Հա

Համայնք

18/01/2018 - 09:30

Ատրպատականի առաջնորդը պատարագեց Ուրմիայում, քրիստոնեայ համայնքապետերի ներկայութեամբ

16 յունւար 2018-ին, Սբ. պատարագ մատուցւեց Ուրմիոյ Սբ. Ստեփանոս եկեղեցում, ի ներկայութեան շրջանի քրիստոնեայ համայնքապետերի, Ազգային իշխանութեան անդամների եւ ուրմիահայ բարեպաշտ ժողովրդի: 

«alikonline.ir» - 16 յունւար 2018-ին, Սբ. պատարագ մատուցւեց Ուրմիոյ Սբ. Ստեփանոս եկեղեցում, ի ներկայութեան շրջանի քրիստոնեայ համայնքապետերի, Ազգային իշխանութեան անդամների եւ ուրմիահայ բարեպաշտ ժողովրդի: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Ասորի եւ Աւետարանական եկեղեցիների ներկայացուցիչ հոգեւորականներ՝ Իլիուշ քահանայ, Հորմուզ քահանայ եւ վերապատւելի Իլիա, դասի մէջ նստելով հետեւեցին սուրբ պատարագին, աղօթակից լինելով առաջնորդ Սրբազանին եւ բոլոր հաւատացեալներին:

Հանդիսաւոր ս. պատարագը մատուցեց եւ քարոզեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան, առընթերակայութեամբ Ուրմիոյ հոգեւոր հովիւ արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանի եւ սպասարկութեամբ՝ կիսասարկաւագաց եւ դպրաց դասերի: Սրբազան երգեցողութիւնը կատարւեց Թաւրիզի «Կոմիտաս» երգչախմբի կողմից, ղեկավարութեամբ երաժիշտ Վարդան Վահրամեանի: Խորանի երգեցողութիւնը հոգեւոր ապրումով կատարեց Ուրմիոյ դպիրներից՝ Թադէ Էլիասզադէն:

Սբ. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան խորհրդի մեծ աւետիսը մի անգամ եւս հաղորդելով, առաջնորդ Սրբազանը իր քարոզից առաջ ողջունեց հիւր հոգեւորականներին, որոնք Ուրմիահայ համայնքի նկատմամբ յարգանքի բացառիկ զգացումներով ներկայ էին գտնւել եկեղեցական արարողութեան եւ աղօթակից դարձել հաւատացեալներին: Քրիստոնէական եկեղեցիների միութիւնը զօրութիւն համարելով, Սրբազան հայրը շեշտեց միասնական լինելը բոլոր ճակատներում:

Ապա, Յիսուսի Ծննդեան համեստ պայմանների օրինակը վեր հանելով, ցոյց տւեց թէ իսկական մեծութիւնը՝ խոնարհութեամբ մէջ է. «Նորածին արքան տեսնելու համար հովիւներ եւ մոգեր առաջնորդւեցին այն քարայրը, որտեղ ծնւել է Նա: Ի՜նչ արքայ: Նա պալատում չէր, ո՛չ էլ թագ կար նրա գլխին: Նա կենդանիների շնչով ջերմացւած գոմում, մսուրի մէջ էր հանգչեցրել իր գլուխը», ասաց Սրբազանը: Ապա, նա անդրադարձաւ մարդկային կեանքի դժւարութիւններին, բացատրելով որ չկայ անցաւ ու առանց նեղութիւնների կեանքի տեսակ. «Երանական կեանքն է միայն, որին ձգտում ենք որպէս հաւատացեալներ, որտեղ չկայ ցաւ ու վիշտ, չկան նեղութիւններ եւ դժւարութիւններ: Մեր անհատական, ընտանեկան եւ հասարակական կեանքն էլ ունի իր դժւարութիւնները, որոնց միջով անցնում ենք բոլորս», ասաց նա, յիշեցնելով որ դրանք բոլորը կը լուծւեն, եթէ Քրիստոսի քայլած ճանապարհից քայլենք. «Իսկ այդ ճանապարհը՝ խաչի՛ ճանապարհն է, սիրոյ, խոնարհութեան, հնազանդութեան եւ համբերութեան ուղին, ինչպէս մեկնաբանում է Սբ. Գրիգոր Տաթեւացին», շեշտեց Սրբազանը: Վերջապէս Ատրպատականի թեմի բոլոր զաւակների միասնական լինելու կարեւորութիւնը շեշտեց նա, ասելով. «Մենք մէկ ամբողջութիւն ենք, եւ մէկ ենք մնալու մեր սիրով, խոնարհութեամբ, հնազանդութեամբ եւ համբերութեամբ, համաձայն Քրիստոսի գծած ուղղուն»:

Եկեղեցական հոգեպարար արարողութիւնը առիթ հանդիսացաւ մէկ անգամ եւս ողջունելու մեր Տիրոջ եւ Փրկչի Սբ. Ծնունդը, հաւաքական եղբայրութեան զգացումներով:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։