Հա

Համայնք

10/03/2018 - 12:40

Ատրպատականի հայոց առաջնորդը ընդունեց ճրտրպ. Վարուժան Առաքելեանի այցելութիւնը

Շաբաթ, 10 մարտի 2018 թ.-ի առաւօտեան ժամը 10-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը իր գրասենեակում ընդունեց այցելութիւնը հանրայայտ ճարտարապետ եւ Ատրպատականի հայոց թեմի Ազգային իշխանութեան վաղեմի անդամներից Վարուժան Առաքելեանի այցելութիւնը: 

«alikonline.ir» - Շաբաթ, 10 մարտի 2018 թ.-ի առաւօտեան ժամը 10-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը իր գրասենեակում ընդունեց այցելութիւնը հանրայայտ ճարտարապետ եւ Ատրպատականի հայոց թեմի Ազգային իշխանութեան վաղեմի անդամներից Վարուժան Առաքելեանի այցելութիւնը: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Առաջնորդ Սրբազանը միանգամ եւս շնորհաւորեց Վ. Առաքելեանին, նրա յոբելեանի առիթով, որը մեծաշուք հանդիսութեամբ նշւեց անցած փետրւար ամսի 16-ին Թեհրանում, Հ.Մ.Ա.Կ.-ի կենտրոնական վարչութեան կազմակերպութեամբ:

Նոյն առիթով Ատրպատականի առաջնորդ Սրբազանը բանաւոր պատճառով չէր կարողացել ներկայ գտնւել, սակայն իր Գնահատաց Գիրը ուղարկել էր, մեծարեալ յոբելեարի բազմերախտ ծառայութիւնները ընդգծելով, յատկապէս Ատրպատականի հայոց թեմի պատմական կոթողների եւ անկրկնելի վանքերի հանդէպ Վարուժան Առաքելեանի ցուցաբերած նախանձախնդրութիւնը վեր հանելով: Վ. Առաքելեան իր շնորհակալութիւնը յայտնեց ուշադրութեան համար: Յայտնենք, որ սոյն Գնահատանաց Գիրը տպւել էր հանդիսութեան առիթով «Արարատ»-ի հրատարակաց «Հաւաքածոյ Ճրտպ. Վարուժան Առաքելեանի աշխատութիւններից» հատորի բ. մասում, ուղերձների շարքում:

Գնահատանաց Գիրում, առաջնորդ Սրբազանը յատկապէս գրել էր. «Հայկական ճարտարապետութեան եւ դրա պատմութեան ոտնաձայնին ունկնդիր, Ձեր երիտասարդ տարիքից այցի գնացիք Իրանում եւ յատկապէս Ատրպատականի հայոց մեր թեմում վաղ դարերից բուսած նւիրական կոթողներին: Դուք սիրեցիք դրանց եւ դրանք սիրեցին Ձեզ:

«Եւ ծնւեց փոխադարձ ու անպայմանաւոր սէրը որպէս վարար գետ, աճեց Ձեր հոգում եւ գործնապէս պտղաւորւեց անցած երկարաձիգ տասնամեակների ընթացքում, երբ անշունչ քարերին քայլող ոտքեր տւեցիք, Ձեր հոգու հետ շաղախելով իւրաքանչիւր կոթողի պատմութիւնը՝ թեւեր սարքեցիք նրանց համար, եւ մեր սրբազան տաճարները դէպի երկինք խոյաց¬րիք, բոլորին վարակելով դրանց նկատմամբ Ձեր հոգածու հետաքրքրութեամբ:

«Իսկ այսօր, Դուք Իրանում հայկական ճարտարապետութիւնն իսկ էք, որ դեռ քայլում է, պատիւ բերելով սոյն երկրում ապրող հայութեան: Ատրպատականի անկրկնելի գոհարները՝ Սբ. Թադէոս Առաքեալի վանքը, Սբ. Ստեփանոս Նախավկայի վանքը, եւ մանաւանդ ջրամոյն լինելուց փրկւած Ծոր-Ծորը, քարեղէն լեզուներով պիտի փառաւորեն Ձեր անունը առ յաւէտ, գովերգելով Ձեր մատների սիրազեղ հպումը, որը իրենց քարեղէն մաշկի վրայ բազմիցս զգացին նրանք:

«Ձեր այս շինարար ճանապարհորդութիւններից շատերում Ձեզ ընկերացաւ Ձեր ազնւափայլ տիկինը՝ Օժիկը, վայելելով երբեմն սոյն արկածախնդրութիւնների ցանկալի հա¬ճոյքը եդեմական: Ուրեմն սարից-սար, վանքից-վանք, մէկ կոթողից միւսը, Դուք թռչեցիք զոյգ թեւերով, եւ այսօր վաստակաշատ զոյգի հոգեկան բաւարարութեամբ էք վերյիշում վստահաբար Ձեր անցած հարուստ փորձառութեան տարիները:

«Հայկական ճարտարապետութեան եւ ի մասնաւորի Ատրպատականի հայոց թեմի սրբազան կոթողներին ընծայած անգնահատելի ծառայութիւնների համար, երախտագիտական վառ ապրումներով շնորհաւորում ենք Ձեզ, մեր թեմի Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի եւ ողջ կառոյցների անունից:

