Հա

Համայնք

04/01/2018 - 11:00

Ճանաչո՞ւմ ես Նրա աստղը

Սուրբ Ծննդեան իւրաքանչիւր տօնակատարութիւն համայն քրիստոնեայ աշխարհի առջեւ բացում է մեր մոլորակի ընդհանուր տեսադաշտը, իր այժմէական եւ ամենից հարազատ գոյներով: Իրական կեանքի այս պատկերները արւեստագէտներ չեն նկարել, ո՛չ էլ համակարգչային արդիական ծրագրերով իրագործւել են դրանք մասնագէտ գծագրիչների կողմից: Այս պատկերները իրենց պայծառ ու տժգոյն արտայայտութիւններով, մարդ էակի առօրեայ կեանքն են ներկայացնում, ամենամեծ հաւաքականութիւններից սկսած, մինչեւ իւրաքանչիւր անհատի սեփական կեանքի ներանձնական միջավայրը՝ հոգին:

ԳՐԻԳՈՐ ԵՊՍ. ՉԻՖԹՃԵԱՆ

Առաջնորդ Ատրպատականի հայոց թեմի

«Եւ երբ նրանք տեսան այն աստղը, մեծ ուրախութեամբ լցւեցին…»

(Մտ. 2:10):

 

Փրկչի ծննդեամբ մտահոգ է աշխարհ, որովհետեւ նա որ լուսաւոր ճանապարհներից չի՛ քայլում, ուրեմն վախենում է լոյսից: Չարիք գործողը ատում է լոյսին, եւ չի՛ գալիս դէպի լոյսը, որպէսզի նրա գործերը չյանդիմանւեն (հմմտ. Յհ. 3:20):

Քրիստոս լոյսն է աշխարհի (հմմտ. Յհ. 3:19): Ճշմարտութեան այս Լոյսը, աշխարհի բոլոր մարդկանց միտքն ու հոգին լուսաւորելու առաքելութիւնը ունէր (հմմտ. Յհ. 1:9), որ սկսւեց Բեթղեհէմի խոնարհ յարկի տակ եւ աւարտւեց Գողգոթայի անարգ բարձունքում, սակայն՝ շարունակւելու համար մարդկային ցեղի պատմութեան բոլոր դարաշրջաններում՝ Յիսուսի հետեւորդների միջոցով:

Սուրբ Ծննդեան իւրաքանչիւր տօնակատարութիւն համայն քրիստոնեայ աշխարհի առջեւ բացում է մեր մոլորակի ընդհանուր տեսադաշտը, իր այժմէական եւ ամենից հարազատ գոյներով: Իրական կեանքի այս պատկերները արւեստագէտներ չեն նկարել, ո՛չ էլ համակարգչային արդիական ծրագրերով իրագործւել են դրանք մասնագէտ գծագրիչների կողմից: Այս պատկերները իրենց պայծառ ու տժգոյն արտայայտութիւններով, մարդ էակի առօրեայ կեանքն են ներկայացնում, ամենամեծ հաւաքականութիւններից սկսած, մինչեւ իւրաքանչիւր անհատի սեփական կեանքի ներանձնական միջավայրը՝ հոգին:

Քրիստոսի Սուրբ Ծննդեան դիտանկիւնից նայելով մոլորակի չորս կողմը ցանուցրիւ աստղերին՝ բազմազան չափերով ու ձեւերով լուսատուներին՝ մարդկանց եւ նրանց գործերին, անխուսափելիօրէն իբրեւ քրիստոնեաներ հարց ենք տալիս.

- Այս ամենի մէջ ճանաչո՞ւմ ենք Փրկչի աստղը…:

Քրիստոսի աստղը ճանաչելու փաստը այն ուրախութիւնն է, որը պէտք է լցնի ճանաչողի միտքը, սիրտն ու հոգին, հէնց դրան ճանաչելու իսկ պահին, ինչպէս պատահեց մոգերին, որոնք տեսնելով եւ ճանաչելով նորածին Արքայի աստղը, մեծ ուրախութեամբ լցւեցին:

Հայ եկեղեցու մաղթանքների մէջ, մեր հայրերը կարեւորութեամբ տեղադրել են երեւելի եւ աներեւոյթ թշնամիներից փրկւելու հայցը առ Աստւած: Երեւելի աստղերի ինչութիւնը փաստելուց յետոյ, գիտութիւնը դրանցից չի՛ վախենում, սակայն նրան մտահոգում են «աներեւոյթները», որոնց լոյսը դեռ չի՛ նշմարում իր հնարած ամենից արդիական աստղադիտակը:

