Հա

Համայնք

27/01/2018

Լիլաւայի Սբ. Սարգիս եկեղեցու անւանակոչութեան տօնը եւ կիսասարկաւագական ձեռնադրութիւն Թաւրիզում

Սուրբ Սարգիս Զօրավարի եւ նրա որդու՝ Մարտիրոսի տօնի առիթով, ուրբաթ 26 յունւար 2018-ի երեկոյեան, Լիլաւայի Սբ. Սարգիս եկեղեցում կատարւեց նախատօնակ, նշելու համար նաեւ Թաւրիզի հայաշատ թաղամասի եկեղեցու անւանակոչութեան տօնը: 

«alikonline.ir» - Սուրբ Սարգիս Զօրավարի եւ նրա որդու՝ Մարտիրոսի տօնի առիթով, ուրբաթ 26 յունւար 2018-ի երեկոյեան, Լիլաւայի Սբ. Սարգիս եկեղեցում կատարւեց նախատօնակ, նշելու համար նաեւ Թաւրիզի հայաշատ թաղամասի եկեղեցու անւանակոչութեան տօնը: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Երեկոյեան ժամերգութիւնից յետոյ սկսւեց նախատօնակի արարողութիւնը, հանդիսապետութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի: Հանդիսաւոր արարողութեան ընթացքին երգւեց օրւայ սրբի նւիրւած «Ամենասուրբ Երրորդութեան ընտրեալ ծառայ» մարտական շնչով շարականը, հաւատացեալները ներշնչելով Սուրբ Սարգսի քաջութեան ոգով, որով խիզախօրէն խոստովանել էր իր քրիստոնէական հաւատքը:

Նախատօնակից յետոյ սկսւեց կիսասարկաւագութեան ձեռնադրութեան կարգը, ձեռամբ առաջնորդ Սրբազանին եւ խարտաւիլակութեամբ Թաւրիզի հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանի: Կիսասարկաւագութեան կարգի հրաւիրւեցին Թաւրիզում եկեղեցուն ծառայող երեք դպիրներ՝ Էջմին Մնացականեանը, Գիվարգիզ Մկրտիչեանը եւ Ժիրայր Աբրահամեանը:

Ձեռնադրիչ Սրբազանը աղօթքների միջոցով իմաստութիւն, զգաստութիւն եւ պարտաճանաչութիւն խնդրեց Աստծուց կոչեցեալների համար, թելադրելով նրանց միշտ պատրաստ լինել ծառայելու Աստծու Ս. Սեղանին՝ խնկարկութեամբ եւ ընծայումի հացը թխելով: Ապա, նրանց ձախ բազուկի վրայ զետեղեց մաքուր եւ սուրբ ուրարը, ի նշան կիսասարկաւագութեան: Ապա, ձեռնադրիչը նրանց յանձնեց սկիհն ու մաղզման, այն մաքրելու իշխանութիւն տալով, ինչպէս նաեւ դրա շուշպան եւ պատարագի լրիւ զգեստ ու խորհրդատետր՝ իշխանութիւն շնորհելով պատարագիչ հոգեւորականին զգեստաւորելու:

Իր պատգամի ընթացքում առաջնորդ Սրբազանը Սուրբ Սարգսի պատրաստակամութեան ու քաջութեան օրինակը վեր հանելով, օրւայ ընծայեալների համար օրինակելի օրինակ ներկայացրեց նրան, ցոյց տալով նրա հաւատքի ամրութիւնը, Աստծուն նւիրւելու քաջութիւնը, եւ իր հաստատակամութեամբ չարը պարտութեան մատնելու հերոսութիւնը. «Երբեք մի՛ վհատւէք Աստծու եւ մեր սուրբ եկեղեցուն ծառայելու ձեր նւիրական աշխատանքում: Այս ամէնից ընտիր ճանապարհն է, երբ Ս. խորանի վրայ լինելով, աւելի մօտ էք լինում Աստծուն, իբրեւ Նրա ընտրեալ զաւակները», ասաց Սրբազանը:

Ապա նա իր խօսքը ուղղելով նրանց ծնողներին եւ ընդհանրապէս համայնքի զաւակներին, ասաց. «Հազարաճիւղ ճանապարհներ կան բացւած այսօր մեր երիտասարդութեան առջեւ: Նրանք էլ շփոթւած են յաճախ, թէ ո՞ր ուղղութեամբ ընթանան, ո՞ր մէկ ճանապարհից քայլեն: Երբեմն սխալ ուղղութիւններ տւող ընկերներ, մեծ եւ փոքր, շեղում են նրանց, իրենց ուղիղ ճանապարհից: Սակայն իր ոտքերը Աստծու եւ եկեղեցու ճանապարհին դնող երիտասարդը բնա՛ւ չի սասանիր», շեշտեց Սրբազանը եւ շնորհաւորեց ընծայեալներին, նրանց ծնողներին, ինչպէս նաեւ եկեղեցու Խնամակալ մարմինին, որոնք այնքան բծախնդիր են եկեղեցու ծառայող դպրաց դասի շապիկների, ուրարների եւ կրօնական բոլոր հանդերձանքի կանոնաւորութեան:

Տեղի ունեցաւ հաւաքական խոստովանանք եւ ապա, բոլոր հաւատացեալները հաղորդւեցին Քրիստոսի սուրբ մարմնով եւ արեամբ:

Աւարտին, Սրբազանը նւէրներ յանձնեց ընծայեալ երեք կիսասարկաւագներին, քաջալերելով նրանց, եկեղեցու խոնարհ կարգերում բարձրացման սոյն քայլի առիթով:

 

Յարակից լուրեր

  • Համբարձման տօնը Մարալանի Սբ. Աստւածածին մատուռի ուխտավայրում
    Համբարձման տօնը Մարալանի Սբ. Աստւածածին մատուռի ուխտավայրում

    Հինգշաբթի 10 մայիս 2018-ին, մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի Համբարձման տօնի առիթով, Ատրպատականի հայոց թեմում, տարիների աւանդութեան համաձայն, ս. պատարագ մատուցւեց Թաւրիզի Մարալան նախկին հայաշատ քաղաքամասում, ազգապատկան հսկայ այգում գտնւող Սբ. Աստւածածին ուխտավայր մատուռում: 

  • Յարգանք ուսուցչաց Թաւրիզի հայոց ազգային դպրոցում՝ իրենց նւիրւած տօնի առիթով
    Յարգանք ուսուցչաց Թաւրիզի հայոց ազգային դպրոցում՝ իրենց նւիրւած տօնի առիթով

    Չորեքշաբթի, 9 մայիս 2018-ի կէսօրին, Թաւրիզի ազգ. «Հայկազեան, Թամարեան Սահակեան» դպրոցի հանդիսասրահում տեղի ունեցաւ Ուսուցիչների շաբաթւայ առիթով յատուկ հանդիսութիւն, հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի: Սրբազան Հօր հետ, հանդիսութեան ներկայ գտնւեցին Թաւրիզի հոգեւոր հովիւ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը, Ազգային իշխանութեան անդամներ, գլխաւորութեամբ Թեմական խորհրդի ատենապետ՝ Ռուբիկ Ջանանեանի

  • Ատրպատականի հայոց առաջնորդը Վենետիկում մասնակցեց «Մխիթարեան» միաբանութեան հաստատման 300-ամեակի գիտաժողովին
    Ատրպատականի հայոց առաջնորդը Վենետիկում մասնակցեց «Մխիթարեան» միաբանութեան հաստատման 300-ամեակի գիտաժողովին

    Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի բարձր տնօրինումով, 3 մայիս, 2018-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան մեկնեց Վենետիկի Ս. Ղազարու վանքը, իբրեւ ներկայացուցիչը Վեհափառ Հայրապետին եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան: Սրբազանը Սուրբ Ղազար Մայրավանքում մասնակցեց, «Մխիթարեան» միաբանութեան սոյն կղզու վրայ հաստատման 300-ամեակի նւիրւած «Մխիթար եւ Մխիթարեաններ, Քրիստոնէութեան լուսաւորութեան դպրանոց մը» խորագրով գիտաժողովին, կազմակերպութեամբ «Մխիթարեան» միաբանութեան քահանայապետական պատուիրակ՝ Հ. Լեւոն արք. Զէքիեանի:

  • «Թաթուլ Ալթունեան»-ի անւան երգի եւ պարի պետական համոյթը Թաւրիզում
    «Թաթուլ Ալթունեան»-ի անւան երգի եւ պարի պետական համոյթը Թաւրիզում

    Հինգշաբթի, 3 մայիս, 2018 թւի երեկոյեան, Հայաստանի Հանրապետութեան «Թաթուլ Ալթունեան»-ի անւան երգի եւ պարի պետական համոյթը ելոյթ ունեցաւ Թաւրիզի Ազգային առաջնորդարանի «Հ. Ոսկանեան» սրահում, նախաձեռնութեամբ Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի։ Ձեռնարկը վայելում էր Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի հովանաւորութիւնը, որ երկրից բացակայութեան պատճառով ներկայ չէր: 

  • Ատրպատականի հայոց առաջնորդը մեկնեց Վենետիկ
    Ատրպատականի հայոց առաջնորդը մեկնեց Վենետիկ

    3 մայիս, 2018-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը մեկնեց Վենետիկ, Իտալիա, իբրեւ անձնական ներկայացուցիչը Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի: Սրբազան Հայրը Սբ. Ղազար կղզում մասնակցելու է, «Մխիթարեան» միաբանութեան սոյն կղզում հաստատման 300-ամեակի նւիրւած հանդիսութիւններին եւ յատկապէս նոյն առիթով կազմակերպւած գիտաժողովին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։