Print this page
18/04/2018 - 10:10

Զատկական հաւկթախաղ՝ Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի մասնաճիւղի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանում

Իւրաքանչիւր ուսումնական տարւայ պէս, այս տարի եւս Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի մասնաճիւղի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի աշակերտ-աշակերտուհիները տօնական մթնոլորտում եւ իրենց գունագեղ ու շքեղ մանկապարտէզի հարկի տակ, իրենց ուսուցիչների հետ  միասին զարդարուն սեղանի շուրջ պատրաստւեցին աւանդական հաւկթախաղի: 

«alikonline.ir» - Իւրաքանչիւր ուսումնական տարւայ պէս, այս տարի եւս Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի մասնաճիւղի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի աշակերտ-աշակերտուհիները տօնական մթնոլորտում եւ իրենց գունագեղ ու շքեղ մանկապարտէզի հարկի տակ, իրենց ուսուցիչների հետ  միասին զարդարուն սեղանի շուրջ պատրաստւեցին աւանդական հաւկթախաղի: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Մանկական այս ուրախ տօնին ներկայ եղան Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանն ու Թաւրիզի հոգեւոր հովիւ՝ Արժանապատիւ Տ. Մարտիրոս Քհնյ. Ղուկասեանը հիւրընկալւելով Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի մասնաճիւղի վարչութեան անդամուհիների եւ աշակերտութեան ծնողների կողմից:

Ծաղկազարդ զամբիւղների մէջ տեղադրւած գունագեղ հաւկիթներն առնելով, փոքրիկները փորձում էին հաւկթախաղի մրցոյթում յաղթող դուրս գալ, սակայն դրանցից իւրաքանչիւրը ափսոսանքով էր նայում իր ձեռքում արդէն միւսի հարւածից ջարդւած հաւկիթին:

Տօնական այդ մթնոլորտում Սրբազան Հայրն ու Տէր Հայրը եւս մասնակից դարձան, փոքրիկ սաների հաւկթախաղին, իսկ աւարտին, Սրբազան  Հօր  բերած ոսկեգոյն հաւկիթը յաղթականօրէն ի ցոյց դրեց մանկապարտէզի սանուհի՝ Արիգա Համբարձումեանը, որ շահել էր հենց Սրբազան Հօր հետ մրցելիս:

Մանկական այս հաւաքոյթի ընթացքում մանկապարտէզ-նախակրթարանի սաները արտասանութիւնների կատարումով հանդէս եկան, իսկ Սրբազան հօր ձեռամբ նրանցից իւրաքանչիւրը ստացաւ ուսուցչուհիներ՝ Նայիրի եւ Անի Դիլանեանների   պատրաստած նապաստակակերպ պայուսակները, որոնք լցւած էին Հ.Օ.Մ.-ի վարչութեան եւ միութեան անդամուհի՝ Մարգօ Եդիգարեանի նւէրներով, իսկ մինչ այդ նրանք առատօրէն հիւրասիրւել էին մանակապարտէզ-նախակրթարանի օգնականուհի՝ Կարինէ Գրիգորեանի հոգատար ուշադրութեամբ՝ նրանց մէջ բաժանւած, կրթօջախի ծնողականի միջոցով պատրաստւած անուշահամ ուտելիքներով:

Սրբազան Հայրը նաեւ Հ.Օ.Մ.-ի վարչութեան անդամուհիներին յանձնեց մայրերի եւ զատկական տօների առիթով, նոյն միութեան «Տաթեւ» պարախմբի գեղարւեստական ղեկավար՝ Կարինէ Մանուչերեան կողմից նկատի առնւած յիշատակի նւէրները:

«Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի ապրիլ 16-ի աշխատանքային օրւայ վերջին ժամը, փոքրիկ աշակերտները ամենայն սիրով անցկացրին երգի ու երաժշտութեան դասարանում, ուր իրենց երգի ու երաժշտութեան ուսուցիչ՝ Կարէն Սարգիսեանի հետ սկսեցին իրենց փորձերը, մանկական խինդով երգելով՝

«Տօն է խնդութիւն հայոց աշխարհում, Բոլորի սրտում գարուն է, գարուն,

Հայաստան, Հայաստան, դու մայր խնդութեան, Վառ արեւի տակ ապրիր յաւիտեան..»:

Յարակից լուրեր