Հա

Համայնք

29/04/2018 - 11:00

Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցի առիթով Ատրպատականի հայոց թեմի կազմակերպած ոգեկոչական կենտրոնական ձեռնարկը՝ Թաւրիզում

Սրբոց Նահատակաց յիշատակին մատուցւած ս. պատարագից եւ «Բարեխօսական Կարգ»-ի կատարումից երեք օր յետոյ՝ ուրբաթ, 27 ապրիլ 2018-ին, Թաւրիզում կայացաւ Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցի ոգեկոչման կենտրոնական ձեռնարկը, հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի:

«alikonline.ir» - Սրբոց Նահատակաց յիշատակին մատուցւած սուրբ պատարագից եւ «Բարեխօսական Կարգ»-ի կատարումից երեք օր յետոյ՝ ուրբաթ, 27 ապրիլ 2018-ին, Թաւրիզում կայացաւ Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցի ոգեկոչման կենտրոնական ձեռնարկը, հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Ազգային Իշխանութեան կողմից կեանքի կոչւած 103-րդ տարելիցի յանձնախմբի եւ Թեմական խորհրդի հրաւէրով Թեհրանից ժամանել էր ԻԻԽ-ում հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, Ապրիլեան Նահատակաց օրւայ խորհուրդը փոխանցելու թաւրիզահայութեան:

Ազգային առաջնորդարանի «Համազասպ Ոսկանեան» սրահում կայացաւ ոգեկոչման ծրագիրը երկու ժամ տեւողութեամբ, որի բացման խօսքը կատարեց Ռիթա Նազարբէգեանը: Նա պահանջատիրական պայքարի աննկուն կամքը եւ իրարու յա ջորդող սերունդների սրտում մեր նահատակների սուրբ կտակը վառ պահելու հրամայականը շեշտեց: Հայ աշակերտութեան խօսքը ներկայացրեց, Թաւրիզի հայոց ազգային դպրոցի աշակերտ՝ Շարա Բաղդասարեանը:

Այնուհետեւ բեմ բարձրացաւ «Կոմիտաս» քառաձայն երգչախումբը, եւ ղեկավարութեամբ երաժիշտ Վարդան Վահրամեանի, կատարեց մի շարք հայրենասիրական երգեր: Մեներգողներով հանդէս եկան Ռեբեկա Սարգիսեանը, Նարինէ Սայադեանը, Սաթիկ Աբրահամեանը, Միրօ Աբրահամեանը, Մասիս Կարապետեանը եւ Ալիս Եղոյեանը: Իսկ իրենց ասմունքներով ներկաներին հոգեպէս գերեցին Անայիս Խալաֆեանն ու Նայիրի Դիլանեանը:

Մեներգողներից ոմանց երգեհոնով ընկերակցում էր Վարդան Վահրամեանը եւ ոմանց՝ Կարէն Սարգիսեանը, իսկ գիթառով ընկերակցում էր Սեւան Գասպարեանը:

Հանդիսութեան ընթացքում բեմ բարձրացաւ նաեւ Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի մասնաճիւղի «Տաթեւ» պարային համոյթը, գեղարւեստական ղեկավարութեամբ «Ակունք» պարախմբի վաստակաւոր պարուսոյց Կարինէ Մանուչերեանի, որ տղոց եւ աղջիկների պարային բացառիկ տեսականի ներկայացրեց:

Օրւայ բանախօս դոկտ. Խանլարեանը, Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցի յիշատակի ոգեկոչման առիթով իր նիւթը սկսեց, Հայոց Պահանջատիրութեան թղթածրարի բովանդակութեամբ, ներկայացնելով երեք այն բնագաւառները, որոնք իբրեւ պահանջ ներկայացնում են ազգովին: Նա մատնանշեց կալւածային անշարժ գոյքի, մտաւորականութեան բնաջնջման եւ պատմական հայրենիքի վերատիրացման երեք բնագաւառները: Հողային հատուցման մասին խօսելով նա ասաց. «Հայրենիքի պարագային հատուցում բառը ճիշտ չէ օգտագործել, որովհետեւ դա պահանջ է, որը մենք ունեցել ենք 1920-ից սկսած, Թուրքիայի նկատմամբ, հիմնւած ան իրաւարար վճռի վրայ որը արձակել է Վուտրօ Վիլսոնը, հայ եւ թուրքական կողմերի հայցադիմումի հիման վրայ»,- ասաց նա:

Դոկտ. Խանլարեան այնուհետեւ խօսեց 2008 թւականին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրւած Փրոթոքոլների մասին, որոնք խոչընդոտել էին Հայոց Ցեղասպանութեան ճանաչման գործընթացը եւ սոյն թւականից առաջ միայն, շատ երկրներ ճանաչել էին մեր ժողովրդի դէմ գործադրւած ոճիրը, եւ միայն Գերմանիայի խոհրդարանը դրանից յետոյ ճանաչեց Հայոց Ցեղասպանութիւնը, դրա գործադրման 100-ամեակի առիթով: Նա յիշատակեց որ տխրահռչակ Փրոթոքոլների տակ իր դրած ստորագրութիւնը երեք ամիսներ առաջ միայն Հայաստանը յետս կոչեց, դուրս գալով դրանցից:

Երրորդ կէտը որին անդրադարձաւ դոկտ. Խանլարեան իր դասախօսութեան ընթացքում, Իրանի Իսլամական Հանրապետութեան կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցն էր: Պատգամաւորը երկար տարիների վրայ տարածւած աշխատանքը ամփոփելով, սկսեց այն Իսլամական Յեղափոխութեան կրօնական առաջնորդ Իմամ Խոմէյնիի պատգամից, որի համաձայն նա խաղաղեցրել էր հայ հասարակութեան միտքը, ասելով թէ Իրանը Թուրքիայի նման չէ, եւ նպատակ չունի իր երկրում գտնւող հայերին կոտորել: Վերջապէս բանախօսը բանաւոր այն պատճառները ցոյց տւեց, որոնց հետեւանքով կը յամենայ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը Ցեղասպանութիւն որակել 1915 թւականին հայ ժողովուրդի դէմ Թուրքիայի գործած ոճիրը, երբ նոյն բնագաւառից ներս իսլամական ցեղեր կամ ժողովուրդներ էլ կոտորւել են եւ բացայայտ ճանաչում չի՛ եղել դրանց համար:

Հանդիսութեան եզրափակիչ եւ իր օրհնութեան պատգամը տւեց առաջնորդ Սրբազանը:

Հայոց անկորնչելի իրաւունքի եւ պահանջատիրական պայքարի ոգով զօրացած, ներկաները վերադարձան իրենց տները, իրենց ամբողջ կեանքը Ապրիլ 24-ի խորհրդով ապրելու վճռակամութեամբ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։