Հա

Համայնք

Կիրակի, 29 Հոկտեմբերի 2017 10:00

Հայ երիտասարդութեան ներդրման այսօր կարիք ունենք, եւ ո՛չ թէ վաղը

Ձեր արդար պահանջները մեզ համախմբել են այսօր այստեղ: Մեր ազգի անցեալով հետաքրքրւած, ներկայի կեանքով տագնապող եւ ապագայով մտահոգւած իւրաքանչիւր անձ, իր զոյգ ականջները լա՜յն պէտք է բացի ձեր առաջարկած իւրաքանչիւր տրամաբանւած խօսքի դիմաց, որովհետեւ որեւէ հաւաքականութիւն առանց իր նոր սերնդին, ի սկզբանէ կորցրած է լինում գոյատեւելու ամէն յոյս եւ հնարաւորութիւն:

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի բացման պատգամը, երիտասարդական միացեալ համագումարին

(Սպահան, 26-27 հոկտեմբեր 2017)

 

Ձեր արդար պահանջները մեզ համախմբել են այսօր այստեղ: Մեր ազգի անցեալով հետաքրքրւած, ներկայի կեանքով տագնապող եւ ապագայով մտահոգւած իւրաքանչիւր անձ, իր զոյգ ականջները լա՜յն պէտք է բացի ձեր առաջարկած իւրաքանչիւր տրամաբանւած խօսքի դիմաց, որովհետեւ որեւէ հաւաքականութիւն առանց իր նոր սերնդին, ի սկզբանէ կորցրած է լինում գոյատեւելու ամէն յոյս եւ հնարաւորութիւն:

Բոլոր ժամանակներում էլ պատմութիւնը ծնել է ղեկավարներ, իսկ մեր «փոքըր ածու»յում, մենք բախտ ենք ունեցել մեր եկեղեցու եւ ազգի գլխին տեսնելու մէկ անձնաւորութեան, որի առօրեայ աշխատատետրի առաջին գծի վրայ է արձանագրւած մեր երիտասարդութիւնը իր հիմնախնդիրներով: Սոյն տետրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի գրասեղանի վրայ կը գտնէք դուք, որի հայրապետական օրհնութեամբ հաւաքւել ենք այսօր այստեղ, իրանահայ կեանքից ներս մեր երիտասարդութեանը ականջալուր լինելու:

Մեր ազգի երկնակամարում, մեր եկեղեցու հովանին բոլորիս գլխի վերեւ անուրանալի փաստ է, հեռու սոսկ զգացւած ներկայութիւն լինելուց: Յատկապէս սփիւռքեան պայմաններում, փակ աչքերով իսկ տեսանելի լոյս է այն, որից հեռանալը մեզ կը գցի մայթերի տակ, մութ ու խոնաւ նկուղների մէջ: Տեսակաւոր «արբանեակ»ներ էլ գոյացնենք սփիւռքում, սկսած հայրենասիրութեան եւ այլ ցանկացած տեսակի երեւակայական «մոլորակ»ներից, բոլորն էլ պէտք է պտտւեն «արեւ»ին շուրջը, ապազգայնացման սփիւռքեան անջրպետի սառեցնող միջավայրում դոյզն ջերմութիւն զգալու համար իրենց գէթ արտաքին կեղեւի վրայ: Սիրենք թէ չսիրենք, ընդունենք թէ մերժենք, «Արեւ»ի լուսեղէն շրջագիծը տեսնելու ենք մեր փակ կոպերի յետեւից: Նայեցէք մեր բոլոր գաղութներին, Հայոց Ցեղասպանութիւնից առաջ եւ վերջ կազմւած բոլոր գաղթօջախների կեանքում կենտրոնական տեղը գրաւում է եկեղեցին, որի շրջափակից ներս ծաղկում են մեր բոլոր միւս կառոյցները:

Երիտասարդական տարիքը յատկանշւում է ձուլածոյ եւ կաղապարւած ամէն մտածում եւ գաղափար իր ոտքերի տակ ջարդելու եւ սեփականը ձուլելու իբրեւ կեանքի ժամանակահատւած: Ծնողների հետ զաւակների բախումը, յաճախ բացատրւում է ա՛յս գաղափարով: Անցեալում զաւակը բնական ընթացքով, իր հօր հիմնած գործի շարունակողն էր: Այսօր նա չի՛ հաւանում այն, նոյնիսկ եթէ հօր գործը շահութաբեր է եւ հարստացուցիչ, այլ՝ ուզում է ի՛նք հիմնած լինել իր սեփական գործը, տարբեր իր հօր աշխատանքից: Լուռ բողոք եւ պոռթկում է սոյն կեցւածքը, հին եւ կաղապարւած երեւոյթների դէմ: Ձեր կողմից այնքան լսւող Heavy metal եւ նմանօրինակ երաժշտութիւնները, որոնց ունկնդիր երիտասարդութիւնը արբեցած ընդհանուր կշռոյթի եւ նւագարանային միաձուլւող թրթռացումների ալիքների ցնցումների մէջ, անգիտակցաբար կը դատարկի իր հոգին, աշխարհի հին կարգերի բեռներից թեթեւացնելով այն:

Զաւակների կողմից իրենց ծնողների ժամանակավրէպ լինելը, յատկապէս ներկայ ժամանակներին, դարի արագավազ եւ յարափոփոխ լինելու բացայայտ նշան է: Այս ամսւայ գիւտին ծանօթութիւնը ունենալու դեռ ժամ չունեցած, յաջորդ ամսւայ նոր գիւտն է ծնւում արդէն, իսկ եթէ երիտասարդ չենք, կամ գէթ այդպէս չենք զգում, դժւար սովորող աշակերտների ապրած յետ մնալու զգացումով, ամօթահար նայում ենք մեր երիտասարդ «դասընկեր»ների աչքերին:

«Նոր»ի փնտռտուքի մէջ, իբրեւ երիտասարդութիւն, մենք փորձութիւնն ենք ունենում ամէն ինչ ցրելու եւ մէջտեղից տանելու: Մեր այս արարքը նման է, տան մէջ մեր ծնողների կողմից տարիների ընթացքում հաւաքւած հին իրերը դէն գցելու «մաքրագործում»ի արարքին: Ինչ որ հին է, ուզում ենք ձերբազատւել եւ դուրս ենք շպրտում տնից: Այդ առարկաների շարքում երբեմն զոհւում են շատ կարեւոր իրեր, որոնք մեր ծնողների երիտասարդութիւնից անմոռանալի յուշեր են պարփակում իրենց մէջ: Բայց նկատի չենք առնում մեր ծնողների զգացումները:

Եկեղեցին, մեր ազգային աւանդութիւնները, մեր ազգի կեանքում կարեւոր դերակատարութիւն ունեցող կառոյցներն էլ նման վարմունքի են արժանանում յաճախ մեր կողմից: Սիրելի՛ երիտասարդներ, մեզնից պահանջւում է ԶԳԱԼ եւ ՍՈՎՈՐԵԼ տարբերութիւնը՝ ՓՈԽԵԼ եւ ԲԱՐԵՓՈԽԵԼ բայերի: Մինչ առաջինը մէկ բանի փոխարէն ուրիշը ունենալ նշանակում է, երկրորդը՝ արդէն իսկ եղածին աւելի բարելաււած ձեւ տալով, այն բարեփոխելու նշանակութիւնը ունի:

Մեր եկեղեցին սովորական կառոյց չէ, որ պատմութեան հոլովոյթի ընթացքում իմաստազուրկ կամ ժամանակավրէպ դառնայ: Եկեղեցին նախ արձանացած կանոն չէ, իսկ ինչ որ իբրեւ կանոն արձանագրւած ունի, մարդի՛կ գրել են, եւ իւրաքանչիւր ժամանակաշրջանի հոգեւոր ղեկավարներ այն վերանորոգել են, համաձայն տւեալ դարաշրջանի կամ ժամանակահատւած կեանքի պայմանների: Կրօնը, ի՛նք, դաւանական կանոնների ամբողջութիւն չէ՛, ո՛չ էլ «այս արա», «այն մի՛ արա»ի օրէնսգիրք է: Կրօնը ընկերային, հասարակական կեանքի երեւոյթ է մարդկային կեանքում: Ուստի, մա՛րդն է իր կրօնի հասարակական կանոնների բանաձեւողը եւ բարեփոխողը, ըստ իր ապրած ժամանակւայ կեանքի պահանջների:

Օրինակ, աղքատութիւն եւ հարստութիւն, հասարակական կեանքի հակադիր երեւոյթներ են: Կամ՝ բարոյականութեան հազարումի երեւոյթներ՝ արական եւ իգական միասեռականութիւն, թմրամոլութիւն, փոխնորդ մայրութիւն, արտաարգանդային յղութիւն, կրկնօրինակում եւ այլ բարոյական հարցերի դուռ բացող խնդիրներից, մեր եկեղեցին հեռու չի՛ կարող մնալ, որովհետեւ ժողովրդի առօրեայ կեանքին մաս են կազմում սրանք, իսկ եկեղեցին՝ ժողովուրդն իսկ է, եւ ոչ թէ աղիւսն ու շաղախը, դուռն ու պատուհանը, սիւնն ու երդիկը:

Ամէնից դժւար հարցի պատասխանը չունենք դեռ: Ի՞նչ ենք փնտռում այս կեանքում: Դեռ շուտ է մտածելու թէ ինչո՞ւ ենք ծնւել: Պիտի գայ այդ ժամանակը եւս, երբ այս հարցը տալու էք դուք ձեզ: Բայց հիմա՝ կարեւորը այն է, թէ ի՞նչ ենք փնտռում այս կեանքում: Երբեմն տեսնում ես մէկին, որը երիտասարդութիւնից բացի ոչինչ չունի իր վրայ: Նշանաւոր գրագէտ Ջորջ Բեռնարտ Շօուին մօտենում է մի գեղանի եւ անթերի կազմւածքով աղջիկ, հմայւած Ջորջի աշխարհահռչակ համբաւով, եւ առաջարկում է ամուսնանալ իր հետ: Կինը ասում է. «կարո՞ղ ես պատկերացնել, մեզնից ծնւած երեխան քո ուղեղն է ունենալու եւ իմ տեսքը»: Անւանի գրագէտը, որ դիմագծով տգեղ մարդ էր, հեգնանքով պատասխանում է գեղուհուն, «Իսկ եթէ ի՛մ տեսքն ունենայ եւ քո խելքը…»: Այո, սիրելի՛ երիտասարդ քոյրեր եւ եղբայրներ, ո՞վ չի իմանում երիտասարդական տարիքի սահմանափակ լինելու իրողութիւնը: Ուրեմն, դա մի տարիք է, որի ընթացքում պիտի կառուցւի դրանից յետոյ գալիք տարիների «շէնք»ը, որտեղ անցկացնելու ենք մեր ապագայ կեանքը: Առակաց գրքի հեղինակը ասում է, երիտասարդութեանդ օրերին յիշիր Աստծուդ, եւ մտածիր ա՛յն օրերի մասին, որոնք երբ հասնեն, ասելու ես, այս օրերը չե՛մ հաւանում:

Սիրելի՛ երիտասարդ-երիտասարդուհիներ, մենք, իբրեւ հայ ազգի զաւակներ, ազգերի ընտանիքում մեր տեղը իմանալու համար, պիտի նայենք մեր շրջապատին, զգուշանալով ջայլամի քաղաքականութիւնից: Ներկայ համաշխարհայնացած կեանքում, երբ բոլորս նոյն աւազանում են լողում, որի ջուրը ոչ միայն կեղտոտւել, այլեւ նեխել է արդէն, նկատում ենք որ իւրաքանչիւր ազգ դէպի իր արմատներն է ձգւում: Այստեղ եւս կայ մէկ փորձութիւն, որը կոչւում է արմատականութիւն, որից տառապում է այսօրւայ աշխարհը: Մենք պիտի տարբերութիւն դնենք արմատականութեան եւ ինքնութեան պահպանման միջեւ: Մենք, քանակով փոքր ազգ լինելով, միշտ պիտի ձգտենք մեր ինքնութիւնը պահպանել, մեր պատմութիւնը հիմք ունենալով: Անցած տասնամեակներին, յատկապէս Հայոց Ցեղասպանութիւնից յետոյ, այս գործընթացը կոչւեց «հայեցի դաստիարակութիւն»: Այնքա՜ն ընդարձակ է այս ուսումնառութիւնը, որ ձգւում է սերնդից սերունդ, եւ ոչ ոք շրջանաւարտ չի՛ լինում: Մինչեւ օրս ո՛չ սահմանւել է եւ ոչ էլ բանաձեււել այս «դաստիարակութիւնը», որովհետեւ դրա կարկինը շա՜տ լայն է: Ազգ, եկեղեցի, դպրոց, կրթութիւն, լեզու, լեզւամտածողութիւն, աւանդոյթներ, ազգային գաղափարախօսութիւն, մշակութային քարոզարշաւ, բացառիկ ճարտարապետութեան երկնասլաց հպարտութիւն, հայ գրականութեան եւ արւեստների գերադաս զգացողութիւն, ցեղային եւ տոհմային առաւելութեան ուսուցում եւ դեռ ինչքա՜ն հպարտառիթ ազդակներ, որոնք բոլորը միասին սիրում ենք անւանել «հայեցի դաստիարակութիւն»:

Ո՞վ կարողացել է յաջողութեամբ աւարտել այս դասընթացքը: Եթէ մենք մեզ հարց տանք, բոլորս էլ կը պատասխանենք՝ բոլորս էլ յաջողութեամբ աւարտել ենք: Սակայն ճշմարտութիւնից շա՜տ հեռու ենք: Ճիշտ է ճիգ չենք խնայել կազմակերպելու այս «դասընթացք»ը, սակայն ձախողւել ենք մեր աշխատանքի մէջ: Որովհետեւ սոյն «դասընթացքի» հետեւողներից շա՜տ աւելի մեծ քանակութեամբ երիտասարդութիւն ունենք, որոնք ո՛չ թէ տեղեակ չեն սոյն «դասընթացք»ի գոյութիւնից, այլ աւելին՝ անտարբեր են դրա նկատմամբ, հեռացել են, չեն էլ ուզում հետեւել, եւ աւելի՛ ցաւալին այն է, որ որեւէ բանից զրկւած չեն զգում իրենք իրենց…: Ուրեմն ի՞նչ: Թուլացե՞լ են մեր ազգութեան արմատները եւ ոչնչութի՞ւն են մեր հայրերի անցեալի փառքն ու պատմութիւնը, կամ յանցաւո՞ր են նրանք որ անտարբեր են դրանց նկատմամբ: Ո՛չ մէկը եւ ո՛չ էլ միւսը: Պարզապէս մենք ենք յանցաւոր, որ ճիշտ ժամանակին եւ ճիշտ օրին չենք կարողացել նրանց մէջ հետաքրքրութիւն ստեղծել, նորութիւններով յատկանշւող աշխարհի այս նոր ժամանակներում:

Ի՞նչ անել: Յուսահատւե՞լ, կամ թողնել որ հոսանքը տանի՞ մեզ: Ո՛չ: Այստեղ մենք հաւաքւել ենք, մէկ բուռ երիտասարդ-երիտասարդուհիներ, մեր ներդրումը ունենալու մեր ներկայ տագնապալի իրավիճակից դուրս գալու: Մենք ձեր օգնութեան կարիքը ունենք: Այնպէս ինչպէս դուք էք տեսնում աշխարհը, մենք չենք կարող տեսնել այն: Ձեր աչքերի հայեացքի մէջ, նոյնիսկ մութ գոյները աւելի պայծառ են շողում, իսկ վարդագոյնը ձեր աչքերի մէջ ունի կենսալից հրայրք, որը արհամարհում է ամէն տեսակ փշի ու խոցի առկայութիւնը, երջանկութեան վարագոյրով պատելով ամէն դժբախտութիւն եւ տառապանք: Ձեր այս յուսալից տեսիլքը օդի եւ ջրի նման կենսական է այսօր մեր ազգի եւ եկեղեցու համար: Այս ներդրումն է որ անհրաժեշտ է մեր ժողովրդին, ե՛ւ եկեղեցու ե՛ւ հայրենիքի ե՛ւ ազգութեան պահպանման համար: Մի սպասէք որ մէկը ձեզ հրաւիրի ազգային ծառայութեան: Դուք եկէք յառաջ, պահանջելով ձեր ինքնակամ, յօժարակամ ծառայութիւնը բերել մեր հաւաքական կեանքին: Ճիշտ է, աշխարհը ընթանում է դէպի նիւթապաշտութիւն: Այս գահավէժ ընթացքը իր հոսանքի հետ տարել է ամէն սրբութիւն՝ նւիրում, ինքնընծայում, զոհաբերութեան ոգի եւ նման այլ առաքինութիւններ: Ամէն մարդ նւազագոյն աշխատանքի համար վարձք է ակնկալում: Ահա եւս մէկ մարտահրաւէր ձեր բոլորի դիմաց: Նախկին սերունդների նւիրեալները յիմարնե՞ր էին միթէ, որոնք իրենց կեանքից ժամ եւ քսակից էլ փող դրեցին մեր ազգի ընդհանրական գոյութիւնը պահպանելու համար: Եթէ ասենք աշխարհը փոխւել է եւ հիմա նման բաներ չկան, մենք մեզ խաբած կը լինենք: Աշխարհը ինք իր տեղում մնացել է, մենք ենք փոխւել միայն: Սակայն բարոյական իսկական արժէքները փոփոխութեան չեն ենթարկւի: Բոլոր ժամանակներում էլ անձնազոհ մարդիկ եղել են եւ լինելու են դեռ: Բոլոր ժամանակներում էլ զոհաբերութեան ոգով ծառայող եւ վեհ գաղափարների համար նահատակւող ասպետներ եղել են, եւ դեռ լինելու են: Իսկ այս օրինակների մղիչ ոյժը՝ գիտակցութիւնն է: Գիտակից մարդը կարող է միայն զանազանութիւն դնել գնայունի եւ մնայունի միջեւ: Միայն նա կարող է իսկական արժէքները զանազանել կեղծ եւ գձուձ արժէքներից: Պարզ է, որ ամէն փայլող իր, ոսկուց սարքւած չի լինում:

Երկու օրերի վրայ տարածւած նիստերի ընթացքում, բարձրաձայն եւ յանդուգն մօտեցումներով մտածեցէք այս հարցերի մասին, միշտ նկատի ունենալով հետեւեալ երեք կէտերը.

ա) Ի՞նչ է սպասում ինձնից իմ ազգը, իմ եկեղեցին եւ իմ հայրենիքը:

բ) Եթէ ոչ ես, եւ ոչ հիմա, հապա ո՞վ եւ ե՞րբ օժանդակելու է այս խնդիրների լուծմանը:

գ) Քանդելը հեշտ է, իսկ կառուցելը դժւար: Եղածը վերանորոգելը հեշտ չի՛, բայց շատ աւելի ձեռնտու է, քան՝ հինը հիմնովին քանդելը՝ հաւանական նորը կառուցելու յոյսով:

Իսկ մենք, ձեր ներդրման կարիք ունենք այսօ՛ր, եւ ո՛չ թէ վաղը: Չասէք՝ կը մեծանանք եւ գործի կը լծւենք: Դա արդէն ուշ կը լինի…:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։