Հա

Համայնք

31/12/2017 - 13:10

Մէկ ասուպ էլ սահեց երկնակամարով

2018 տարին դիմաւորելու նախօրեակին, բոլորս էլ զգում ենք, որ աշխարհում ինչպիսի փոփոխութիւնների ականատեսն ենք եղել անցած՝ 2017 թւին: Փոփոխութիւններ, որոնք կամաւ թէ ակամայ իրենց ազդեցութեան ներքոյ պահեցին մեզ, եւ իրենց աշխարհացունց ուժգնութեամբ մտահոգեցին ազգերին, պետութիւններին, մեծ ու փոքր կազմակերպութիւններին, միութիւններին, ընտանիքներին, մէկ խօսքով՝ համայն մարդկութեանը, իր բոլոր խաւերով ու շերտերով:

ԳՐԻԳՈՐ ԵՊՍ. ՉԻՖԹՃԵԱՆ

Առաջնորդ Ատրպատականի հայոց թեմի

 

Երկնքի բիւրաւոր աստղերի գումարից եւս մէկ թիւ պակասեց 2017 տարւայ ասուպային անցումով, որը սահեց, ընկաւ ու շիջւեց անջրպետի անծայրածիր եւ անյագ անդնդում, պատմութեան գերեզմանի անտակ փոսում յաւիտենապէս թաղւելու համար:

Տարիների ասուպային անցքը յաճախ չենք ուզում նկատել, մեր կեանքի արագավազ ընթացքը չնկատելու համար: Իւրաքանչիւր տարի մէկ ակնթարթ համարելով, ճիգ ու ջանք չենք խնայում իրագործումներով հարստացնելու դրանք, անմահութեան մեր ներքին ձգտումին անգիտակցաբար յագուրդ տալու համար:

2018 տարին դիմաւորելու նախօրեակին, բոլորս էլ զգում ենք, որ աշխարհում ինչպիսի փոփոխութիւնների ականատեսն ենք եղել անցած՝ 2017 թւին: Փոփոխութիւններ, որոնք կամաւ թէ ակամայ իրենց ազդեցութեան ներքոյ պահեցին մեզ, եւ իրենց աշխարհացունց ուժգնութեամբ մտահոգեցին ազգերին, պետութիւններին, մեծ ու փոքր կազմակերպութիւններին, միութիւններին, ընտանիքներին, մէկ խօսքով՝ համայն մարդկութեանը, իր բոլոր խաւերով ու շերտերով:

Վերապրումի հանդէպ մեր հաւատքը, յոյսը եւ յատկապէս կամքը սակայն, Երկնաւորից մեզ պարգեււած իւրայատուկ այն շնորհքներից են, որոնք վերստին կեանքին դառնալու առիթ են տալիս եւ քաջալերում՝ նորովի սկսել անցած տարւայ ընթացքում մեր կիսատ թողած գործերը: Գաղտնիք չէ՛, որ աշխարհում չի՛ եղել մարդ, որ իր գործը ամբողջութեամբ աւարտած լինի, նախքան հրաժեշտ առնելը այս կեանքից: Ուրեմն, անիմաստ է մտածել, թէ բացւող տարւայ ընթացքում մեզ կը յաջողւի ամբողջովին իր լրումին հասցնել մեր բոլոր գործերը:

Մեր ազգը, եկեղեցին ու հայրենիքը նւիրական երեք սրբութիւններ են, որոնց գործը, տւեալ ժամանակի մէջ սկսւող եւ յաւիտենապէս շարունակելի աշխատանք են պահանջում: Բոլոր ժամանակներում էլ, մեր ազգի ծոցից ծնւում են անձեր, որոնք նւիրման բարձր գիտակցութեամբ յանձնառու են լինում մեր ազգի, եկեղեցու եւ հայրենիքի ծառայական գործը առաջ տանելու, դրա շարունակութիւնը վստահելով յաջորդ սերունդներին:

