Հա

Համայնք

ԱՊՐԻԼԻ 24
%AM, %27 %229 %2018 %09:%Մրտ

Ծաղկազարդը անակնկալներով խանդավառեց Ատրպատականի հայոց թեմի մանուկներին 

Կիրակի, 25 մարտի 2018 թ.-ի առաւօտեան, Ատրպատականի հայոց թեմում մատուցւած պատարագով եւ մանուկների թափօրով, հաւատացեալ ժողովուրդը միասնաբար մուտք գործեց Յիսուսի տնօրինական կեանքի վերջին շաբաթը: Յատկապէս մանուկների դէմքին երեւում էր ցնծութիւնը տօնի, երբ զանազան միջոցներով նրանք հրաւիրւում էին մասնակից լինելու քրիստոնէական սուրբ շաբաթի հոգեպարար կեանքին:

«alikonline.ir» - Մեր Տիրոջ եւ Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի անգերազանցելի համեստութեան եւ հեզութեան տօնի՝ Ծաղկազարդի առիթով, Ատրպատականի հայոց թեմում տեղի ունեցած եկեղեցական արարողութիւնները մեր եկեղեցու շուրջ համախմբեցին մեր մատաղատի սերնդին, որ բացառիկ խանդավառութեամբ մասնակցեց բոլոր ձեռնարկներին, զօրանալով իր քրիստոնէական հաւատքի առաջին քայլերի մէջ: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Երկու հայաշատ քաղաքներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում, ինչպէս նաեւ Գեարդաբադ գիւղում տեղի ունեցած արարողութիւնների ընթացքում օրհնւեցին ուռիի ոստերը եւ ապա, յետմիջօրէի դռնբացէքի արարողութիւն կատարւեց:

Կիրակի, 25 մարտի 2018 թ.-ի առաւօտեան, Ատրպատականի հայոց թեմում մատուցւած պատարագով եւ մանուկների թափօրով, հաւատացեալ ժողովուրդը միասնաբար մուտք գործեց Յիսուսի տնօրինական կեանքի վերջին շաբաթը: Յատկապէս մանուկների դէմքին երեւում էր ցնծութիւնը տօնի, երբ զանազան միջոցներով նրանք հրաւիրւում էին մասնակից լինելու քրիստոնէական սուրբ շաբաթի հոգեպարար կեանքին:

Թաւրիզի Լիլաւա թաղամասի Սբ. Սարգիս եկեղեցում պատարագեց եւ քարոզեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, առընթերակայութեամբ Թաւրիզի հոգեւոր հովիւ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանի: Երգեցողութիւնը քառաձայն կատարեց «Կոմիտաս» երգչախումբը, ղեկավարութեամբ Դոկտ. Վարդան Սիմոնզի:

Ուրմիոյ Սուրբ Ստեփանոս ծխական եկեղեցում պատարագեց եւ քարոզեց՝ հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը: Երգեցողութիւնը կատարեց «Նարեկացի» երգչախումբը, ղեկավարութեամբ Օֆելիա Սայադեանի:

Առաջնորդ Սրբազանը իր յղած պատգամում վեր հանեց Երկնաւոր արքայի համեստութեան ու հեզութեան օրինակը, իբրեւ բացառիկ առիթ մարդկութեան համար, խոնարհութիւնը որդեգրելու աւելի, քան՝ հպարտութիւնն ու ամբարտաւանութիւնը. «Իր ժամանակի թագաւորներից եւ իշխաններից տարբերւելով, Աստծու Որդին, երկնքի ու երկրի թագաւորը ձիով մուտք չգործեց սուրբ քաղաքը, այլ սովորական մարդկանց յատուկ փոխադրամիջոցի՝ իշուկի քամակին նստեց: Սակայն այն յաղթական մուտքը որը վերապահւած էր լինում արքաներին, ժողովուրդը յարգանքով մատուցեց Յիսուսին, իր հանդերձները փռելով Նրա անցնելու ճանապարհին: Այսօր գործնական օրինակով մեր Փրկիչը հաստատում է իր խօսքը, թէ՝ այն որ կը խոնարհեցնի իր անձը, բարձրանալու է: Երկնքի տէրը լինելով, Նա խոնարհեցրեց իր անձը, սակայն ժողովուրդը ճանաչեց Նրան իր խոնարհութիւնից: Մարդիկ մեզ կարող են ճանաչել մեր հարստութիւնից, մեր գիտութիւնից, մեր արտաքին գեղեցկութիւնից, սակայն շատ աւելի՛ կարող են ճանաչել մեզ մեր խոնարհութիւնից, մեր հեզութիւնից, մեր համբերութիւնից, մեր ընկերասիրութիւնից, մէկ խօսքով մեր առաքինութիւններից»,- ասաց Սրբազանը:

Ծաղկազարդը մանուկների տօն հռչակւած լինելով Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի կողմից, առաջնորդ Սրբազանը ողջունեց ներկայ երեխաներին, որոնք ամէն տարի անհամբեր սպասում են այն անակնկալներին, որոնք մատուցւում են նրանց եկեղեցական արարողութիւնից յետոյ:

Առաջնորդ Սրբազանը կոչ ուղղեց ներկայ բոլոր ծնողներին, իրենց երեխաների կրօնական դաստիարակութեան հանդէպ առաւել հոգածութիւն ցուցաբերել, մեր եկեղեցու աւանդութիւնների ուսուցմամբ եւ հոգեւոր կրթութեամբ:

Սուրբ պատարագի աւարտին, խորանի վրայ զետեղւած սկուտեղների մէջ օրհնւեցին ուռիի ոստերը, որոնք պատրաստւել էին Խնամակալ մարմնի կանանց կողմից: Երեխաների համար տասնեակներով փուչիկներ պատրաստւել էին, տօնական մթնոլորտը առաւել ջերմացնելու համար: Մանուկների թափօրը ընթացք առնելով եկեղեցուց, ուղղւեց դէպի հիւսիսային բակը եւ ապա եկեղեցու շուրջ պտտւելով վերադարձաւ գաւթի մուտքին:

Իւրաքանչիւր երեխայ իր բախտի թղթիկը վերցրեց Խնամակալի կողմից մատուցւած ամանից, որի մէջ գրւել էր իր խոստումը՝ իր ծնողներին, իր ազգին ու եկեղեցուն հաւատարմութիւն արտայայտող: Ապա, իւրաքանչիւրը բախտի թղթիկին տակ իր անունը գրելով, կապեց սպիտակ աղաւնիի ոտքին, արձակելով նրան դէպի կապոյտ երկինք:

Մանկական թատերական կերպարներ զւարճացրին մանուկներին, իրենց ներկայութեամբ եւ կազմակերպած պարերով:

Նոյն օրը երեկոյեան ժամը 5-ին, դարձեալ Լիլաւայի Սբ. Սարգիս եկեղեցում հանդիսապետութեամբ առաջնորդ Սրբազան Հօր կատարւեց Դռնբացէքի խորհրդալից արարողութիւնը, որի աւարտին օրւայ խորհուրդը ներկայացնող պատգամ տւեց Սրբազան Հայրը:

Իր քարոզում, նա ցոյց տւեց հաւատացեալ մարդու հոգեկան պատրաստութեան կարեւորութիւնը, երբ այնքան փորձութիւններով լի ժամանակներում է ապրում մարդկութիւնը ներկայումս:

«Սոյն արարողութիւնը ազդանշան է քրիստոնեայ մարդուն տրւած, որպէսզի ժամանակների աւարտը չեկած նախապատրաստւի գալիքին: Վախճանը անակնկալ չի՛ լինելու, որովհետեւ ողորմած ու բարեգութ Աստւած մեղաւոր մարդու կորուստը չի՛ ցանկանում, այլ ուզում է որ նա վերադառնայ Իրեն, զղջումով ու ապաշխարութեամբ»,- ասաց Սրբազանը:

Նոյն երեկոյեան ժամը 4-ին, Գեարդաբադի Սբ. Գէորգ Եկեղեցում տեղի ունեցաւ երեկոյեան ժամերգութիւն եւ Դռնբացէքի արարողութիւն, Ուրմիոյ հոգեւոր հովիւ՝ Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանի միջոցով: Դարձեալ նոյն օրը երեկոյեան ժամը 7-ին, Ուրմիոյ Սբ. Ստեփանոս եկեղեցում եւս, Տէր հօր միջոցով կատարւեց Դռնբացէքի արարողութիւնը: Երկու եկեղեցիներում տւած իր քարոզի ընթացքում, Տէր հայրը խօսեց Ծաղկազարդի եւ աշխարհի վախճանի զոյգ խորհուրդների մասին, յորդորելով հաւատացեալների, արթուն եւ պատրաստ լինել Քրիստոսի երկրորդ գալստեան:

Ծաղկազարդով եւ դռնբացէքի իմաստալից արարողութեամբ, մեր սուրբ եկեղեցու բարեպաշտ զաւակները Ատրպատականի հայոց թեմում, ընդգրկւեցին Աւագ շաբաթւայ խորհրդալից օրերի շրջանակում, հոգեպէս լցւելու համար մեր Տիրոջ տնօրինական կեանքի վերջալոյսի հոգեպարար պատկերներով:

اخبار مرتبط

  • Մոխրաթեւ 100-ամեայ փիւնիկը
    Մոխրաթեւ 100-ամեայ փիւնիկը

    Ապրիլ 24-ի դառնայուշ օրերի յիշատակը վերստին գօտեպնդում է մեզ, աննահանջ շարունակելու մեր հաւաքական պայքարի երթը ազգովի, մինչեւ մեր բռնաբարւած իրաւունքների ձեռքբերումը՝ հողային հատուցումով եւ Հայոց Ցեղասպանութեան ճանաչումով, նախ ցեղասպանին եւ ապա քաղաքակիրթ համայն աշխարհի կողմից:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդն հանդիպել է Թաւրիզի քաղաքապետի հետ
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդն հանդիպել է Թաւրիզի քաղաքապետի հետ

    Ապրիլի 19-ին Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, Թեմական խորհրդի ատենապետ Ռուբիկ Ջանանեանի ընկերակցութեամբ հանդիպել է Թաւրիզի քաղաքապետ դոկտ. Իրաջ Շահին Բահերի հետ: Հանդիպմանըներկայ է եղել նաեւ քաղաքապետի խորհրդական դոկտ. Խալիլին: 

  • Զատկական ընթրիք-հաւաքոյթ Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղում
    Զատկական ընթրիք-հաւաքոյթ Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղում

    Տօնական օրերի տօնացուցային երկարաձգման հետ, երկարաձգւում է նաեւ նրանց ստեղծած խանդավառութիւնը համայնքում: Սուրբ Զատկին յաջորդող Յինունքի օրերին, աւանդաբար Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղը կազմակերպում է զատկական ընթրիք-հաւաքոյթ, որը այս տարի տեղի ունեցաւ հինգշաբթի, ապրիլի 12-ի երեկոյեան ժամը 9:30-ին, «Արարատ»-ի Թաւրիզի կենտրոնատեղիում, կազմակերպութեամբ Երէցների միութեան:

  • Մայրերի օրւայ առիթով իւրայատուկ հանդիսութիւն Թաւրիզում
    Մայրերի օրւայ առիթով իւրայատուկ հանդիսութիւն Թաւրիզում

    Կազմակերպութեամբ Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի մասնաճիւղի, 6 ապրիլ 2018 թ.-ի երեկոյեան ժամը 8-ին, Մայրերի որւայ նախօրեակին, իւրայատուկ հանդիսութիւն տեղի ունեցաւ Թաւրիզում, Ազգային առաջնորդարանի «Համազասպ Ոսկանեան» սրահում, հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի: Սոյն հանդիսութեան համար Թեհրանից էր հրաւիրւել Իռէն Աբնուսեանը, իբրեւ բանախօս:

  • Սբ. Զատկւայ պատարագ եւ սպասքի օրհնութիւն Ռահւայի Սբ. Աստւածածին եկեղեցում
    Սբ. Զատկւայ պատարագ եւ սպասքի օրհնութիւն Ռահւայի Սբ. Աստւածածին եկեղեցում

    Մեր Տիրոջ եւ Փրկչի Յիսուս Քրիստոսի Սուրբ Յարութեան տօնին յաջորդող ուրբաթ օրը, 6 ապրիլ 2018 թ.-ին, առաւօտեան ժամը 11-ին, եպիսկոպոսական հանդիսաւոր ս. պատարագ մատուցւեց Ռահւա գիւղի Սբ. Աստւածածին պատմական եկեղեցում, ներկայութեամբ գիւղի եւ Ուրմիայից ժամանած հաւատացեալների: Ներկայ էին նաեւ Թեմական խորհրդի անդամները, բարերար Էդիկ Մեջլումեանը, գիւղի հոգաբարձութեան եւ Խնամակալ մարմնի անդամները, ինչպէս նաեւ ասորական համայնքի պատասխանատուներ: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։