Հա

Համայնք

Երեքշաբթի, 21 Նոյեմբերի 2017 10:10

Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի մասնաճիւղի «Տաթեւ» պարախմբի ելոյթը Թեհրանում

Արդէն երեք տարին բոլորած «Տաթեւ» պարախումբը հնարաւորութիւն ստացաւ Թեհրանում աշխատող Հ. Ուս. «Չահարմահալ» միութեան Կենտրոնական վարչութեան անվերապահ համագործակցութեամբ, թւականիս նոյեմբերի 3-ին, նոյն միութեան «Յ. Թումանեան» սրահում ելոյթ ունենալով ներկայանալ թեհրանահայ հանդիսատեսին:

Հայրենիքից դուրս ապրող սերունդների համար հոգում ոգեղէն Հայաստանը կերտելու եւ նրանց հայօրէն դաստիարակելու հրամայականից է բխում մեր միութիւնների գործունէութեան ծաւալումը: Իրանահայ իրականութեան մէջ ամենաերէց միութիւններից մէկը՝ ՀՕՄ-ի Թաւրիզի մասնաճիւղը իր հիմնադրման իսկ օրից, իր ծառայութիւնն է բերել ոչ միայն համայնքային կեանքին, այլ սերունդներին կրթելու եւ դաստիրակելու գործն էլ դարձրել է իր ամենօրեայ նպատակը, որի իրականացման համար, աւելի քան հարիւրամեայ կրթական գործունէութեամբ, աննահանջ կեցւածքով հայ մատաղաշ սերունդներին գրաճանաչ դարձնելու մեծ աւանդն ունի, սակայն կրթական կեանքի հետ միաժամանակ ՀՕՄ-ի յարկի տակ ընթացել է նաեւ մշակութային կեանքը եւ այն էլ արւեստի տարբեր մարզերում, ինչպէս երգ-երաժշտութիւն-ասմունք - գրական երեկոյներ ու թատերական ներկայացումներ, իսկ արդէն աւելի քան երեք տարի է, որ ՀՕՄ-ի մշակութային ոլորտի նախաձեռնութիւնն է հանդիսանում «Տաթեւ» պարախումբը, որը ամենայն նւիրւածութեամբ եւ գեղարւեստական ղեկավարութեամբ՝ Կարինէ Մանուչերեանի, պարախմբի 50 անդամ-ուհիներին սերտօրէն կապել է պարարւեստին, ընդորում հայկական պարերին, որոնք ինքնին մեծ դերակատարութիւն ունեն սերունդների հայեցի դաստիրակութեան ու հայկական արմատներին ու նկարագրին հաւատարիմ մնալու մէջ:

Արդէն երեք տարին բոլորած «Տաթեւ» պարախումբը հնարաւորութիւն ստացաւ Թեհրանում աշխատող Հ. Ուս. «Չահարմահալ» միութեան Կենտրոնական վարչութեան անվերապահ համագործակցութեամբ, թւականիս նոյեմբերի 3-ին, նոյն միութեան «Յ. Թումանեան» սրահում ելոյթ ունենալով ներկայանալ թեհրանահայ հանդիսատեսին:

Նշեալ հանդիսութեանը ներկայ էին Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը, Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի եւ Ատրպատականի հայոց թեմի Պատգ. ժողովի ներկայացուցիչները, Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան Կենտրոնական վարչութեան անդամները, հրաւիրեալ հիւրեր, բարերարներ եւ մեծ թւով հանդիսականներ: «Տաթեւ» պարային համոյթի առաջին կատարումը «Հայաստան» երգի հնչողութեամբ առաջին վկայութիւնն էր այն իրականութեան, որ պարարւեստը, ոչ միայն հոգու եւ մարմնի ներդաշնակութիւն է այլ արւեստների մէջ ամենաբարդերից մէկը, որ միտք ու խորհուրդ է փոխանցում հանդիսատեսին առանց խօսքերի:

