Հա

Համայնք

13/01/2018 - 10:40

Հ.Օ.Մ.-ի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի ամանորեայ ծրագիրը՝ Թաւրիզում

Հինգշաբթի 11 յունւար 2018-ի երեկոյեան ժամը 7-ին, հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի, Ազգային առաջնորդարանի «Համազասպ Ոսկանեան» սրահում տեղի ունեցաւ «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի ամանորեայ մանկական ծրագիրը, տօնական մթնոլորտով սկսելու համար Նոր տարին: 

«alikonline.ir» - Հինգշաբթի 11 յունւար 2018-ի երեկոյեան ժամը 7-ին, հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի, Ազգային առաջնորդարանի «Համազասպ Ոսկանեան» սրահում տեղի ունեցաւ «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի ամանորեայ մանկական ծրագիրը, տօնական մթնոլորտով սկսելու համար Նոր տարին: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Հանդիսութեան ներկայ էին պատգամաւորական ժողովի եւ թեմական խորհրդի ներկայացուցիչ անդամներ, Հ.Օ.Մ.-ի վարչութեան անդամներ, ծնողներ եւ մատաղատի սերնդի դաստիարակութեամբ հետաքրքրւած թաւրիզահայեր:

Բացման խօսքը Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի մասնաճիւղի ատենապետուհի Անահիտ Յովսէփեանը կատարեց, Նոր տարւայ առաջին ծրագիրը կազմակերպած լինելու գոհունակութեամբ: Կրթա-դաստիարակչական առաքելութիւն ծաւալող Միութեան աշխատանքը ներկայացնելով, նա շեշտեց հայ մանուկի ազգային ու հոգեւոր կազմաւորման հրամայականը, որի ջատագովն է Հայ Օգնութեան միութիւնը ամենուր:

Այս տարւայ հանդիսավարներն էին Նախակրթարանի փոքրիկներ՝ Վարդան Գասպարեանը եւ Էրեբունի Մարգարեանը: Նրանք մեծերի նման վարժ առոգանութեամբ եւ շարժուձեւերով հրաւիրեցին իրենց հասակակիցներին երգելու, պարելու եւ մասնակից լինելու ծրագրին:

Մեներգներով եւ խմբերգներով Նոր տարին դիմաւորեցին երեխաները, նւագակցութեամբ երգի եւ երաժշտութեան ուսուցիչ Կարէն Սարգիսեանի, որ մանկավարժական մօտեցումով եւ հայ երգը երեխաներին սիրցնելու մեթոտներով նախապատրաստել էր նրանց սոյն ծրագրին: Նոյնքան տքնաջան աշխատանք էին կատարել կրթօջախի ուսուցչուհիներ՝ Նայիրի եւ Անի Դիլանեանները: Ըստ իր տարեկան սովորութեան, յանկարծ յայտնւեց Ձմեռ պապը, Նոր տարւայ համար իր բարեմաղթութիւնները եւս ներկայացնելով մեծերին ու փոքրերին: Երեխաներից ոմանք առաջին անգամ բեմ բարձրացած լինելով ընտելացած չէին միջավայրին, սակայն եւ այնպէս մնացին բեմում եւ դողդոջ շարժումներով մասնակցեցին ծրագրին: Նոյն առիթով տեղի ունեցաւ վիճակախաղ: Բախտաւոր յայտարարւեց Լարիկ Իսկանդարեանը:

Հանդիսութեան աւարտին բեմ հրաւիրւեց առաջնորդ Սրբազանը, իր եզրափակիչ եւ օրհնութեան խօսքը արտասանելու: Սրբազան Հայրը, կազմակերպողներին եւ ծնողներին քաջալերելով յայտնեց, թէ՝ մանկական հոգեկան աշխարհը երեւակայական թռիչքով յատկանշւում է: Մենք մեր քաջալերանքով թեւեր ենք տալու մեր մանուկներին, որոնց ապագայով է երաշխաւորւում մեր ազգի եւ ընդհանրապէս ոեւէ ազգի, ու համայն մարդկութեան ապագան:

Թեմակալ առաջնորդը այս առիթով իր բարձր գնահատանքը յայտնեց Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի մասնաճիւղի վարչութեան, կրթօջախի ուսուցչական կազմին, պաշտօնէութեան, ծնողներին եւ բոլոր ներկայ քաջալերող հանրութեան, ամանորի լաւագոյն բարեմաղթութիւններ կատարելով:

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը մեկնեց Անթիլիաս
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը մեկնեց Անթիլիաս

    Երեքշաբթի, 16 հոկտեմբեր 2018-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը մեկնեց Անթիլիաս, Լիբանան, իբրեւ անդամ Ազգային Կենտրոնական վարչութեան Կրօնական ժողովի: 

  • Թարգմանչաց տօնի հանդիսաւոր ժամերգութիւն եւ Հայ Մշակոյթի օրւայ տօնակատարութիւն Թաւրիզում
    Թարգմանչաց տօնի հանդիսաւոր ժամերգութիւն եւ Հայ Մշակոյթի օրւայ տօնակատարութիւն Թաւրիզում

    Շաբաթ, 13 հոկտեմբեր 2018-ի առաւօտեան ժամը 11-ին, հանդիսապետութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, Թաւրիզի Լիլաւա հայաշատ թաղամասի Սբ. Սարգիս եկեղեցում տեղի ունեցաւ հանդիսաւոր ժամերգութիւն, Սրբոց Թարգմանչաց Վարդապետաց տօնի առիթով: «Քրիստոս Աստւած մեր» եղանակաւոր մաղթանքի ընթացքում յիշւեցին Թարգմանիչ Վարդապետները գլխաւորութեամբ Սուրբ Սահակ հայրապետի եւ Սբ. Մեսրոպ Մաշտոց վարդապետի:

  • «Յիմ Կիլիկիա»
    «Յիմ Կիլիկիա»

    Նահապետի երազը, մեր ստւերոտ պատմութեան ոլորապտոյտ բաւիղների եզրին հասակ առած ծառերի տերեւներն է շօշափում, դրանց երեսի փայլի յետեւում պահւած արծաթագոյն էջերը թերթատելով: Երազը երբե՛ք հեռու չէ իրականութիւնից, եթէ ժամանակի խորհուրդը խորտակելու ոյժ կարելի լինի ամբարել բազկի մէջ առնական, ինչպէս նաեւ եթէ յաջողւի խեղդել կոկորդում՝ հեծկլտուքը մանկական, վարդի փոխարէն յոյս ցանելով հրւանդանին մօտեցող մեր նաւի տատանող կամրջակի լաստերի վրայ:

  • Գերմանացի Մարկոս Էնդլերի «Պատուհան» գծանկարչական ցուցահանդէսը՝ Թաւրիզում
    Գերմանացի Մարկոս Էնդլերի «Պատուհան» գծանկարչական ցուցահանդէսը՝ Թաւրիզում

    Չորեքշաբթի, 10 հոկտեմբեր 2018-ի երեկոյեան ժամը 8-ին, ձեռամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, ազգ. առաջնորդարանի «Հ. Ոսկանեան» սրահում բացումը կատարւեց գերմանացի արւեստագէտ Մարկոս Էնդլերի «Պատուհան» խորագրով գծանկարչական ցուցահանդէսին, հովանաւորութեամբ Թեմական խորհրդի եւ կազմակերպութեամբ Թաւրիզի Հայ Համալսարանականների միութեան: 

  • Գերմանացի ուսուցիչների մէկ խումբ Ատրպատականի ազգ. առաջնորդարանում
    Գերմանացի ուսուցիչների մէկ խումբ Ատրպատականի ազգ. առաջնորդարանում

    Երկուշաբթի, 8 հոկտեմբեր 2018-ի երեկոյեան, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, իր գրասենեակում ընդունեց գերմանացի մէկ խումբ ուսուցիչներ, որոնք յատուկ այցով ժամանել էին Թաւրիզ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։