Հա

Համայնք

15/02/2018

Տեառնընդառաջի հանդիսաւոր նախատօնակ, մանուկների խորան ընծայում եւ աւանդական խարոյկ՝ Ատրպատականի հայոց թեմում

Հայ եկեղեցու որդեգրած սիրելի աւանդութիւններից է Տեառնընդառաջի տէրունի տօնը, մեր Տիրոջ տաճար ընծայման յիշատակը, որը կարօտով սպասւում է ամէն տարի Ատրպատականի հայոց թեմի ժողովրդի կողմից:

Երեքշաբթի, 13 փետրւար 2018-ի երեկոյեան ժամը 5-ին, թեմի եկեղեցիներում՝ Թաւրիզիում եւ Ուրմիայում տեղի ունեցան հանդիսաւոր նախատօնակ եւ ապա աւանդական խարոյկի բոցավառում:

«alikonline.ir» - Հայ եկեղեցու որդեգրած սիրելի աւանդութիւններից է Տեառնընդառաջի տէրունի տօնը, մեր Տիրոջ տաճար ընծայման յիշատակը, որը կարօտով սպասւում է ամէն տարի Ատրպատականի հայոց թեմի ժողովրդի կողմից: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Երեքշաբթի, 13 փետրւար 2018-ի երեկոյեան ժամը 5-ին, թեմի եկեղեցիներում՝ Թաւրիզիում եւ Ուրմիայում տեղի ունեցան հանդիսաւոր նախատօնակ եւ ապա աւանդական խարոյկի բոցավառում: Տօնի յատուկ «Մարմնացեալդ ի Կուսէն» շարականի երգեցողութեամբ ատեանում կատարւած խնկեղինօք եւ մոմեղինօք հանդիսաւոր թափօրը, ապա «Ի գիրկս առեալ» շարականի երգեցողութեան պահին մանուկների խորան ընծայումը, վերյիշեցրին հաւատացեալներին Յիսուսի մանկութեան պատկերը, երբ իր մօր՝ Ս. Կոյս Մարիամի ձեռամբ Տաճար բերւեց՝ եւ Սիմէոնի գրկում գգւեց:

Թաւրիզի Լիլաւա թաղամասի Սբ. Սարգիս եկեղեցում, նախատօնակին նախագահեց եւ քարոզեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը: Իսկ Ուրմիոյ Սբ. Ստեփանոս եւ Գեարդաբադի Սբ. Գէորգ եկեղեցիներում՝ ծխատէր արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը կատարեց զոյգ արարողութիւնները մի քանի ժամի տարբերութեամբ եւ տւեց օրւան խորհուրդը բացատրող քարոզ: Ե՛ւ Թաւրիզում, ե՛ւ Ուրմիայում ե՛ւ Գեարդաբադում մեր ժողովրդի զաւակները խուռներամ ներկայ գտնւեցին արարողութեան եւ հաղորդւեցին օրւայ դաստիարակիչ խորհրդով: 

Իր քարոզում, առաջնորդ Սրբազանը Յիսուսի Տաճար ընծայման նախատօնակի առիթով մի անգամ եւս վերապատմեց Յիսուսի տաճարին ընծայման դրւագը, որը իր արմատները ունի Հին Ուխտի ժողովրդի պատմութեան մէջ: Նա բացատրեց իւրաքանչիւր ծնողի երազային սպասումները իր զաւակների ապագայի մասին, եւ երբեմն այն դժբախտութիւնները, որոնցմով կասեցւում է երազների իրականացման գործընթացը. «Սիմէոն ծերունին, մանուկ Յիսուսին իր գիրկը առնելուց եւ Աստծուն փառք տալուց յետոյ, Աստւածամօր յայտնեց, թէ նրա սրտից էլ սուր է անցնելու: Սուրը, ցաւը, վէրքը, խոցը, տառապանքը մեր մարդկային այս կեանքի մաս են կազմում: Ոչ ոք չգիտի թէ ի՞նչ է սպասւում իրեն համար ապագայում: Սակայն պատրաստ լինելը դրանց՝ իմաստութիւն է: Չար մարդիկ, չար դէպքեր, չար լեզուներ, չարիք ծրագրաւորող անձեր այս աշխարհում անպակաս են: Դրանք չարի արբանեակներն են, որոնք քուն ու դադար չունեն: Հարկ է ճանաչել նրանց եւ պաշտպանւել նրանցից: Յիսուս ինքնապաշտպանութեան կարիք չունէր: Նա հենց մարդու փրկութեան համար էր եկել աշխարհ: Ուրեմն Նա նախապատրաստւել էր այս ուղղութեամբ եւ իր Հօր կամքն էր կատարում: Սակայն Աստւածամայրը դեռ չէր կարող իմանալ թէ ի՞նչ է Աստծու կամքը իր Միածնին համար: Դրա համար էլ Սիմէոն Ծերունին բացայայտ ծանուցում եւ ասում է Աստւածամօր, թէ նրա սրտից սուր է անցնելու…», ասաց Սրբազանը:

Ապա, Սրբազան Հայրը անդրադարձաւ երեխաների քրիստոնէական դաստիարակութեան վեհ առաքելութեան, յիշեցնելով բոլոր ծնողներին եւ յատկապէս մեծ ծնողներին, թէ՝ մանուկ տարիքում երեխաների հոգում ցանւած աստւածահաճոյ սուրբ սերմնահատիկը անպայման ծլելու է ապագայում, բազմապատիկ արդիւնաւորւելով:

Նախատօնակի վերջին մասում տեղի ունեցաւ երեխաների խորան ընծայման արարողութիւնը, ձեռամբ Թաւրիզի հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանի: Ապա, Սուրբ Խորանից վառւած մոմով, առաջնորդ Սրբազանը վառեց եկեղեցու կենտրոնում հաստատւած մեծ աշտանակը, որից հաւատացեալները վառեցին իրենց մոմերը, իսկ բարեպաշտներ նոյն մոմից վառւած իրենց լապտերները իրենց հետ տարան տուն:

Եկեղեցական արարողութիւնից յետոյ, եկեղեցիների շրջափակերում աւանդական խարոյկները վառւեցին, Ս. Գրիգոր Լուսաւորչի կողմից հեթանոս մեր հայրերի աւանդութիւնը քրիստոնէական տօնի՝ Տեառնընդառաջի միացւած լինելուն աւանդութիւնը պահելով: Թափօրը եկեղեցուց յառաջացաւ դէպի շրջափակ, որտեղ առաջին կայծը տրւեց առաջնորդ Սրբազան հօր կողմից: Այնուհետեւ ժողովուրդը երեք անգամ կրակին շուրջ պտտւեց յանուն Հօր, Որդու եւ Սուրբ Հոգու, իր ուխտը ընծայելով խնդրակատար Աստւածամօր՝ ՔրիստոսԼոյսի միջնորդութեամբ:

Խորհրդաւոր մի պահւան պատկեր գծւեց բոլորի աչքերում, երբ լապտերներով ժողովուրդը դէպի տուն էր մեկնում: Հաւատացեալները Աստծու Տնից վառւած ճրագը առնելով իրենց տան ճրագը վառեցին, Աստծու օրհնութիւնը բոլոր տարւայ համար բերելով իրենց տան օջախին: Նշենք, թէ Գեարդաբադ գիւղիւմ էլ, Հոգաբարձութեան եւ Խնամակալ մարմնի կողմից ներկայ բոլոր հաւատացեալները ժամերգութիւնից յետոյ հիւրասիրւեցին համադամ ընթրիքով:

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը մեկնեց Լոս Անջելէս
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը մեկնեց Լոս Անջելէս

    Երեքշաբթի 17 յուլիս 2018-ի առաւօտեան, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը մեկնեց Լոս Անջելէս, Միացեալ Նահանգներ, որտեղ մասնակցելու է իր հեղինակած «Ուղեւորութիւն Ատրպատականի հայոց թեմում հայկական յուշարձանների հետքերով» գրքի Ա. հատորի շնորհանդէսին: 

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Քարագլուխ գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Քարագլուխ գիւղում

    Տեղագրական իր ծրագրին եւ թեմի պատմութեան անցեալի հետքերով ընթանալով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը այցելեց Ղարադաղի Քարագլուխ նախկին հայկական գիւղը, որտեղ կանգուն է դեռ հայոց Սբ. Յովհաննէս եկեղեցին: 

  • Սբ. Թադէի վանքի 64-րդ եռօրեայ ուխտագնացութիւնը
    Սբ. Թադէի վանքի 64-րդ եռօրեայ ուխտագնացութիւնը

    Արտազի Սբ. Թադէոս Առաքեալի վանքի տարեկան եռօրեայ ուխտագնացութիւնը, հոգեւոր ու ազգային ապրումներով դարձեալ յուզեց համայն իրանահայութեանը եւ յատկապէս Ատրպատականցի հային: 

    64-րդ տարին լինելով, Ատրպատականի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ եւ կազմակերպութեամբ Վանքերի ուխտագնացութեան յանձնախմբին, սոյն ուխտագնացութիւնը տեղի ունեցաւ 12-15 յուլիս 2018-ին:

  • Հայ եկեղեցին ուրախացաւ եւ ուրախացրեց նոր սերնդին Վարդավառի ժողովրդական տօնով
    Հայ եկեղեցին ուրախացաւ եւ ուրախացրեց նոր սերնդին Վարդավառի ժողովրդական տօնով

    Կիրակի, 8 յուլիս 2018-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան եպիսկոպոսական հանդիսաւոր ս. պատարագ մատոյց եւ քարոզեց Թաւրիզի Մարալան թաղամասում, հայոց ուխտավայր Ս. Աստւածածին մատուռում, որտեղ կանուխ ժամերից հաւաքւել էին թաւրիզահայեր:

  • Ատրպատականի հայոց առաջնորդը Ղարադաղի Գինդիմնան (Վարդանաշէն) գիւղում
    Ատրպատականի հայոց առաջնորդը Ղարադաղի Գինդիմնան (Վարդանաշէն) գիւղում

    Հիւսիսային Իրանի պատմական եւ հայ եկեղեցու հնագոյն թեմում իր կատարած տեղագրութեան աշխատանքի ընթացքում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը այցելեց Գինդիմնան նախկին հայկական գիւղը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։