Հա

Համայնք

15/04/2018

Զատկական ընթրիք-հաւաքոյթ Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղում

Տօնական օրերի տօնացուցային երկարաձգման հետ, երկարաձգւում է նաեւ նրանց ստեղծած խանդավառութիւնը համայնքում: Սուրբ Զատկին յաջորդող Յինունքի օրերին, աւանդաբար Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղը կազմակերպում է զատկական ընթրիք-հաւաքոյթ, որը այս տարի տեղի ունեցաւ հինգշաբթի, ապրիլի 12-ի երեկոյեան ժամը 9:30-ին, «Արարատ»-ի Թաւրիզի կենտրոնատեղիում, կազմակերպութեամբ Երէցների միութեան:

«alikonline.ir» - Տօնական օրերի տօնացուցային երկարաձգման հետ, երկարաձգւում է նաեւ նրանց ստեղծած խանդավառութիւնը համայնքում: Սուրբ Զատկին յաջորդող Յինունքի օրերին, աւանդաբար Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղը կազմակերպում է զատկական ընթրիք-հաւաքոյթ, որը այս տարի տեղի ունեցաւ հինգշաբթի, ապրիլի 12-ի երեկոյեան ժամը 9:30-ին, «Արարատ»-ի Թաւրիզի կենտրոնատեղիում, կազմակերպութեամբ Երէցների միութեան: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Երեկոյթին նախագահեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեան, ներկայութեամբ ազգային իշխանութեան անդամների, Հ.Մ.Ա.Կ.-ի վարչութեան անդամների եւ մեծ թւով Արարատականների: Երեկոյի բացման խօսքը կատարեց Երէցների միութեան վարչութեան ատենապետ Ռազմիկ Օրդուխանեանը: Սուրբ Յարութեան տօնին հետ միասին նա շնորհաւորական ուղերձ ուղղեց նաեւ մայրութեան եւ գեղեցկութեան տօնի առիթով, միանգամ եւս շնորհաւորելով բոլոր մայրերին: Շնորհակալութեան խօսք ուղղեց նաեւ նա բոլոր այն անձերին, որոնք օժանդակել էին երեկոյթի կազմակերպման աշխատանքներին: Հանդիսավարութիւնը այնուհետեւ կատարեց Կարէն Սարգսեան: Նա հերթաբար կենացներ առաջարկելով, համայնքի մեծ ընտանիքի ամբողջականութիւնը յիշեց, դուրս բերելով դրան արտաքին աշխարհում տեղի ունեցող բոլոր դժւարութիւններից եւ յիշեցնելով բոլորին մեր հայ լինելը, ինչպէս նաեւ Ատրպատականի զաւակ լինելու առաւելութիւնները:

Ողջոյնի խօսքով հանդէս եկաւ նաեւ Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի վարչութեան ատենապետ Հենրիկ Աբրահամեանը: Նա շնորհաւորական իր խօսքը ուղղելուց յետոյ, խորհրդանշականօրէն բոլորի մայր համարելով տիրամօրը, նրան պատւեց յուշանւէրով: Նոյն ատեն նա յայտարարեց, թէ Սպահանում Գարնանային 30-րդ մարզախաղերին մասնակցելով, Թաւրիզի մասնաճիւղի երեխաները վարքի մրցանակ էին շահել: Ուստի սոյն մրցանակը Հենրիկ Աբրահամեանի որոշումով Սրբազան Հօր ձեռամբ խորհրդանշականօրէն յանձնւեց Սպահան մեկնող խմբի պատասխանատու Վահիկ Բաղդասարեանին: Դարձեալ, Կազմակերպութեան հանդէպ իր ունեցած անձնդիր ծառայութիւնների համար, յատուկ յուշանւէրով գնահատւեց Սարմէն Աւագեան:

Երեկոյթը ունէր նաեւ յանպատրաստից գեղարւեստական ծրագիր, որին երգերով ու ասմունքներով մասնակցեցին Վարդան Սարգսեան, Միրօ Աբրահամեան, Նարինէ Սայեադեան, Սաթիկ Աբրահամեան, Նայիրի Դիլանեան, իսկ երգողներին երգեհոնով ընկերակցում էր Կարէն Սարգսեան: Ծրագրի վերջին ժամը յատկացւել էր զատկական հաւկթախաղի: Իւրաքանչիւր սեղան իր մրցոյթը աւարտելուց յետոյ, յաղթողները մասնակցեցին վերջին փուլի մրցոյթին եւ յաղթող հռչակւեց Գագիկ Յարութիւնեանը, շահելով օրւայ պարգեւը:

Վիճակախաղի աւանդական արարողութիւնն էլ կատարւեց եւ Միութենական Կարօ Ջորջեանը շահելով նւէրը, հայրենասիրական կարճ խօսքով իր զգացմունքը արտայայտեց, նոյն ոգով վարակելով ներկաներին:

Առաջնորդ Սրբազանը իր գնահատանքի եւ օրհնութեան խօսքով շեշտեց համայնքի կայտառ կեանքը, տօնական օրերի նկատմամբ ժողովրդի ցուցաբերած առուգութիւնը, որը մեր համայնական կեանքին շունչ է բերում. «Մեզ համար ամէն օր տօն է, երբ գիտենք օգտւել ուրախութեան օրերի ընձեռած բարեպատեհ առիթներէն: Տօնական օրերի բարիքներից օգտւենք, պահպանելու համար մեր համայնքի կենսունակութիւնը», ասաց նա, գնահատելով վարչութեան եւ երէցների Միութեան հաւաքական աշխատանքը:

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը մեկնեց Լոս Անջելէս
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը մեկնեց Լոս Անջելէս

    Երեքշաբթի 17 յուլիս 2018-ի առաւօտեան, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը մեկնեց Լոս Անջելէս, Միացեալ Նահանգներ, որտեղ մասնակցելու է իր հեղինակած «Ուղեւորութիւն Ատրպատականի հայոց թեմում հայկական յուշարձանների հետքերով» գրքի Ա. հատորի շնորհանդէսին: 

  • Սբ. Թադէի վանքի 64-րդ եռօրեայ ուխտագնացութիւնը
    Սբ. Թադէի վանքի 64-րդ եռօրեայ ուխտագնացութիւնը

    Արտազի Սբ. Թադէոս Առաքեալի վանքի տարեկան եռօրեայ ուխտագնացութիւնը, հոգեւոր ու ազգային ապրումներով դարձեալ յուզեց համայն իրանահայութեանը եւ յատկապէս Ատրպատականցի հային: 

    64-րդ տարին լինելով, Ատրպատականի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ եւ կազմակերպութեամբ Վանքերի ուխտագնացութեան յանձնախմբին, սոյն ուխտագնացութիւնը տեղի ունեցաւ 12-15 յուլիս 2018-ին:

  • Հայ եկեղեցին ուրախացաւ եւ ուրախացրեց նոր սերնդին Վարդավառի ժողովրդական տօնով
    Հայ եկեղեցին ուրախացաւ եւ ուրախացրեց նոր սերնդին Վարդավառի ժողովրդական տօնով

    Կիրակի, 8 յուլիս 2018-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան եպիսկոպոսական հանդիսաւոր ս. պատարագ մատոյց եւ քարոզեց Թաւրիզի Մարալան թաղամասում, հայոց ուխտավայր Ս. Աստւածածին մատուռում, որտեղ կանուխ ժամերից հաւաքւել էին թաւրիզահայեր:

  • Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի Սկաւուտական խորհրդի կազմակերպած բացօթեայ նախաճաշը
    Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի Սկաւուտական խորհրդի կազմակերպած բացօթեայ նախաճաշը

    Ուրբաթ, 6 յուլիս 2018-ի առաւօտեան ժամը 9-ից սկսած Ազգային առաջնորդարանի այգում, համադամ տեսականիով բացօթեայ նախաճաշ էր կազմակերպւած Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի Սկաւուտական խորհրդի խմբապետական կազմի նախաձեռնութեամբ, որին ներկայ գտնւեցին թաւրիզահայեր:

  • Ատրպատականի հայոց առաջնորդը Ղարադաղի Գինդիմնան (Վարդանաշէն) գիւղում
    Ատրպատականի հայոց առաջնորդը Ղարադաղի Գինդիմնան (Վարդանաշէն) գիւղում

    Հիւսիսային Իրանի պատմական եւ հայ եկեղեցու հնագոյն թեմում իր կատարած տեղագրութեան աշխատանքի ընթացքում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը այցելեց Գինդիմնան նախկին հայկական գիւղը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։