«Թող Աստւած պողպատեայ առողջութեամբ օժտի Ձեզ, որպէսզի Իր փառքի տաճարների անաղարտ պահպանումի համար, անմնացորդ սիրով ընդերկար շարունակէք Ձեր մեծարժէք խորհրդատուութիւնը, օրի¬նակելի օրինակ մնալով նոր սերնդի մեր զաւակներին»:

Հանդիպումը առիթ հանդիսացաւ վերյիշելու թեմի անցեալը, հայ եկեղեցու պատմութեան անցքերը, հետեւողական իր պրպտումների արդիւնքը, վանքերի եւ այլ կոթողների վերանորոգութիւնների յառաջատւական փուլերը, ինչպէս նաեւ դրանց կապւած հեռանկարներ: Միշտ երիտասարդական աւիւնով, աւելի քան ութսունամեայ ճարտարապետը այս առիթով պատմեց նաեւ Հին Ջուղայի զոյգ խաչքարերը Հովւի մատուռից Թաւրիզ փոխադրելու աշխատանքի մասին, որն իրականացրել էր 1963 թւին: Սրբազան Հայրը շարունակելով նոյն խաչքարերի տեղափոխութեան պատմութիւնը, յայտնեց, որ 2012 թւին, երբ նոր էր եկել Ատրպատական, Ղալայի Սբ. Աստւածածին եկեղեցու շրջափակում տեղադրւած նոյն խաչքարերը փոխադրել էր տւել եւ զետեղել Ազգային առաջնորդարանի շքամուտքին:

Առաջնորդ Սրբազանը այս առիթով դարձեալ բարձր գնահատեց վաստակաւոր ճարտարապետի անմնացորդ սիրով կատարած ներդրումը Ատրպատականի հայոց թեմին, քաջառողջութիւն մաղթելով նրան:

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը մեկնեց Անթիլիաս
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը մեկնեց Անթիլիաս

    Երեքշաբթի, 16 հոկտեմբեր 2018-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը մեկնեց Անթիլիաս, Լիբանան, իբրեւ անդամ Ազգային Կենտրոնական վարչութեան Կրօնական ժողովի: 

  • Թարգմանչաց տօնի հանդիսաւոր ժամերգութիւն եւ Հայ Մշակոյթի օրւայ տօնակատարութիւն Թաւրիզում
    Թարգմանչաց տօնի հանդիսաւոր ժամերգութիւն եւ Հայ Մշակոյթի օրւայ տօնակատարութիւն Թաւրիզում

    Շաբաթ, 13 հոկտեմբեր 2018-ի առաւօտեան ժամը 11-ին, հանդիսապետութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, Թաւրիզի Լիլաւա հայաշատ թաղամասի Սբ. Սարգիս եկեղեցում տեղի ունեցաւ հանդիսաւոր ժամերգութիւն, Սրբոց Թարգմանչաց Վարդապետաց տօնի առիթով: «Քրիստոս Աստւած մեր» եղանակաւոր մաղթանքի ընթացքում յիշւեցին Թարգմանիչ Վարդապետները գլխաւորութեամբ Սուրբ Սահակ հայրապետի եւ Սբ. Մեսրոպ Մաշտոց վարդապետի:

  • «Յիմ Կիլիկիա»
    «Յիմ Կիլիկիա»

    Նահապետի երազը, մեր ստւերոտ պատմութեան ոլորապտոյտ բաւիղների եզրին հասակ առած ծառերի տերեւներն է շօշափում, դրանց երեսի փայլի յետեւում պահւած արծաթագոյն էջերը թերթատելով: Երազը երբե՛ք հեռու չէ իրականութիւնից, եթէ ժամանակի խորհուրդը խորտակելու ոյժ կարելի լինի ամբարել բազկի մէջ առնական, ինչպէս նաեւ եթէ յաջողւի խեղդել կոկորդում՝ հեծկլտուքը մանկական, վարդի փոխարէն յոյս ցանելով հրւանդանին մօտեցող մեր նաւի տատանող կամրջակի լաստերի վրայ:

  • Գերմանացի Մարկոս Էնդլերի «Պատուհան» գծանկարչական ցուցահանդէսը՝ Թաւրիզում
    Գերմանացի Մարկոս Էնդլերի «Պատուհան» գծանկարչական ցուցահանդէսը՝ Թաւրիզում

    Չորեքշաբթի, 10 հոկտեմբեր 2018-ի երեկոյեան ժամը 8-ին, ձեռամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, ազգ. առաջնորդարանի «Հ. Ոսկանեան» սրահում բացումը կատարւեց գերմանացի արւեստագէտ Մարկոս Էնդլերի «Պատուհան» խորագրով գծանկարչական ցուցահանդէսին, հովանաւորութեամբ Թեմական խորհրդի եւ կազմակերպութեամբ Թաւրիզի Հայ Համալսարանականների միութեան: 

  • Գերմանացի ուսուցիչների մէկ խումբ Ատրպատականի ազգ. առաջնորդարանում
    Գերմանացի ուսուցիչների մէկ խումբ Ատրպատականի ազգ. առաջնորդարանում

    Երկուշաբթի, 8 հոկտեմբեր 2018-ի երեկոյեան, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, իր գրասենեակում ընդունեց գերմանացի մէկ խումբ ուսուցիչներ, որոնք յատուկ այցով ժամանել էին Թաւրիզ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։