Հա

Համայնք

Կիրակի, 24 Դեկտեմբերի 2017 10:40

Նոր տարւայ տօնավաճառ Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի կենտոնատեղիում

2018 տարւայ սեմին, այս տարի եւս Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի արւեստից բաժանմունքը 22 դեկտեմբեր 2017-ի երեկոյեան ժամը 4.30-ից 9-ը կազմակերպել էր նոր տարւայ տօնավաճառ, իր «Արարատ»-ի սրահում:

«alikonline.ir» - 2018 տարւայ սեմին, այս տարի եւս Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի արւեստից բաժանմունքը 22 դեկտեմբեր 2017-ի երեկոյեան ժամը 4.30-ից 9-ը կազմակերպել էր Նոր տարւայ տօնավաճառ, իր «Արարատ»-ի սրահում: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Տօնավաճառի պաշտօնական բացումը կատարեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան, ներկայութեամբ Թեմական խորհրդի ներկայացուցիչ անդամների, գլխաւորութեամբ ատենապետ Ռուբիկ Ջանանեանի, Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի վարչութեան, արւեստից յանձնախմբի անդամների, ինչպէս նաեւ Կազմակերպութեան այլ բաժանմունքների անդամների եւ մեծաթիւ թաւրիզահայերի:

Ամբողջ սրահը լցւել էր ցուցադրասեղաններով, որոնց վրայ գեղեցկօրէն զետեղւել էին տնային առօրեայ պիտոյքներ, նոր տարւայ յատուկ զարդեղէններ, ձեռագործներ եւ գեղագիտական բնոյթի իրեղէններ եւ զարդեղէններ, ինչպէս նաեւ ուտեստեղէններ՝ չիր ու չամիչ եւ խմորեղէնի այլազան տեսակներ:

Սրբազան Հայրը իր ընկերակիցներով շրջագայեց սրահում, մօտենալով ցուցադրասեղաններին, քաջալերելով իրենց ձեռարւեստն ու այլ պատրաստի զարդեղէններ վաճառողներին: Ապա, երիտասարդութեան հետ մասնակից դարձաւ սլաքախաղին, սրահի ամէնից խանդավառ անկիւնում:

Տօնավաճառը ընդգրկում էր հիւրասիրութիւն եւ վիճակախաղ որի շահողը հանդիսացաւ Անէթ Գէորգեանը: Հ.Մ.Ա.Կ.-ի Վարչութիւնը այս առիթով ընթրիքով պատւեց Սրբազան Հօրը եւ Ազգային իշխանութեանը:

Բոլոր ներկաներին մօտեցան նաեւ ձմեռ պապն ու ձիւնանուշիկը, որոնք իրենց բարի ժպիտներով բարեմաղթանքներ հաղորդեցին բոլորին:

Օրւայ հանդիսավար Կարէն Սարգիսեանը Հ.Մ.Ա.Կ.-ի մեծ ընտանիքի անունից շնորհաւորեց բոլորի յառաջիկայ Նոր տարին եւ Սբ. Ծնունդը, խաղաղութեան եւ բարիքներով լի տարւայ բարեմաղթութիւններով:

Տօնավաճառի այս բացումով, թաւրիզահայութիւնը մուտք գործեց Ամանորի տօնական խանդավառութեան մթնոլորտ, նոյն ախորժակով շարունակելու համայնքից ներս կազմակերպւելիք ամանորեայ բոլոր ձեռնարկները:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։