Հա

Համայնք

26/05/2018 - 12:20

ՀՀ դեսպան՝ Արտաշէս Թումանեանը Ատրպատականի ազգ. առաջնորդարանում

Չորեքշաբթի, 23 մայիս 2018-ի երեկոյեան ժամը 5-ին, Իրանում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը պաշտօնական այցով եղաւ Ատրպատականի հայոց թեմի Ազգային առաջնորդարանում, Թաւրիզ կատարած իր աշխատանքային այցելութեան շրջանակներում:

«alikonline.ir» - Չորեքշաբթի, 23 մայիս 2018-ի երեկոյեան ժամը 5-ին, Իրանում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը պաշտօնական այցով եղաւ Ատրպատականի հայոց թեմի Ազգային առաջնորդարանում, Թաւրիզ կատարած իր աշխատանքային այցելութեան շրջանակներում: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Ազգային առաջնորդարանի «Էմիլ Յակոբեան» դահլիճում դեսպան Թումանեանին ընդունեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանը, իր հետ ունենալով Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի ներկայացուցիչներին, Թաւրիզի հոգեւոր հովւին եւ Կազմակերպութիւնների եւ Միութիւնների վարչութեանց նախագահներին՝ Խնամակալ մարմնի, Հ.Մ.Ա.Կ.-ի, Հ.Օ.Մ.-ի, Թաւրիզի Հայ համալսարանականների միութեան, «Կոմիտաս» երգչախմբի, «Ալիք» հաստատութեան եւ Վանքերի յանձնախմբի: Դեսպանին ընկերակցում էին դեսպանատան երրորդ քարտուղար Ռուդիկ Եարալեան, թարգմանիչ Ռուբիկ Սարխոշեան եւ դեսպանի օգնականը: Դեսպանին էր ուղեկցում նաեւ արտաքին գործերի նախարարութեան Ատրպատականի ներկայացուցիչ Փաշայի:

Ողջոյնի ու բարի գալստեան խօսքով առաջնորդ Սրբազանը թեմի ներկայացուցիչների եւ համայն ժողովրդի անունից իր ուրախութիւնը յայտնեց դեսպան Թումանեանի երկրորդ պաշտօնական այցի համար, խորհրդանշական խոր իմաստ տեսնելով այս այցի մէջ. «Դուք այսօր Նոր Հայաստանի ներկայացուցիչն էք, ժողովրդի՛ կերտած կառավարութեան, որ վստահաբար ամէն ջանք ի գործ է դնելու, վերակազմակերպելու մեր հայրենի ժողովրդի կեանքը ի բարին եւ ի խաղաղութիւն: Մեզ համար ազգային սրբութիւններ կան, որոնց շահը գերիվեր է մեր ամէն տեսակի շահերին. առաջինը հայրենիքն է, որի անկախութիւնը դարերով փայփայւած մեր երազն էր եւ այն պահպանւելու է ի գին ամէն զոհողութեան, երկրորդը մեր ազգն է, որ մեր պատմութեան ոսկին է, նոյնիսկ այս ամէնից ազնիւ մետաղից էլ արժէքաւոր, իսկ երրորդը մեր պետականութիւնն է, որի կայունացումը մեր ազգի պատւաւաոր գոյութեան երաշխիքն է: Մենք այս աներկբայ հաւատքով եւ սպասումով նայում ենք մեր հայրենի իշխանութիւններին եւ ժողովրդին, վստահ լինելով որ արտասահմանում Դուք եւ մենք, ամէն ձեւով զօրավիգ կը կանգնինք մեր պապերից ժառանգ մնացած սրբազան հայրենիքին»,- ասաց Սրբազանը:  

Իր խօսքի աւարտին, առաջնորդ Սրբազանը իր հեղինակած «Ուղեւորութիւն Ատրպատականի հայոց թեմում» գրքի Ա. հատորը նւիրեց դեսպանին, հաւաստիացնելով որ Ատրպատականի հայոց թեմը իր ազգային կառոյցներով եւ ժողովուրդով միշտ տէր է կանգնելու հայրերից ժառանգւած պատմական կոթողներին եւ այն ամէն աւանդին, որոնք այս տարածաշրջանում հայութիւն են բուրում եւ հայոց պատմութիւնն են կազմում:

Դեսպան Թումանեան ի պատասխան Սրբազան Հօր բարի գալստեան խօսքին, դրւատիքով անդրադարձաւ Ատրպատականի հայոց թեմի ծաւալած հայապահպանութեան հոգեւոր, կրթական եւ մշակութային գործին: Նա հպարտութեամբ յիշեց նաեւ տեղի պետական, ակադեմական եւ կրօնական շրջանակներում իր ունեցած հանդիպումների ընթացքում, Ազգային առաջնորդարանի գործունէութեան եւ հայ համայնքի ունեցած վարկի մասին լսած վկայութիւնները, «որոնք պատւաբեր են մեր ժողովրդի համար: Ատրպատականի թեմը, մեր փայլուն շրջաններից մէկն է իր անցեալով եւ ներկայով, թէպէտ ափսոս որ ժողովրդի քանակը քչացել է, բայց կանգուն է այն»,- ասաց նա:

Ապա, Հայաստանի հանրապետութեան դիւանագէտը անդրադարձաւ Հայաստանի ներկայ յուսալի իրավիճակին, ինչպէս նաեւ ամփոփ բացատրութիւններ տւեց տեղական շրջանակներում իր ունեցած հանդիպումների մասին: Դիւանագիտական եւ երկու երկրների միջեւ առեւտրական կապերի զարգացման մեծ փորձ ունեցող դեսպանը ապագայ իր հեռանկարները ներկայացրեց, որոնք բարեբեր արդիւնք են ունենալու երկու երկրների համար:

Հանդիպման պաշտօնական բաժնից յետոյ, սրտբաց զրոյց տեղի ունեցաւ դեսպանին հետ, որ հիմնաւորւած պատասխաններով գոհացրեց ներկաների հարցերին:

Յարակից լուրեր

  • Դեսպան Թումանեանը հանդիպել է ԱԳՆ Եւրասիայի գլխաւոր վարչութեան պետի հետ
    Դեսպան Թումանեանը հանդիպել է ԱԳՆ Եւրասիայի գլխաւոր վարչութեան պետի հետ

    Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը յունւարի 21-ին հանդիպել է ԱԳՆ Եւրասիայի գլխաւոր վարչութեան պետ Ղոլամռեզա Բաղերի Մողադամի հետ: 

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը նահանգապետ Փուրմոհամմադիի մօտ
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը նահանգապետ Փուրմոհամմադիի մօտ

    Ընկերակցութեամբ Ազգային իշխանութեան Պատգմաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի ներկայացուցիչների, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, երկուշաբթի 14 յունւար 2019 թ.-ի առաւօտեան ժամը 11-ին, պաշտօնական այցելութիւն տւեց Արեւելեան Ատրպատականի նորանշանակ նահանգապետ՝ Փուրմոհամմադին, նահանգապետարանում: 

  • Սբ. Ծննդեան եւ Աստւածայայտութեան տօնը Ռահւա գիւղի Սբ. Աստւածածին եկեղեցում
    Սբ. Ծննդեան եւ Աստւածայայտութեան տօնը Ռահւա գիւղի Սբ. Աստւածածին եկեղեցում

    Ուրբաթ, 11 յունւար 2019 թ.-ի առաւօտեան ժամը 10:30-ին, Ռահւա գիւղ ժամանեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, եւ գիւղի աւանդութեան համաձայն Սբ. Ծննդեան տօնի յաջորդող ուրբաթ օրը ս. պատարագ մատոյց Ս. Աստւածածին պատմական եկեղեցում: Խորանին սպասարկում էր Ուրմիայի հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը: Պատարագի երգեցողութիւնը կատարում էր Ուրմիայի «Նարեկացի» երգչախումբը, ղեկավարութեամբ երաժիշտ դոկտ. Վարդան Սիմոնզի:

  • Սբ. Ծննդեան տօնի առիթով Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ուխտաւոր՝ երեք մոգերից մէկի սուրբ գերեզմանին
    Սբ. Ծննդեան տօնի առիթով Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ուխտաւոր՝ երեք մոգերից մէկի սուրբ գերեզմանին

    Ուրբաթ, 11 յունւար 2019 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, ընկերակցութեամբ մէկ խումբ հաւատացեալների, Սբ. Ծննդեան տօնի առիթով ուխտաւորաբար այցելեց, Ուրմիայում գտնւող այն սրբավայրը, որտեղ ըստ աւանդութեան թաղւել է Արեւելքի իմաստուն երեք մոգերից մէկը, որոնք աստղի առաջնորդութեամբ հասել էին մինչեւ Բեթղեհէմ, երկրպագելու նորածին Արքային՝ մանուկ Յիսուսին:

  • Ս. Ծննդեան առիթով պետական եւ ազգային շնորհաւորանքներ Ատրպատականի հայոց թեմում
    Ս. Ծննդեան առիթով պետական եւ ազգային շնորհաւորանքներ Ատրպատականի հայոց թեմում

    Կիրակի եւ երկուշաբթի 5 եւ 6 յունւար 2019-ին Ատրպատականի hայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանն ու Ազգային իշխանութիւնը, Թաւրիզում եւ Ուրմիայում ընդունեցին պետական, ազգային-միութենական եւ ժողովրդական շնորհաւորանքներ, մեր Տիրոջ եւ Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդեան տօնի առիթով: 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։