Ներկայ կեանքի արհեստագիտական արագ վազքը, բազմազան հիւանդութիւնների բերումով մարդկային կեանքի տարիների նւազումն ու ամփոփումը, առաւել եւս խտացրել են մարդ էակի աշխատանքային օրակարգը, բացայայտ հեւքի մատնելով մեր առօրեան: Այսպէս, եօթ րոպէի ընթացքում մեր անելիք գործը ուզում ենք աւարտել եօթ վայրկեանում…, եօթ ժամւանը՝ եօթ րոպէում, եօթ օրւանը՝ եօթ ժամում, եօթ ամսւանը՝ եօթ շաբաթում, եօթ տարւանը՝ եօթ ամսում, իսկ եօթանասուն տարւանը՝ տասնեւեօթ տարում…: Ահա աշխատանքային կեանքի մէկ նոր ըմբռնում, որը արդիւնք է թաւալւող տարիների ասուպային անհետացման բնոյթի եւ մեր կեանքի ահեղավազ ընթացքի: Անտարակոյս մեր սրտում ունենք վախ՝ որ մեր գործը կիսատ է մնալու, որովհետեւ անմահութիւնը միայն երկնքում ըմբոշխնելու փափագից բացի, միշտ ցանկութիւն ունենք նաեւ երկրի վրայ վայելել այն, հաւատալով, որ մեր գործը սկիզբն է սեփական անմահութեան…:

Անցած 2017 տարին, էլ չի՛ փայլելու իբրեւ թիւ մարդկութեան կեանքի երկնակամարում: Դա իր յուշերով եւ յիշատակներով մնալու է մեր յիշողութեան մէջ: Աշխարհի տարածքին, ինչպէս նաեւ մերազնեայ կեանքի հարթակի վրայ տեղի ունեցած բոլոր դէպքերը, դրական եւ բացասական իրենց գոյներով արձանագրւեցին իբրեւ գործունէութիւն, որոնք իրենց անխուսափելի հետքն են թողնելու յաջորդ՝ 2018 տարւայ օրացոյցի մութ ու լոյս էջերի վրայ: Այս իմաստով, փակւող իւրաքանչիւր տարի մարտահրաւէր է կարդում բացւող տարւայ, շարունակականութեան անվերջանալի էջերը դարձնելով մեր հոգիներում կախւած նկարազարդ օրացոյցի: Գունաւոր այս նկարների իրար ագուցւած տեսաշարը տեւելու է մինչեւ մեր կեանքի վերջին օրը, երբ այլեւս օրացոյցի էջերը թերթող չի՛ լինելու եւ այն մնալու է մեր վերջին օրւայ էջի վրայ անթարթ:

Մարդկութեան ցեղի շարունակականութեան երաշխիքն է նոր սերունդը: Ինչքա՜ն մարդիկ եկել են ու անցել այս աշխարհից: Եթէ անցածների գումարը չունենք, հապա ինչպէ՞ս կարող ենք գալիքների ճշգրիտ գումարը ունենալ մեր ծոցատետրում…: Տարիների նման, մարդիկ էլ մէկական ասուպ են, որոնք յանկարծ ընկնում են երկնակամարից, եւ քնում մահւան խոր անդնդում: Ոմանք մինչեւ իսկ իրենց անցքի ընթացքում գիսաւոր լուսափայլութեամբ շողում են երկնակամարում, բոլորի հայեացքը գրաւելով, մինչ ուրիշներ աղօտ լոյսով, աննկատ անցնում ու հեռանում են այս կեանքից…:

