Հա

Համայնք

ԱՊՐԻԼԻ 24
%AM, %31 %229 %2018 %09:%Մրտ

Վախեցի՛ր յաւիտենական թմբիրից

Գարնանամուտի հետ ծլարձակւող ցորենը, աւետարանական պատկերով յարութեան յոյսն է ներշնչում մեզ դարձեալ, մեր Տիրոջ եւ Փրկչի հրաշափառ Սուրբ Յարութեան տօնական այս օրերին: Սերմնացուն, որ հողի տակ վերստին ծլելով, կանաչազգեստ նո՛ր կեանքով է երեւում գետնի մակերեսին եւ հասկ կազմելու ազդանշանը տալիս բնութեան, բացայայտ օրինակ է բոլորիս համայնական յարութեան:

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի Սբ. Զատկւայ պատգամը

 

«Նրանք, ովքեր գերեզմանների մէջ են»:
(Յվ 5.28)

 

Գարնանամուտի հետ ծլարձակւող ցորենը, աւետարանական պատկերով յարութեան յոյսն է ներշնչում մեզ դարձեալ, մեր Տիրոջ եւ Փրկչի հրաշափառ Սուրբ Յարութեան տօնական այս օրերին: Սերմնացուն, որ հողի տակ վերստին ծլելով, կանաչազգեստ նո՛ր կեանքով է երեւում գետնի մակերեսին եւ հասկ կազմելու ազդանշանը տալիս բնութեան, բացայայտ օրինակ է բոլորիս համայնական յարութեան:

Բնութիւնը վերանորոգում է ինք իրեն եւ ներքին համոզմունք է գոյացնում իր կեանքում յառաջացած փոփոխութիւնների առումով: Նա հաշտւում է կենսախում ձմերւայ հետ, եւ ապա, իր աչքերը ծանրացրած թմբիրից յետոյ բացւող նոր իրականութիւնն է որդեգրում, փոխելով համայնակուլ իր շրջազգեստը՝ ձիւնասպիտակ պատանքը երկարապատում եւ հագնւելով նորականաչ մարգագետինը համատարած, կարկաչահոս վտակների գլգլան երաժշտութեան հետ միաձուլւած, միաժամանակ յոյսի պտղաւորումով գունագեղ ծաղիկներ փթթելով հաւանական ամէն ելքից, իր բոլո՛ր կարողականութեամբ:

Բայց մարդը… այս անըմբռնելին, անհասկանալին, Աստծու կամքին անհնազանդ ու ըմբոստ էակը, եւ երբեմն… անհակակշռելին եւ անհանդուրժելին…, դժւարութիւն է ցուցաբերում ընդունելու հողայնական իր ճակատագրի երկնաբարբառ որոշումը՝ «հող էիր դու եւ հողին ես դառնալու» (Հմմտ Ծն 3.19): Կեանքի դասակարգման եւ խաւաբաշխման աստւածային որոշումը՝ երկնայինների եւ երկրաւորների տարբեր խմբաւորումներով, աննիւթական մեծ վիհ էր գոյացրել, ծածկելով անմահութիւնը մահկանացուներից (Հմմտ Ծն 3.24, Ղկ. 16.26):

Պարզ է, որ յաւիտենականութեան հասնելու տենչանքով վառւած եւ յաւերժական տռփալից սիրով այն գրկելու պատրաստ մարդկային սիրտը չի՛ հաշտւում մահւան հետ: Վկա՛յ դարեր առաջ հին մշակոյթների պատկանող մարդկանց կառուցած վիթխարի դամբարանները, որոնք լցւում էին կենցաղային իրերով, այնտեղ հանգչող մարդու համար միւս կեանքի յարմարութիւններ ստեղծելու նպատակով: Վկա՛յ մինչեւ այսօր կառուցւող մարմարակերտ շքեղ գերեզմաններն ու տապանաքարերը, որոնք այնտեղ ննջող մարդու հանդէպ յարգանքի արտայայտութիւն լինելուց շա՜տ աւելի, նրա համար երկրաւոր մէկ նոր բնակարան սարքած լինելու սին մտածումն ու ինքնախաբէութիւնն են հետապնդում հեւ ի հեւ, նիւթական մեծածախս գումարների անիմաստ մսխումով:

