Հա

Համայնք

15/05/2018 - 11:40

Յարգանք ուսուցչաց Թաւրիզի հայոց ազգային դպրոցում՝ իրենց նւիրւած տօնի առիթով

Չորեքշաբթի, 9 մայիս 2018-ի կէսօրին, Թաւրիզի ազգ. «Հայկազեան, Թամարեան Սահակեան» դպրոցի հանդիսասրահում տեղի ունեցաւ Ուսուցիչների շաբաթւայ առիթով յատուկ հանդիսութիւն, հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի: Սրբազան Հօր հետ, հանդիսութեան ներկայ գտնւեցին Թաւրիզի հոգեւոր հովիւ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը, Ազգային իշխանութեան անդամներ, գլխաւորութեամբ Թեմական խորհրդի ատենապետ՝ Ռուբիկ Ջանանեանի

«alikonline.ir» - Չորեքշաբթի, 9 մայիս 2018-ի կէսօրին, Թաւրիզի ազգ. «Հայկազեան, Թամարեան Սահակեան» դպրոցի հանդիսասրահում տեղի ունեցաւ Ուսուցիչների շաբաթւայ առիթով յատուկ հանդիսութիւն, հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի: Սրբազան Հօր հետ, հանդիսութեան ներկայ գտնւեցին Թաւրիզի հոգեւոր հովիւ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը, Ազգային իշխանութեան անդամներ, գլխաւորութեամբ Թեմական խորհրդի ատենապետ՝ Ռուբիկ Ջանանեանի: Ներկայ էին նաեւ կրթական խորհրդի պետական պատասխանատուներ, հանգստի կոչւած եւ ներկայիս գործող ուսուցիչներ, Հոգաբարձութեան եւ Ծնողական խորհրդի անդամներ եւ դպրոցի աշակերտութիւնը: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Հանդիսութիւնը կազմակերպւել էր դպրոցի տեսչութեան, հոգաբարձութեան եւ ծնողական խորհրդի կողմից, գլխաւորութեամբ տեսչուհի՝ Արմինէ Վահրամեանի: Շուրջ երկու ժամ տեւած հանդիսութեան բացման խօսքը աշակերտութեան անունից կատարեց Լիլիթ Դանղեան, երախտագիտական խօսքերով դիմելով հին եւ նոր բոլոր ուսուցիչներին եւ կրթական մշակներին: Սրտի անկեղծ խօսքերով եւ երգերով իրենց ուսուցիչներին մեծարեցին դպրոցի աշակերտ-ուհիներից՝ Թադէ Նազարբէգեանը, Իզապէլ Սարգիսեանը, Նարէ Սայադեանը, Էմելիա Աբրահամեանը, Շարա Բաղդասարեանը, Շարիս Վարդանեանը, Գեղանի Գրիգորեանը, Մարիա Զաքարեանը եւ Լիոնա Թարւերդեանը, ղեկավարութեամբ Նարինէ Սայադեանի: 

Ուսուցչակազմի անունով խօսք առաւ ուսուցչուհի Էբադի, տեսչութեան, հոգաբարձութեան եւ ծնողական խորհրդին խորին շնորհակալութիւն յայտնելով՝ հոգածու վերաբերմունքի համար: Նա շեշտեց յարգանքի այն զգացումը, որը բոլոր տածում են իրենց երկրորդ ծնողի՝ ուսուցչի նկատմամբ:

Հանգստի կոչւած ուսուցիչների անունից խօսք առաւ Շահին Վարղայեանը, միշտ քաղցր յուշեր մէջբերելով անցեալից, երբ հաճոյքն էր ունեցել ուսուցանելու Թաւրիզի հայոց ազգային դպրոցում:

Հանդիսութեան ընթացքում տեսչուհու ներկայացմամբ յատուկ ուշադրութեան արժանացաւ ամէնից տարեց հանգստի կոչւած ուսուցչուհի Քաթէպին, որ ներկայիս ազգային ծառայութեան կոչւած մի շարք գործիչների ուսուցչուհին էր եղել: Նա այս առիթով իր յուշերից պատմեց համեստութեան եւ խոնարհութեան օրինակ հանդիսանալով:

Շնորհաւորական խօսքով հանդէս եկաւ նաեւ Ծնողական խորհրդի անդամ՝ Կարէն Սարգիսեանը:

Այնուհետեւ դպրոցի տեսչուհի Արմինէ Վահրամեան յատուկ խօսքով դիմեց ներկաներին: Նա անդրադարձաւ Իրանի Իսլամական Հանրապետութեան կողմից սոյն շաբաթի հաստատման իբրեւ ուսուցչաց յատուկ տօնի եւ ներկայացրեց ուսուցչի իսկական կերպարը, իբրեւ դաստիարակ եւ հոգեհարազատ անձ: Ի վերջոյ, նա ասաց, որ տարւայ բոլոր օրերի ընթացքում յարգանքի արժանի էակ է ուսուցիչը, իր կատարած մեծ զոհողութեան համար: Տեսչուհին գնահատանքով ներկայացրեց նաեւ դպրոցի աշակերտուհիներից Նարէ Սայադեանի եւ Մեղմիկ Ոսկանեանի կողմից պատրաստւած գրքոյկը, որը ուսանողական աշխատանք իբրեւ գնահատանքի էր արժանացել:

Հանդիսութեան ներկայ գտնւեցին կրթական խորհրդի պետական ներկայացուցիչներ՝ գլխաւորութեամբ դոկտ. Ռադբէի: Նա իր գործակիցների անունից սրտի խօսք ուղղելով բարձր գնահատեց տեսչուհու եւ ուսուցչական կազմի ծառայութիւնը, պետութեան անվերապահ հովանաւորութիւնը վերահաստատելով կատարուած կրթական գործի համար:

Հանդիսութեան եզրափակիչ եւ օրհնութեան խօսքը արտասանեց առաջնորդ Սրբազանը: Նա գնահատելով բոլոր կրթական մշակների աշխատանքը, դա վեր համարեց կրօնական, մշակութային, ազգային եւ ցեղային այլ տարբերութիւններից. «Ուսուցչութիւնը վերոյիշեալ բոլոր սահմանագծումներից եւ տարբերութեան պատերից վերեւ է, համամարդկային ծառայութիւն է», ասաց նա, բացատրելով ուսուցչի անձնազոհութեան վեհ առաքելութիւնը: Ապա, նա բարձր գնահատեց տեսչուհի Արմինէ Վահրամեանի անխոնջ նւիրումը կրթական աշխատանքին եւ յուշանւէրով պատւեց նրան: Սրբազանին ձեռամբ ներկայ ուսուցիչները եւս նւէրներ ստացան, որոնք պատրաստւել էին դպրոցի կողմից: Իսկ Թեմական խորհրդի ատենադպիր՝ Գագիկ Ջորջեանի նւիրաբերմամբ, իւրաքանչիւր ուսուցիչ եւ պաշտօնական հրաւիրել ստացաւ գարնանային ծաղիկով լեցուն թաղար: Հանդիսութեան պաշտօնական բաժնէն ետք տեղի ունեցաւ հիւրասիրութիւն՝ կէսօրուան ճաշ, հաւկթախաղ եւ այլ զւարճալի անակնկալներ, կազմակերպութեամբ ծնողական խորհուրդին:

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը նահանգապետ Փուրմոհամմադիի մօտ
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը նահանգապետ Փուրմոհամմադիի մօտ

    Ընկերակցութեամբ Ազգային իշխանութեան Պատգմաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի ներկայացուցիչների, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, երկուշաբթի 14 յունւար 2019 թ.-ի առաւօտեան ժամը 11-ին, պաշտօնական այցելութիւն տւեց Արեւելեան Ատրպատականի նորանշանակ նահանգապետ՝ Փուրմոհամմադին, նահանգապետարանում: 

  • Սբ. Ծննդեան եւ Աստւածայայտութեան տօնը Ռահւա գիւղի Սբ. Աստւածածին եկեղեցում
    Սբ. Ծննդեան եւ Աստւածայայտութեան տօնը Ռահւա գիւղի Սբ. Աստւածածին եկեղեցում

    Ուրբաթ, 11 յունւար 2019 թ.-ի առաւօտեան ժամը 10:30-ին, Ռահւա գիւղ ժամանեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, եւ գիւղի աւանդութեան համաձայն Սբ. Ծննդեան տօնի յաջորդող ուրբաթ օրը ս. պատարագ մատոյց Ս. Աստւածածին պատմական եկեղեցում: Խորանին սպասարկում էր Ուրմիայի հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը: Պատարագի երգեցողութիւնը կատարում էր Ուրմիայի «Նարեկացի» երգչախումբը, ղեկավարութեամբ երաժիշտ դոկտ. Վարդան Սիմոնզի:

  • Սբ. Ծննդեան տօնի առիթով Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ուխտաւոր՝ երեք մոգերից մէկի սուրբ գերեզմանին
    Սբ. Ծննդեան տօնի առիթով Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ուխտաւոր՝ երեք մոգերից մէկի սուրբ գերեզմանին

    Ուրբաթ, 11 յունւար 2019 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, ընկերակցութեամբ մէկ խումբ հաւատացեալների, Սբ. Ծննդեան տօնի առիթով ուխտաւորաբար այցելեց, Ուրմիայում գտնւող այն սրբավայրը, որտեղ ըստ աւանդութեան թաղւել է Արեւելքի իմաստուն երեք մոգերից մէկը, որոնք աստղի առաջնորդութեամբ հասել էին մինչեւ Բեթղեհէմ, երկրպագելու նորածին Արքային՝ մանուկ Յիսուսին:

  • Ս. Ծննդեան առիթով պետական եւ ազգային շնորհաւորանքներ Ատրպատականի հայոց թեմում
    Ս. Ծննդեան առիթով պետական եւ ազգային շնորհաւորանքներ Ատրպատականի հայոց թեմում

    Կիրակի եւ երկուշաբթի 5 եւ 6 յունւար 2019-ին Ատրպատականի hայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանն ու Ազգային իշխանութիւնը, Թաւրիզում եւ Ուրմիայում ընդունեցին պետական, ազգային-միութենական եւ ժողովրդական շնորհաւորանքներ, մեր Տիրոջ եւ Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդեան տօնի առիթով: 

  • «Վանի արծաթը»` Թաւրիզում
    «Վանի արծաթը»` Թաւրիզում

    Թաւրիզի հայկական թաղամասի Պարոն Աւագ փողոցը հատւում է կենտրոնական Շարիաթի փողոցին, որով զբօսնելիս միանգամից աչք է ծակում «Van Silver» անունը կրող փոքրիկ խանութը: Բացի անւանումից, այն առաւել լուսարձակ է ցուցափեղկերին շողշողացող արծաթեայ իրերի հաշւին, քան հարեւան տաղաւարներն են:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։