի աւարտին բեմ հրաւիրւելով, Հ.Օ.Մ.-ի ատենապետուհի Սեդա Մեջլումեանը եզրափակեց երկօրեայ մշակութային ծրագրերը: Շնորհաւորանքի եւ գնահատանքի իր խօսքը ուղղելով, տիկին Մեջլումեանը քաջալերեց բոլորին՝ երեխաներին եւ նրանց դաստիարակներին, որոնք ամիսներ տքնել էին իրենց խնամքին յանձնւած երեխաների հետ, լաւագոյն ծրագրերով հանդէս գալու համար:

Հ.Օ.Մ.-ի ատենապետուհին հակիրճ անդրադարձաւ «Անի» միաւորի երեքամեայ աշխատանքին, իր շնորհակալութիւնները յայտնելով տնօրէն՝ Լորիկ Ազիզեանին եւ նրա կողքում ծառայած բոլոր դաստիարակներին: Ապա, Հ.Օ.Մ.-ի վարչութեան կողմից, նա բոլորին նւիրեց արծաթէ ծաղիկներ, որոնք խորհրդանշականօրէն քաջալերանք էին տարիների ընթացքում իրենց ծառայութիւնը մատուցած անձերին՝ տնօրէն Լորիկ Ազիզեանին, դաստիարակներ՝ Մարինէ Յովհաննէսեանին, Արտեմիս Բայրամեանին, Նայիրի Գոլոյեանին եւ Նունէ Խուդավերդեանին: Ծնողների կողմից եւս երախտագիտական արտայայտութիւն եղաւ ծաղկեփնջերի մատուցումը «Անի» միաւորի բոլոր դաստիարակներին:

Այս առիթով, Հ.Օ.Մ.-ի վարչութիւնը վիճակախաղ կազմակերպել էր, ոսկեայ խաչի մեծ պարգեւով, որը նւիրաբերւել էր բարերար՝ տիկ. Սանդրա Մեջլումեանի կողմից, ի նպաստ Հ.Օ.Մ.-ի ապագայ ծրագրերին: Պարգեւի վիճակը ընկաւ Արմէն Բադալեանին:

Հայ մշակոյթի օրւայ քաղցր յուշերով, ներկաները հրաժեշտ տւեցին միմեանց եւ թողեցին սրահը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։