Հա

Համայնք

30/01/2018

Ձմեռ պապը ուրախացրեց Թաւրիզի հայ համալսարանականների միութեան փոքրիկ լսարանցիներին

Արդէն երկրորդ տարին է, որ Թաւրիզի հայ համալսարանականների միութիւնը կազմակերպում է յատուկ դասընթացքներ անգլերէն լեզւի եւ գեղանկարչութեան, որին մասնակցում են շատ փոքր տարիքի երեխաներ: 

«alikonline.ir» - Արդէն երկրորդ տարին է, որ Թաւրիզի հայ համալսարանականների միութիւնը կազմակերպում է յատուկ դասընթացքներ անգլերէն լեզւի եւ գեղանկարչութեան, որին մասնակցում են շատ փոքր տարիքի երեխաներ: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Այս տարի, կիրակի, 21 յունւար 2018-ի երեկոյեան, Ձմեռ պապը անակնկալ էր վերապահել նաեւ այս փոքրիկներին, ուրախացնելով նրանց իրենց դասապահի ընթացքում:

Վերոյիշեալ ուրախ ժամանցին, երեխաների կողքին էին նրանց ուսուցչուհիները՝ անգլերէնի ուսուցչուհին՝ Մեղեդի Թարվերդեանը եւ գեղանկարչութեան ուսուցչուհի՝ Անայիս Խալաֆեանը, ԹՀՀ միութեան ատենապետուհի՝ Անահիտ Յակոբեանը, ինչպէս նաեւ վարչականներ եւ երեխաների ծնողները:

Ձմեռ պապին դիմաւորելիս, Միութեան ատենապետուհին ողջունեց ներկաներին, յիշեցնելով որ ԹՀՀ միութիւնը միշտ ուշադիր է համայնքի նկատմամբ եւ երեխաների յատուկ սոյն դասընթացքներով, ինչպէս նաեւ ռուսերէն լեզւի յատուկ դասընթացքով, փորձում է առաւել իմացական լուսաւորութիւն տարածել նոր սերնդի մօտ: Այս առիթով նա գնահատեց ուսուցիչներին՝ դոկտ. Վարդան Սիմոնզին, (ռուսերէնի ուսուցիչ), Անայիս Խալաֆեանին (գեղանկարչութեան) եւ Մեղեդի Թարվերդեանին (անգլերէն լեզւի), որոնք նւիրումով ծառայում են Միութեան վարչութեան կողմից որոշւած սոյն ծրագրերին:

Երեխաների անսահման ուրախութիւնը կրկնապատկւեց, երբ Ձմեռ պապին նւէրներ բաշխեց բոլորին՝ երեխաներին եւ մեծերին:

Բացառիկ գնահատանքի արժանի են ծնողները, որոնք իրենց բազմազբաղ ժամանակում առիթ են գտնում իրենց երեխաներին արտադպրոցական սոյն ծրագրերին եւս մասնակից դարձնելու, զարկ տալով նրանց մէջ տարբեր ճաշակների կազմաւորման:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։