Հա

Համայնք

10/02/2018 - 11:30

Սրբոց Վարդանանց տօնը Ատրպատականի հայոց թեմում

Հինգշաբթի, 8 փետրւար 2018-ին, Սրբոց Վարդանանց զօրավարաց ազգային-եկեղեցական տօնի խորհուրդը նշւեց Ատրպատականի հայոց թեմում, յատկապէս հայաշատ քաղաքներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում, եկեղեցական արարողութիւնների եւ ազգային տօնախմբութիւնների կատարմամբ:

Թաւրիզի Լիլաւա թաղամասի Սբ. Սարգիս եկեղեցում, չորեքշաբթի, 7 փետրւար 2018-ին, Սրբոց Վարդանանց յիշատակի հանդիսաւոր ժամերգութեան նախագահեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, մասնակցութեամբ Թաւրիզի հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանի:

«alikonline.ir» - Հինգշաբթի, 8 փետրւար 2018-ին, Սրբոց Վարդանանց զօրավարաց ազգային-եկեղեցական տօնի խորհուրդը նշւեց Ատրպատականի հայոց թեմում, յատկապէս հայաշատ քաղաքներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում, եկեղեցական արարողութիւնների եւ ազգային տօնախմբութիւնների կատարմամբ: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Թաւրիզի Լիլաւա թաղամասի Սբ. Սարգիս եկեղեցում, չորեքշաբթի, 7 փետրւար 2018-ին, Սրբոց Վարդանանց յիշատակի հանդիսաւոր ժամերգութեան նախագահեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, մասնակցութեամբ Թաւրիզի հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանի: Գիշերային եւ Առաւօտեան ժամերգութիւնների կատարմամբ յիշատակւեցին մեր եկեղեցու ամէնից ժողովրդական սրբերը՝ Քաջ Վարդան եւ նրա զինակից 1036 նահատակները, որոնք «վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց» ընծայեցին իրենց կեանքը, նահատակութեան սրբազան ճանապարհով, ընկնելով Աւարայրի դաշտում:

«Քրիստոս Աստւած մեր» եղանակաւոր մաղթանքի պահին, Առաջնորդ Սըբազանը յատուկ աղօթքով յիշատակեց Քաջայաղթ ախոյեանին սուրբ եկեղեցու՝ Մեծն Վարդանին  յազգէն  Մամիկոնէից,  Խոհական Խորէնին՝ յազգէն Պալունեաց, Զարմանալի Տաճատին՝ յազգէն Գնդունեաց, Վեհազնիւ  Վահանին՝  յազգէն Գնունեաց, Հիանալի Հմայեակին՝ յազգէն Դիմաքսեանց, Ցանկալի Արսէնին՝ յազգէն Ընծայեանց, Հրաշակերտ Ներսեհին՝ յազգէն Քաջբերունեաց, Յառաջադէմ Գարեգնին՝ յազգէն Սրւանձտեանց, եւ բոլոր ուխտապահ վկաներին՝ հազար երեսուն եւ վեցին, լուսերամ խմբին Վարդանանց մարտիրոսաց:

Նոյն առիթով, ներկայ հաւատացեալները եւ Թաւրիզի հայոց ազգային դպրոցի եւ Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի մասնաճիւղի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի աշակերտութիւնը հաղորդւեցին Քրիստոսի սուրբ մարմնով եւ արեամբ:

Առաջնորդ Սրբազանը այս առիթով քարոզ տւեց, յատկապէս ուղղւած երեխաներին, որոնք անմեղութեամբ պատասխանում էին նրա հարցրած հռետորական հարցերին՝ Աւարայրի Արծիւի, Կարմիր Զօրավարի եւ քաջարի բանակի մասին: Ապա երգւեցին Վարդանանց նւիրւած ազգայնաշունչ երգերից մէկ փունջ՝ «Պլպուլն Աւարայրի», «Լռեց ամպերը», «Իմ հայրենեաց», «Ո՜հ դու բարեկամ», «Քաջ Վարդանի տոհմը», «Աւարայրի դաշտ ներկւեց» եւ այլ երգեր:

Եկեղեցական արարողութիւնից յետոյ, սկսւեց ազգային տօնակատարութիւնը, երբ Թաւրիզի հայոց ազգ. դպրոցի աշակերտ-աշակերտուհիներ՝ Շարա Բաղդասարեանը եւ Նարէ Սայադեանը ասմունքով գովերգեցին Վարդանանց Զօրավարաց քաջութիւնը: Իսկ Իզաբէլ Սարգիսեանը Վարդանանց նահատակութեան նախորդող եւ յաջորդող դէպքերու, ինչպէս նաեւ Աւարայրի մեծ զոհաբերութեան պատմական ակնարկը կատարեց, իր դպրոցակիցներին եւ բոլոր հաւատացեալներին պատմելով Աւարայրի հերոսութիւնը:

Առաջնորդ Սրբազանը շնորհաւորելով բոլոր Վարդան անունը կրողներին եւ նոյն օր իրենց անւանակոչութիւնը տօնող հայորդիներին, յատուկ շնորհաւորութիւն յայտնեց եկեղեցու «Կոմիտաս» երգչախմբի վաստակաշատ ղեկավար-երաժիշտ՝ Վարդան Վահրամեանին, ինչպէս նաեւ բարշ. Վարդան սրկ. Տէր-Մարտիրոսեանին, որոնք ամէն կիրակի անխափան մասնակցում են ս. պատարագին: Ապա, նա շնորհաւորեց արժ. Տ. Մարտիրոս քահանայի ձեռնադրութեան եւ օծման առաջին տարեդարձը, եւ նոյն առիթով նրան յանձնեց Թաւրիզի հայոց եկեղեցիների Խնամակալ Մարմնի նւիրաբերած պատարագի նոր զգեստը: 

