Հա

Համայնք

10/03/2018

Միջինքի աւանդական հաւաքոյթ Թաւրիզի խնամակալ մարմնի կանանց կազմակերպութեամբ

Չորեքշաբթի, 7 մարտի 2018 թ.-ին, Մեծ Պահոց կէսին, Լիլաւայի Սբ. Սարգիս եկեղեցում ժամերգութեան ընթացքին քարոզեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեան, անդրադառնալով Միջինքի խորհրդին, յառաջիկայ 24 օրերի ինքնասրբագրման յաւելեալ առիթին, մինչեւ հաւատացեալներ միասնաբար արժանի կը լինեն դիմաւորել Տիրոջ հրաշափառ Յարութեան տօնը՝ Սբ. Զատիկը: 

«alikonline.ir» - Չորեքշաբթի, 7 մարտի 2018 թ.-ին, Մեծ Պահոց կէսին, Լիլաւայի Սբ. Սարգիս եկեղեցում ժամերգութեան ընթացքին քարոզեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեան, անդրադառնալով Միջինքի խորհրդին, յառաջիկայ 24 օրերի ինքնասրբագրման յաւելեալ առիթին, մինչեւ հաւատացեալներ միասնաբար արժանի կը լինեն դիմաւորել Տիրոջ հրաշափառ Յարութեան տօնը՝ Սբ. Զատիկը: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Յաջորդ օր, հինգշաբթի, 8 մարտի 2018 թ.-ին, երեկոյեան ժամը 8-ին, կազմակերպութեամբ Թաւրիզի եկեղեցիների Կանանց Խնամակալ Մարմնի, տեղի ունեցաւ Միջինքի աւանդական հաւաքոյթը, հովանաւորութեամբ առաջնորդ Սրբազանին եւ Թեմական խորհրդի: Հաւաքոյթին ներկայ գտնւեցին Ազգային իշխանութեան անդամներ, քաղաքում գործող տարբեր Միութիւնների եւ Կազմակերպութիւնների ներկայացուցիչներ, Խնամակալի կազմը, ինչպէս նաեւ եկեղեցասէր ու ազգասէր բազմաթիւ թաւրիզահայեր:

Օրւայ հանդիսավար Կարէն Սարգիսեանի բարի գալստեան եւ ողջոյնի խօսքով բոլոր ներկաների եկեղեցասիրական եւ ազգասիրական յատկանիշները լուսարձակի տակ բերւեցին, միանգամ եւս շեշտելով, թէ այս յատկանիշներն են համայնական մեր կեանքը առողջ պահող ազդակները: Ապա, Մարմնի անդամներից Լուսիկ Դանղեանը հակիրճ բացատրականով ներկայացրեց Միջինքի աւանդոյթը, հնուց մինչեւ այսօր շարունակւող գաթայի սովորութեամբ եւ բախտաւոր անձի ընտրութեամբ:

Մարտի 8-ն լինելով, ներկայ բոլոր կանայք իրենց նւիրւած համաշխարհային տօնի առիթով, սրահ մուտքի պահին յատուկ կրծքանշան ստացան, իսկ օրւայ հանդիսավարը յատուկ շնորհաւորանքով նշեց օրւայ խորհրդալից իմաստը, եւ Միջինքի սոյն հաւաքոյթին ճիշտ այս օրը տեղի ունենալու գեղեցիկ զուգադիպութիւնը:

Պահքի կերակրատեսակների ճոխութիւնը ակնյայտ էր լաւ յարդարւած սեղանների վրայ, որոնք բոլորը Խնամակալ Մարմնի կանանց պատրաստութիւնն էր: Հանդիսավար Կարէն Սարգիսեանը երեկոյթի ընթացքում յաճախակի յիշեցումներով շեշտեց մեր եկեղեցու շուրջը համախմբւած եկեղեցասէր կանանց նւիրւած ծառայութիւնը եւ դրա բարեզարդման հանդէպ ունեցած սէրն ու հոգածութիւնը: Նա յիշեց նաեւ այն բարերարները, որոնք լուռ եւ միայն աղօթքի խնդրանքով իրենց նւէրը մատուցում են եկեղեցուն, զօրավիգ կանգնելով Խնամակալ Մարմնի աստւածահաճոյ աշխատանքին:

Երեկոյթի ընթացքին նաեւ տեղի ունեցան եկեղեցագիտական եւ աստւածաշնչական ընդհանուր զարգացման նպատակ ունեցող հարց-խաղեր, Աստւածաշնչի եւ մեր եկեղեցու օրացուցային կանոնների մասին կարճ հարցերով, որոնց ամէնից շուտ պատասխանողները՝ դոկտ. Վարդան Սիմոնզը, Սաթիկ Աբրահամեանը եւ Արմինէ Վահրամեանը նւէրներ ստացան: Երեկոն իրենց երգերով եւ ասմունքով ճոխացրին Ռեբեկա Մարկոսեանը, Ռեբեկա Սարգիսեանը, Սիլվա Վարդանեանը, իսկ զուգերգով հանդէս եկան երաժիշտ Վարդան Վահրամեանը եւ դոկտ. Արա Մելիքեանը:

Խնամակալ Մարմնի կողմից եւ առաջնորդ Սրբազան հօր ձեռամբ գնահատանքի արժանացան եկեղեցու գործերին միշտ պատրաստակամ ծառայութիւն մատուցողներ՝ երաժիշտ-խմբավար՝ Վարդան Վահրամեանը, Վարդան սրկ. Տէր-Մարտիրոսեանը, Դոկտ. Վարդան Սիմոնզը, Քրիստափոր Մկրտիչեանը, Անիթա Գէորգեանը եւ Ահահիտ Շահմուրադեանը: Իրենց ստացած կիսասարկաւագական ձեռնադրութեան ուրախ առիթով, Խնամակալ Մարմնի կողմից նւէրներ ստացան Էջմին Մնացականեանը, Գիվարկիզ Մկրտիչեանը եւ Ժիրայր Աբրահամեանը: Իսկ փոքրիկներ՝ Էմելիա Աբրահամեանը, Գեղանի Գրիգորեանը եւ Տաթեւ Աբրահամեանը նոյնպէս գնահատւեցին, միշտ եկեղեցու ծառայութեան հանդէպ իրենց ջանասիրութեան համար:

Օրւայ գլխաւոր արարողութիւնը Միջինքի գաթայի հատումն էր, երբ իւրաքանչիւր սեղանից ընտրւած բախտաւորները մասնակցեցին ընդհանրական խաղին եւ շահաւոր հանդիսացաւ Խնամակալի վարչութեան անդամ՝ Ռուզան Անտոնեանը:

Առաջնորդ Սրբազանը իր գնահատանքի եւ օրհնութեան խօսքը ուղղելով ներկաներին, բարձր գնահատեց կանանց ներկայութիւնը մեր եկեղեցու կեանքում, յատկապէս Խնամակալ Մարմնի աշխատանքի միջոցով, որոնք միշտ նեցուկ են կանգնում եկեղեցու առաքելութեան. «Քրիստոսից մեզ տրւած առաքելութիւնն ենք իրագործում մեր ժողովրդի կեանքում: Երանելի՜ են նրանք, ովքեր մասնակից են լինում նման աստւածահաճոյ առաքելութեան: Մեզանից իւրաքանչիւրի դրած մէկ քարը, վերջում բարձրացնելու է աներեւոյթ այն սանդուխը, որը մեզ տանելու է երկրից երկինք», ասաց Սրբազանը: Նա մեծ գնահատանք յայտնեց վարչութեան եւ բոլոր անդամներին, գլխաւորութեամբ ատենապետուհի Մինէ Նազարեանի: Նոյն առիթով գնահատւեցին նաեւ վարչութեան նախկին երկու անդամներ՝ Էլենա Օրդուխանեանը եւ Արմինէ Մնացականեանը, որոնք անմնացորդ սիրով ծառայել էին նախկին կազմում: Սրբազան հայրը նաեւ յիշատակեց անունները եւ գնահատեց Պատգամաւոր Ռիմա Աղաջանեանի, որ միշտ սատար է հանդիսանում Խնամակալի աշխատանքներին, ինչպէս նաեւ գնահատեց Շաքէ Ջանանեանին, որը ո՛չ միայն եկեղեցական հանդերձների սիրայօժար կարումով նպաստում է Թաւրիզի եկեղեցական աշխատանքներին, այլեւ Ուրմիոյ շրջանի Ռահւա գիւղի եկեղեցու համար եւս վարագոյր եւ խորանի ամբողջական ծածկոցներ կարելով, նւիրաբերում է յօժարակամ: Սրբազանը նաեւ գնահատեց հանդիսավար Կարէն Սարգիսեանին, որ երբեք չի մերժում գաղութի կեանքում բոլոր ձեռնարկների ընթացքում իրեն վստահւած հանդիսավարութեան եւ կամ երաժշտական ընկերակցութեան առաջարկները: Ի վերջոյ Սրբազանը գնահատեց բոլոր ներկաներին, որոնք իրենց մասնակցութեամբ քաջալեր հանդիսացել էին Խնամակալ Մարմնի առաքելութեան: Յայտնենք, թէ գիշերւայ ընթացքում վիճակախաղի շահող հանդիսացաւ Երէցմայր Ռոզիկ Ղուկասեանը, իսկ կանանց միջազգային օրւայ առիթով իր կրծքանշանի յետեւում արձանագրւած թիւի վիճակախաղով օրւայ բախտաւոր կինը յայտարարւեց Էլենա Օրդուխանեանը:

Մատուցւած ընթրիքի ամբողջ տեւողութեան, Վարդան Սարգիսեանի հաղորդավարութեամբ քաղցր երաժշտութեան ներքեւ ներկաները ճաշակեցին օրւայ համադամ կերակուրները, շուտով Քրիստոսի Յարութեան տօնով միանգամ եւս ցնծալու կարօտի սպասումով:

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը մեկնեց Լոս Անջելէս
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը մեկնեց Լոս Անջելէս

    Երեքշաբթի 17 յուլիս 2018-ի առաւօտեան, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը մեկնեց Լոս Անջելէս, Միացեալ Նահանգներ, որտեղ մասնակցելու է իր հեղինակած «Ուղեւորութիւն Ատրպատականի հայոց թեմում հայկական յուշարձանների հետքերով» գրքի Ա. հատորի շնորհանդէսին: 

  • Սբ. Թադէի վանքի 64-րդ եռօրեայ ուխտագնացութիւնը
    Սբ. Թադէի վանքի 64-րդ եռօրեայ ուխտագնացութիւնը

    Արտազի Սբ. Թադէոս Առաքեալի վանքի տարեկան եռօրեայ ուխտագնացութիւնը, հոգեւոր ու ազգային ապրումներով դարձեալ յուզեց համայն իրանահայութեանը եւ յատկապէս Ատրպատականցի հային: 

    64-րդ տարին լինելով, Ատրպատականի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ եւ կազմակերպութեամբ Վանքերի ուխտագնացութեան յանձնախմբին, սոյն ուխտագնացութիւնը տեղի ունեցաւ 12-15 յուլիս 2018-ին:

  • Հայ եկեղեցին ուրախացաւ եւ ուրախացրեց նոր սերնդին Վարդավառի ժողովրդական տօնով
    Հայ եկեղեցին ուրախացաւ եւ ուրախացրեց նոր սերնդին Վարդավառի ժողովրդական տօնով

    Կիրակի, 8 յուլիս 2018-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան եպիսկոպոսական հանդիսաւոր ս. պատարագ մատոյց եւ քարոզեց Թաւրիզի Մարալան թաղամասում, հայոց ուխտավայր Ս. Աստւածածին մատուռում, որտեղ կանուխ ժամերից հաւաքւել էին թաւրիզահայեր:

  • Ատրպատականի հայոց առաջնորդը Ղարադաղի Գինդիմնան (Վարդանաշէն) գիւղում
    Ատրպատականի հայոց առաջնորդը Ղարադաղի Գինդիմնան (Վարդանաշէն) գիւղում

    Հիւսիսային Իրանի պատմական եւ հայ եկեղեցու հնագոյն թեմում իր կատարած տեղագրութեան աշխատանքի ընթացքում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը այցելեց Գինդիմնան նախկին հայկական գիւղը:

  • Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի օծման 23-րդ տարեդարձ. «Շատե՜ր սխալւեցին՝ Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը ժամանակավրէպ համարելով»
    Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի օծման 23-րդ տարեդարձ. «Շատե՜ր սխալւեցին՝ Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը ժամանակավրէպ համարելով»

    Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Սրբազնագոյն Վեհափառ Հայրապետի բարեբաստիկ ընտրութեան եւ շնորհառատ հովւապետական օծման 23-րդ տարեդարձի առիթով (յունիս 28 - 1 յուլիս 1995) կիրակի, 1 յուլիս 2018-ին, Ատրպատականի հայոց թեմում կատարւեց Հայրապետական մաղթանք, Վեհափառ Հայրապետի կենաց արեւշատութեան, քաջառողջութեան եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան անսասանութեան համար: 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։