Հա

Համայնք

06/05/2018 - 12:30

«Թաթուլ Ալթունեան»-ի անւան երգի եւ պարի պետական համոյթը Թաւրիզում

Հինգշաբթի, 3 մայիս, 2018 թւի երեկոյեան, Հայաստանի Հանրապետութեան «Թաթուլ Ալթունեան»-ի անւան երգի եւ պարի պետական համոյթը ելոյթ ունեցաւ Թաւրիզի Ազգային առաջնորդարանի «Հ. Ոսկանեան» սրահում, նախաձեռնութեամբ Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի։ Ձեռնարկը վայելում էր Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի հովանաւորութիւնը, որ երկրից բացակայութեան պատճառով ներկայ չէր: 

«alikonline.ir» - Հինգշաբթի, 3 մայիս, 2018 թւի երեկոյեան, Հայաստանի Հանրապետութեան «Թաթուլ Ալթունեան»-ի անւան երգի եւ պարի պետական համոյթը ելոյթ ունեցաւ Թաւրիզի Ազգային առաջնորդարանի «Հ. Ոսկանեան» սրահում, նախաձեռնութեամբ Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի։ Ձեռնարկը վայելում էր Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի հովանաւորութիւնը, որ երկրից բացակայութեան պատճառով ներկայ չէր: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Բացման խօսքը ընթերցեց Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի վարչութեան անդամ Կարօ Ջորջեանը։ Նա բարի գալստեան եւ շնորհակալութեան խօսք ուղղեց խմբի գեղարւեստական ղեկավար Ժիրայր Ալթունեանին եւ խմբի բոլոր պատասխանատուներին ու անդամ-ուհիներին։ Ջորջեանը իր խօսքերում անդրադարձաւ թէ խմբի կատարած աշխատանքը ինչ դեր, արժէք եւ կարեւորութիւն ունի հայ մշակոյթը տարածելու համար։

Ներկայ գտնւած մշակութասէր հոծ բազմութիւնը, ջերմ մթնոլորտում եւ մեծ հաճոյքով ու հիացմունքով վայելեց ժողովրդական, աշուղական, հայրենասիրական եւ ազգային-ազատագրական երգերն ու պարերը, որոնք ներկայացւեցին երկու բաժնում։

Սոյն համերգային հարուստ ծրագրի ամէն մէկ ներկայացման աւարտին հանդիսատեսները ոգեւորւած, յոտնկայս գնահատում ու քաջալերում էին խմբին, բայց անհնար էր կրկնել բոլոր երգերն ու պարերը ու կրկնւեցին միայն մի քանիսը։

Ծրագրի աւարտին, Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի վարչութեան նախագահ Հենրիկ Աբրահամեանը շնորհակալութեան խօսք ուղղեց խմբի ղեկավարին, պատասխանատուներին, մենակատարներին եւ բոլոր անդամ-ուհիներին։ Հենրիկ Աբրահամեանը բեմ հրաւիրեց «Թաթուլ Ալթունեան»-ի պարի-երգի անսամբլի գեղարւեստական ղեկավար Ժիրայր Ալթունեանին, խմբի գլխաւոր բալետմայստեր՝ Յովհաննէս Խաչիկեանին, խմբի տնօրէն Գրիգոր Ոսկանեանին, Սրբազան Հօր ներկայացուցիչ՝ Թաւրիզի հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանին, Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի Կենտրոնական վարչութեան անդամ Դաւիթ Մարգարեանին, Թեմական խորհրդի ատենապետ Ռուբիկ Ջանանեանին եւ Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի վարչութեան անդամներին:

Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի կողմից խմբի գեղարւեստական ղեկավար Ժ. Ալթունեանին յանձւեց ծաղկեփունջ, նաեւ մի արծաթեայ յուշանւէր որտեղ փորագրւած էր Հ.Մ.Ա.Կ.-ի խորհրդանշանը։ Սոյն յուշանւէրը ձեռքի աշխատանքն էր թաւրիզահայ արհեստաւորներ Վարդան Լուսինեանի եւ Զարեհ Բուդաղեանի։ Խմբի անդամ-ուհիներին բաշխւեց մէկական ծաղիկ։