Աշխարհի ներկայ դժբախտութիւնները՝ պատերազմ, գաղթ, սով, անհակակշռելի վարակիչ հիւանդութիւնների համաճարակ, որբութիւն, աղքատութիւն, մարմնավաճառութիւն, թմրամոլութիւն, միասեռականութիւն, որձեւէգութիւն, մանկապղծութիւն, սեռափոխութիւն, համացանցային բղջախոհութիւն, թերահասների կայքէջային սեռայնական շահագործում, արբանեակային անկապտելի համատարած անբարոյութիւն եւ նիւթական զեղծարարութեանց անսահման գործունէութիւն, դեռեւս համարւում են «երեւելի թշնամիներ», որոնք նոյնիսկ «նախապատիւ» են աներեւոյթ թշնամիների ընդհանրական ցուցակում, որովհետեւ վերջինների ի՞նչ լինելը եւ հետագայում ինչպիսի՞ արտայայտութիւն ունենալը, դեռեւս ծանօթ չէ՛ մարդկութեան…:

Աներեւոյթ թշնամիները, մինչեւ իրենց երեւելի լինելը, բուն են դնում շատ ամուր «ամրոցներ»-ում, անմերձենալի կատարների վրայ թառած «բերդեր»-ում: Դրանք մարդկային միտքը, սիրտն ու հոգին են: Ներկայ բոլոր դժբախտութիւնները մինչեւ իրենց երեւելի լինելը, մարդու մտքի, սրտի եւ հոգու մէջ են ծնւում, սնւում, մեծանում եւ ապա մարդկութեան կեանքը ներկայ իրավիճակին հասցնում:

Անջրպետային համայնակուլ խաւար է մարդու ներաշխարհը, երբ այնտեղ չի՛ փայլում Քրիստոսի աստղը: Մութ է մեր կեանքի երկնակամարը առանց այս Աստղի՝ Յիսուսի, որի մանկական անշուք մսուրը հրդեհւում է այսօր, իր իսկ ձեռագործ մարդկութեան անօրէն ու անիրաւ գործերով…: Նոյն մարդկութիւնը այսօր կապում է մանուկ Յիսուսի արդարահաս դաստակները, որպէսզի կարողանայ ինքն անհակակշիռ շարունակել ապօրէն իր ընթացքը նմանի հանդէպ:

Իւրաքանչիւր անձ իր իսկ փորձառութեամբ կարող է յետադարձ ակնարկով նայել իր կեանքին: Քանի՜-քանի՜ անձերի մասին դրական կամ ժխտական մտածումներ է ունեցել արդեօք ինքը: Իր մտքում, սրտում եւ հոգում ծնունդ առած այս գաղափարներից քանիսի՞ն դրական ծնունդ է տւել, եւ քանի՞սը իբրեւ թշնամական արարք անձանձիր գործադրել ուրիշների կեանքում…:

- Ինչո՞ւ բացասական այս ընթացքը, որովհետեւ նա չի՛ ճանաչել Քրիստոսի աստղը, որը սակայն անջրպետում լողացող բազմաթիւ աստղերի մէջ է գտնւում իւրայատուկ լուսափայլութեամբ: Մոգերն էլ սովորական մարդիկ էին: Եթէ նրանք որ հեթանոս էին եւ ճանաչեցին Նրա աստղը, մենք իբրեւ քրիստոնեաներ աւելի հեշտօրէն պիտի ճանաչենք այն, լուսաւորելու համար մեր գործունէութեան ուղին այս աշխարհի մութ ու խոնաւ արահետներում, մարդկանց խուխով եւ կենդանիների կղկղանքով մրոտւած կեղտոտ մայթերի վրայով անցնելիս:

Ազգերի եւ պետութիւնների միջեւ, ինչպէս նաեւ անհատական մակարդակի վրայ խոր թշնամութիւններ իրենց երեւելի եւ աներեւոյթ կարգավիճակներով, կարող են իրենց լուծումը գտնել, եթէ հոգեկան աչքերով կարողանանք տեսնել, եւ իմացական հայեացքով ճանաչել Քրիստոսի աստղը:

Սոյն աստղի երեւումով մտահոգ էր Հերովդէս չորրորդապետը (հմմտ. Մտ. 2:7): Հերովդէսները կրկնօրինակւել են այսօրւայ հասարակական կեանքում, համաշխարհային, ազգային եւ անհատական եռայարկ շէնքի շքեղ դահլիճներում: Իրենց կատարած չար գործերի բացայայտման զգալի վախը պատել է նրանց ամբողջ էութիւնը, որովհետեւ լոյսից հեռանալու, եւ աւելին՝ Փրկչի աստղը գիտակցաբար չճանաչելու ձախող դերասանութիւնը արդէն պախարակւել է բոլորի կողմից: Ղեկավար կամ պատասխանատու, հոգեւորական կամ աշխարհական, հանգամանաւոր կամ բարձրաստիճան, բոլորն էլ պարտադիր ճանաչելու են Քրիստոսի աստղը, եւ ստիպողաբար արտացոլացնելու են դրա լոյսը իրենց հոգու մթագնած հայելում: Միայն այս աստղի լոյսի տակ կարող ենք արդարութիւն գործել եւ մանաւանդ խուսափել՝ մեղրի կաթիլների նման փոքր քանակով մեր ազգի կարասում կաթկթող ու հաւաքւող բարի աշխատանքը թունաւորելուց:

Քրիստոսի աստղը ճանաչելուց յետոյ, մարդը դադարում է «Ես»-ի կռիւը մղելուց եւ իր բարի հայեացքը արեւում է ուրիշների վրայ, նրանց կեանքը իր սիրոյ շողերով ջերմացնելու նպատակով:

Բայց դու ճանաչո՞ւմ ես Նրա աստղը. նորից եմ հարցնում՝ իսկապէ՞ս ճանաչում ես: Քո սեփական պատասխանիցդ է կախեալ անմիջական շրջապատիդ եւ ապա՝ համայն մարդկութեան ապագան: Հաւանօրէն քո դրական պատասխանին յուսադիր, ե՛կ այս տարի էլ ողջունենք իրար, ասելով.

ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՒ ԵՒ ՅԱՅՏՆԵՑԱՒ

ՁԵԶ ԵՒ ՄԵԶ ՄԵԾ ԱՒԵՏԻՍ

Տօն Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան

5 յունւարի, 2018

Ազգային առաջնորդարան - Թաւրիզ

Յարակից լուրեր

  • Թաւրիզում օծւեցին Մաղարդայ Սբ. Ստեփանոս Նախավկայի վանքի նոր կանթեղները
    Թաւրիզում օծւեցին Մաղարդայ Սբ. Ստեփանոս Նախավկայի վանքի նոր կանթեղները

    Ատրպատականի հայոց թեմի վանքերի բարեզարդման հանդէպ բարեպաշտ նախանձնախնդրութեան արտայայտութիւն դարձաւ կիրակի 3 փետրւար 2019-ին, Թաւրիզի Լիլաւա հայաշատ թաղամասի Սուրբ Սարգիս եկեղեցում, յընթացս ս. պատարագի տեղի ունեցած հանդիսաւոր արարողութիւնը, երբ օծւեցին Սբ. Ստեփանոս Նախավկայի վանքի տաճարի նոր կանթեղները: 

  • Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի ընթրիքը՝ ի պատիւ իր բասկետբոլի խմբի
    Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի ընթրիքը՝ ի պատիւ իր բասկետբոլի խմբի

    Գնահատելու համար իր բասկետբոլի խմբի նւիրեալ մարզիկներին, որոնք անցած մէկ քանի օրերի ընթացքում մասնակցեցին Արեւելեան Ատրպատականի նահանգում կազմակերպւած տարբեր ակումբների հետ բասկետբոլային մրցաշարին, հինգշաբթի 31 յունւար 2019 թ.-ի երեկոյեան ժամը 9-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի վարչութիւնը պաշտօնական ընթրիքով պատւեց նրանց: 

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը շնորհաւորեց իրանահայ հասարակական գործիչ՝ Լեւոն Ահարոնեանին
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը շնորհաւորեց իրանահայ հասարակական գործիչ՝ Լեւոն Ահարոնեանին

    19 յունւար 2019 թւակիր պաշտօնական գրով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, թեմի ազգային իշխանութեան անունից շնորհաւորեց իրանահայ հասարակական գործիչ Լեւոն Ահարոնեանին, Իրանցի մէկ շարք բարձրամակարդակ գործարարների հետ պետական «Ամին Օլ Զարբ» բարձրագոյն շքանշանով պարգեւատրւելու ուրախ առիթով:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը շնորհաւորեց Հայոց Բանակի հիմնադրութեան տօնը
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը շնորհաւորեց Հայոց Բանակի հիմնադրութեան տօնը

    Երկուշաբթի 28 յունւար 2019 թւակիր պաշտօնական գրով, ուղղւած ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանի, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. Եպս. Չիֆթճեանը շնորհաւորեց Հայոց Բանակի հիմնադրութեան տօնը:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը նահանգապետ Փուրմոհամմադիի մօտ
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը նահանգապետ Փուրմոհամմադիի մօտ

    Ընկերակցութեամբ Ազգային իշխանութեան Պատգմաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի ներկայացուցիչների, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, երկուշաբթի 14 յունւար 2019 թ.-ի առաւօտեան ժամը 11-ին, պաշտօնական այցելութիւն տւեց Արեւելեան Ատրպատականի նորանշանակ նահանգապետ՝ Փուրմոհամմադին, նահանգապետարանում: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։