Անցած 2017 տարում մեր ազգի կեանքից հեռացան գիսաւոր աստղեր, իսկ գործունէական առումով՝ կատարւեցին հետք թողնող աշխատանքներ: Պայման չէ՛ որ մարդիկ հանգամանաւոր լինեն մեծարւելու համար: Երբեմն իր ընտանիքը դաստիարակած հայր կամ մայր՝ խոնարհ հերոս է, ինչպէս հայրենիքի սահմանների վրայ նահատակւող շարքային զինւորը, որի սահմանների պաշտպանութեան գործը եւ դրա նահատակութեամբ ունեցած աւարտը համազօր է գնդապետի կատարած սխրալի արշաւանքին: Ասուպի նման սահեցին նրանք, սակայն չկորչեցին անորոշութեան մառախուղում: Մէգը ինչքան էլ ծածկի մեր ֆիզիկական աչքերի տեսողութիւնը, չի՛ կարող մթագնել մեր իմացական աչքերը, որոնք մարդուց աւելի՝ գործի՛ն կը նայեն, տեսնելով այն աշխատանքը, որը կարող է մարդ կատարել նոյնիսկ քուլիսների թիկունքում ծածկւած, կամ հրապարակների վրայ՝ ծպտւած:

Այս մարդկանց եւ այս աշխատանքների անաչառ արժեւորումը պատմութիւնն է կատարելու հետագայում: Սակայն, նրանց անձնական օրինակից, սովորեցրած դասից եւ դէպքերի փորձառութիւնից օգուտ քաղելու իմաստութիւնը յատուկ մարդկանց տրւած շնորհ է, երկնատուր պարգեւ իբրեւ ընծայւած հեզ ընտրեալների: Բայց, որտե՞ղ կարող ենք հանդիպել նրանց, երբ արդէն չկան այս կեանքում: Նրանց կարող ենք հանդիպել մեր եկեղեցում եւ ազգային բոլոր կառոյցներում: Նրանք մեր պատմութեան նորօրեայ հերոսներն են, նրանց շնչով ենք շնչաւորում մեր պատմութեան էջերում արձանացած հերոսներին: Բոլոր ժամանակներից աւելի այսօ՛ր կարիք ունենք համախմբւելու մեր ազգային արժէքների շուրջ, երբ աշխարհում տիրող դժւարին կացութիւնները մեզ ցանուցրիւ անելու ամէն հնարաւորութիւն եւ ուժ ունեն: Դրանք չեն խնայում նոյնիսկ ամենակազմակերպ գաղութներին եւ թուլացնելով դրանց արմատները, տապալում են դարաւոր կաղնիներին:

Ուստի՝ վերազարթնող գաղութներին տանք արժանի նեցուկը, յուսադրելով յատկապէս մեր երիտասարդութեանը, որի սրտի այժմէական բաբախումը եւ մտքի արդիական հաշւարկը լիովին կարող են վերանորոգել մեր ազգի եւ եկեղեցու կեանքը տեղական մակարդակի վրայ, իր բոլոր երեսներով եւ արտայայտութիւններով:

Դրական գործունէութիւնը ո՛չ միայն տւեալ տարւայ ժամանակը երկարաձգելու հնարաւորութիւն կը ստեղծի, այլեւ այդ տարւայ աւարտից յետոյ, դրա մասին երկարօրէն խօսելու ուրախալի առիթ կը հանդիսանայ:

Այո՛, մէկ ասուպ էլ սահեց երկնակամարով, բայց մենք ողջունենք մէկ նոր աստղի՝ 2018 թւականի ծնունդը, այն յոյսով, որ աստւածապարգեւ մեր առաքինութիւններով եւ մեր անսակարկ գործունէութեամբ առաւել եւս փայլեցնելու ենք այն, եւ նոյնիսկ յաջորդ տարի, նրա անցքի պահին, առաւել գիսաւոր եւ առաւել լուսաշող ուղարկելու ենք նրան դէպի յաւիտենութիւն, անմահացնող մեր գործերով ծանրաբեռն:

ՇՆՈՐՀԱՒՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ ԵՒ ԲԱՐԻ ԿԱՂԱՆԴ

Աղօթաձայն օրհնութեամբ

30 դեկտեմբերի 2017

ազգային առաջնորդարան,

Թաւրիզ

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։