Թեմակալ առաջնորդ՝ Գրիգոր Սրբազանի Վենետիկում միջազգային գիտաժողովի մասնակցելու պատճառով, նրա պատգամը ընթերցեց Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը։ Սրբազանը իր պատգամում յատկապէս գրել էր. «Այսօր ձեր հանդիսատեսը, ձեր քաջալերողը, ձեր բարձրորակ արւեստի երկրպագուն դարձաւ այս սրահում, իր պատմութեամբ եւ մշակութային հարստութիւններով բարձրորակ մէկ համայնք՝ Ատրպատականի հայոց թեմի ժողովուրդը եւ այս պարագային թաւրիզահայութիւնը: Նրանց ծափողջոյնների որոտացող ձայնի միջից դուք կարող էիք լսել այս թեմում ծաւալւած հայ մշակոյթի գնահատանքը: Հայկական կոթողների, ձեռագրերի, կիրառական արւեստի նմոյշների եւ բազմաթիւ այլ ազգային արժէքների պահպանողը հանդիսացած այս գաղութը, ձեր ներկայութեամբ այսօր առաւել եւս քաջալերւեց, եւ իր գոյապայքարի երթը ամրապնդեց: Մեր գաղութի հայեցի դաստիարակութեան ամուր արմատները այս գիշեր նոր ջրտուք ստացան հայրենիքից: Ես վստահ եմ, որ սրանից յետոյ, մեր հայկականութեամբ աւելի՛ ենք հզօրանալու, մեր մշակութային ծառը աւելի՛ է պտղաբերելու եւ մէկի փոխարէն հարիւր արդիւնք ենք տալու ի սէր եւ ի պայծառութիւն մեր գաղութի»:

Սրբազան Հօր պատգամը ընթերցւելուց յետոյ, ծրագիրը իր աւարտին հասաւ մէկ ազգային երգով։

Յայտնենք, որ մէկ օր առաջ, 2 մայիս 2018-ին, Ազգային առաջնորդարանի սեղանատանը տեղի ունեցաւ պաշտօնական ճաշկերոյթ ի պատիւ համոյթի ամբողջ կազմին, հրաւէրովը Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի վարչութեան: Ներկայ էին առաջնորդ Սրբազանը, Տէր Հայրը, Թեմական խորհրդի ատենապետը, Հ.Մ.Ա.Կ.-ի վարչութիւնը եւ հրաւիրեաներ: Ընթրիքը շուտով վերածւեց ուրախ երեկոյի, երբ խմբի անդամները իրենց նւագարաններով, երգերով ու պարերով ճոխացրին հաւաքոյթը: Ազգային, աշուղական, գուսանական երգերով ու երիտասարդութեան խանդավառ պարերով անմոռանալի պահեր ստեղծեցին նրանք:

Խօսք առնելով, Հ.Մ.Ա.Կ.-ի վարչութեան ատենապետ Հենրիկ Աբրահամեանը ողջոյնի խօսք ուղղեց խմբի բոլոր անդամներին եւ առ ի գնահատանք, պատասխանատուների լամբակները զարդարեց «Արարատ»-ի խորհրդանշաններով: Թեմական խորհրդի ատենապետ Ռուբիկ Ջանանեան եւս ողջոյնի խօսք ուղղեց հիւրերին, ջերմիկ յարկի տակ գտնւելու ապահովութիւնը տալով նրանց: Ապա խօսք առաւ Սրբազան Հայրը եւ մտերմիկ արտայայտութիւններով իր քաջալերանքը յայտնեց հայրենիքէն ժամանած խմբի բոլոր անդամներին: Ապա իր հեղինակած «Ուղեւորութիւն Ատրպատականի թեմում» գիրքը նւիրելով, բացատրեց որ Հայաստանին ամէնից աւելի մօտիկ ու հարազատ թեմում են գտնւում, լաւ հարեւանի բարենպաստ դրութեամբ:

Երեկոն վերջ գտաւ կէս գիշերին, եւ հիւրերը Ազգային առաջնորդարանի յարակից բնակավայրերում եւ «Արարատ»-ում տեղաւորւեցին, նախապատրաստւելով յաջորդ օրւայ ելոյթին:

Յարակից լուրեր

  • Թարգմանչաց տօնի հանդիսաւոր ժամերգութիւն եւ Հայ Մշակոյթի օրւայ տօնակատարութիւն Թաւրիզում
    Թարգմանչաց տօնի հանդիսաւոր ժամերգութիւն եւ Հայ Մշակոյթի օրւայ տօնակատարութիւն Թաւրիզում

    Շաբաթ, 13 հոկտեմբեր 2018-ի առաւօտեան ժամը 11-ին, հանդիսապետութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, Թաւրիզի Լիլաւա հայաշատ թաղամասի Սբ. Սարգիս եկեղեցում տեղի ունեցաւ հանդիսաւոր ժամերգութիւն, Սրբոց Թարգմանչաց Վարդապետաց տօնի առիթով: «Քրիստոս Աստւած մեր» եղանակաւոր մաղթանքի ընթացքում յիշւեցին Թարգմանիչ Վարդապետները գլխաւորութեամբ Սուրբ Սահակ հայրապետի եւ Սբ. Մեսրոպ Մաշտոց վարդապետի:

  • Գերմանացի ուսուցիչների մէկ խումբ Ատրպատականի ազգ. առաջնորդարանում
    Գերմանացի ուսուցիչների մէկ խումբ Ատրպատականի ազգ. առաջնորդարանում

    Երկուշաբթի, 8 հոկտեմբեր 2018-ի երեկոյեան, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, իր գրասենեակում ընդունեց գերմանացի մէկ խումբ ուսուցիչներ, որոնք յատուկ այցով ժամանել էին Թաւրիզ:

  • Հայագիտական Բ գիտաժողով Թաւրիզում
    Հայագիտական Բ գիտաժողով Թաւրիզում

    28 սեպտեմբեր եւ 1 հոկտեմբեր 2018-ին տեղի է ունենալու Թաւրիզի Բ․ հայագիտական գիտաժողովը, հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ կազմակերպութեամբ ազգ․ առաջնորդարանի: 

  • Առաջին զանգը հնչեց Ատրպատականի հայոց թեմի կրթօջախներում
    Առաջին զանգը հնչեց Ատրպատականի հայոց թեմի կրթօջախներում

    Կիրակի, 23 սեպտեմբեր 2018-ին, Իրանի Իսլամական Հանրապետութիւնում բոլոր կրթօջախները վերաբացեցին իրենց դռները կրթական նախարարութեան կողմից յայտարարւած վերամուտի թւականի հետեւողութեամբ, առաջին զանգով 2018-2019 ուսումնական-կրթական տարեշրջանի սկսման ազդանշանը տալով: 

  • Թաւրիզում գումարւեց Ատրպատականի հայոց թեմի նորընտիր Պատգամաւորական ժողովի անդրանիկ նիստը
    Թաւրիզում գումարւեց Ատրպատականի հայոց թեմի նորընտիր Պատգամաւորական ժողովի անդրանիկ նիստը

    Ուրբաթ, 14 սեպտեմբեր 2018-ի առաւօտեան ժամը 10.30-ին, ազգային առաջնորդարանի «Էմիլ Յակոբեան» դահլիճում, Տէրունական աղօթքով բացւեց Ատրպատականի հայոց թեմի նորընտիր Պատգամաւորական ժողովի 21-րդ նստաշրջանի անդրանիկ նիստը, հրաւէրով եւ նախագահութեամբ թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։