Հա

Համայնք

08/04/2018 - 10:30

Մայրերի օրւայ առիթով իւրայատուկ հանդիսութիւն Թաւրիզում

Կազմակերպութեամբ Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի մասնաճիւղի, 6 ապրիլ 2018 թ.-ի երեկոյեան ժամը 8-ին, Մայրերի որւայ նախօրեակին, իւրայատուկ հանդիսութիւն տեղի ունեցաւ Թաւրիզում, Ազգային առաջնորդարանի «Համազասպ Ոսկանեան» սրահում, հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի: Սոյն հանդիսութեան համար Թեհրանից էր հրաւիրւել Իռէն Աբնուսեանը, իբրեւ բանախօս:

«alikonline.ir» - Կազմակերպութեամբ Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի մասնաճիւղի, 6 ապրիլ 2018 թ.-ի երեկոյեան ժամը 8-ին, Մայրերի որւայ նախօրեակին, իւրայատուկ հանդիսութիւն տեղի ունեցաւ Թաւրիզում, Ազգային առաջնորդարանի «Համազասպ Ոսկանեան» սրահում, հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի: Սոյն հանդիսութեան համար Թեհրանից էր հրաւիրւել Իռէն Աբնուսեանը, իբրեւ բանախօս: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Բացման խօսքը կատարեց Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի մասնաճիւղի ատենապետուհի Անահիտ Յովսէփեանը, շեշտելով նւիրական առիթը մայրերի տօնի, բարի գալուստ մաղթելով բանախօսին, նրան ընկերակցող «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ Սուրիկ Աբնուսեանին, նրա կնոջ Հայնուշին, եւ հարազատներին:

Օրւայ բանախօսը Իռէն Աբնուսեան իր նիւթը սկսեց հոգեւոր խորհրդածութեամբ, Սբ. Աստւածածնայ Աւետման տօնի խորհրդով, որը պատճառ է հանդիսացել մայրերի օրւայ տօնախմբութեան, մայրութեան գերագոյն օրինակ ունենալով Սբ. Կոյսը: Ապա, նա ազգային մեր պատմութեան վաղ ժամանակներից մինչեւ ազատագրական պայքարի հին ու նոր շրջանները թերթատելով, մատենագիրներից մինչեւ ֆեդայական ինքնապաշտպանութիւնների դրաւագներում յայտնւած հայ քաջարի կանանցից մէկ ընտրանի ներկայացրեց, ցոյց տալով հայ կանանց դերը մեր ազգի կեանքում ընդհանրապէս, սկսած եկեղեցասիրութիւնից մինչեւ ֆիտայական մարտեր եւ նահատակութիւն. «Միջնադարեան մեր պատմիչները վկայում են, որ հայ կանայք իրենց միջոցներով գնել են, կամ սեփական ժառանգական կալւածներին վանքերին են նւիրել բազմաթիւ գիւղեր իրենց շրջակայ արօտավայրերով, այգիներով, լեռներով ու ջրերով: Այդ եկեղեցիներին են նւիրել նրանք թանկարժէք զարդեր, ոսկեայ ու արծաթեայ անօթներ, ջահեր, գորգեր, ծածկոցներ ու վարագոյրներ», ասաց ան: Ապա, ազգանւէր ու հայրենասիրական ոգով թրծւած հայ կանանց մասին վկայելով, ասաց. «Հայոց հազարամեակների պատմութիւնը հարուստ է իրենց կեանքը իրենց հայրենիքին ազատութեան նւիրաբերած անձնւէր խիզախ ու համարձակ հայուհիների գործած սխրանքներով: Այդ նւիրեալ հայուհիները, սեփական ժողովրդի փրկութիւնը բարձր դասելով անձնական երջանկութիւնից, սիրով եւ անտրտունջ գնացին գերագոյն զոհողութեան, իրենց կեանքը նւի¬րաբերելով հայրենիքի փրկութեան: Հայ կնոջ դիրքի ու ըմբռնման մասին բարձր ըմբռնումը հասկանալի է դարձել մեր անցեալի պատմութեան մի շարք նշանաւոր եւ միաժամանակ անուս ու աննշան հայուհիների անձնական սխրագործութիւններից, որոնք հպարտութեան աղբիւրներ են դարձել սերունդների համար»,- ասաց նա:

Հետաքրքիր էին յատկապէս Սօսէ Մայրիկի, Ծաղիկի, Զապէլ Եսայեանի մասին Իռէնի կատարած պրպտողական աշխատանքը, լեցուն վկայութիւններով եւ սեփական զգացումների յորդ ապրումներով: Նշենք, որ դասախօսութեան ուղեկցում էր մոգական լապտերից լուսարձակւող լուսանկարների մէկ շարան, որը Հայնուշ Աւետեանի կողմից ըստ բանախօսի ներկայացրած նիւթը, լուսադրւում էր բեմի պաստառում, յաւելեալ լուսաբանելով հանդիսատեսի մտքերը, պատմութիւն կերտած հայուհիների մասին:

Երեկոն ճոխացւել էր գեղարւեստական ծրագրով, որի ընթացքում ելոյթ ունեցան Միրօ Աբրահամեանը եւ Մասիս Կարապետեանը երգերով եւ զուգերգով, որոնց երգեհոնով նւագակցում էր Կարէն Սարգիսեանը: Դարձեալ երգերով ելոյթ ունեցաւ սոփրանօ Նարինէ Սայադեանը, որին նւագակցում էր Սեւան Գասպարեանը գիթառով:

Գեղարւեստական ծրագրին իրենց շքեղ մասնակցութիւնը բերեց Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի մասնաճիւղի «Տաթեւ» պարախումբը, իր պատանիների եւ երիտասարդների զոյգ խմբերով, գեղարւեստական ղեկավարութեամբ Կարինէ Մանուչերեանի: Ծրագրի ընթացքում, Գ. Նժդեհի հայ մօր եւ կնոջ ձօնւած նշանակալի խօսքերից ընթերցեց, հանդիսութեան կազմակերպիչներից՝ Նայիրի Դիլանեանը:

Հանդիսութեան աւարտին Հ.Օ.Մ.-ի վարչութեան կողմից յուշանւէրներ տրւեցին օրւայ բանախօս՝ Իռէն Աբնուսեանին, նրան օժանդակող Հայնուշ Աւետեանին, իսկ երկու յուշանւէր՝ պարախմբի գեղարւեստական ղեկավար Կարինէ Մանուչերեանին, մէկը Հ.Օ.Մ.-ի վարչութեան կողմից, եւ միւսը՝ «Տաթեւ» պարախմբի կողմից:

Առաջնորդ Սրբազանը եզրափակիչ ու օրհնութեան խօսքով քաջալերեց բոլոր մասնակիցներին եւ երեկոն կազմակերպած Հ.Օ.Մ.-ի վարչութեանը: Նա յատուկ գնահատեց օրւայ բանախօսին, նրա պատրաստած շինիչ բանախօսութեան համար, որը հայոց պատմութեան էջերից քաղւած, հայի ազատատենչ ոգու արտայայտութիւնն էր: Սրբազանը որակաւոր ձեռնարկը գնահատելով, շեշտեց Ատրպատականի հայոց թեմի կենսունակութիւնը բոլոր բնագաւառներում՝ հոգեւոր, կրթական, մշակութային, միութենական, մարդասիրական ու բարեսիրական: Օրւայ խորհուրդը վեր հանելով, հերոսութեան տիտղոսի արժանի համարեց բոլոր մայրերին, որոնք աստւածատուր յատկանիշներից է, իրենց ծնած զաւակների մարդկային, հոգեւոր ու ազգային դաստիարակութիւնը:

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը նահանգապետ Փուրմոհամմադիի մօտ
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը նահանգապետ Փուրմոհամմադիի մօտ

    Ընկերակցութեամբ Ազգային իշխանութեան Պատգմաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի ներկայացուցիչների, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, երկուշաբթի 14 յունւար 2019 թ.-ի առաւօտեան ժամը 11-ին, պաշտօնական այցելութիւն տւեց Արեւելեան Ատրպատականի նորանշանակ նահանգապետ՝ Փուրմոհամմադին, նահանգապետարանում: 

  • Սբ. Ծննդեան եւ Աստւածայայտութեան տօնը Ռահւա գիւղի Սբ. Աստւածածին եկեղեցում
    Սբ. Ծննդեան եւ Աստւածայայտութեան տօնը Ռահւա գիւղի Սբ. Աստւածածին եկեղեցում

    Ուրբաթ, 11 յունւար 2019 թ.-ի առաւօտեան ժամը 10:30-ին, Ռահւա գիւղ ժամանեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, եւ գիւղի աւանդութեան համաձայն Սբ. Ծննդեան տօնի յաջորդող ուրբաթ օրը ս. պատարագ մատոյց Ս. Աստւածածին պատմական եկեղեցում: Խորանին սպասարկում էր Ուրմիայի հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը: Պատարագի երգեցողութիւնը կատարում էր Ուրմիայի «Նարեկացի» երգչախումբը, ղեկավարութեամբ երաժիշտ դոկտ. Վարդան Սիմոնզի:

  • Սբ. Ծննդեան տօնի առիթով Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ուխտաւոր՝ երեք մոգերից մէկի սուրբ գերեզմանին
    Սբ. Ծննդեան տօնի առիթով Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ուխտաւոր՝ երեք մոգերից մէկի սուրբ գերեզմանին

    Ուրբաթ, 11 յունւար 2019 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, ընկերակցութեամբ մէկ խումբ հաւատացեալների, Սբ. Ծննդեան տօնի առիթով ուխտաւորաբար այցելեց, Ուրմիայում գտնւող այն սրբավայրը, որտեղ ըստ աւանդութեան թաղւել է Արեւելքի իմաստուն երեք մոգերից մէկը, որոնք աստղի առաջնորդութեամբ հասել էին մինչեւ Բեթղեհէմ, երկրպագելու նորածին Արքային՝ մանուկ Յիսուսին:

  • Ս. Ծննդեան առիթով պետական եւ ազգային շնորհաւորանքներ Ատրպատականի հայոց թեմում
    Ս. Ծննդեան առիթով պետական եւ ազգային շնորհաւորանքներ Ատրպատականի հայոց թեմում

    Կիրակի եւ երկուշաբթի 5 եւ 6 յունւար 2019-ին Ատրպատականի hայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանն ու Ազգային իշխանութիւնը, Թաւրիզում եւ Ուրմիայում ընդունեցին պետական, ազգային-միութենական եւ ժողովրդական շնորհաւորանքներ, մեր Տիրոջ եւ Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդեան տօնի առիթով: 

  • «Վանի արծաթը»` Թաւրիզում
    «Վանի արծաթը»` Թաւրիզում

    Թաւրիզի հայկական թաղամասի Պարոն Աւագ փողոցը հատւում է կենտրոնական Շարիաթի փողոցին, որով զբօսնելիս միանգամից աչք է ծակում «Van Silver» անունը կրող փոքրիկ խանութը: Բացի անւանումից, այն առաւել լուսարձակ է ցուցափեղկերին շողշողացող արծաթեայ իրերի հաշւին, քան հարեւան տաղաւարներն են:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։