Հա

Համայնք

Երկուշաբթի, 06 Նոյեմբերի 2017 11:00

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ուրմիահայ ժողովրդի հետ

Կիրակի, 5 նոյեմբեր 2017-ին, Ուրմիոյ ծխական Սբ. Ստեփանոս եկեղեցում մատուցւած սբ. եւ անմահ պատարագին հանդիսապետեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը եւ յընթացս պատարագի «Հայր Մեր»-ից առաջ տւեց իր պատգամը: 

«alikonline.ir» - Կիրակի, 5 նոյեմբեր 2017-ին, Ուրմիոյ ծխական Սբ. Ստեփանոս եկեղեցում մատուցւած սբ. եւ անմահ պատարագին հանդիսապետեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը եւ յընթացս պատարագի «Հայր Մեր»-ից առաջ տւեց իր պատգամը: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Ուրմիոյ տարբեր թաղամասերից, բարեպաշտ եւ հաւատաւոր հայորդիներ, հակառակ աշխատանքային օր լինելուն, հաւաքւել էին Աստծու Տան մէջ, իրենց աղօթքը բարձրացնելու առ Աստւած եւ լսելու առաջնորդ Սրբազան Հօր քարոզը:

Ուրմիոյ հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը բարի գալստեան խօսք ուղղեց Սրբազան Հօր, մաղթելով որ արդիւնաբեր ծառայութիւնը կը շարունակի նա Ատրպատականի հայոց թեմում, հոգեւոր արթնութեան առիթ հանդիսանալով այս տարածաշրջանում ապրող հայութեան:

Սբ. պատարագի երգեցողութիւնը կատարւեց եկեղեցու «Նարեկացի» երգչախմբի կողմից, ղեկավարութեամբ Օֆելիա Սայադեանի, իսկ խորանին սպասարկեց՝ Թադէ դպիր Էլիասզադէն:

Սրբազան Հայրը օրւայ Աւետարանի հատւածի երեք պարբերութիւնները մեկնաբանելով, Յիսուսի խօսքի այժմէականութիւնը բացատրեց, որ ասում է. «Ոչինչ չկայ որ ծածուկ մնայ եւ ի յայտ չգայ»: Մեր առօրեայ կեանքում տեղի ունեցող բոլոր դէպքերի եւ խօսակցութիւնների տեսնող ու լսող աչքն ու ականջը՝ Աստւած է, ասաց նա, մանաւանդ շեշտելով որ նոյնիսկ եթէ մարդկանց դատաստանից փախնենք, մի օր անպայման Աստծու դատաստանի առջեւ ենք կանգնելու մեր մահւանից յետոյ: Նոյն օր ընթերցւած Աւետարանի հատւածի երկրորդ մտածումը «Ոչ ոք ճրագը վառելով կաթսայի տակ չի՛ դնի» Յիսուսի խօսքը բացատրելով, նա ասաց, թէ մեր քրիստոնէութեան լոյսն է այն, որը մեր Փրկչից ենք ստացել Սուրբ Հոգու շնորհքով, եւ այն լոյսը՝ մեր հաւատքը, մեր վարքով ու կենցաղով պէտք է լուսաւորի ուրիշների կեանքը, ուղեցոյց լինելով կորւած հոգիների, որոնք դեռեւս մթութեան մէջ խարխափում են իրենց ճանապարհը: Եւ վերջապէս, նոյն հատւածի երրորդ մտածումը՝ «Իմ մայրս ու եղբայրներս նրանք են, որոնք Աստծու խօսքը լսում են եւ գործադրում», բացատրելով, Սրբազան հայրը ասաց որ լսելուն եւ գործադրելուն մէջ շատ մե՜ծ տարբերութիւն կայ: Ոմանք միայն լսում են, սակայն իրենց ուզածն են գործադրում, կարծելով թէ Աստծու ուզածն են կատարում: Հաւաքական կեանքի մէջ եւս նոյն մարդկային թերութիւնը մատնանշեց Սրբազանը, ասելով որ մեր անձնական շահերից գերիվեր պէտք է դասենք մեր ազգի, եկեղեցու եւ մեր հաւաքական կեանքի շահը:

Յայտնենք, որ ս. պատարագից անմիջապէս յետոյ, առաջնորդ Սրբազանը եկեղեցու Խնամակալ մարմնի հետ հանդիպում ունեցաւ, լսելով նրանց առաջարկները եկեղեցու բարեզարդման ի խնդիր: Խնամակալ մարմնի կառոյցում գործող ծառայասէր մի խումբ կանայք իրենց յառաջիկայ գործունէութեան ծրագիրը ներկայացրին Սրբազան Հօր, ինչպէս նաեւ լսեցին նրա հայրական թելադրութիւնները, առաւել եւս պայծառացնելու համար եկեղեցու երգեցողութիւնը: Սրբազանը այս առիթով բարձր գնահատեց Խնամակալ մարմնի աշխատանքը, յատկապէս ասելով. «Իւրաքանչիւր թեմի, որը ինքնին հոգեւոր ու վարչական կառոյց է, կենտրոնում է գտնւում եկեղեցին, որի շուրջը համախմբւում ենք իբրեւ այս ազգի զաւակները: Եկեղեցի ասելով միայն գրասենեակ եւ յարակից շէնքերը չենք հասկանում, այլ ամէն բանից առաջ՝ աստւածապաշտական արարողութիւն է նշանակում եկեղեցին, դրա հոգեթով երգեցողութեամբ եւ աղօթական մթնոլորտով: Ինչքան կանոնաւոր երգեցողութեամբ օժտւած, մաքուր, բարեկարգ եւ պայծառ լինի մեր եկեղեցին, այնքան աւելի հարազատ տունը կը լինի այնտեղ համախմբւող բարեպաշտ ժողովրդի»-, ասաց նա, մի քանի ծրագրեր եւս ներկայացնելով անդամներին, որոնք յառաջիկային գործադրւելու են, Խնամակալ մարմնի ծառայութեան ազդեցութիւնը հզօրացնելու համար:

Նոյն օրը կէսօրին, առաջնորդ Սրբազանը ճաշի հիւրը եղաւ Ազգային Բարերար՝ Էդիկ եւ Սանդրա Մեջլումեանների:

 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։