Հինգշաբթի, 8 փետրւար 2018-ին, ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Ուրմիոյ ծխական Սբ. Ստեփանոս եկեղեցում: Պատարագեց եւ քարոզեց հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը, ներկայութեամբ Ուրմիահայ հաւատաւոր ժողովրդի զաւակներին: Եկեղեցում առաջին շարքերը գրաւել էին Հ.Օ.Մ.-ի Ուրմիոյ մասնաճիւղի «Նայիրի» մանկապարտէզի երեխաները, գլխաւորութեամբ իրենց պատասխանատուների: Ներկաները պատարագի ընթացքին հաղորդւեցին Քրիստոսի սուրբ մարմնով եւ արեամբ: Սբ. պատարագի աւարտին Հ.Օ.Մ.-ի Ուրմիոյ մասնաճիւղի «Նայիրի» մանկապարտէզի երեխաները յատուկ յայտագրով հանդէս եկան, Սրբոց Վարդանանց տօնի նւիրւած երգերով ու արտասանութիւններով: Հանդիսութիւնը ղեկավարում էր մանկապարտէզի ուսուցչուհի՝ Օֆելիա Սայադեանը: Մանկական նրանց թոթովանքը արժանացաւ ծփատէր քահանայ հօր, Հ.Օ.Մ.-ի վարչութեան եւ ներկաների բարձր գնահատանքին:

Վարդանանց տօնի առիթով, տէր հայրը յատուկ յիշատակութեան արժանացրեց Վարդան անունը կրող անձերին եւ շնորհաւորական մաղթանքով օրհնեց նրանց:

Աւարայրի դաշտը աշխահագրականօրէն իր մէջում պարփակող Ատրպատկաանի հայոց թեմի զաւակները այս տարի եւս նրա՝ խորհրդով հարստացած, Թաւրիզում եւ Ուրմիայում վերադարձան իրենց տները, ազգային-եկեղեցական տօնի ներշնչումը ամբողջ տարւայ համար իրենց հետ տանելով:

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը մեկնեց Անթիլիաս
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը մեկնեց Անթիլիաս

    Երեքշաբթի, 16 հոկտեմբեր 2018-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը մեկնեց Անթիլիաս, Լիբանան, իբրեւ անդամ Ազգային Կենտրոնական վարչութեան Կրօնական ժողովի: 

  • Թարգմանչաց տօնի հանդիսաւոր ժամերգութիւն եւ Հայ Մշակոյթի օրւայ տօնակատարութիւն Թաւրիզում
    Թարգմանչաց տօնի հանդիսաւոր ժամերգութիւն եւ Հայ Մշակոյթի օրւայ տօնակատարութիւն Թաւրիզում

    Շաբաթ, 13 հոկտեմբեր 2018-ի առաւօտեան ժամը 11-ին, հանդիսապետութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, Թաւրիզի Լիլաւա հայաշատ թաղամասի Սբ. Սարգիս եկեղեցում տեղի ունեցաւ հանդիսաւոր ժամերգութիւն, Սրբոց Թարգմանչաց Վարդապետաց տօնի առիթով: «Քրիստոս Աստւած մեր» եղանակաւոր մաղթանքի ընթացքում յիշւեցին Թարգմանիչ Վարդապետները գլխաւորութեամբ Սուրբ Սահակ հայրապետի եւ Սբ. Մեսրոպ Մաշտոց վարդապետի:

  • «Յիմ Կիլիկիա»
    «Յիմ Կիլիկիա»

    Նահապետի երազը, մեր ստւերոտ պատմութեան ոլորապտոյտ բաւիղների եզրին հասակ առած ծառերի տերեւներն է շօշափում, դրանց երեսի փայլի յետեւում պահւած արծաթագոյն էջերը թերթատելով: Երազը երբե՛ք հեռու չէ իրականութիւնից, եթէ ժամանակի խորհուրդը խորտակելու ոյժ կարելի լինի ամբարել բազկի մէջ առնական, ինչպէս նաեւ եթէ յաջողւի խեղդել կոկորդում՝ հեծկլտուքը մանկական, վարդի փոխարէն յոյս ցանելով հրւանդանին մօտեցող մեր նաւի տատանող կամրջակի լաստերի վրայ:

  • Գերմանացի Մարկոս Էնդլերի «Պատուհան» գծանկարչական ցուցահանդէսը՝ Թաւրիզում
    Գերմանացի Մարկոս Էնդլերի «Պատուհան» գծանկարչական ցուցահանդէսը՝ Թաւրիզում

    Չորեքշաբթի, 10 հոկտեմբեր 2018-ի երեկոյեան ժամը 8-ին, ձեռամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, ազգ. առաջնորդարանի «Հ. Ոսկանեան» սրահում բացումը կատարւեց գերմանացի արւեստագէտ Մարկոս Էնդլերի «Պատուհան» խորագրով գծանկարչական ցուցահանդէսին, հովանաւորութեամբ Թեմական խորհրդի եւ կազմակերպութեամբ Թաւրիզի Հայ Համալսարանականների միութեան: 

  • Գերմանացի ուսուցիչների մէկ խումբ Ատրպատականի ազգ. առաջնորդարանում
    Գերմանացի ուսուցիչների մէկ խումբ Ատրպատականի ազգ. առաջնորդարանում

    Երկուշաբթի, 8 հոկտեմբեր 2018-ի երեկոյեան, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, իր գրասենեակում ընդունեց գերմանացի մէկ խումբ ուսուցիչներ, որոնք յատուկ այցով ժամանել էին Թաւրիզ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։