Հա

Համայնք

28/01/2018 - 11:20

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի այցը Իսլամական մշակոյթի հիմնարկութեան ընդհանուր տնօրէնին

Շաբաթ, 27 յունաւր 2018-ի առաւօտեան ժամը 11-ին, պաշտօնական հանդիպում կայացաւ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, Թեմական խորհրդի եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան մշակոյթի տարածման պետական հիմնարկութեան ընդհանուր տնօրէն դոկտ. Մոհամմատփուրի միջեւ, սոյն հիմնարկութեան Թաւրիզի կենտրոնատեղիում: 

«alikonline.ir» - Շաբաթ, 27 յունաւր 2018-ի առաւօտեան ժամը 11-ին, պաշտօնական հանդիպում կայացաւ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, Թեմական խորհրդի եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան մշակոյթի տարածման պետական հիմնարկութեան ընդհանուր տնօրէն դոկտ. Մոհամմատփուրի միջեւ, սոյն հիմնարկութեան Թաւրիզի կենտրոնատեղիում: Առաջնորդ Սրբազանի հետ սոյն հանդիպման իրենց մասնակցութիւնը բերեցին Թեմական խորհրդի ատենապետ Ռուբիկ Ջանանեանը, եւ անդամներ՝ Գագիկ Ջորջեանը, Ալէն Սայադեանը եւ Վարդան Աբրահամեանը: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Իր գրասենեակում ընդունելով Սրբազան հօրը եւ Թեմական խորհրդի անդամներին, ընդհանուր տնօրէնը, իր հետ միասին ունենալով փոքրամասնութիւնների բաժանմունքի պատասխանատուն, ողջունեց նրանց, քննարկելով մէկ շարք խնդիրներ, որոնք վերաբերւում են Ատրպատականի հայոց թեմին, եւ ընդհանրապէս Ատրպատականում ապրող հայութեան:

Առաջնորդ Սրբազանը իր խոր գոհունակութիւնը յայտնեց մի քանի շաբաթներ առաջ դոկտ. Մոհամմէտփուրի Ազգային առաջնորդարան տւած այցի համար, ինչպէս նաեւ այն աջակցութեան, որ ընդհանուր տնօրէնը ընձեռում է հայ համայնքին, մասնաւորապէս Ատրպատականի հայոց թեմին:

Մշակոյթի տարածման ծիրից ներս իր մտածումները արտայայտելով, առաջնորդ Սրբազանը խօսեց 2018 թւին, հայ համայնքի մշակութային ներդրման կարելիութիւնների մասին, Թաւրիզ քաղաքի «Զբօսաշրջութեան մայրաքաղաք» հռչակման առիթով: Մեր եկեղեցիների, ճարտարապետական կոթողների եւ ընդհանրապէս հայկական մշակութային ժառանգութեան ծանօթացումը զբօսաշրջիկներին, Սրբազանը նկատեց կարեւոր եւ հարստացուցիչ:

Հանդիպումը երկուստեկ գոհացուցիչ արդիւնք ունեցաւ, որովհետեւ մտքերի փոխանակումով նոր ծրագրերի առաջարկութիւններ կատարւեցին եւ գործակցութեան նոր հեռանկարներ գծագրւեցին կողմերի համար:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։