Հա

Համայնք

Հինգշաբթի, 30 Նոյեմբերի 2017 13:00

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը այցլեց Արեւմտեան Ատրպատականի նահանգապետին

Չորեքշաբթի 29 նոյեմբեր 2017-ի երեկոյեան ժամը 5-ին, առաջնորդ Սրբազանը ընկերակցութեամբ Ուրմիոյ հոգեւոր հովիւ արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանի, Թեմական խորհրդի կազմի, ներկայութեամբ ատենապետ Ռուբիկ Ջանանեանի, Վարդան Աբրահամեանի, Գագիկ Ջորջեանի Ալէն Սայադեանի եւ Ուրմիահայ ազգային բարերար Էդիկ Մեջլումեանի, որ Սրբազան Հօր պատւիրակութեան մաս էր կազմում, պաշտօնական հանդիպում ունեցաւ Արեւմտեան Ատրպատականի նորանշանակ նահանգապետ՝ դոկտ. Շահրիարիի հետ նահանգապետարանում, Ուրմիա: 

«alikonline.ir» - Չորեքշաբթի 29 նոյեմբեր 2017-ի երեկոյեան ժամը 5-ին, առաջնորդ Սրբազանը ընկերակցութեամբ Ուրմիոյ հոգեւոր հովիւ արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանի, Թեմական խորհրդի կազմի, ներկայութեամբ ատենապետ Ռուբիկ Ջանանեանի, Վարդան Աբրահամեանի, Գագիկ Ջորջեանի Ալէն Սայադեանի եւ Ուրմիահայ ազգային բարերար Էդիկ Մեջլումեանի, որ Սրբազան Հօր պատւիրակութեան մաս էր կազմում, պաշտօնական հանդիպում ունեցաւ Արեւմտեան Ատրպատականի նորանշանակ նահանգապետ՝ դոկտ. Շահրիարիի հետ նահանգապետարանում, Ուրմիա: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Առաջնորդ Սրբազանը շնորհաւորելով նահանգապետին իր նոր պաշտօնի համար, ներկայացրեց Արեւմտեան Ատրպատականում հայերի դարաւոր գոյութեան հակիրճ պատմութիւնը, շեշտելով թէ հայեր աւելի քան երկու հազար տարիներից ի վեր ապրում են այս տարածաշրջանում եւ իրենց հաւատարմութեամբ երկրի վերելքին բերում իրենց անվերապահ աջակցութիւնը: Այս շրջագծից ներս, առաջնորդ Սրբազանը բարձր գնահատանքով մեծարեց Ատրպատականի հայոց թեմի Ուրմիահայ բարերար Էդիկ եւ Սանդրա Մեջլումեաններին, որոնք արդէն դպրոցական երրորդ շէնքը կառուցեցին Ուրմիոյ մէջ, նահանգի կրթական աշխատանքներին  մեծ  նպաստ  բերելով:  Սրբազանը  շեշտեց, որ ազգային բարերարը ոչ մէկ տարբերութիւն չի՛ դնում հայ եւ իրանցի ժողովուրդների միջեւ, եւ բոլորին երկարելով իր ձեռքը՝ օժանդակելու համար:

Ապա, Սրբազան Հայրը լայնօրէն բացատրեց Ատրպատականի հայոց թեմի վարչական կառոյցը իբրեւ մէկ ամբողջութիւն՝ կենտրոն ունենալով Թաւրիզը, եւ հրաւիրեց նահանգապետին իր հովանաւորութիւնը շնորհելու Պատգամաւորական ժողովի յառաջիկայ ընտրութիւններին: Սրբազան Հայրը անդրադարձաւ տարածաշրջանում Իրանի Իսլամական Հանրապետութեան վարած դրական քաղաքականութեան, որը բոլոր դժւարութիւնների տոկալով եւ բոլոր մարտահրաւէրները դիմակալելով, տարածաշրջանում գտնւող երկրների եւ ժողովուրդների ինքնորոշման ջատագովն է հանդիսանում, արդարութեան եւ խաղաղութեան դեսպանը լինելով պատերազմների եւ արհաւիրքների բովից անցնող մարդկանց համար. «Իրանը իրեն պարտադրւած բոլոր կացութիւնների եւ դժւարութիւնների միջից պատւով է դուրս եկել, իբրեւ մէկ ամբողջութիւն: Պարտադրեալ պատերազմի տարիներին եւ մինչեւ այսօր, Իրանում բնակւող բոլոր կրօնների եւ մշակոյթների ու ազգութիւնների պատկանող մարդիկ միացնում են իրենց ոյժերը եւ յաղթում: Ա՛յս է Իրանի հզօրութեան գաղտնիքը: Քրիստոնեայ եւ Իսլամ, հայ, ասորի, լոռ կամ զրադաշտականի միջեւ խտրութիւն չդրեց թշնամին, այնպէս ինչպէս այս տարբեր ենթահողերից եկող նահատակների միջեւ այսօր խտրութիւն չի՛ դնում Իրանը», ասաց Սրբազանը:

Վերջապէս, Սրբազան Հայրը նահանգապետի միջոցով շնորհաւորեց Իրանի պետութեանը, ԴԱԷՇ կոչւած ահաբեկչական կազմակերպութեան կրած ջախջախիչ պարտութեան առիթով Իրաքում եւ Սիրիայում:

Նահանգապետը իր ուրախութիւնը յայտնեց սոյն ծանօթացման հանդիպման համար, յայտնելով իր քաջատեղեակ լինելը Իրանում եւ յատկապէս Ատրպատականում ապրող հայերի դրական ներկայութեան մասին: Նա շեշտեց կրօնների դերը խաղաղութեան գործընթացում, ուրախութիւն յայտնելով, որ Սրբազանը մայիս 2017-ին մասնակցութիւն էր բերել Բեռլինի Քրիստոնեայ-Իսլամ խորհրդաժողովին, յիշեցնելով որ ինք այդ օրերին Գերմանիայի մօտ Իրանի դեսպանի պաշտօնն էր զբաղեցնում: Սրբազանը նաեւ յայտնեց, թէ նոյն խորհրդաժողովը շարունակւելու է Միացեալ Ազգերի Կազմակերպութիւնում՝ Նիւ Եօրքում, 5 դեկտեմբեր 2017-ին, որին մասնակցելու հրաւէրը եւս ստացել է:

Նահանգապետ դոկտ. Շահրիարի պատրաստակամութիւն յայտնեց թեմի Արեւմտեան կողմի բոլոր աշխատանքներին օժանդակելու: Ի վերջոյ նահանգապետը խոստացաւ անպայման այցելել Ազգային առաջնորդարան, Թաւրիզ, մօտից ծանօթանալու Ատրպատականի հայոց թեմի աշխատանքներին: Աւարտին տեղի ունեցաւ յուշանւէրների փոխանակում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։