«Տաթեւ»-ի միջոցով ներկայացող իւրաքանչիւր կատարում արժանանում էր հանդիսատեսի բուռն արձագանգին, սակայն որոտնդոստ ծափերը ոչ միայն հնչեցին պարի աւարտին այլ հէնց սկզբում երբ, բեմի քուլիսներից մէկը միւսին յաջորդելով տասներեք տղաների խրոխտ շարանը բեմ էր մտնում Բերդ-Քոչարին կատարելու, իսկ նրանց որոտացող «հէ՜յ...» ձայներն ու ձեռքերի զարկից առաջացած թնդիւնը, հայկական մարտական ոգին էր փոխանցում «եար խուշտայի» հպարտ ու հզօր պարով:

Նայիրեան աղջիկների հեզաճկուն շարժումներով կեանք առան հայկական պարերի գեղեցիկ շարանը, իսկ յունական, իրանական եւ եւրոպական մշակոյթի արտայայտութիւն հանդիսացող պարերը, այլ ազգերի այն պարերից էին, որ երիտասարդ-ուհի կատարողները ներկայացրեցին հանդիսատեսի դատին:

Օրւայ միջոցառման ընթացքում, ազգային հայրենասիրական երգերի մի շարանով ելոյթ ունեցան պարախմբի տղաներից՝ Միրօ Աբրահամեանն ու Մոնթէ Դիլանեանը, իսկ բացի այդ էկրանին ցուցադրւեց «Տաթեւ» պարախմբի անցած երեք տարիների մասին պատմող եւ Սեւան Գասպարեանի միջոցով առնւած անհամար ֆոտոնկարներից ընտրած նկարների մի շարան, որ ուղեկցւում էր հարուստ երաժշտութեամբ, իսկ քլիփը հաւաքել ու համադրել էր ինքը՝ Սեւան Գասպարեանը: Հանդիսութեան ընթացքում, ներկաների ուշադրութեան յանձնւեց նաեւ «Տաթեւ» պարախմբի գործունէութիւնից ամփոփ բացադրագիր, իսկ օրւայ ելոյթը համեմւած էր նաեւ Եղիշէ Չարենցի, Վահագն Դաւթեանի եւ Գէորգ Էմինի բանաստեղծական կտորներով, որոնք ասմունքեց Նայիրի Դիլանեանը:

«Տաթեւ» պարախմբի ելոյթի առիթով Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանը Օրհնութեան գիր էր ուղղել միջոցառմանը, որն ընթերցւեց հէնց ծրագրի առաջին պարից անմիջապէս յետոյ: Սրբազան Հօր խօսքում ասւում էր, «Անապատում ծաղկի ծիլ աճեցնելու նման տքնաջան աշխատանքի արդիւնք է Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի մասնաճիւղի հովանաւորութեան ներքեւ գործող «Տաթեւ» պարախմբի ստեղծումը՝ նօսրացած թւով բայց գաղութային ուժեղ հիմքեր ունեցող համայնքը միայն կարող է ստեղծել նման պարախումբ, որը իր միայն տղայոց թւով գերազանցում է ներկայիս գործող պարախմբերի տղայոց քանակը ...

...Այս եւ նման աշխատանքների մղիչ ոյժը, սակայն միշտ յանձնառու մարդիկ են եղել, թւով քիչ, բայց նւիրեալ, որոնք իրենց ժամանակից, քսակից, վաստակից, համբաւից եւ սիրուց կարեւոր բաժին են նւիրաբերել իրենց բարի նպատակին:

Նւիրեալ այդ անձերից է, «Ակունք» համոյթի վաստակաշատ պարուսոյց եւ գեղարւեստական ղեկավար՝ տկն. Կարինէ Մանուչերեան-Սուքիասեանը, որ աննահանջ երթուդարձով, Թեհրան-Թաւրիզ-Թեհրան ճանապարհը մաշեց, սակայն այսօր մեր ձեռքերում դրեց մի աւանդ «Տաթեւ» պարախումբը, որը ուրիշ բան չէ, եթէ ոչ իր տարիների վաստակի ու փառահեղ համբաւի թագի վրայ աւելացած թանկարժէք պսպղուն մէկ գոհար: ...

