Հա

Համայնք

02/01/2018

Հայաստանի Անկախութեան 100-ամեակի մեկնարկը տրւեց Ատրպատականում՝ Արամ Ա Վեհափառի սրբատառ կոնդակի ընթերցումով

Կիրակի 31 դեկտեմբեր 2017-ին, տարւայ վերջի ս. պատարագի մատուցման ընթացքում, Ատրպատականի հայոց թեմում ընթերցւեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի սրբատառ կոնդակը: Ինչպէս ծանօթ է, յառաջիկայ տարին 2018, 100-ամեակն է Հայաստանի Հանրապետութեան առաջին անկախութեան: Թաւրիզում եւ Ուրմիայում մատուցւած սուրբ եւ անմահ պատարագի ընթացքում ընթերցւեց Նորին Սրբութեան մտածումներն ու մեր ազգի եւ հայրենիքի գծով յառաջատեսիլ հայեացքը ամփոփող գիրը, ի լուր հաւատացեալ ժողովրդի, իբրեւ մեկնարկ թեմում կատարւելիք տարբեր տօնախմբութիւնների:

«alikonline.ir» - Կիրակի 31 դեկտեմբեր 2017-ին, տարւայ վերջի ս. պատարագի մատուցման ընթացքում, Ատրպատականի հայոց թեմում ընթերցւեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի սրբատառ կոնդակը: Ինչպէս ծանօթ է, յառաջիկայ տարին 2018, 100-ամեակն է Հայաստանի Հանրապետութեան առաջին անկախութեան: Թաւրիզում եւ Ուրմիայում մատուցւած սուրբ եւ անմահ պատարագի ընթացքում ընթերցւեց Նորին Սրբութեան մտածումներն ու մեր ազգի եւ հայրենիքի գծով յառաջատեսիլ հայեացքը ամփոփող գիրը, ի լուր հաւատացեալ ժողովրդի, իբրեւ մեկնարկ թեմում կատարւելիք տարբեր տօնախմբութիւնների: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Թաւրիզի Սբ. Շողակաթ եկեղեցում, որտեղ ըստ աւանդութեան մատուցւում է տարւայ վերջին սուրբ պատարագը ի յիշատակ նոյն տարում ննջած բոլոր ազգայինների, «Հայր մեր»-ից առաջ հանդիսաւոր թափօրով խորան բարձրացւեց Նորին Սուրբ Օծութեան սրբատառ կոնդակը, Թաւրիզի հոգեւոր հովիւ եւ նոյն օրւայ պատարագիչ՝ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանի ձեռամբ:

Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի սկաւուտական կազմի առաջնորդութեամբ, որոնք կրում էին ձողաբարձ երեք դրօշներ՝ Իրանի Իսլամական Հանրապետութեան, Հայաստանի Հանրապետութեան եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան երկնագոյն պայծառ դրօշը, սրբատառ Կոնդակը դուրս բերւեց եկեղեցու հիւսիսային պատի խորշից: Ապա, ամբողջ եկեղեցում պտտւելով, թափօրը յառաջացաւ դէպի խորան եւ Կոնդակը հանդիսաւորապէս յանձնւեց առաջնորդ Սրբազան հօրը:

Նորին Սրբութեան կոնդակում վերաքաղն է կատարւում Հայաստանի եւ հայ ժողովրդի ինքնորոշման իրաւունքի փառքն ու պսակը հանդիսացող 28 Մայիս 1918-ի անկախութեան նախօրեակի դէպքերին, Սարդարապատի, Ղարաքիլիսայի, Բաշ Ապարանի եւ այլ ճակատամարտերով եւ անկախութեան ճանապարհը հարթող նախապատրաստական այլ աշխատանքներով, որոնվ «Մահ կամ ազատութիւն նշանաբանով ոգեզինւած, հայրենիքի անկախութեան համար արիւն թափելու գիտակից յանձնառութեամբ» գործադրւեցին, ինչպէս գրում է Հայրապետը: Ապա, շարունակելով իր պատգամը, Նորին Սրբութիւնը ընդգծում է Հայ եկեղեցու դերակատարութիւնը անկախութեան գործընթացում, յատկապէս Գարեգին վրդ. Յովսէփեանցի հայ զինւորներին ոգեւորելու դերով, Կիլիկիոյ Սահակ Բ. Խապայեան կաթողիկոսի ամբողջատեսական հայեացքով, որով Տաւրոսը Մասիսին կապւելով, հայ ժողովրդի համար ստեղծւելու էր Աւետեաց Երկիրը՝ Ազատ, Անկախ ու Միացեալ Հայաստանը...:

Խորհրդածութեան լայն թեւերով սաւառնող սոյն կոնդակի իւրաքանչիւր տող ու մտածում խորապէս դաջւելու են մեր հոգու մաշկի վրայ անջինջ, որպէսզի անկախութիւնը մեզ համար կերտած ազգասէր ղեկավարների՝ Արամ Մանուկեանի, Սիմոն Վրացեանի, Յովհաննէս Քաջազնունու եւ այլ հերոսների ոգին ընդերկար թեւածի մեր ազգի ու հայրենիքի երկնքի տակ:

Իր Կոնդակի վերջում Արամ Ա կաթողիկոս հայրական խօսքով ու հայրապետական թելադրութեամբ Անթիլիասի Մայրավանքից կոչ է ուղղում մեր ժողովրդի բոլոր զաւակներին՝ թեմերին, կազմակերպութիւններին, կրթական կառոյցներին մտաւորականներին եւ բոլորին, վերարժեւորել այս բացառիկ ամեակը, այն վեր դասելով բոլոր տեսակի «գաղափարական ու քաղաքական մօտեցումներից եւ տարբերութիւններից», որովհետեւ դա «արիւնով ու քրտինքով կերտւած հայրենիքի» անկախութիւնն է, որը պէտք է «պաշտպանել ամէն գնով: Այս է պատգամը Հայաստանի առաջին Հանրապետութեան 100-ամեակի: Անկախութեան ճանապարհին արիւթ թափողները հերոսներ ու նահատակներ են: Ուստի եկէք խոնարհւենք Հայաստանի առաջին Հանրապետոութեան ստեղծման ու պաշտպանութեան, ինչպէս նաեւ Մայիս 28-ից մինչեւ այսօր, Հայաստանի Հանրապետութեան ու Արցախի անկախութեան համար պայքարած, ծառայած ու նահատակւած մեր բոլոր յայտնի կամ անյայտ հերոսների անմեռ յիշատակի առջեւ», եզրակացնում է Նորին Սրբութիւնը:

Սբ. պատարագի աւարտին, հանդիսապետութեամբ առաջնորդ Սրբազանի, կատարւեց հոգեհանգստեան հանդիսաւոր արարողութիւն, ի հանգիստ Սարդարապատեան ճակատամարտերի ընթացքում նահատակւած բոլոր անձնազոհ մարտիկների հոգիների:

Սրբատառ կոնդակի ընթերցումով մեկնարկի ազդանշանը տրւեց, Ատրպատականի հայոց թեմում Հայաստանի անկախութեան 100-ամեակի ձեռնարկներին:

 

Յարակից լուրեր

  • Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի քահանայական ձեռնադրութեան եւ օծման 50-ամեակի առիթով ս. եւ անմահ պատարագ՝ Նոր Ջուղայում
    Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի քահանայական ձեռնադրութեան եւ օծման 50-ամեակի առիթով ս. եւ անմահ պատարագ՝ Նոր Ջուղայում

    Սրտերի լուսաւորիչ Ս. Ներսէս Մեծ Հայրապետի տօնը պատեհ համարելով, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի քահանայական ձեռնադրութեան եւ օծման 50-ամեակի առիթով, կիրակի՝ 2018 թւականի յունիսի 10-ի առաւօտեան, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի ձեռամբ եպիսկոպոսական հանդիսաւոր ս. պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի Ս. Ներսէս եկեղեցում։ Նոյն օրը նշւեց նաեւ եկեղեցու անւանակոչութեան տօնը։

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Խանագահ գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Խանագահ գիւղում

    Շարունակելով իր հետազօտական եւ տեղագրական արշաւը Ատրպատականի թեմի տարածքում, թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը հասաւ Ղարադաղի ամէնից աւելի հայաշատ գիւղերից՝ Խանագահ, որտեղ գտնւում է Սբ. Ստեփանոս պատմական եկեղեցին, ինչպէս նաեւ «Ազիզեան-Մնացականեան» հայոց դպրոցի աւերակը եւ գիւղի գերեզմանատունը: 

    6 յունիս 2018-ին, առաջնորդ Սրբազանի Խանագահ գիւղ այցելութեան մանրամասնութիւնները ստորեւ ներկայացնում ենք, ի՛ր գրչով:

  • Արամ Ա-ի ձեռնադրման 50-ամեակին նւիրւած մեծ համերգ` Լիբանանում
    Արամ Ա-ի ձեռնադրման 50-ամեակին նւիրւած մեծ համերգ` Լիբանանում

    Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսին աբեղայական ձեռնադրութեան յիսնամեակը մեծ շուքով նշուեցաւ Պիքֆայայի Ս. Աստուածածին վանքի շրջափակին մէջ։ Լիբանանի պետական նուագախումբը, խմբավարութեամբ մայէսթրօ Յարութ Ֆազլեանի եւ մենակատարութեամբ աշխարհահռչակ սօփրանօ Յասմիկ Պապեանի, դիւթեցին Նահատակաց յուշարձանին առջեւ հաւաքուած հոծ բազմութիւնը, որմէ մաս մը ժամանած էր Սփիւռքի տարբեր գաղութներէն։

  • Իրանի Եկեղեցիների պետական հիմնարկութեան տնօրէն Շերլի Աւետեան Ատրպատականի առաջնորդարանում
    Իրանի Եկեղեցիների պետական հիմնարկութեան տնօրէն Շերլի Աւետեան Ատրպատականի առաջնորդարանում

    Շաբաթ, 2 յունիս 2018-ի երեկոյեան ժամը 6-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի նախագահութեամբ, առաջնորդարանի «Էմիլ Յակոբեան» դահլիճում տեղի ունեցաւ հանդիպում, Թեմական խորհրդի եւ Իրանի եկեղեցիների պետական հիմնարկութեան տնօրէն ճարտարապետ Շերլի Աւետեանի միջեւ: Սոյն հանդիպման ներկայ գտնւեցին նաեւ Ատրպատականի վանքերի ուխտագնացութեան յանձնախմբի վարչական անդամներ:

  • Մարաղայի քաղաքապետը այցելեց Ատրպատականի առաջնորդարան
    Մարաղայի քաղաքապետը այցելեց Ատրպատականի առաջնորդարան

    Կիրակի, 27 մայիս, 2018-ի յետ միջօրէին Ատրպատականի հայոց թեմի Ազգային առաջնորդարան այցելեց Մարաղայի քաղաքապետ՝ ճարտարապետ Ահմադի, ընկերակցութեամբ քաղաքապետական խորհրդի անդամների, հանդիպում ունենալու Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի հետ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։