Իր յարութեամբ Քրիստոս համամարդկային մտալլկող մտահոգութիւնը փարատեց, փակելով մահւան մութ ու անեզր խոռոչը, իր գերեզմանի բերանից շպրտւած մեծղի ժայռաբեկորի կողքին կանգնած յայտարարելով, որ զգացւող ամէն մթութիւն մահը չէ՛, իսկ տեսանելի մահը՝ վերջը չէ՛:

Շնորհալի հայրապետի բանաստեղծական թռչիքով մեկնաբանւած «Խաւարն անգոյ»-ն, մինչ այդ՝ վախազդու էր: Դարեր ամբողջ մահւան բեմը իր սեւ վարագոյրով ահաբեկել էր համայն տիեզերքի մարդկութեանը, մահը ներկայացնելով իբր նախամուտքը ոչնչութեան: Բայց ի սկզբանէ տկար եւ անզօր մահը, որ անթիւ դարեր գազանի մորթի հագնւած սարսափեցրել էր մահկանացու բնութեամբ ստեղծւած մարդուն, Յիսուսի յարութեամբ մերկացաւ իր խորհրդաւոր շուրջառից եւ կեանքի սովորական երեւոյթների շարքում յայտնւեց յանկարծ, իր հողեղէն ցեխագոյն ցնցոտիով:

Նոյն Հայրապետը իր հոգեթով երգերում աղօթք է թողարկել առ Աստւած, խնդրելով որ մեր աչքերին ծանրացող գիշերային քունի պահին, մեր հոգեկան աչքերը արթուն մնան (Ն.Շ., «Նայեաց սիրով», Բ. տուն, Ժամագիրք): Քունը շատերի համար նախատիպ է համարւել մահւան: Փաստօրէն պատահեր է, որ շատեր քնել են հանգստանալու համար եւ յաջորդ առաւօտեան չեն արթնացել ու չեն տեսել Աստծու լոյսը: Մահւան քնով քնել են նրանք, եւ իրենց աչքերը բացել են միւս կեանքում:

Մահւան համար ներկայացւած «մթութիւն»ը, նրա շուրջ ստեղծւած անորոշութեամբ էր պայմանաւորւած եւ հաստատւած: Չկա՛ր պատասխան մարդու չարչրկւող մտքի համար, իսկ անիմանալիի մասին տեղեկութեան պակասը բնականօրէն տագնապեցնում է բոլոր դասակարգերի պատկանող մարդկանց:

Փարաւոններ, կայսրեր եւ թագաւորներ հողին էին յանձնւում իրենց ոսկեղէններով, զէնք ու զրահով, եւ այսպէս իւրաքանչիւր դասակարգի պատկանող մարդուն թաղում էին իր «յարմարաւէտութեամբ»: Թաղմանական այս ձեւը ինքնին վկայութիւն է, թէ մարդիկ չէին հաւատում մահւան այս կեանքի վերջակէտը լինելուն: Սակայն իրենց իմացած չափով ու ձեւով էին արտայայտում իրենց հաւատքը, մահը համարելով ժամանակաւոր քուն, որից արթնանալուց յետոյ, մարդը շարունակելու էր օգտւել իր կողքում զետեղւած կենցաղային իրերից եւ պատերազմական այլեւայլ տեսակի զէնքերից:

Այնուամենայնիւ, քրիստոնէութեան լոյսին դեռ չբացւած մարդը, չէր կարող տեսնել փապուղու միւս կողմում շողացող արեգակը, այնպէս կարծելով, թէ տիեզերքը լուսաւորող լուսատուն միակն է՝ մեր մոլորակի վրայ իր շողերը ամէն օր տարածող արեւն է միայն: Հեթանոս մարդը չէր կարող նոյնիսկ մտածել, որ կայ մէկ Լուսատու որ երկնային բոլոր մարմինների Արարիչն է՝ իսկական լոյսը տեսանելի եւ անտեսանելի բոլոր գոյութիւնների վրայ իր ճառագայթները շողարձակող: Արեգակ՝ որի լուսարձակի խտաշողից եւ խոշորացոյցի կիզակէտից չի՛ կարող պահւել եւ ո՛չ մէկ գոյութիւն այս աշխարհում, անջրպետում եւ ամբո՛ղջ տիեզերքում:

Նրանք ովքեր գերեզմանի մէջ են, մեր քրիստոնէական հաւատքի համաձայն նոր կեանքով արթնանալու են իրենց մահւան թմբիրից, խոր քնից կամ թմրութիւնից ցնցւելու պէս: Սակայն կա՛յ վախ այնտեղ՝ գերեզմանում մնալու: Յաւիտենական թմբիրն է այն, որ այնքա՜ն կը ծանրանայ մեղաւոր մարդու կոպերին, որ թարթիչների հանգուցմամբ կը կապի աչքերը, վերջնականապէս կորստեան անդունդ գլորելու համար մեղաւոր մարդուն: Միայն Քրիստոսի ամենազօր ձեռքը կարող է բռնել նրա ձեռքից եւ կասեցնել այս յաւիտենական գլորումից (Հմմտ Սղ 118.22): Այն ձեռքը, որը թերահաւատ առաքեալին երկարեց մեր Տէրը, փոթորկայոյզ ծովից դուրս բերելով նրան (Հմմտ Մտ 14.31):

Հաւատքով Աստծուն միանալու եւ թերահաւատութեամբ Նրա զօրութիւնը ընդունելու տարբերութիւնը մեծ է: Գերեզմանում եւս թերահաւատութեամբ ննջողներ կան, որոնք իրենց ապրած ամբողջ կեանքի ընթացքում կասկածով են նայել Աստծու հրաշքներին, պարգեւած բարիքներին եւ իրենց աղօթքներին տրւած պատասխաններին: Յաւիտենական թմբիրի վախը ճիշտ այսպիսի մարդկանց հոգում տեղակայւած լինելով, նրանց աչքերի կոպերին կը ծանրանայ, իսկական մթութեան՝ «արտաքին խաւար»-ին արժանացնելով մեղաւոր մարդուն (Հմմտ Մտ 22.13): Խաւար՝ որը ամէնից աւելի սարսափազդու խոր ծովերի անտեսանելի յատակի պատճառած վախից գերիվեր է:

Չկա՛յ մարդկային ոեւէ տեսակի ոյժ կամ զօրութիւն «արտաքին խաւար»-ի անէծքը չէզոքացնող ու մեր պարտագիրը մաքրագրող, բացի Քրիստոսի յարութեան յոյսից: Լալու եւ ատամները կրճտելու վայրը հեռու չէ՛ մեզանից, ինչքան էլ այդպէս թւայ: Որովհետեւ մարդ արարածներ լինելով, միշտ մեզանից շա՜տ հեռու ենք տեսնում սխալը, յանցանքը, մեղքը, նոյնիսկ այն պահերին երբ կեանքը մեզ համար վերածենք պժգանքի: Դրանք մեր ամէնօրեայ «բարեկամներ»ն են, որոնք դասական նախատինք են մեր յոգնաբեկ եւ քրտնաթոր ճակատին դաջւած: Քմայքոտ կեանքը ինչպիսի՞ վախճան է ունենալու, եթէ ոչ՝ «արտաքին խաւար»-ում կազմակերպւած «հարսանիք»-ի համար տրւած պարտադիր հրաւէրով, եւ անողոք սպասեակների մատուցած փտած բանջարեղէնների խայտաբղէտ աղցանները ճաշակելու ստիպողութեամբ:

Որտե՞ղ կարող ես փախչել ամօթիցդ, երբ «արտաքին խաւար»-ի հարսանեաց հրաւիրատոմսը գրպանումդ չէ՛, այլ մահապարտի դատավճռի նման մէջքիդ կպցւած, բոլորին տեսանելի հրապարակայնութեամբ: Ի՞նչ արժէք կը ներկայացնի դրանից յետոյ թափանցիկ հոգիդ կտտացնող մելամաղձութիւնը իր բոլոր սիրալիր ապրումներով վաղեմի: Անցած կեանքի օրերիդ մտածելու էիր դրանց ազդեցութեան մասին, որոնք այնքան հեշտ թարգմանում էիր բերանացի, կամ գրում իրենց հոմանիշները, լղորճելով դրանք բերանումդ իբրեւ՝ սէ՜ր, հեզութի՜ւն, ներողամտութի՜ւն, եղբայրասիրութի՜ւն եւ, ե՜ւ, ե՜ւ…:

Այո՛, վերոյիշեալների մասին նախօրօք մտածելու հնաւորութիւն եթէ ստեղծած լինէիր քեզ համար, պարտաւոր չէիր լինի մահւան նայելու թշնամական խստութեամբ: Նոյնիսկ այն քեզ համար կը լինէր անցումային մէկ կայան, որի միւս կողմում կը նշմարէիր յարուցեալ Փրկչիդ լուսեղէն ձեռքը, քեզ դէպի իրեն ձգող: Ճիշտ այն պահին արթնանալու ենք մահւան քնից: Բայց վա՜յ այն մարդուն, որը յաւիտենական թմբիրի անզգայութեան կը մատնւի…: Վախեցի՛ր յաւիտենական թմբիրից, որովհետեւ գերեզմաններում այս մահով քնողներին առիթ չի՛ տրւելու տօնել յարութեան իսկական տօնը՝ համատիեզերական յարութիւնը, ո՛չ էլ ցնծութեամբ ողջոյն փոխանակել եւ ասել.

- Քրիստոս Յարեա՜ւ ի մեռելոց:
- Օրհնեա՜լ է Յարութիւնն Քրիստոսի. Ամէն:

ԳՐԻԳՈՐ ԵՊՍ. ՉԻՖԹՃԵԱՆ
 Առաջնորդ Ատրպատականի հայոց թեմի

Ս. Զատիկ - 1 Ապրիլ 2018
Ազգային Առաջնորդարան, Թաւրիզ

اخبار مرتبط

  • Մոխրաթեւ 100-ամեայ փիւնիկը
    Մոխրաթեւ 100-ամեայ փիւնիկը

    Ապրիլ 24-ի դառնայուշ օրերի յիշատակը վերստին գօտեպնդում է մեզ, աննահանջ շարունակելու մեր հաւաքական պայքարի երթը ազգովի, մինչեւ մեր բռնաբարւած իրաւունքների ձեռքբերումը՝ հողային հատուցումով եւ Հայոց Ցեղասպանութեան ճանաչումով, նախ ցեղասպանին եւ ապա քաղաքակիրթ համայն աշխարհի կողմից:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդն հանդիպել է Թաւրիզի քաղաքապետի հետ
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդն հանդիպել է Թաւրիզի քաղաքապետի հետ

    Ապրիլի 19-ին Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, Թեմական խորհրդի ատենապետ Ռուբիկ Ջանանեանի ընկերակցութեամբ հանդիպել է Թաւրիզի քաղաքապետ դոկտ. Իրաջ Շահին Բահերի հետ: Հանդիպմանըներկայ է եղել նաեւ քաղաքապետի խորհրդական դոկտ. Խալիլին: 

  • Զատկական ընթրիք-հաւաքոյթ Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղում
    Զատկական ընթրիք-հաւաքոյթ Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղում

    Տօնական օրերի տօնացուցային երկարաձգման հետ, երկարաձգւում է նաեւ նրանց ստեղծած խանդավառութիւնը համայնքում: Սուրբ Զատկին յաջորդող Յինունքի օրերին, աւանդաբար Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղը կազմակերպում է զատկական ընթրիք-հաւաքոյթ, որը այս տարի տեղի ունեցաւ հինգշաբթի, ապրիլի 12-ի երեկոյեան ժամը 9:30-ին, «Արարատ»-ի Թաւրիզի կենտրոնատեղիում, կազմակերպութեամբ Երէցների միութեան:

  • Յիսուս Քրիստոսի Յարութեան եւ Զատկւայ տօնը նշւեց «Սահակեան» կենտրոնում
    Յիսուս Քրիստոսի Յարութեան եւ Զատկւայ տօնը նշւեց «Սահակեան» կենտրոնում

    Ուրբաթ, ապրիլի 6-ին, «Սահակեան» ազգային բարեսիրական կենտրոնում նշւեց Յիսուս Քրիստոսի Յարութեան (Զատկի) տօնը:

  • Աւագ շաբաթւայ եւ Ս. Յարութեան տօնի արարողութիւնները՝ Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում
    Աւագ շաբաթւայ եւ Ս. Յարութեան տօնի արարողութիւնները՝ Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում

    Աւագ շաբաթւայ բոլոր արարողութիւնները կանոնաւոր կերպով կատարւեցին Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում՝ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի նախագահութեամբ։ Արարողութիւններին մասնակցում էին նաեւ արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանն ու սարկաւագաց դասը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։