...Թեմիս ազգային իշխանութեան անունից եւ անձնապէս շնորհաւորում ենք բոլորիդ եւ եւ յատկապէս Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի մասնաճիւղի վարչութեանը, սոյն իրագործման հիասքանչ առիթով: Թող հայ մշակոյթը ծաղկի, հայ ազգի յաւերժութեան ճանապարհը սալարկելով:»

«Տաթեւ» պարային համոյթի ելոյթն աւարտւեց խմբի միջոցով կատարւող «Հայաստան» պարով, աւիւն եւ ոգի ներշնչելով հանդիսատեսին, որն էլ իր բուռն զգացմունքները արտայայտեց երկարատեւ ծափերով, իսկ այդ գնահատանքի արտայայտութիւնը կրկնապատւեց երբ պարախմբի փորձավարներ՝ Մարիա Շահանփուրի (Գասպարեան) ու Նարինէ Սայեադեանի ուղեկցութեամբ բեմ ելաւ «Ակունք» եւ «Տաթեւ» պարային համոյթների գեղարւեստական ղեկավար եւ բեմադրիչ՝ Կարինէ Մանուչէրեանը, որին էլ ծաղկեփնջերով դիմաւորեցին պարախմբի անդամ-ուհիների ծնողների ներկայացուցիչները:

Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի մասնաճիւղի վարչութեան անունից տկն. Սեդա Ֆարմանեանը յուշանւէրներ յանձնեց Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան Կենտրոնական վարչութեան, նոյն միութեան նախագահ՝ պրն. Արշաւիր Քեշիշեանին, Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդին, «Ալիք» հաստատութեան եւ «Ալիք» օրաթերթի տնօրինութեանն ու խմբագրական կազմին, բարերարներ տկն. Էլպիս Արզումանեանին (Գասպարեան) եւ պրն. Արա Հրաչեանին, Սեդա Բաղդասարեանին (Ֆարմանեան) եւ Վերգինէ Էլիասեանին:

Հ.Օ.Մ.-ի վարչութեան եւ «Տաթեւ» պարախմբի անունից յուշանւէրներ յանձնւեց նաեւ տկն. Կարինէ Մանուչէրեանին, իսկ Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի մասնաճիւղի վարչութեան յուշագիրը տկն. Կարինէ Մանուչերեանին յանձնւեց Ատրպ. հայոց թեմի Պատգ. ժողովի անդամ՝ Արմոնդ Բադալեանի միջոցով: Կարինէ Մանուչերեանը եւս պրն. Արշաւիր Քեշիշեանի միջոցով, «Տաթեւ» պարախմբի անդամներին պարգեւատրեց յուշագրերով, իսկ հանդիսութեան աւարտին խօսքը յանձնւեց պրն. Արշաւիր Քեշիշեանին, որը բարձր գնահատեց Կարինէ Մանուչերեանի նւիրաւածութիւնն ու տքնաջան աշխատանքը եւ նրա տարիների վաստակը պարարւեստի բնագաւառում, իր խօսքերում եւս անդրադառնալով Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան երկարամեայ համագործակցութեանը Թաւրիզի միութիւնների հետ եւ տւեալ պահին, Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի մասնաճիղի հետ եւ յոյս յայտնեց, որ այդ համագործակցութիւնները դեռ երկար շարունակւելով կը նպաստեն, մեր սերունդների դաստիրակչական գործին նոր ոգի ներշնչելուն եւ համայնքների աշխոյժ կեանքին:     

ԹՂԹԱԿԻՑ,
ԹԱՒՐԻԶ

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։